Երանի, որ Թաթուլ Կրպեյանը չի տեսնում այս ամենը. Գերասիմ Վարդանյան
Հասարակություն

Արայիկ Հարությունյան նախարարը, որը նաև սպորտի ոլորտն է համակարգում, վստահ եմ, որ նույնիսկ չգիտի, թե քանի հոգով են ֆուտբոլ խաղում. իրազեկման երթի ընթացքում հայտարարեց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը, որը նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող բողոքի ակցիայի նախաձեռնողներից է:
«Մեզ համասեռամոլություն քարոզող նախարար պետք չէ, տղե՛րք, երբ համասեռամոլին ընդունում են նախարարությունում, հետո՝ բավարարած ճանապարհում: Սա բոլորիս թասիբի հարցն է»,- ասաց նա:
«Երանի, որ Թաթուլ Կրպեյանը չի տեսնում այս ամենը: Պատերազմի տարիներին Գետաշենում թշնամու գնդակի տակ Կրպեյանը հայոց պատմություն էր դասավանդում, բայց այսօր ոմանք Ազգային հերոսի մասնագիտությունն այլևս պիտանի չեն համարում, որ դասավանդվի բուհերում: Այսինքն՝ Թաթուլ Կրպեյանը Գետաշենի ինքնապաշտպանության համար որպես վահան դիտարկում էր հայոց պատմությունը, իսկ այսօր Գետաշենի տեղը չիմացող որոշ դասալիքներ մեզ ուզում են զրկել այդ զենքից»,- նշեց Գերասիմ Վարդանյանը՝ հավելելով, թե ի՞նչ պատասխան պետք է տան իրենք Ազգային հերոսի հիշատակի առջև, և մի՞թե նա այսպիսի Հայաստանի համար էր պայքարում, որտեղ հայոց պատմության իմացությունն այլևս առաջնային չէ:
«Այսօր ես, դու և այստեղ կանգնած յուրաքանչյուրդ մեր պարտքն ունենք Թաթուլ Կրպեյանի և նրա ընկերների առջև: Սիրելի՛ Թաթուլ, մենք թույլ չենք տալու, որ քո սիրելի հայոց պատմությունը, քո կերտած պատմությունը որևէ մեկը փորձի ստորադասել, փորձի ջնջել, փորձի արհամարհել»,- ավելացրեց ՀՅԴ անդամը՝ նշելով, որ սա նաև պայքար է հանուն Թաթուլ Կրպեյանի արժեհամակարգի:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ից սկսվել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող բողոքի ակցիան, որին մասնակցում են ԵՊՀ ու այլ համալսարանների ուսանողներ, ՀՅԴ ՀԵՄ երիտասարդները, այլ հասարակական կազմակերպություններ և այլն:
Գերասիմ Վարդանյանը նշեց նաև, որ մարդիկ վաղը չեն կարողանալու իրենց երեխաներին բացատրել, երբ փողոցում քայլելիս տեսնեն շղթաներով կապված շան նման հաչող կնոջ կամ շատրվաններում թավալ տվող կնոջ: «Իրենք կարող են բացատրել, մենք՝ ոչ»,- ասաց նա:
«Այսօր երիտասարդությունը պայքարի է դուրս եկել հանուն հայոց լեզվի, հայոց պատմության, հայ գրականության, հայ եկեղեցու արժեքների: Մեզ պատիվ չի բերում, երբ նախարարը հովանավորում է համասեռամոլության մասին ֆիլմ, երբ չես հասկանում՝ տղա՞ է, թե՞ աղջիկ: Եվ մեզ ասում են՝ սա ձեր հերոսն է: Մեզ նման հերոսներ պետք չեն, մեզ համասեռամոլ հերոսներ պետք չեն: Մեր հերոսը Ռոբերտ Աբաջյանն է, Արամ Մանուկյանն է, Գարեգին Նժդեհն է, Թաթուլ Կրպեյանն է: Սա թասիբի հարց է, սա ապակուսակցական շարժում է»,– հայտարարեց Գերասիմ Վարդանյանը:
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան լայն թափով վերսկսվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ուսանողական շարժումը, որի մեկնարկը տրվել էր անցած շաբաթ: Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ Արայիկ Հարությունյանն անհամատեղելի է զբաղեցրած պաշտոնին: