close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2019
-1°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2019
USD1476.69
GBP1617.03
EUR1528.46
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ցածր կատարողականը ոչ թե պարգևատրման, այլ պաշտոնանկության հիմք պետք է լիներ. Թադևոս Ավետիսյան

Քաղաքական

7 Նոյեմբերի 2019, 21:45
 Ցածր կատարողականը ոչ թե պարգևատրման, այլ պաշտոնանկության հիմք պետք է լիներ. Թադևոս Ավետիսյան

Այսօր ՀՀ կառավարության նիստում որոշում կայացվեց ընդունել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված այն ծրագիրը, որով վերաբաշխվում են զբաղվածության պետական ծրագրերին հատկացված միջոցները:

Զբաղվածության պետական ծրագրերի մի մասից գումար վերաբաշխվեց մեկ այլ՝ անասնապահության աջակցության ծրագրին, որով նախատեսվում է աղքատ ընտանիքների համար գնել խոշոր եղջերավոր անասուններ: 

«Սա 2016 թ. ծրագիր է, նախկինում այս ծրագրի շահառուների թիվը 50-ն էր, իսկ ներկայումս կառավարության որոշմամբ դարձավ 1000-ը: 1000 սոցիալապես անապահով ընտանիքների համար պետք է գնեն խոշոր եղջերավոր անասուններ՝ այն նպատակով, որ այդ ընտանիքներն ունենան կայուն եկամուտ: Առաջին հայացքից ականջահաճո որոշում է` կառավարությունն օգնում է աղքատ ընտանիքներին: Բայց, ո՞ր ծրագրերի հաշվին է օգնում, և արդյո՞ք այս ծրագիրն արադարցվելու է, այն դեպքում, երբ չկան հստակ չափորոշիչներ, թե ինչպես են ընտրվելու 1000 շահառուները, քանի որ ընտրությունը կատարվելու է 30 000 աղքատ ընտանիքներից»,- Yerkir.am-ի հետ զրույցում իր տեսակետը ներկայացրեց ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի համակարգող Թադևոս Ավետիսյանը:

Ըստ նրա՝ չկան հստակ չափանիշներ, թե 1000-ից որ մասն է դուրս գալու աղքատությունից,  որ մասն են դառնալու ֆերմերներ: Գումարը ծախսվեց, բայց ի վերջո հնարավոր է այդ անասունները վաղը հայտնվեն շուկայում` վաճառվեն ու մորթվեն և այդ մարդիկ մնան նույն աղքատության խնդրի առաջ:

Թ. Ավետիսյանի խոսքով՝ մյուս ծրագրերի ցածր կատարողականի հաշվին ավելացվել է այս ծրագրի ֆինանսը: Yerkir.am-ի հարցին, թե ո՞ր ծրագրերի կատարողականի ձախողում ունենք` Թադևոս Ավետիսյանը թվարկեց դրանք. «Զբաղվածության պետական հիմնական ծրագրերն են` գործազուրկների մասնագիտական ուսուցման ծրագիրը, երիտասարդների մասնագիտական փորձի ձեռքբերման աջակցության ծրագիրը, աշխատանքի տեղավորման դեպքում գործազուրկի միանվագ գործատուին հատուցման ծրագիրը, աշխատավարձի մասնակի փոխհատուցման ծրագիրը, երբ գործազուրկին ընդունում են աշխատանքի»:

Թ. Ավետիսյանը մանրամասնում է՝ այս ծրագրերի մասով 2018թ. գրանցվել է 25 տոկոս կատարողական, իսկ 2019 թ. 50 տոկոս կատարողական, այսինքն այս ծրագրերի համար 2018 թ. չի ծախսվել 75 տոկոս հատկացված ֆինանսական միջոցներից, իսկ 2019թ.` 50 տոկոս, և որպեսզի կարողանան ապահովել ֆինանսական կատարողականը, մեր քաղաքականության պատասխանատուները որոշել են չծախսված միջոցները ուղղել այնպիսի մի ծրագրի և այն ձևով, որ ի սկզբանե հայտնի չէ դրա վերջնաարդյունքը և մեծ խնդիր կա ռիսկերի առումով»:

Նա նշեց, որ 1.7 մլրդ դրամից մոտավորապես 15 մլն դրամ վերոնշյալ ծրագրերից վերցվում են, և այդ միջոցները ուզում են հատկացնեն անասնապահության աջակցության ծրագրին. «Այս ծրագիրն այս տարի նախատեսված էր ընդամենը 50 շահառուի համար, իրենք այս տարի  9 ամսում կարողացել են իրականացնել ընդամենը 42 ծրագիր, իսկ հիմա նախատեսվում է ավելացնել 1000 ծրագիր: Ծրագիրը կազմակերպելու համար նախատեսված է երկու ամիս, որը բավարար չէ, օրինակ 30.000 շահառուներից պետք է ընտրվի 1000-ը, և առանց հստակ չափանիշներ ճշգրտելու անհնար է առանց ռիսկերի, ճիշտ, արդյունավետ ընտրություն կատարել»,- ավելացրեց նա:

Yerkir.am-ի հարցին` նշված ծրագրերում ցածր կատարողական ունենալու խնդիրը որտե՞ղ եք տեսնում` ՀՀ-ում գործազրկության նվազման, թե՞ անարդյունավետ կառավարման մեջ` ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի համակարգողը հստակեցրեց. «Քանի որ ՀՀ-ում ավելանում է գործազրկության մակարդակը` գործազուրկների թիվը, հետևաբար տեղին չէր այս ծրագրերից գումար վերցնելը: 200,000 մարդու աջակցման բյուջե ունենք, 250,000՝ գործազուրկ: Եվ այս ծրագրերում արդյունավետ կառավարման դեպքում չպետք է լիներ կատարողականի խնդիր: Հիմա իրենք այս գումարները վերաբաշխում են, որպեսզի կարողանան արագ` ոտքի վրա իրականացնեն իրենց կատարողականը: Աշխատաշուկայի վերլուծության հիման վրա պետք է օբյեկտիվ բաշխում կատարած լինեին, ընթացիկ արդյունավետ համակարգում վերահսկողություն չի եղել, ամսական հաշվետվությունների հիման վրա պետք է վերլուծվեր՝ ինչու ծրագիրը իր ամսական նախատեսված չափանիշով չի կատարում»:

Բանախոսի պնդմամբ՝ 2018 թ. զբաղվածության ոլորտի պատասխանատուները` բարձրաստիճան պաշտոնյաները, կատարելով իրենց աշխատանքի ընդամենը 25 տոկոսը, իսկ 2019 թ.` մոտ 50 տոկոսը, այնուամենայնիվ ամեն ամիս ստացել են իրենց աշխատանքի չափով պարգևատրումներ, ինչը պետք է ոչ թե պարգևատրման, այլ պաշտոնանկության հիմք լիներ:

Նարա Մարտիրոսյան

 

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica