close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2019
+2°
+6°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ո՞ր դեպքում է հնարավոր «Հայոց եկեղեցու պատմություն»-ը ներառել «Հայոց պատմության» դասագրքերում

Հարթակ

11 Նոյեմբերի 2019, 09:13
 Ո՞ր դեպքում է հնարավոր «Հայոց եկեղեցու պատմություն»-ը ներառել «Հայոց պատմության» դասագրքերում

Վերջին օրերում համացանցում, մամուլի էջերում, հեռուստատեսությամբ և առհասարակ հանրային տարբեր շրջանակներում կրկին բուռն քննարկումների առիթ է դարձել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանրակրթական դպրոցներում, որպես պարտադիր առարկա դասավանդելու-չդասավանդելու կամ «Հայոց պատմության» դասագրքերում ներառելու հարցը։

Խնդիրն է՛լ ավելի է խճճվում և բուն շրջագծից դուրս գալիս, երբ մեր ժամանակներում առկա տեղեկատվական հնարավորությունների շնորհիվ այս հարցում կարծիք են հայտնում որոշակի հանրային ճանաչում ունեցող անհատներ (որոշ դեպքերում մարդկանց խմբեր կամ կազմակերպություններ), որոնք մեղմ ասած չեն տիրապետում թեմային ո՛չ պատմագիտության, ո՛չ կրոնագիտության և ո՛չ մանկավարժության տեսանկյունից (նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցու պատմության մասին խոսելիս, նախևառաջ պետք է հիմնարար գիտելիքներ ունենալ Հայոց ընդհանրական Հայրապետական Աթոռի, վերջինիս նվիրապետական աթոռների՝ Աղվանից/Գանձասարի, Աղթամարի և Սսի կաթողիկոսությունների, Երուսաղեմի և Կ. Պոլսի Հայոց պատրիարքությունների, պատմական գաղթօջախների, ներքին և արտաքին թեմերի, հայ հոգևոր ու նյութական մշակույթի պատմություններին, ինչպես նաև եկեղեցական մատենագրության մասին):

Որոշակիորեն հետևելով տարբեր հարթակներում ընթացող քննարկումներին, մեզ համար առանձնացրել ենք առավել շատ շրջանառվող հարցադրումներից մեկը, որը հիմնականում առաջ են քաշում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանրակրթական դպրոցներից հանելուվ կամ լավագույն դեպքում «ինտեգրելու» գաղափարի կրողները՝ իրենց փաստարկները հիմնավորելու համար վերջիններս պնդում են, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու պատմությունը հանդիսանում է հայ ժողովրդի պատմության անբաժանելի մասը, ուստի դրա առանձին դասավանդումն անիմաստ է և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան պետք է ուղղակիորեն ներառվի կամ «ինտեգրվի» «Հայոց պատմություն» առարկայի մեջ։

 Թերևս վերոնշյալ պնդումից զատ կարելի է նշել նաև մի քանի այլ հարցեր և ենթահարցեր, որոնք առկա են ընթացող քննարկումներում, սակայն մեզ համար այս պահին առանձնացրել ենք վերոնշվածը՝ առավելաբար ելնելով վերջին շրջանում հնչեցված կարծիքներից։ Անշուշտ թե՛ այստեղ ներկայացված հարցադրումը և թե՛ որևէ հանրային հարթակում հնչեցված, բայց մեր կողմից չհիշատակվածները կարևոր նշանակություն ունեն խնդրի համակողմանի ուսումնասիրման և հնարավորինս հստակ սահմանման համար, սակայն, ելնելով մեր աստվածաբանական և պատմագիտական կրթությունից, մենք կցանկանայինք անդրադառնալ հատկապես նշված հարցադրմանը։

 Ուսումնասիրելով Հայոց պատմությունն ընդհանրապես և Հայոց եկեղեցու պատմությունը մասնավորապես՝ որևէ մեկը, կարծում ենք, չի կարող հերքել այն հանգամանքը, որ 301 թվականին քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելուց և Եկեղեցուն պետական կարգավիճակ տալուց հետո՝ հայ ժողովուրդն ամենաբարձր մակարդակով որդեգրեց մի քաղաքականություն, ըստ որի այլևս հայ ժողովրդի քաղաքական և եկեղեցական/կրոնական ուղղությունները պետք է ընթանային նույն հունով։ Հուն, որով շարժվելով և անցնելով որոշակի պատմական և գոյափոխման փուլեր, այն է՝ քրիստոնեության ընդունում, պետականացում և ազգայնացում՝ շուրջ երկու հազարամյակ իր անընդհատ գոյությամբ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին դարձել է ՀԱՅ ինքնության որոշիչ տարրերից մեկը (արդեն իսկ 5-րդ դարի կեսին՝ Ավարայրի դաշտում, Հայոց եկեղեցին և նրա դավանանքը ժողովրդի համար դարձել էին «մաշկի գույն»):

 Վերոնշյալի համատեքստում, անշուշտ, քրիստոնեության պետականացումից հետո թե՛ տեսականորեն, թե՛ գործնականում անհնար է տարանջատել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու պատմությունը Հայ ժողովրդի պատմությունից կամ հակառակը։ Սա մի փաստ է, որի քննարկումը նույնիսկ ծիծաղ է առաջացնում։ Ասենք ավելին․ Հայ ժողովրդի պատմության անքակտելի մաս են կազմում նաև այլ դավանանք ունեցող հայերի պատմությունը, սակայն եթե Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և Հայոց պետականությունն, անկախ տարբեր հարցերից, ընթացել են միևնույն հունով՝ դարերի ընթացքում կերտելով Հայի մեզ ծանոթ ինքնությունը, ապա նույնը չենք կարող ասել մեր ազգի պատմության ընթացքում մյուս այլադավանների մասին՝ չփորձելով որևէ կերպ վիրավորել կամ թերագնահատել այլ դավանանք ունեցող տարբեր անհատ գործիչների դերն ու վաստակը Հայոց ընդհանուր պատմության ընթացքում:

 Այսպիսով ունենում ենք մի իրավիճակ, որի համաձայն հարյուրամյակներ շարունակ և՛ ազատ պետականության գոյության, և՛ դրա չգոյության պայմաններում, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն է վերապահվում Հայ ժողովրդի աշխարհընկալման և բարոյահոգեբանական կերպարի ձևավորման հետագա ընթացքը։ Դա իրականացնելու համար Եկեղեցուն շնորհվեց իրավական և որ է՛լ ավելի կարևոր է կրթական գործունեություն ծավալելու ողջ պատասխանատվությունը, որն իրականացնելու ընթացքում բոլորին հայտնի են այն ձեռքբերումները, որ ունեցավ Հայ ազգը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորականության նվիրյալ գործունեության շնորհիվ (գրերի գյուտից մինչև սեփական օրենսդրություն և այլն)։ Ահա թերևս նաև այս հանգամանքն է, որ շատերի համար Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն տալիս է նաև ինքնության պահպանման և ինչու չէ նաև զարգացման գործառույթ (նշենք, որ հայ մշակույթը՝ թե՛ հոգևոր և թե՛ նյութական, հղացվել, ծնվել, պահվել ու շարունակում է պահպանվել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում և հայ եկեղեցականի կողմից, այդ թվում նաև Հայրենիքից դուրս)։

 Միգուցե մեր կողմից կատարված հնարավորինս սեղմ վերլուծությունն ու դրա արդյունքները շատերի համար լինեն անընդունելի, սակայն դեռևս հարյուր տարի առաջ Հայ ժողովուրդն ահա այս սկզբունքներով էր առաջնորդվում։ Սկզբունքներ, որոնք փոխվեցին 20-րդ դարի սկզբում Հայոց ցեղասպանությունից և բոլշևիկացումից հետո։

 Ի՞նչ տեղի ունեցավ Հայոց պատմության ամենից ողբերգական այդ իրադարձությունների հետևանքով։ Նախ, հայությունը, ֆիզիկապես բնաջնջվելով և հայրենազրկվելով մի քանի անգամ կրճատվեց և կորցրեց իր բնօրրանի մեծագույն հատվածը՝ կորցնելով նաև իր ինքնության մասը կազմող հոգևոր-մշակութային հսկայական ժառանգությունը։ Ցեղասպանությանը հաջորդած բոլշևիկացմամբ հայության փրկված հատվածն իր Հայրենիքի փոքր հատվածում կորցրեց հնարավորությունն ազատորեն հաղորդվել իր հոգևոր-բարոյական ինքնության անքակտելի մասը դարձած Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետ՝ այլ՝ աթեիստական, իսկ որոշ դեպքերում պսևդոգաղափարախոսություններով ավելի ու ավելի հեռացվելով որպես ազգային հանրույթ իր գոյության բազմադարյա ընթացքն ապահովող հոգևոր-բարոյական հենքից։

 Չնայած այս բոլոր խոչընդոտներին և պատմությամբ ամրագրված հալածանքներին՝ մեր ժողովուրդը 1988-1994 թթ. ընթացքում կարողացավ իր վճռական դիրքորոշմամբ ու արյան գնով ձեռք բերել մեր պատմական Հայրենիքի մի փոքր հատվածում իր ազատ ինքնորոշման իրավունքը (այս համատեքստում շատ է շահարկվում այն միտքը, որ Հայաստանի ինքնորոշումն ու ազատագրական պայքարն իրականացրեց խորհրդային դաստիարակություն ստացած սերունդը։ Առանց այլևայլ մանրամասնությունների ուղղակի նշենք, որ բավական է վերանայել այդ տարիներին վավերագրված բազմաթիվ կադրերը՝ հասկանալու համար, թե ի՞նչ արժեհամակագի ներկայացուցիչներ էին Արցախյան գոյամարտի հաղթանակ կերտողները, որոնք մարտի էին դուրս գալիս՝ թիկունքներին և բազուկներին Խաչի նշանը կրելով)։ Ստեղծվեց մի իրավիճակ, երբ ցեղասպանության և պաշտոնական աթեիզմի 70 տարիների համակարգային ճնշումներից հետո, մի ամբողջ ժողովրդի պետք էր ուղղորդել հայ դարավոր ինքնությունից բխող և այդ նկարագրին հարազատ հոգևոր-ազգային արժեհամակարգ, որի վրա էլ պետք է վերակառուցվեր Հայոց պետականությունը, որը դառնալու էր աշխարհով մեկ ցրված հայության թե՛ ֆիզիկական և թե՛ հոգևոր-մշակութային անվտանգության երաշխիքը։

 Այս նպատակին հասնելու համար կրկին մեծագույն դերակատարություն պետք է ունենար Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, որի մասին իմացությունը հայաստանաբնակ հայության (ինչպես նաև հետխորհրդային տարածքում բնակվող հայության համար, որը քննարկամն այլ նյութ է) ճնշող մեծամասնության մոտ սահմանափակվում էր նախնիներից ժառանգած հիշողությամբ կամ խորհրդային հասարակարգի կողմից հրատարակված աթեիստական գրականությամբ։ Պարզ է, որ թե՛ մեկը և թե՛ մյուսը բավարար չէին հայ ժողովրդին իր հարազատ Եկեղեցու և դրա վարդապետությունից բխող արժեհամակարգի մասին անաչառ ու անհրաժեշտ գիտելիք տալու համար։ Նշված խնդիրը լավագույնս հնարավոր էր լուծել հանրակրթական դպրոցներում համապատասխան պարտադիր առարկայի ներդրմամբ և այն դասավանդող մասնագետ ուսուցիչների պատրաստմամբ, որն էլ եկեղեցի-պետություն փոխգործակցության արդյունքում (Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ՀՀ կառավարության միջև համաձայնագիրը ստորագրվել է 2002 թ. օգոստոսի 22-ին) հնարավոր եղավ իրականացնել 2004 թվականին՝ Հայաստանի դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» պարտադիր առարկայի ներդրմամբ, որի արդյունքում. «պիտի ունենանք ոչ միայն մեր պատմությանը քաջածանոթ գիտակ նոր հայորդյաց սերունդ, այլև պիտի ունենանք հայրենասեր, նվիրյալ, բարի քրիստոնյաներ, ազնիվ քաղաքացիներ մեր երկրի, որոնց հայացքի առջև ավելի հստակությամբ պիտի գծվի մեր ժողովրդի վաղվա օրը, նրա առաքելությունը դեպի նոր դարեր, նոր հազարամյակներ» (Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն Հայոց)։

 Ինչո՞ւ «Հայոց եկեղեցու պատմություն», այլ ոչ թե «Կրոնների պատմություն», «Կրոնական բարոյագիտություն» կամ ուղղակի «Կրոն», ինչպես մի շարք երկրներում։

 Այս հարցին պատասխանելու համար կարևոր է հասկանալ, որ 1990-ականներից մինչև 2000-ականների սկիզբը Հայաստանում տիրող ընդհանուր դրությունը։ Մի ժամանակաշրջան, երբ սեփական Եկեղեցու և կրոնի հանդեպ գիտելիքների պակասն ու երկրում տիրող սոցիալ-տնտեսական պայմանները պարարտ հող էին աշխարհի տարբեր կետերից խոտոր ճանապարհներով Հայաստան ներթափանցող բազմաբնույթ կրոնական հոսանքների համար, որոնք ուղղակիորեն օգտագործելով մարդկանց ներքին պահանջը դեպի հոգևորը, իրենց տարատեսակ «փրկչական վարդապետություններն» էին հրամցնում ժողովրդին՝ հաճախ դրանք ներկայացնելով որպես Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցու ճշմարիտ վարդապետություն, իսկ որոշ դեպքերում Աստվածաշնչի անվան տակ մարդկանց բաժանելով այլ կրոնների և դավանանքների սուրբ գրքեր։ Կարծում ենք ավելորդ է առանձին մանրամասնությամբ նշել նաև այն, որ կրոնական այդ հոսանքներից որոշները պատերազմական իրավիճակում գտնվող երկրում ուղղակիորեն քարոզում էին զենք չվերցնել և չդիմել ինքնապաշտպանության (այնինչ, ինչպես դարեր շարունակ, այնպես էլ այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին շարունակում է մնալ հայ ազատագրական պայքարի գաղափարախոս, իսկ հայ եկեղեցականը՝ ի հարկի՝ նաև առաջամարտիկ): Ուստի, այսպիսի պայմաններում, օրհասական անհրաժեշտություն էր ժողովրդին առանձին մանրամասնությամբ ծանոթացնել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու պատմությանը՝ փաստագրական պատմագրությունից զատ ներկայացնելով նաև Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կառուցվածքային, վարդապետական, ծիսա-տոնական և ավանդույթային առանձնահատկությունները։ Նշվածի համատեքստում այդ անհնար էր իրականացնել «Հայոց պատմություն» առարկայի շրջանակներում՝ որոշակիորեն ավելացնելով և վերաշարադրելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վերաբերյալ խորհրդային հասարակարգի օրոք դուրս հանված և աղավաղած հատվածները։ Այս առարկայի միջոցով պետք է աճող սերնդին նախ ներկայացվեր հարազատ Եկեղեցին, որից հետո թերևս նոր հնարավոր կդառնար դասավանդել տարբեր կրոնների մասին։ Սա կարևորագույն նշանակություն ուներ դեռևս կրոնների մասին բովանդակ առումով պատկերացում չունեցող հանրության մեջ անհատական և հավաքական առումով աղճատված ինքնաճանաչողության վերականգնման և 70 տարիների փակ «վարագույրի» բացվելուց հետո հարափոփոխ աշխարհում չտարրալուծվելու տեսանկյունից։ Ահա թերևս հիմնական պատճառը, որ տվյալ բովանդակությամբ առարկան, այդ ժամանակահատվածում ներդրվելով հանրակրթական դպրոցներում, կոչվեց ոչ թե «Կրոնների պատմություն», «Կրոնական բարոյագիտություն» կամ ուղղակի «Կրոն», այլ՝ «Հայոց եկեղեցու պատմություն»։

 Այսպիսով, կարող ենք հստակ ասել, որ առարկայի տվյալ անվանումով երբեք փորձ չի արվել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու պատմությունը տարանջատել Հայ ժողովրդի պատմությունից։ Սա կեղծ դիտարկում է, որի տրամաբանությանը հետևելու դեպքում, պետք է ասենք, թե ինչո՞ւ ենք առանձին դասավանդում Հայոց պատմությունը, եթե այն համաշխարհային պատմության մաս է կազմում, եկեք դպրոցներում դասավանդենք միայն համաշխարհային պատմություն և բոլոր հարցերը «կլուծվեն» (նշված տրամաբանությամբ կարող են միասնական դասագրքերով ներկայացվել օրինակ՝ Գրականությունը և Հայ գրականություն, Աշխարհագրությունը և Հայաստանի աշխարհագրությունը)։ Ինչո՞ւ ենք անպայմանորեն այս խնդիրը փորձում դիտարկել Հայ ազգի քաղաքական և եկեղեցական/կրոնական պատմագրության հակադարձման տեսանկյունից։ Ինչպես արդեն նշեցինք, հարցին այսպիսի մոտեցում ցույց տալը արհեստական հակասություններ կարող է առաջացնել և բազմաթիվ վտանգներով լեցուն հանգուցակետի կարող է բերել։

 Գալով մեր շարադրանքի խորագրին՝ պետք է նշենք, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու պատմությունն ու Հայ ժողովրդի պատմությունը միասնաբար դասագրքերով, միևնույն դասաժամերին դասավանդելու միակ տարբերակը դեռևս մեկ դար առաջ ցույց է տվել հայ իրականության մեծագույն գիտնականներից մեկը՝ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը, որն իր եռահատոր ֆունդամենտալ աշխատությունն անվանեց ոչ թե Հայոց եկեղեցու պատմություն կամ Հայ ժողովրդի պատմություն, այլ ուղղակի՝ «ԱԶԳԱՊԱՏՈՒՄ»՝ առաջնորդվելով, անշուշտ, այն պարզ ճշմարտությամբ, որ թե՛ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և թե՛ Հայ ժողովրդի պատմությունը դա բովանդակ առումով մեկ և նույն ազգի՝ Հայ ազգի անքակտելի, անբաժան պատմությունն է։

 Հարցին մոտենալու նրա որդեգրած տրամաբանությունը խնդրի ամբողջական՝ հայեցակարգային լուծման փայլուն օրինակ է, որը, մեր համոզմամբ կարելի է կիրառել նաև մեր օրերում։ Սակայն ինչքանո՞վ ներկա պատկան մարմինները հայ իրականության մեջ վերջին ժամանակներում ստեղծված մթնոլորտում ունեն այնպիսի քաղաքական կամք և ազգային այնպիսի ինքնագիտակցություն, որպեսզի հայրենի դպրոցներում հիմնեն «Ազգապատում» անունն ու բովանդակությունը կրող հանրակրթական առարկա։

Հ․Գ․

Անշուշտ անհերքելի է, որ հանրակրթության ոլորտում կան տարիներով կուտակված բազմաթիվ խնդիրներ՝ կապված թե՛ դասագրքերի, թե՛ դասավանդման մեթոդների, թե՛ ուսուցիչների պատրաստման և թե՛ եղած օրենսդրական խնդիրների հետ։ Սակայն խնդիրները պետք է լուծել քննարկումների կառուցողական մթնոլորտում, այլ ոչ թե եղածը քանդելու, չերկխոսելու ապակառուցողական գործելաոճով։

Արարատ քահանա Պողոսյան

ter-hambardzum.net

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica