close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2019
+8°
+11°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2019
USD1477.51
GBP1613.60
EUR1525.36
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչի մասին է խոսում Լավրովը, ինչ է Ադանայի համաձայնագիրը

Հարթակ

22 Հոկտեմբերի 2019, 20:25
 Ինչի մասին է խոսում Լավրովը, ինչ է Ադանայի համաձայնագիրը

Մոսկվան մտադիր է աջակցել, որ Անկարայի և Դամասկոսի միջև գործի Ադանայի համաձայնագիրը, բայց  կողմերի միջև շփումներ դեռևս չկան. հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում: Նաև երեկ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունները պետք է կարգավորվեն՝ հենվելով Ադանայի համաձայնագրի վրա:

«Մենք պատրաստ ենք և կփորձենք այնպես անել, որ Ադանայի՝ 1998 թ. համաձայնագիրն աշխատի»,- նշել է նա:

Ի՞նչ է Ադանայի համաձայնագիրը, և ինչո՞ւ է 1998 թ. կնքված փաստաթուղթը վերջին մի քանի ամիսներին, մասնավորապես՝ Թուրքիայի կողմից հոկտեմբերի 9-ին սկսված «Խաղաղության ակունք» գործողությունից հետո, հաճախակի շրջանառվում: Թուրք-սիրիական հարաբերությունների պատմության մեջ մեծ դերակատարություն ունեցող այս համաձայնագիրը մինչև սիրիական ճգնաժամի մեկնարկը կարգավորում և էլ ավելի էր խթանում թուրք-սիրիական հարաբերությունների զարգացումը:

Թուրք-սիրիական հարաբերությունների վատթարացման մեջ մեծ ներդրում ուներ 1938 թ.ին Ալեքսանդրետի սանջակի բռնակցումը Թուրքիային: 1930-ական թվականների սկզբից թուրքական բարձրաստիճան պաշտոնյաները բարձրաձայնեցին Ալեքսանդրետի սանջակը Թուրքիային միացնելու հարցը՝ նշելով, որ երկրամասը դարեր ի վեր եղել է թուրքական տարածք: Թուրքիան այս թեմայով հարցում ուղարկեց Ազգերի լիգա: Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Բելգիայի, Նիդերլանդների ներկայացուցիչները կազմեցին սահմանադրություն Հաթայի (անունը տվել էր Աթաթուրքը) երկրամասի համար, որով այն ստացավ ինքնավարություն ֆրանսիական Սիրիայի տարածքում: Չնայած միջէթնիկական բախումներին՝ ընտրվեց օրենսդիր ժողով, որի կազմում ընդգրկված էին 22 թուրք, 9 արաբ-ալևի, 5 հայ, 2 արաբ-սուննի, 2 արաբ-ուղղափառ: 1938 թ. սեպտեմբերի 6-ին Հաթայը հռչակվեց անկախ պետություն, որի դրոշն առաջարկել էր Աթաթուրքը, պաշտոնական լեզուն դարձավ թուրքերենը (նաև՝ ֆրանսերենը), իսկ դրամական միավորը՝ լիրան: 1939 թ. հունիսին Թուրքիան բռնազավթեց Հաթայի երկրամասը՝ միացնելով Թուրքիային, և այն դարձավ Թուրքիայի 81-րդ նահանգը (իլ): Չնայած Սիրիայի բնակչության դժգոհություններին՝  Երկրորդ համաշխարհային պատերազմի շեմին գտնվող Եվրոպային և Ֆրանսիային չէին հետաքրքրում հետամնաց Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները:

Այս դեպքից հետո թուրք-սիրիական հարաբերություններում սկսվեց լարված հարաբերությունների շրջանը: Այս հարաբերություններում կարևոր էր նաև ջրային խնդիրը: Թուրքիան Եփրատ և Տիգրիս գետերի վրա տարբեր ժամանակներում կառուցեց 19 ջրամբար, ինչի հետևանքով խիստ նվազեց ջրի հոսքը դեպի Սիրիա: Խնդիր առաջացավ նաև Օրոնտես (Էլ Ասի) գետի վրա ջրառի հանգույցների կառուցումը:

1980-ական թվականների վերջից Թուրքիայի տարածքում բռնկվեցին թուրք-քրդական բախումները, որոնցում ընդգրկվեցին նաև հյուսիսային հարևան Իրաքի և Սիրիայի տարածքներում բնակվող քրդերը: Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը Թուրքիայի կողմից հետապնդվելուց հետո ապաստան էր գտել Սիրիայում, ղեկավարում էր քրդական պայքարը: Քրդական գործոնի հզորացումը լուրջ մարտահրավեր դարձավ Թուրքիայի համար՝ Սիրիային և Թուրքիային կանգնեցնելով ռազմական առճակատման առջև: Թուրքիան նման պայմաններում էլ ավելի ակտիվացրեց Իսրայելի հետ համագործակցությունը և սկսեց զորքեր կուտակել թուրք-սիրիական սահմանին: Միջազգային հանրությունը, արաբական երկրները կոչ արեցին կողմերին՝ գալ համաձայնության: Հոկտեմբերին Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի և Իրանի ԱԳ նախարար Քեմալ Խարազիի ջանքերի շնորհիվ կանխվեց թուրք-սիրիական ռազմական բախումը:

Գործնականում թուրքական ռազմական ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում Սիրիան ստիպված էր գնալ զիջումների: 1998 թ. հոկտեմբերի 20-ին Ջեյհան քաղաքում (Ադանայի նահանգ) ստորագրվեց պայմանագիրը, որի կողմերը (բանակցությունները թուրքերի կողմից վարում էր գեներալ Աթիլլա Աթեշը, Սիրիայի կողմից՝ գեներալ Ադան Բադր ալ Հասանը) պարտավորվում էին՝

ա. փաստաթղթի ստորագրման պահից Օջալանը չպետք է գտնվեր Սիրիայում,

բ. ՔԱԿ-ի՝ արտասահմանում գտնվող  անդամները Սիրիա մուտքի թույլտվություն չպետք է ստանային,

գ. արձանագրությունների ստորագրման պահից ՔԱԿ-ի ճամբարների գործունեությունը պետք է կասեցվեր,

դ. ՔԱԿ-ի մի շարք անդամներ պետք է ձերբակալվեին և կանգնեին դատարանի առաջ:

Բացի դրանից՝ Սիրիան պարտավորվում էր Թուրքիայի անվտանգությանը վնասող քայլեր չձեռնարկել, ՔԱԿ-ին հայտարարել ահաբեկչական կառույց՝ չցուցաբերելով որևէ օժանդակություն: Բացի այդ՝ կար նաև կետ, ըստ որի՝ Թուրքիան իրավունք ուներ թուրք-սիրիական սահմանից 5 կմ խորությամբ տարածքում հետապնդելու ՔԱԿ-ի անդամներին (այն, ինչ արվում է հիմա): Թեև այս օրերին Թուրքիան խոսում է 32 կմ տարածքի մասին, այնուհանդերձ, այդ ամենի հիմքում ընկած է Ադանայի համաձայնագիրը, որի վրա էլ հիմնվում է Թուրքիան:

Համաձայնագրի կնքումից հետո Օջալանը հեռացավ Սիրիայից, իսկ ամիսներ անց Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը Քենիայում առևանգեց նրան և տեղափոխեց Թուրքիա (այնտեղ ցմահ բանտարկված է):

Այսպիսով՝  խելամիտ ու շրջահայաց դիվանագիտության շնորհիվ Թուրքիան կարողացավ չեզոքացնել քրդական վտանգը, որն ի զորու էր Սիրիայից տեղափոխվել Իրաք և Թուրքիա: Սիրան չէր կարող առճակատման գնալ և՛ հյուսիսից, և՛ հարավից՝ կապված իսրայելական վտանգի հետ: Իսկ ջրային ռեսուրսների գործոնն էլ ավելի էր խեղճացնելու անապատային Սիրիան:

Ադանայի համաձայնագրի կնքումից հետո թուրք-սիրիական հարաբերություններում գրանցվեց աննախադեպ ջերմացում: Հաֆեզ ալ Ասադի մահվանից հետո Թուրքիայի նորընտիր նախագահ Ահմեդ Սեզերի այցելությունը  Սիրիա և հուղարկավորությանը մասնակցելը բավական դրական երևույթ ու դիվանագիտական ժեստ էր երկու երկրների հարաբերություններում: Սկսեց կարգավորվել ջրային խնդիրը, երկու երկրների միջև ակտիվացան տնտեսական կապերը: Հաֆեզի որդի Բաշար ալ Ասադը որդեգրեց այնպիսի քաղաքականություն, որը ենթադրում էր, որ Սիրիան պետք է դառնա տարանցիկ երկիր Թուրքիայի և արաբական աշխարհի միջև: 2003 թ.-ին՝  վարչապետ դառնալուց հետո, Էրդողանը որդեգրեց պրոարաբական դիրքորոշում, որպեսզի արաբական աշխարհում մեծ ազդեցություն ունեցող երկիր դառնա, սակայն դրա հետևանքով էլ վատթարացան թուրք-իսրայելական հարաբերությունները:

2011 թ. Սիրիայում սկսված արաբական գարնան ընթացքում Էրդողանը հայտնվեց դժվար վիճակում՝ դավաճանե՞լ Ասադին, թե՞ անտեսել սեփական խոսքերը, այն է՝ Թուրքիան բոլոր մուսուլմանների պաշտպանն է: Երկմտանքից դուրս բերեց ԱՄՆ-ի հակաասադական դիրքորոշումը, իսկ Թուրքիան, որպես ԱՄՆ դաշնակից, նույնպես որդեգրեց նույն քաղաքականությունը: Այս շրջանում էլ Թուրքիան, ինչպես միշտ, կարողացավ արագ կողմնորոշվել և հայտարարեց, որ եթե սիրիացի փախստականների թիվն իր երկրում ավելանա, ապա կմտնի Սիրիա:

Թեև հոկտեմբերի 9-ի ներխուժումը բացառիկ երևույթ չէ, քանի որ Թուրքիան նմանատիպ գործողություններ բազմիցս է կատարել՝ «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ», այնուհանդերձ, դատելով թե ինչպես է պատրաստվել այս գործողությանը, կարելի է ենթադրել, որ կգնա ամեն քայլի, որ իրականացնի անվտանգության գոտու ստեղծման ծրագիրը, որի նպատակն, անշուշտ, պանթյուրքական է. 30 կմ խորությամբ անվտանգության գոտում վերաբնակեցնելով մոտ 2-3 մլն փախստականի՝  հեռահար նպատակ ունի այդ տարածքն արժանացնել Հաթայի ճակատագրին:

Հոկտեմբերի 22-ին Սոչիում անցկացված Պուտին-Էրդողան հանդիպումից է կախված՝ կշարունակի՞ Թուրքիան իր ծավալապաշտական քաղաքականությունը, թե՞ կանսա Ռուսաստանի խորհրդին՝ ի կատար ածելով Ադանայի համաձայնագրի դրույթները:

Արգամ Եղիազարյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica