close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2019
+5°
+12°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2019
USD1477.51
GBP1613.60
EUR1525.36
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան չի հեռանա Սիրիայից. իրավիճակը՝ Սոչիի հանդիպումից հետո

Տարածաշրջան

23 Հոկտեմբերի 2019, 15:10
 Թուրքիան չի հեռանա Սիրիայից. իրավիճակը՝ Սոչիի հանդիպումից հետո

«ԱՄՆ-ը վերջին մի քանի տարիներին քրդերի ամենամտերիմ դաշնակիցն էր: Արդյունքում՝ ԱՄՆ-ը լքեց և դավաճանեց քրդերին: Այժմ նրանք նախընտրում են քրդերին թողնել սահմանին և ստիպել նրանց կռվել թուրքերի հետ»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով նաև, որ, եթե քրդական զորքերը հետ չքաշվեն, կընկնեն թուրքական զրահամեքենայի տակ:

Երեկ Սոչիում տեղի ունեցավ Պուտին-Էրդողան հանդիպումը, որը տևեց մոտ 6 ժամ: Արդյունքում՝ Սիրիայի կարգավորման վերաբերյալ հուշագիր ընդունվեց, որն, ըստ նախագահների, հնարավորություն կտա լուծելու թուրք-սիրիական սահմանին առկա լարվածությունը:  Ըստ փաստաթղթի՝ ռուսական ռազմական ոստիկանությունը և սիրիական սահմանապահ ուժերը կօժանդակեն քրդական զորքերի դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ խորությամբ, որից հետո կսկսվի ռուս-թուրքական համատեղ պարեկություն՝ 10 կմ խորությամբ՝ արևմուտքից արևելք, բացառությամբ Քամիշլի քաղաքի:

Ռուսաստանն արդեն անցել է հուշագրի դրույթների իրագործմանը: ՌԴ ԶՈւ-ն հատել է Եփրատ գետը և շարժվում է Այն ալ Արաբ (քրդ. Քոբանի) քաղաքը, որտեղ, ըստ ՌԻԱ «Նովոստի»-ի, ռուսական զորքերին մեծ ոգևորությամբ են դիմավորել՝ բացականչելով. «Տեր Աստված, օրհնիր այս բանակը»:

Թե ինչքա՞ն է մնալու թուրքական բանակը հոկտեմբերի 9-ին սկսված «Խաղաղության ակունք» ռազմական գործողության տարածքում, չի քննարկվել հանդիպման ընթացքում: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն: Թեև հուշագիրն ունի դրական երանգներ, այնուհանդերձ, թուրքական զորքերի ներկայության վերաբերյալ անորոշությունը հետագայում նոր խնդիրներ կստեղծի:

Թուրքիան, իր հերթին, հայտարարել է, որ դադարեցրել է «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը: «Եթե ահաբեկիչներն ինչ-որ տեղ երևան, մեր զինվորականները կռվի մեջ կմտնեն նրանց հետ: Դեռ մնացել են զենք, թաքստոցներ, ական-ծուղակներ. բոլորը պետք է մաքրել: Դրա համար մենք դեռ մնալու ենք դաշտում»,- «Անադոլու» գործակալությանն ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն:

Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ Սիրիայում կատարվեն Ադանայի համաձայնագրի դրույթները: «Ադանայի համաձայնագիրն ունի ուժ: Բայց խնդիրն այն է, որ նույնիսկ եթե ռեժիմն (Ասադի իշխանությունը-խմբ.) ունի դա կյանքի կոչելու ցանկություն,  ապա կարողությունները բավական չեն: Այսպիսով՝ Ռուսաստանն այդ իրավիճակում միջնորդի դերը կվերցնի իր ձեռքը և կօժանդակի համաձայնագրի դրույթների կատարմանը»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը:

Չավուշօղլուն չի համաձայնել այն տեսակետին, որ հուշագրի իրագործումից հետո պատրաստվում են հեռանալ Սիրիայի հյուսիսից: Նախարարը նշել է, որ թեև ՌԴ-ի և ԱՄՆ-ի հետ բանակցությունների արդյունքում «Խաղաղության ակունք» գործողությունն ավարտվել է, այդուհանդերձ, թուրքական զինուժը կպահպանի իր ներկայությունը: Նա միաժամանակ նշել է, որ դեմ չեն լինի, եթե Սիրիայի հյուսիսի կառավարման մարմիններում քրդերը նույնպես ներկայացված լինեն:

Իրանն իր  գոհունակությունն է հայտնել ձեռք բերված համաձայնության վերաբերյալ: Աստանայի ձևաչափի երեք երկրների՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի կողմից Սիրիայում Սահմանադրական հանձնաժողովի ստեղծման աշխատանքներն այս համաձայնագրով կյանքի կոչվելու հնարավորություն կստանան: ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը ևս հույս է հայտնել, որ երեկվա հանդիպումից հետո այդ աշխատանքները նոր թափ կստանան:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica