close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2019
+8°
+11°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2019
USD1477.51
GBP1613.60
EUR1525.36
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ծանր զրույց. եկել եմ՝ ասեմ, որ Փաշինյանն արդեն ամեն ինչ ասել է...

Հարթակ

28 Հոկտեմբերի 2019, 15:12
 Ծանր զրույց. եկել եմ՝ ասեմ, որ Փաշինյանն արդեն ամեն ինչ ասել է...

Բի-Բի-Սի հեռուստաընկերության «Ծանր զրույց» հաղորդաշարին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տված հարցազրույցն ամբողջությամբ ի ցույց դրեց ՀՀ արտաքին քաղաքականության մերկությունն ու մեղկությունը: Քաղաքականություն, որն արդեն տարիուկես աննախադեպ համառությամբ և անզիջում հետևողականությամբ վարվում է վարչապետ Փաշինյանի կողմից:

Այս օրերին շատերը վրդովվեցին և պահանջեցին ԱԳ նախարարի հրաժարականը, շատերը քննադատեցին նրա լղոզված և ոչինչ չասող պատասխանները, ոմանք, ատամները կռճտացնելով, փորձեցին արժանի պատասխաններ մատնացուցել, ոմանք էլ ուղղակի լռեցին՝ ամոթից և ապագայի հանդեպ վախից կարկամած:

Բայց ի՞նչ էր ասում Մնացականյանը, կամ ի՞նչ չասաց Հայաստանի թիվ մեկ դիվանագետը. նա կրկնեց այն ամենը, ինչ վերջին մեկուկես տարում բարձրաձայնում է Փաշինյանը: Մնացականյանը նույնությամբ վերարտադրեց բոլոր այն մոտեցումներն ու մեխանիզմները, որ վերջին մեկուկես տարում դարձել են մեր ներքին և արտաքին քաղաքականության ուղեգիծն ու տեսլականը:

Փոխանակ արժանապատվորեն հակադարձելու՝ Մնացականյանը ստանձնեց նոր իշխանությունների փաստաբանի դերը և փորձեց արդարացնել այն փակուղային քաղաքականությունը, որը վարվում է Փաշինյանի կողմից: Արցախը լոկ հայաբնակ տարածք համարելով՝ նախարարը ցույց տվեց, որ թեև Փաշինյանն ասել է՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», սակայն եթե Ադրբեջանի ժողովրդի շահերից բխի այդ տարածքների զիջումը, ապա իրենք պատրաստ են հաշվի նստել այդ շահերի հետ: Նա ոչ մի խոսք չասաց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, որովհետև այդ ժամանակ իր վարչապետին կվերագրեր Արցախի Սահմանադրությամբ քրեորեն պատժելի մի արարք, որը Արցախի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունն է:

Զոհրաբ Մնացականյանը այնքան էր տարվել հների պախարակմամբ, որ չկարողացավ հերքել փորձառու լրագրողի կողմից այդ նույն հներին վերագրվող պատերազմական հանցագործությունների մասին պնդումը, որը, ցավոք, առաջին անգամ նետվեց հրապարակ և վստահաբար կդառնա Ալիևի քարոզչամեքենայի ամենազորեղ խաղաքարտը: 

Ռազմական տրիբունալ՝ սա էին ենթադրում Բի-Բի-Սիի լրագրողի լկտի հարցապնդումն ու նրա լարած թակարդն ընկած հին դիվանագետի խուսափողական պատասխանները: Տրիբունալ, որտեղ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար պիտի դատվեն նոր իշխանությունների կողմից «մարդասպան» և «դավաճան» որակված ազգային գործիչները, Արցախի բանակի գեներալները, դաշտային հրամանատարները, Արցախյան ազատամարտում դերակատարում ունեցած պետական-քաղաքական գործիչները: Տրիբունալ, որը պիտի հետմահու դատապարտի բոլոր ազգային հերոսներին, պիտի նրանց անունները ջնջի պատմության էջերից, որովհետև եթե սեփական ժողովրդի հանդեպ են այդքան «չարիքներ», «դավաճանություններ» գործել, ապա հակառակորդ պետության «անմեղ» քաղաքացիների և տասնութամյա խեղճ զինվորների հանդեպ ինչե՞ր գործած կլինեն:

Զոհրաբ Մնացականյանը լուռ կուլ էր տալիս այդ ամենը՝ գիտակցելով, որ վաղը հայելու մեջ իրեն չի կարողանալու նայել, բայց ասելիք չուներ այլևս: Տղամարդկության վերջին փշրանքներն ի մի բերելով՝ նա մի կերպ շշնջաց, որ փաստերը մի քիչ խեղաթյուրվում են, որ Հայաստանը ստիպված է եղել պաշտպանել «հայաբնակ տարածքներում» բնակվող հայերին, որ եթե նույնիսկ հանցագործություն կատարվել է, ապա Բաքուն՝ նույնպես, հանձին Սաֆարովի, մեծարել է մարդասպաններին, որ «Նոր Հայաստանում» առաջին անգամ հաշվի են առնվում նաև Ադրբեջանի շահերը…

Մինչ Հայաստանի թավշյա արտգործնախարարը կարդարանար և կփորձեր Ալիևից ավելի ադրբեջանամետ երևալ՝ լրագրողը տվեց հերթական հարցը՝ իսկ չե՞ն վախենում, որ Ռուսաստանի և Արևմուտքի ձիերը միաժամանակ հեծնելիս կմնան երկու ձիերի արանքում: Ի պատասխան՝ առաջին անգամ ՀՀ որևէ պաշտոնյայի շուրթերից հնչեց, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը լարախաղացություն է, և իրենք էլ շատ դժվարությամբ են խաղում, որովհետև աշխարհի երկու բևեռները չեն ուզում հասկանալ, որ, ըստ «Նոր Հայաստանի» տեսլականի, աշխարհը երկբևեռ չէ, ուղղակի իրենք բավարարվում են երկուսով…

Մի խոսքով՝ Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ եկել է՝ ասի, որ Փաշինյանն արդեն ամեն ինչ ասել է...

Ներսես Ներսեսյան

 

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica