close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2019
+0°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2019
USD1476.98
GBP1617.88
EUR1527.92
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան հաղթե՞ց, թե՞ պարտվեց Սոչիում

Տարածաշրջան

23 Հոկտեմբերի 2019, 19:59
 Թուրքիան հաղթե՞ց, թե՞ պարտվեց Սոչիում

Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որի առանցքը Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից հոկտեմբերի 9-ից իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունից հետո տեղի ունեցող զարգացումներն էին: Հոկտեմբերի 17-ին, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի միջնորդությամբ, ժամանակավոր հրադադար հաստատվեց Թուրքիայի ԶՈւ, դրան հարող զինյալ խմբավորումների և քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի միջև: Ըստ պայմանավորվածության՝ ռազմական գործողությունները պետք է դադարեին 120 ժամով, այսինքն՝ ժամկետը լրանալու էր հոկտեմբերի 22-ին: Եվ հենց այս հանդիպումից էր կախված՝ շարունակելո՞ւ է Թուրքիան իր գործողությունները, թե՞ ռուս-սիրիական դաշինքի հետ համաձայնության կգա:

Մոտ 6 ժամ տևած հանդիպման ընթացքում որոշվեց պահպանել  ստատուս քվոն Սիրիայի հյուսիսում և  քրդական Մանբիջից դուրս բերել քրդական խմբավորումները: Ընդունված հուշագրի մեջ կարևորվում էր Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումն ու Թուրքիայի սահմանային անվտանգությունը:

Դատելով Թուրքիայի հայտարարություններից՝ «Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանում» և «Թուրքիայի սահմանային անվտանգություն» եզրույթներն իրար հակադիր երևույթներ են, և չի կարող լինել Թուրքիայի սահմանային անվտանգության խնդիր՝ առանց Սիրիայի տարածքային ամբողջականության խախտման, քանի որ Թուրքիան մտադիր է այդ շրջանները դարձնել անվտանգության գոտի՝ առանց քրդական ներկայության, այդտեղ վերաբնակեցնելով Թուրքիայում գտնվող 3 մլն փախստականի: Թուրքիան, իհարկե, այդ շրջանը կփորձնի թուրքացնել՝ հեռահար նպատակների համար:

Ըստ հուշագրի՝ նախատեսվում է.

1. Կողմերը վերահաստատում են իրենց հավատարմությունը Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը, ինչպես նաև Թուրքիայի ազգային (սահմանային) անվտանգության ապահովմանը:

2. Ընդգծվում է ահաբեկչության դեմ պայքարում վճռականությունը, ինչպես նաև Սիրիայի տարածքում անջատողական ձգտումներին դիմակայումը։

3. Այս համատեքստում «Խաղաղության ակունք» գործողության ներկայիս տարածք Թել Աբյադ և Ռաս  ալ Այն քաղաքների միջև  32 կմ խորությամբ կպահպանվի գոյություն ունեցող ստատուս քվոն։

4. Երկու կողմերը վերահաստատում են Ադանայի համաձայնագրի կարևորությունը. ՌԴ-ն  կաջակցի ժամանակակից պայմաններում Ադանայի համաձայնագրի իրագործմանը:

5. Մոսկվան ու Անկարան պայմանավորվություն են ձեռք բերել, որ 2019 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12:00-ից սկսած, Ռուսաստանի ռազմական ոստիկանության և սիրիական սահմանային ծառայության ստորաբաժանումները սիրիա-թուրքական սահմանի սիրիական հատվածում կաջակցեն քրդական Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի (YPG),  դրանց սպառազինությունների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվի 150 ժամվա ընթացքում: Այս պահից սկսած՝ ռուս-թուրքական համատեղ պարեկային ծառայությունը կսկսի գործել սահմանից 10 կմ խորությամբ` սահմանից դեպի արևմուտք, և «Խաղաղության ակունք» գործողության տարածքից արևելք, բացառությամբ Քամիշլի քաղաքը:

6. Քրդական ազգային պաշտպանական ուժերի բոլոր ստորաբաժանումները և դրանց սպառազինությունը դուրս կբերվեն Մանբիջ և Թել Ռըֆատ քաղաքներից:

7. Երկու կողմերը ձեռնարկելու են անհրաժեշտ միջոցներ՝ ահաբեկչական տարրերի ներթափանցումը կանխելու համար:

8. Համատեղ ջանքեր կգործադրվեն փախստականների անվտանգ և կամավոր վերադարձը դյուրացնելու համար:

9. Սույն հուշագրի իրականացումը վերանայելու և համակարգելու համար կստեղծվի համատեղ մոնիթորինգի և ստուգման մեխանիզմ:

10. Երկու կողմերը կշարունակեն աշխատել «Աստանայի բանաձևի» շրջանակներում սիրիական հակամարտության քաղաքական լուծման ուղղությամբ, ինչպես նաև կնպաստեն Սահմանադրական հանձնաժողովի գործունեության մեկնարկին:

Ռուսաստանը, կատարելով Casus foederis-ի շրջանակում իր պարտավորությունները, Սիրիայի հետ կարողացավ էլ ավելի ամրապնդել Ասադի դիրքերը՝ Սիրիայի կառավարական ուժերն արդեն հասել են Թուրքիայի սահմանին: Թեև այս դեպքում նույնպես ամեն բան Ասադի «սրտով չէ», որի համար անընդունելի են սեփական երկրի տարածքում թուրքական ներկայությունն ու դեռևս չհանգուցալուծված քրդական անջատողականության հարցը:

Ամենից շատ ոչ շահեկան դիրքերում հայտնվեցին քրդերը: ԱՄՆ-ի կողմից դավաճանվելով՝ քրդերը միայնակ էին մնացել թուրքական զինուժի դեմ: Իսկ Ասադի հետ համաձայնության գալով՝ հույս էր արթնացել ետ մղել թուրքական հարձակումները: Վերը նշված հուշագրով՝ ռուս-սիրիական ուժերը 150 ժամում ապահովելու են քրդական զորքերի դուրսբերումը, ինչին քրդերը չեն կարող չենթարկվել, եթե հաշվի առնենք նաև, որ Թուրքիան ցանկացած քրդական ակտիվության դեպքում դարձյալ կսկսի գործողությունները. այդ մասին այսօր նշել էր Չավուշօղլուն:

Իսկ Թուրքիան, այսպիսով, չկարողացավ իրականացնել «Խաղաղության ակունք» գործողությամբ նախատեսվածը: Չի կարելի ասել, որ Էրդողանն այնքան միամիտ էր, որ մտածում էր, թե կարող է առանց որևէ արտաքին միջամտության իրագործել Սիրիայի հյուսիսի բռնազավթումը: Սիրիայի հյուսիսի խնդիրը լուծված չէ, հետևաբար՝ «թուրքական ախորժակը» դեռ չի փակվել, և հետագայում այս հարցը դարձյալ դառնալու է խնդրո առարկա: Բացի այդ՝ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ թեև, ՌԴ և ԱՄՆ-ի հետ բանակցությունների արդյունքում, «Խաղաղության ակունք» գործողությունն ավարտվել է, այդուհանդերձ, թուրքական զինուժը կպահպանի իր ներկայությունը Սիրիայում:

Արգամ Եղիազարյան

Նոր նշանակումներ ՊՆ-ում
19 Նոյեմբերի 2019, 20:45 Նոր նշանակումներ ՊՆ-ում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica