close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2019
+4°
+12°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2019
USD1477.46
GBP1613.63
EUR1526.02
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գործատուն աշխատողին 12 տարի արձակուրդ չի տվել. ահազանգ՝ ոլորտային մարմիններից

Իրավունք

4 Նոյեմբերի 2019, 16:23
 Գործատուն աշխատողին 12 տարի արձակուրդ չի տվել. ահազանգ՝ ոլորտային մարմիններից

Դեպք ունենք, որ  գործատուն աշխատողին 12 տարի արձակուրդ չի տվել, աշխատողը դիմել է արհմիություն աշխատանքից ազատվելուց հետո. այսօր Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը:

Ըստ նրա՝ իրենք միայն իրավունք ունեն միջնորդագիր ներկայացնելու:  «Միջնորդագրով որոշ հարցեր լուծում ենք, նաև՝ աշխատողին աշխատանքում վերականգնելու: Միջնորդագիր գրեցինք տվյալ կազմակերպությանը՝ մատնանշելով գործատուի խախտումները, նշելով, որ, համաձայն օրենքի, ազատված աշխատողին այդ ամբողջ տարիների չօգտագործած արձակուրդի դիմաց դրամական փոխհատուցում պետք է տրվի, սակայն, քանի որ գործատուն չկատարեց միջնորդագրի պահանջը, ստիպված օգնել ենք այդ աշխատողին` անվճար կազմելով հայցադիմում, որ աշխատողը դիմի դատարան: Մենք արդեն  մոտ երկու տարի է՝ չունենք լիազորագրով դատարան դիմելու իրավունք»,- նշեց Փիլիպոսյանը:

ՀԱՄԿ նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը Yerkir.am-ի հետ զրույցում հավելեց, որ եթե նույնիսկ աշխատակիցը արհմիության անդամ է և իրենց կազմում է, միևնույն է, չունեն դատարան դիմելու իրավունք: «Անհատական աշխատանքային հարաբերություններում արհմիությունը իրավասու չէ դիմել դատարան: Առաջարկ է ներկայացվել , որ արհմիությունն ունենա դատարան դիմելու իրավունք՝ լինի կազմակերպության արհմիություն, տարածքային, ճյուղային, թե՝ հանրապետական», - նշեց նա:

Ըստ Բորիս Խարատյանի՝ չունենք դատարաններ, որոնք կզբաղվեն միայն աշխատանքային հարաբերություններով, և դեպքեր են լինում, երբ մեկ տարուց ավելի է տևում դատական գործընթացը, և դա ձեռնտու չէ ո՛չ աշխատողին, ո՛չ էլ գործատուին:

«Օրինակ՝ եթե աշխատողը գործատուի նախաձեռնությամբ ազատվել է աշխատանքից և դիմել է դատարան` վերականգնելու իր աշխատանքը, ապա այս դեպքում, մինչև դատարանի որոշումը, նա չի աշխատում, իսկ եթե վերականգնելու որոշում կայացվեց, ապա գործատուն պետք է վճարի աշխատողին այդ ժամանակահատվածում հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձի չափով»,- փաստեց նա:

Բորիս Խարատյանի խոսքով՝ մեր Սահմանադրությունը չի տալիս հնարավորություն, որ ունենանք առանձին դատարան, որը կզբաղվի աշխատանքային հարաբերություններով: «Մենք առաջարկում ենք, որ նման վեճերի դեպքում ստեղծվեն անհատական աշխատանքային վեճեր լուծող հանձնաժողովներ` ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում՝ անկախ սեփականության ձևից, արհմիության մասնակցությամբ, որ եթե կա գործատու-աշխատող վեճ, ապա քննվի տեղում` աշխատավայրում, այսինքն՝ տվյալ հանձնաժողովը գործի աշխատավայրում: Թեև դա չի բացառի, որ աշխատողը կամ գործատուն, եթե համաձայն չլինի այդ վճռի հետ, հետագայում դիմի դատարան», - նշեց նա:

Միքայել Փիլիպոսյանն, իր հերթին, մատնանշեց, որ «Արհմիությունների մասին» օրենքում և Աշխատանքային օրենսգրքում կա արհմիությունների կողմից միջնորդագիր ներկայացնելու իրավունքը, միաժամանակ պետք է  ավելանա արհմիության կողմից դատարան բողոքարկելու իրավունքը:

ՀԱՄԿ նախագահի տեղակալը, անդրադառնալով օրենսդրությանը, նշեց, որ ներկայումս կոլեկտիվ պայմանագրերի վերաբերյալ քննարկման փուլում է այն դրույթը, որ գործատուի նախաձեռնությամբ աշխատողին աշխատանքից հեռացնելու հարցը քննարկվի արհեստակցական կազմակերպության հետ, որպեսզի այն տա իր համաձայնությունը, և եթե արհմիության կողմից համաձայնություն չի տրվում, բնականաբար, գործատուն իրավունք չի ունենում տվյալ աշխատակցին աշխատանքից ազատելու: Բորիս Խարատյանի խոսքով՝ շատ քիչ կոլեկտիվ պայմանագրեր կան, որ պարունակեն այս դրույթը:

Անդրադառնալով կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում արհմիությունների երկու հիմնական գործիքներին` նա նշեց, որ այդ գործիքներից մեկը` գործատուների հետ բանակցություններ վարելը և արդյունքում կոլեկտիվ պայմանագրի կնքումը, քիչ թե շատ իրականացվում է, իսկ երկրորդի դեպքում՝ գործադուլի իրավունքը, որն ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, ՀՀ Սահմանադրությամբ և իրականացման մեխանիզմը սահմանվում է օրենքով, կա մեծ խնդիր:

«Օրինական գործադուլ անցկացնել ՀՀ-ում հնարավոր չէ: Չնայած մեխանիզմը տրված է Աշխատանքային օրենսգրքով, բայց այդ մեխանիզմի իրականացումը բավականին բարդացված է՝ թե՛ գործառույթների իմաստով, թե՛ ժամկետի տևողությամբ: Օրինակ՝ գործադուլ անելու համար անհրաժեշտ է փակ, գաղտնի քվեարկությամբ կոլեկտիվի 2/3 –ի համաձայնությունը, այնուհետև՝ հաշտեցման հանձնաժողով, դատարան, տեղեկացնելու ժամկետներ և այլն»,- նշեց Բորիս Խարատյանը:

Իրավունքների պաշտպանությունն առաջին հերթին պետության գործառույթն է: Իրավունքների կիրառման ապահովության խնդիրը պետությունը պետք է ապահովի իր կարգավորիչ մեխանիզմներով`օրենքներով, կառավարության, գործադիր ու դատական իշխանության միջոցով: Աշխատանքային հարաբերություններում այս ամենը չի աշխատում, որովհետև ժամանակին կար Աշխատանքի տեսչություն, այսօր այն ձևական բնույթ է կրում: Մենք վավերացրել ենք Աշխատանքի միջազգային կազմակերպության համապատասխան կոնվենցիան աշխատանքի տեսչության մասին, հիմա մենք, փաստորեն, ունենք տեսչություն, բայց դրա գործառույթները, իրավունքները, պարտականությունները  չեն համապատասխանում այդ կոնվենցիայի պահանջներին, դրույթներին»,- խոսքը եզրափակեց Բորիս Խարատյանը:

Ի դեպ, ըստ վիճակագրության՝ ՀԱՄԿ-ն ներկայումս ունի շուրջ 545 կոլեկտիվ պայմանագրեր:

Հիշեցնենք, որ Yerkir.am-ն օրերս անդրադարձել էր  գործատու-աշխատող հարաբերություններում առկա օրենսդրական բացերին, ինչի պատճառով չի կարգավորվում, օրինակ, արտաժամյա աշխատանքի, թաքնված աշխատող պահելու վերահսկողությունը և այլն:

Նարա Մարտիրոսյան

Ի՞նչ եղանակ է սպասվում
13 Նոյեմբերի 2019, 17:54 Ի՞նչ եղանակ է սպասվում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica