close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2019
+1°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ դիվականության պատմություն - 17

Քաղաքական

1 Նոյեմբերի 2019, 17:48
 Հայ դիվականության պատմություն - 17

90-ական թթ. կեսերին պետք է վերագրել Գռզո-Սուքիասյանների առեւտրա-ֆինանսական կայսրության ստեղծումը, որը գտնվում էր ներքին գործերի ամենազոր նախարար Վանո Սիրադեղյանի հովանավորության տակ։ Նա կլանի ղեկավարների տղաներից մեկի քենակալն էր։

Բանիմաց մարդիկ պնդում էին, որ Վանոն մնայուն տուրք չէր վերցնում,վերցնում էր անհրաժեշտության դեպքում,բայց՝ մեծ չափերով։ Լինում էին դեպքեր,երբ «պետական պատվերը» լինում էր այնքան բարձր,որ վճարողները բողոքում էին,բայց, ի վերջո, վճարում էին։ Դրա դիմաց Գռզոյի կայսրությունն անընդհատ ամրապնդվում եւ ծավալվում էր նույնիսկ իշխանությունից հետո։ Լուրերի համաձայն՝ կայսրության ունեցվածքի եւ գործերի անձեռնմխելիությունը երաշխավորվեց անձամբ Քոչարյանի կողմից,որից հետո կլանը հրաժարվեց կապիտալները Էմիրաթներ տեղափոխելու գաղափարից։ Բացի դրանից՝  կլանի երիտասարդ ղեկավարը 1999թ. ընտրվեց Ազգային ժողովի պատգամավոր ու դարձավ անձեռնմխելի։ Անհրաժեշտ է,այնուամենայնիվ,նշել,որ Սուքիասյանների կլանը, ի տարբերություն ուրիշների,ամենասկզբից իրեն պահեց ոչ որպես քոչվոր,որ փորձեր որքան կարելի է շատ թալանել ու թալանածը տանել,այլ որպես նոր հայկական բուրժուազիայի ծնվող ներկայացուցիչ,որն արտադրություն էր կազմակերպում (թեկուզ մանր),կառուցում էր (շենքեր՝ շքեղ, ցուցադրական),բացում էր նոր առեւտրական կենտրոններ,մի խոսքով՝ աշխատանքային տեղեր էր ստեղծում։ Իսկ 1998թ. գարնանից սկսեց տուրքեր վճարել պետությանը…

Հասկանալի է,որ մաֆիոզ խմբավորումներին չէր խանգարում «շրջափակումը», ընդհակառակը՝ նրանց բարգավաճման համար ստեղծում էր հիանալի պայմաններ։ Օրինակ՝ նման երեւույթ տեղի ունեցավ 1994թ. դեկտեմբերին,երբ արհեստականորեն ստեղծվեց բենզինի ճգնաժամ,որի արդյունքում էլ բենզինի գները կտրուկ կերպով աճեցին 70-75%-ով:  Կառավարող վարչակազմը հայտնվեց ծանր իրավիճակում,քանի որ առաջացավ ամբողջ շուկայի տարածքում գների անկման վտանգ։ Իշխանությունները  նույնիսկ ստիպված եղան մասնավորից ավելի ցածր գներով բենզին վաճառել պետական պահեստից,սակայն ակնհայտ դարձավ,որ իշխանությունները կացության տերը չեն եւ «բենզինի մաֆիային» դիմադրել չեն կարող, ինչպես չեն կարող դիմադրել արդյունաբերական ավազակախմբին,որը,ինչպես ասացինք, սեւ եւ գունավոր մետաղներ արտահանելու անվան տակ հանրապետությունից դուրս էր տանում գործող սարքավորումները,զանգվածային կարգով գնում էր սեփականաշնորհված  ձեռնարկությունների գույքը եւ շենքերը։ Այս հանցագործությունների ղեկավարը Լեւոն Տեր-Պետրոսյանի ավագ եղբայրն էր՝ Թելման Տեր-Պետրոսյանը (մյուս եղբայրը գլխավորում էր ամբողջ շինարարական արդյունաբերությունը)։ Թելման Տեր-Պետրոսյանը արդյունաբերական հսկա «Հրազդանմաշի» գլխավոր տնօրենն էր եւ կարճ ժամանակամիջոցում  «Հրազդանմաշը» հասցրեց վերջնական ու լիակատար քայքայման,հետո մնացորդը գնեց համարյա ձրի։ Նա նպատակահարմար էր գտնում տնտեսության մեջ խաղալ պետական սեկտորի պահպանման կողմնակցի դեր։ Երկրի ղեկավարի վրա մեծ ազդեցության շնորհիվ նա շուտով դարձավ արդյունաբերական խոշոր մագնատ,որի ձեռքում էր գտնվում դրամ բերող գրեթե բոլոր բնագավառների (մաֆիաների) բաժնետոմսերի մեծ մասը,որի միջոցով կարողանում էր վերահսկողություն հաստատել այդ բնագավառներում։ 1997թ. սրտի նոպայից Թելման Տեր-Պետրոսյանի հանկարծակի մահը՝ Արարատի գինու գործարան ներդրումներ կատարող արտասահմանցի հյուրի հետ այցելության ժամանակ,մեկ ժամվա ընթացքում տապալեց նրա կայսրությունը  եւ պետության ղեկավարին զրկեց իր շրջապատի վրա ազդելու հզորագույն լծակից։ Պատմում են,որ երկար ժամանակ նախագահին չէին համարձակվում ասել եղբոր մահվան մասին,իսկ երբ վերջապես նա իմացավ այդ մասին,կես ժամ գտնվում էր ուժասպառ եւ հուսալքված վիճակում։

… Գոյություն ուներ նաեւ «բուհական» մաֆիա,որը գտնվում էր պառլամենտի խոսնակ Բաբիկ (Բաբկեն կոչում էին միայն պաշտոնական հանդիպումների ժամանակ) Արարքցյանի իշխանության տակ։ Իշխանության գլուխ անցնելուց մեկ տարի անց ՀՀՇ-ական վերնախավը վերանայեց բուհ ընդունվելու կարգը՝ խիստ կենտրոնացնելով եւ այն դնելով սեփական վերահսկողության ներքո,որտեղ անշուշտ,քննություն ընդունելու կարգը եւ դրա հետ կապված կաշառքներն ու հսկայական գումարներն ամենակարեւորն էին։ Իմիջիայլոց, հենց Արարքցյանը գլխավորեց պառլամենտում ծավալված այն օրենքի նախագծի դեմ պայքարը,որը  նախապատրաստվել էր Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ եւ նախատեսում էր ուսանողների տարկետման իրավունքի վերացում՝ զիծառայությունը հետաձգելու համար։ Այս օրենքի ընդունումը կարող էր զգալիորեն կրճատել քննություններից եկող եկամուտները։

Ինչպես խորհրդային իշխանության,այնպես էլ անկախության տարիներին,բուհ ընդունվելը զինվորական ծառայությունից խուսափելու լավագույն ձեւն էր։ Այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը ապարդյուն կերպով փորձում էր ընդունել նոր օրինագիծ եւ միանգամայն իրավացի էր։ Ուսանողների զինծառայությունը բոլոր հասակակիցների հետ միասին ոչ միայն թույլ կտար բարձրացնել բանակի կրթական մակարդակը,որն անհրաժեշտ էր ժամանակակից մասնագիտություններին տիրապետելու համար, այլեւ կվերացներ հարուստների եւ աղքատների միջեւ գոյություն ունեցող եւ օրեցօր մեծացող անդունդը։ Հարուստների երեխաները կա՛մ չէին ծառայում բանակում եւ կա՛մ էլ ծառայում էին ավելի մեծ տարիքում. ստեղծվում էր հասարակության անթույլատրելի բեւեռացում։

Այդ օրենքի նախագիծը տապալեցին։ Քննարկումների ժամանակ հնչեց նաեւ մի այսպիսի բացատրություն՝ զինվորականները փորձում են այդ ձեւով իրենց զինկոմիսարիատներ ուղղել այն կաշառքները,որ նախատեսված են բուհ ընդունվելու համար։

Մինչդեռ զինված ուժերը,այսինքն՝  բանակը հայկական պետականության միակ իրական եւ բացահայտ նվաճումն էր։ Չնայած աղքատությանը, զենքի ու զինամթերքի պակասին, չնայած այն բոլոր այլանդակություններին,որոնք տեղի էին ունենում բանակում,այնուամենայնիվ,բանակը դարձավ այս կամ այն չափով առողջ միավոր այն բանի շնորհիվ,որ կարողացավ անջատվել ոտից մինչեւ գլուխ նեխած ու արատներով լի հասարակությունից։ Ի սկզբանե անվերջ քաղցած,կարկատած հագուստներով, մշտական անքնությունից բորբոքված աչքերով կամավորականների շարքերում տիրող մեծ ԳԱՂԱՓԱՐԸ ,բարեբախտաբար,հետագայում անցավ նաեւ կանոնավոր բանակին եւ,որ ամենակարեւորն է՝ այդ քիչ թե շատ պահպանված մաքրությունը բանակին թույլ տվեց չայլանդակվել ու չայլասերվել Երրորդ հանրապետության մնացած բոլոր քաղաքական եւ հասարակական հաստատությունների պես։   

Շարունակելի    

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica