close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2019
+4°
+12°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2019
USD1477.46
GBP1613.63
EUR1526.02
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հրապարակի վրա է «Անդրանիկ. մարդը և ռազմիկը» արժեքավոր գիրքը

Մշակույթ

5 Նոյեմբերի 2019, 16:08
 Հրապարակի վրա է «Անդրանիկ. մարդը և ռազմիկը» արժեքավոր գիրքը

Համազգային Հայ կրթական և մշակութային միությունը նորովի լույս է ընծայել Վարդգես Ահարոնյանի հերթական արժեքավոր աշխատանքը՝ «Անդրանիկ. մարդը և ռազմիկը» գիրքը:

Պետք է արձանագրել, որ մինչ այս «Անդրանիկ. մարդը և ռազմիկը» գիրքը հրատարակվել է 1957 թ. Բոստոնում: Այն ոչ միայն հայաստանյան ընթերցողին գրեթե հայտնի չէ, այլև՝ պատմաբան մասնագետների շրջանում:

Գրքի արժեքը գնահատելու համար անհրաժեշտ է նախ համառոտ անդրադառնալ հեղինակի անձին: Վարդգես Ահարոնյանը գրող, նշանավոր ազգային ու պետական գործիչ Ավետիս Ահարոնյանի որդին է: Մասնագիտությամբ լինելով իրավաբան՝ նա նաև գրող է, գրականագետ և հրապարակախոս: Վ. Ահարոնյանի գիտակցական կյանքն անցել է ազգային կյանքին ծառայության մեջ: Առաջին աշխարհամարտի տարիներին կամավոր ստանձնել է Կամավորական առաջին գումարտակի հրամանատար Անդրանիկի համհարզի և թարգմանչի պաշտոնը:

Ահարոնյան ավագի ընտանիքին պատկանելու շնորհիվ հնարավորություն է ունեցել բազում անգամ հանդիպելու Անդրանիկին, վայելելու նրա ներկայությունը սեփական տան մեջ և մոտիկից ճանաչելու զորավարին: Կամավորական շարժման շրջանում մշտապես գտնվելով Անդրանիկի կողքին՝ նա խորությամբ ճանաչել է առասպելական համբավ ունեցող հայորդուն՝ թե՛ որպես ռազմական գործչի և թե՛ որպես բարդ, երբեմն հակասական բնավորությամբ մարդու:

Այդ պատճառով ընթերցողին ներկայացվող հուշագրությունը ուղղակի վկայություն է պատմական անձի և երևույթների վերաբերյալ և ունի սկզբնաղբյուրի նշանակություն:

Նուրբ դիտողականության և գեղարվեստական մտածողության շնորհիվ տեսած և ապրած իրադարձություններն ու պատկերները Ահարոնյանի գրչի տակ վերածվել են զգայացունց ու հափշտակությամբ ընթերցվող էջերի: Մանավանդ, որ հեղինակի լեզուն գրավիչ է՝ պարզ ու թեթև:

Ուստի փաստենք, որ գիրքն ընթերցողը կրկնակի գոհունակություն կապրի՝ նախ իրական Անդրանիկին «մոտից » ճանաչելու առիթի համար և ապա՝ վերագտնելով սոսկ կուսակցական պատկանելության պատճառով հանիրավի մոռացված ազգային մեկ արժանավոր գործչի:

Հավելենք նաև, որ հեղինակը՝ Վարդգես Ահարոնյանը, գիրքը նվիրել է մոր՝ Անուշ Ահարոնյանի պայծառ հիշատակին և գրքի հենց սկզբում գրել այդ մասին հետևյալ հուզիչ տողերը. «Մորս՝ ԱՆՈՒՇ ՆԱԶԱՐԻ ԱՀԱՐՈՆԵԱՆԻ, որ հանգչում է Արարատի ստորոտում՝ պայծա՜ռ, պայծառ յիշատակին»:

Համազգային Հայ կրթական և մշակութային միության երևանյան գրասենյակից Yerkir.am-ին հայտնում են, որ գրքի շնորհանդեսը տեղի է ունենալու ս.թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 17:00-ին, «Արտ Բրիջ» գրատուն-սրճարանում (հասցե՝ ք. Երևան, Աբովյան 20):

Ի՞նչ եղանակ է սպասվում
13 Նոյեմբերի 2019, 17:54 Ի՞նչ եղանակ է սպասվում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica