close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2019
+2°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.02
EUR1529.79
RUB17.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Զբաղվածության մասին» օրենքի փոփոխությունը հակասում է կառավարության ծրագրին. Թադևոս Ավետիսյան

Տնտեսական

11 Նոյեմբերի 2019, 15:50
 «Զբաղվածության մասին» օրենքի փոփոխությունը հակասում է կառավարության ծրագրին. Թադևոս Ավետիսյան

«Զբաղվածության մասին» օրենքի փոփոխությունը հակասում է կառավարության ծրագրին: Այս մասին իր հոդվածում նշել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում ոլորտի պատասխանատու նախարարությունը զբաղվածության պետական աջակցության համակարգի բարեփոխումների տրամաբանական շարունակականություն ապահովելու փոխարեն՝ հետեւողականորեն իրականացնում է այնպիսի փոփոխություններ, որոնք ոչ միայն վերացնում են այդ համակարգի նպատակային կառավարման հնարավորությունը, այլեւ ուղղակիորեն հակասում են օրվա կառավարության հռչակած ծրագրային նպատակադրումներին:

Իրականում այս ամենը կատարվում է միայն մեկ «նպատակով»՝

ամեն գնով ապահովել զբաղվածության պետական ծրագրերի կատարողականը եւ ծախսել պետական բյուջեից հատկացված միջոցները, որ հետագայում գոնե առերեւույթ չարձանագրվեն 2018 թվականի (75 տոկոս թերակատարում) եւ 2019 թվականի 9 ամիսների (50 տոկոս թերակատարում) փաստացի ձախողումները:

Իրական արդյունքի ու հասցեականության խորացող խնդիրներն էլ պատասխանատուները ցրում են բազմաժանր մանիպուլյացիաներով:

Իհարկե, արատավոր այս գործընթացը չի համապատասխանում նաեւ զբաղվածության ոլորտում գործող օրենսդրությանը: Այդ անհամապատասխանությունը վերացնելու համար էլ ոլորտի պատասխանատուները նախաձեռնել են օրենսդրական փոփոխություններ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծ, որը հակասում է տարածքային համաչափ զարգացման, ժողովրդագրական իրավիճակի բարելավման հիմնական նպատակադրումներին, որոնք ձեւակերպված են նաեւ գործող կառավարության հնգամյա ծրագրում:

Ավելին՝ այս նախագծով առաջարկվող փոփոխությունները հակասում են նաեւ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով ամրագրված՝ զբաղվածության պետական քաղաքականության հիմնական հետեւյալ սկզբունքներին` սոցիալական ներառման եւ ըստ առաջնահերթությունների` պետական աջակցության ապահովում: Ի դեպ, օրենքի 10-րդ հոդվածով էլ նախատեսված է զբաղվածության պետական կարգավորման, տարածքային զարգացման եւ ժողովրդագրական քաղաքականությունների փոխադրաձ կապի ապահովման անհրաժեշտությունը:

Իսկ քաղաքականության պատասխանատուները զբաղվածության ոլորտում իրենց կատարողական ցուցանիշները բարելավելու համար, օրենսդրական իրենց նախագծով առաջարկում են ուղղակի վերացնել ըստ տարածքների՝ զբաղվածության պետական ծրագրերի տեղաբաշխման եւ դրանց ակնկալվող արդյունքների թիրախավորման պահանջները:

Փոփոխության արդյունքում՝ հեռավոր բնակավայրերում զբաղվածության պետական աջակցությունն առաջնահերթ տրամադրելու համար օրենքով սահմանված պահանջը կփոխարինվի պատասխանատու պետական մարմնի անսահման հայեցողությամբ: Եվ վերջապես, հնարավոր կլինի առանց լրացուցիչ ջանքերի ապահովել յուրաքանչյուր մարզի կատարողականը՝ միայն տվյալ մարզի խոշոր քաղաքներում զբաղվածության ծրագրեր իրականացնելով:

Նախագծով առաջարկվում է մեկ այլ խնդրահարույց փոփոխություն եւս:

Գործող օրենքով՝ մինչեւ երեք տարեկան երեխա խնամող ծնողն ունի պետական աջակցության իրավունք, եթե վերադառնում է աշխատանքի: Այս իրավունքն իրացնելու համար ներկայումս իրականացվում է զբաղվածության պետական առանձին ծրագիր՝ օրենքի պահանջով: Այս ծրագիրն ունի նաեւ ժողովրդագրական բնույթ, ըստ որի՝ մինչեւ երեք տարեկան երեխա խնամող աշխատողը ստանում է դրամական աջակցություն՝ երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար:

Նախագծով առաջարկվում է նշված դրույթը վերանայել՝ վերացվում է երեխա խնամող ծնողների համար օերնքով սահմանված կարեւորագույն երաշխիք: Փոխարենը նախատեսվում է, որ նրանք «կարող են ստանալ աջակցություն»: Այսինքն՝ կարող է նաեւ չստանան այդ աջակցությունը:

Այսպիսի փոփոխությունը միանշանակ հետքայլ է երեխա խնամող, աշխատող ծնողների համար առկա պետական սոցիալական երաշխիքների ապահովման գործընթացում:

Եվ վերջում՝ զբաղվածության ոլորտում քաղաքական որոշում կայացնողների համար.

այս նախագծի ընդունման պարագայում «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 5-րդ կետերը կհակասեն նույն օրենքի 17-րդ հոդվածին, քանի որ գործնականում կվերանա նաեւ տարածքային համաձայնեցման կոմիտեների անհրաժեշտությունը, որոնք ձեւավորված են զբաղվածության տարածքային ծրագրերի մշակման եւ իրականացման հարցերում համաձայնեցված որոշումներ կայացնելու նպատակով»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica