close
Եղանակը Երևանում
5 Դեկտեմբերի 2019
+1°
+5°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Դեկ 2019
USD1477.94
GBP1627.63
EUR1530.13
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նոյեմբերի 8-ին նշվում է ռադիոլոգիայի համաշխարհային օրը. Doctorsnet.am

Հասարակություն

8 Նոյեմբերի 2019, 23:13
 Նոյեմբերի 8-ին նշվում է ռադիոլոգիայի համաշխարհային օրը. Doctorsnet.am

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, նշվում է ռադիոլոգիայի համաշխարհային օրը՝ ի պատիվ Վիլհեմ Ռենտգենի, ով 1895թ. նոյեմբերի 8-ին ռենտգենյան ճառագայթման հայտնագործմամբ, նոր բժշկական դիսցիպլինի՝ ռադիոլոգիայի հիմքն է դրել: Այսօր այն ժամանակակից բժշկության անբաժանելի մասն է կազմում ՝ հանդիսանալով մի շարք հիվանդությունների ախտորոշման և  բուժման հիմքը: 

Ռադիոլոգների հայկական ասոցիացիան, հանդիսանալով Եվրոպական ասոցիացիայի լիարժեք անդամ, անմասն չի մնում օրվա շրջանակներում տեղի ունեցող  մի շարք  միջոցառումների անցկացումից: Հայաստանում ամենազարգացող բժշկագիտական ոլորտներից մեկը հանդիսացող ռադիոլոգիան օր օրի առավել ընդարձակում է  հասանելի ինֆորմատիվության շրջանակը: Ո՞րն է Ռադիոլոգիայի Հայկական Ասոցիացիայի գործունեության նպատակը, ռադիոլոգիական հետազոտության ո՞ր  ձևն է առավել արդյունավետ,  ՀՀ մարզերը և մայրաքաղաք Երևանը  ոլորտային զարգացվածության առումով արդյո՞ք համաքայլ են ընթանում. այս  և այլ հարցերի շուրջ   Doctorsnet.am-ը զրուցել է  բ.գ.թ., Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ, Նաիրի ԲԿ-ի ախտորոշման կլինիկայի ղեկավար Կոստան Գալումյանի հետ:

-Բժիշկ Գալումյան, այսօր ռադիոլոգիայի  համաշխարհային օրն է, ո՞րն է օրվա խորհուրդը, ի՞նչ ծրագրեր են նախատեսված:

-Հինգ տարի առաջ ռադիոլոգիայի  Եվրոպական Ասոցիացիայի, Ամերիկյան Ասոցիացիայի և Ռադիոլոգիայի Ամերիկյան  քոլեջի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ը հռչակվեց ռադիոլոգիայի համաշխարհային օր: Քանի որ Ռադիոլոգների Հայկական Ասոցիացիան հանդիսանում է Եվրոպական Ասոցիացիայի լիարժեք անդամ  այս  օրը մենք նույնպես նշում ենք:

Այս տարվա խորագիրն է՝  Սպորտային ռադիոլոգիա: Տարբեր երկրներում տարբեր կերպ է նշվում օրը: Օրվա նպատակն է մեկ տանիքի տակ հավաքել բոլոր ռադիոլոգներին, յուրօրինակ հարթակ ստեղծելով՝ փոխադարձ արդյունավետ շփումների, փորձի փոխանակման, ոլորտային քննարկումների համար:

Օրվա շրջանակներում կազմակերպվում են նաև սեմինարներ, օրինակ, անցած տարի կարդիոլոգների և սրտային վիրաբույժների հետ համատեղ, սրտային ռադիոլոգիայի շրջանակներում  Նորք –Մարաշ ԲԿ-ում կազմակերպվել էր սեմինար «Ռադիոլոգիայի դերը կարդիոլոգիայի և կարդիովիրաբուժության մեջ»  թեմայով, որը բավականին բուռն  և դրական արձագանք գտավ: Այս տարի ֆորմատը փոքր ինչ այլ է, բայց դարձյալ  համագործակցության շրջանակներում: Սպորտային ռադիոլոգիան առավելապես կապ ունի վնասվածքների, տրավմաների հետ:

-Ինչո՞վ է զբաղվում ռադիոլոգների հայկական ասոցիացիան, ո՞րն է ասոցիացիայի գործունեության նպատակը:

-Ռադիոլոգների Հայկական Ասոցիացիան հասարակական կազմակերպություն է, որը համախմբում է  ռադիոլոգիա մասնագիտություն ունեցող բոլոր մասնագետներին. Նրանք են՝ ուլտրաձայնային հետազոտության մասնագետները, համակարգչային տոմոգրաֆիայի մասնագետները, մամոգրաֆիստները և ռադիոֆիզոտոպային դիագնոստիկայի մասնագետները: Ասոցիացիան համախմբում է  ավելի քան 270 ռադիոլոգի, ովքեր ներկայացնում են Երևանը, մարզերը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Ասոցիացիայի գործունեության նպատակն է  գիտահետազոտական սեմինարների կազմակերպումը,  գիտակրթական միջոցառումների կազմակերպումը, միջազգային կոնֆերանսների կազմակերպումը և մասնակցությունը: Կոնֆերանսները բաժանվում են  երկու մասի. ԱՊՀ երկրների կոնֆերանս, որը  ռադիոգրաֆիա է կոչվում, այն տարածաշրջանային կոնֆերանս է , որտեղ  եկող տարի  Հայաստանը ընտրված է որպես  տարածաշրջանային կենտրոն, իսկ մյուսը Եվրոպական Կոնգրեսն է , որը տեղի է ունենում հունիս ամսին: Կոնգրեսի շրջանակներում կազմակերպվում է ռադիոլոգիայի դպրոց, որտեղ հյուրընկալվում  են Եվրոպայի լավագույն  ռադիոլոգները:

 Առաջին օրը մեր մասնագետներն են ելույթներով հանդես գալիս, իսկ երկրորդ օրը՝ Եվրապական դպրոցի:

Այս տարի կոնգրեսի շրջանակներում հյուրընկալել էինք աշխարահռչակ գիտնական, ՄՌՏ գյուտի հեղինակ Ռայմոնդ Դամադյանին:

Պատվավոր հյուրերի շարքում էին նաև Ռադիոլոգիայի Եվրոպական Ասոցիացիայի նախագահ պրոֆեսոր Դերչին, Ռադիոլոգիայի Եվրոպական Ասոցիացիայի գործադիր տնօրեն Պիտեր Բայերը:

Ասոցիացիայի շնորհիվ տասը երիտասարդ մասնագետներ վերապատրաստվեցին  եվրոպական առաջատար կլինիկաներում, կարծում եմ, որ մեր օրինակը վարակիչ կլինի այլ ասոցիացիաների համար:

_Որո՞նք են ասոցիացիայի ֆինանսավորման աղբյուրները:

- Ռադիոլոգների Հայկական Ասոցիացիան ինքնաֆինանսավորվող հասարակական կազմակերպություն է: Հիմնական գումարը անդամավճարներից է գոյանում, որը  բավական չնչին գումար է: Ունենք նաև հովանավորներ, որոնք հանդիսանում են Ասոցիացիայի գործըկերներ:

-  Բժշկական ա յլ ոլորտների հետ համեմատած ռադիոլոգիան ի՞նչ մակարդակի վրա է գտնվում:

-Ոլորտը բավականին զարգացած է թե′ գործիքային հագեցվածության, թե′ մասնագիտական ներուժի տեսակետից: Հայաստանի առողջապահական դաշտը  հագեցած է վերջին սերնդի համակարգչային տոմոգրաֆներով: ՄՌՏ սարքավորումների մասով կարող ենք ասել, որ Երևան քաղաքում գործող կլինիկաների  գրեթե 80% –ը  հագեցած են նոր և բարձր որակի սարքավորումներով, ռենտգեն սարաքավորումների մասով որոշակի բացեր կան, բացառությամբ  մի շարք առաջատար կլինիկաների:

-Ինչո՞վ է պայմանավորված  գնային նման խայտաբղետությունը:

-Պատճառը կայանում է նրանում , որ Հայաստանում գործող կլինիկաների մեծ մասը մասնավոր  սեփականություն է հանդիսանում, ուստի,  եթե նայենք սարքավորումների արժեքը, մատուցվող ծառայությունների որակը, մասնագետների վրա կատարվող ներդրումները, ապա կարող ենք արձանագրել, որ տվյալ պարագայում կոմերցիոն հետաքրքրվածությունը նվազագույնի է հասցված:

-Մարզերում ինչպիսի՞ վիճակ է:

-Այս պահին մարզերում զարգացման միտում կա: Մի քանի  տարի առաջ տոմոգրաֆներ  առկա էին միայն Գյումրի ԲԿ-ում և Գորիսում, այսօր պատկերը լրիվ այլ է: Ներկայումս Գյումրիում կան  երկու ՄՌՏ սարքավորումներ,որոնք նախկինից շատ ավելի լավն են, Դիլիջանում մեծ կենտրոն է գործում, որտեղ   շուտով  հնարավոր կլինի ՄՌՏ հետազոտություն իրականացնել: Համակարգչային տոմոգրաֆներ կան Արտաշատում, Սևանում, Վանաձորում: Վերոնշյալ տեղերում աշխատում են տեղի մասնագետները և մեր  գործառույթներից մեկն է՝  օգնել  և խթանել նրանց մասնագիտական գործունեությանը: Ռադիոլոգիայի առավելությունը մնացած բժշկագիտական մասնագիտությունների նկատմամբ կայանում է նրանում , որ այն առնչվում է բժշկագիտական բոլոր ոլորտների հետ: 21-րդ դարում հնարավոր է դարձել  սմարթֆոնների միջոցով պատկեր ուղարկելով  շատ արագ օգնություն ստանալ:

-Ռադիոլոգը վերջնական  ախտորոշում  տալի՞ս է: 

Ախտորոշում տալը ռադիոլոգի գործառույթը չէ, նա տալիս է ուղղորդում, տալիս է ռադիոլոգիական եզրակացություն:

-Բժիշկ Գալումյան, ըստ Ձեզ որո՞նք են ոլորտի բացերը:

-Հիմնական բացերը կրթական ոլորտում են: Իմ անձնական դիրքորոշումն է, որ ռադիոլոգիային հատկացված ուսումնառության ժամաքանակը բավարար չէ: Հիմնական խնդիրը սոցիալական է, քանի որ կրթությունը վճարովի է և ցանկացած խնդիր տեղայնացված և հարմարեցված է իրավիճակին: Թեև մեր ամբիոնում արվում է առավելագույնը`  սեղմ ժամկետներում  հնարավորինս լայն  ինֆորմատիվություն ապահովելու համար: Սոցիալական տեսակետից եթե նայենք , ապա լավ կլիներ, որ  հետազոտություններն ավելի մատչելի լինեին: Սովետական Միության ժամանակ  ռադիոլոգիան ունեցել է շատ լավ դպրոց, եթե դիտարկենք Համամիութենական հանրապետությունների մակարդակով, Ռուսաստանից հետո երկրորդ տեղում Հայաստանն էր: Անկախության  ժամանակաշրջանում մենք ինչ-որ կորուստներ ունեցանք , հիմա  փորձում ենք կորուստը վերականգնել: 2021 թվականին Վիեննայում անցկացված եվրոպական կոնգրեսի շրջանակներում հայտարարված է  Հայաստանի տարի, նման հնարավորություն տրվում է հազվագյուտ երկրների , ԱՊՀ երկրներից տրվել է միայն Ռուսաստանին մոտ 12 տարի առաջ: 

- Ռադիոլոգիական հետազոտությունների համար պետպատվեր գործու՞մ է:

- Պետպատվեր գործում է բոլոր կլինիկաներում, եթե  ունեն պայմանագիր առողջապահության նախարարության հետ:

-Ձևավորված կարծիք կա, որ ՄՌՏ-ն (մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա) ներկայումս ամենաինֆորմատիվ հետազոտության եղանակն է, որքանո՞վ է այն  համապատասխանում իրականությանը:

- Այո, սակայն ՄՌՏ-ն ոչ բոլոր օրգան համակարգերի դեպքում է համարվում լիարժեք ինֆորմատիվ: ՄՌՏ-ն անփոխարինելի մեթոդ է  գլխուղեղի հետազոտության համար, չնայած համակարգչային տամոգրաֆիայով էլ են գլուխը հետազոտում, բայց մանր օջախային փոփոխությունները, նեյրոգեն ուռուցքները հայտնաբերվում են ՄՌՏ-ով, իսկ համակարգչային տոմոգրաֆիան ցուցված է տրավմատիկ վնասվածքները գնահատելուն: ՄՌՏ-ն անփոխարինելի մեթոդ է նաև  ողնուղեղի, հոդաբանության, ողնաշարի միջողային սկավառակների, գրիժաների համար:  Համաակրգչային տոմոգրաֆը լավագույն մեթոդ է թոքերի հետազոտության համար: ՄՌՏ սարքավորումները ցույց են տալիս այն ստրուկտուրաները , որտեղ  կա ազատ ջրածնի ռադիկալ,այսինքն որտեղ կա ջուր: Այն ստրուկտուրաները, որտեղ ջուր չկա  ՄՌՏ  ցույց չի տալիս, դրանք ցույց են տալիս ռենտգեն ճառագայթային սարքերը:

- Տարվա ընթացում քանի՞ անգամ է թույլատրվում ՄՌՏ հետազոտություն անցնել:

-ՄՌՏ-ն ճառագայթային հետազոտություն չէ, բացարձակապես  անվտանգ է: Ներկայումս ամբողջ աշխարհում մեծ տեղ է հատկացվում պտղի հետազոտությանը: Այն հնարավորություն է տալիս պտղի օրգան համակարգերը տեսնել , հաստատել ենթադրական պաթոլոգիաները կամ ժխտել պաթոլոգիայի առկայությունը:

-ՄՌՏ հետազոտություն անցնելու համար բժշկի ցուցումը պարտադի՞ր է:

-Պարտադիր է, ըստ ցանկության ՄՌՏ  հետազոտություն անցնելը  գրագետ մոտեցում չէ:

-Հետազոտությունը իրականացվում է հատվածներո՞վ, թե՞ ամբողջ մարմնով:

-Թեև պացիենտը ամբողջ մարմնով  մտնում են  սարքավորման մեջ, սակայն իրենց  վրա ամրացվում է  հատուկ  սարքավորում, որը ուժեղացնում է մագնիսական դաշտը կոնկրետ հատվածում, այսինքն ինֆորմացիան վերցվում է տվյալ հատվածից:

-Հետազոտության  ընթացքում կիրառվող կոնտրաստ նյութից հնարավո՞ր է ալերգիկ կամ շոկային ռակցիա:

-Հնարավոր է: Դա պայմանավորված է նյութի բաղադրիչ մասերից, գրեթե բոլոր կոնտրաստ նյութերը պարունակում են յոդ, քանի որ յոդը ռենտգեն պոզիտիվ է: Եթե տվյալ մարդը յոդից ալերգիա ունի, ապա  հետազոտությունը դառնում է ավելի դժվար: Մինչև հետազոտվելը   պացիենտի անբողջական  անամնեզն է հավաքվում` խուսափելու համար նման խնդիրներից  : Նոր սերնդի կոնտրաստ նյութերի ալերգիկ ֆոնը ավելի  թույլ է: Միակ հակացուցումը կլաուստրոֆոբիան  է (վախ փակ տարածությունից) , թեև ներկայումս   անեսթեզիայով  հետազոտություններ  կատարվում են: Հակացուցում է նաև մետաղական սարքավորումների առկայությունը օրգանիզմում, որովհետև մագնիսական դաշտը կարող է մետաղները տեղաշարժել և տաքացնել:

-Կարո՞ղ ենք ասել, որ ճառագայթային ախտորոշման բոլոր մեթոդները հասանելի

 են Հայաստանում:

-Միանշանակ, շուտով ռադիոֆիզոտոպային բաժանմունք կբացվի  Էրեբունի ԲԿ-ում, որը  տվյալ ծառայությունը առավել  հասանելի կդարձնի   Հայաստանում:

       Ձեր հորդորը մեր ընթերցողներին 

Վարել  առողջ ապրելակերպ, անհարաժեշտության դեպքում դիմել համապատասխան մասնագետի,  անիմաստ հետազոտություններ չանցնել, քանի որ տոմոգրաֆիայով մենք շատ հաճախ  գտնում ենք այնպիսի ստրուկտուրաներ, որոնք կյանքի որակի վրա ընդհանրապես չեն ազդում, բայց հոգեբանության վրա մեծ ազդեցություն են գործում:

Ապավինեն ավանդական բժշկությանը:

Սկզբնաղբյուր՝ Doctorsnet.am

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica