Սիրիական բանակը մտել է Ռաքքա և Քոբանի. թուրքական ներխուժման 7-րդ օրը
Տարածաշրջան

Լիբանանյան Al Mayadeen հեռուստաընկերությունը հայտնում է, որ սիրիական կառավարական բանակի առաջնային ջոկատները մտել են հյուսիսարևելյան Ռաքքա քաղաքը (5 տարվա մեջ առաջին անգամ), որտեղ գտնվում էին քրդական զինված խմբավորումները. հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: Իսկ րոպեներ առաջ տեղեկություններ տարածվեցին, որ սիրական բանակը մտել է նաև Քոբանի քաղաքը:
Սիրիայի կառավարական ուժերն արդեն վերահսկողություն են սահմանել Թաբքա քաղաքի և մոտակա օդանավակայանի նկատմամբ, ինչպես նաև վերցրել են Եփրատի վրա գտնվող մի շարք կամուրջներ և երկու հիդրոէլեկտրակայան: Սիրիական զորքերը մտել են նաև Մանբիջ և դիրքավորվել այնտեղ գտնվող ամերիկյան ռազմաբազաներում, որտեղից օրեր առաջ հեռացել էին ԱՄՆ զորքերը:
Ռուսական զորքերն արդեն սկսել են պարեկություն իրականացրել Մանբիջում: Այդ մասին հայտնել է ռուսաստանցի սպաներից Սաֆար Սաֆարովը: «Մեր պարտականությունն է ցանկացած կրակի արձակման դեպքում բնակչության անվտանգությունն ապահովելը: Երբ ռուսական դրոշը երևում է, բախումներն ինքնըստինքյան դադարում են: Թուրքերն էլ, քրդերն էլ չեն ցանկանում մեզ վնասել»,- ասել է նա:
Էրդողանն արդեն այսօր հայտարարել էր, որ Մանբիջի՝ սիրիական ուժերին անցնելը այդքան էլ բացասական երևույթ չէ:
Հոկտեմբերի 9-ին սկսված «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունից մի քանի օր հետո հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերը համաձայնության են եկել Ասադի ղեկավարության հետ՝ համատեղ թուրքական առաջխաղացումը կանգնեցնելու համար: Ասադի զորքերն օրըստօրե հետ են վերադարձնում երկարատև արյունալի պատերազմների հետևանքով կորցրած տարածքները:
Տեղեկություններ են տարածվել, որ սիրիական հակամարտության գլխավոր դերակատարները՝ Ռուսաստան, ԱՄՆ, Սիրիա, Իրան, «Ռոժավան» (սիրիացի քրդեր), համաձայնության են եկել, ըստ որի՝ Թուրքիային թույլատրվել է առաջ գնալ սիրիական սահմանից դեպի երկրի ներսը 5 կմ խորությամբ, թեև Էրդողանը շարունակում է հայտարարել 32 կմ-ի մասին:
Թեև Թուրքիայի գործողությունները չգնացին սեփական սցենարով, այնուհանդերձ, թուրքական զինուժն ու նրանց օժանդակությունը վայելող իսլամիստական խմբավորումները շարունակում են ռմբակոծել ու դաժանություններ անել ինչպես քուրդ զինյալների, այնպես էլ խաղաղ բնակչության նկատմամբ: Թուրքամետ զինյալ խմբերը կրակ են բացել Ռաս ալ Այնայի մոտակայքում գտնվող Ռեյհանիյա քաղաքի խաղաղ բնակչության վրա: Բազմաթիվ տեսանյութեր են տարածվում, որոնք ապացուցում են թուրքերի վայրագությունները: Դրանցից մեկում մի խումբ զինյալներ, քուրդ զինվորների գլուխները կտրելով, այն նվիրում են քրդերի դեմ պայքարում մահացած իրենց հայրենակիցներին: Քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ն էլ տեսանյութ էին տարածել, որում երևում է, թե ինչպես է թուրքական զինուժի կողմից արձակված ռումբը ցերեկային ժամին ընկնում մարդաշատ փողոցի վրա: Ըստ քրդերի՝ դրա հետևանքով մահացել է 12 մարդ:
Հաղորդվում է, որ ռմբակոծվում է Սիրիայի հյուսիս-արևելքը, որը սահմանակցում է նաև Իրաքի հետ: Դերեքի շրջանը, որտեղ բնակվում են տասնյակ հայ ընտանիքներ, հայտնվել է գնդակոծության տակ: Բացի Սիրիայից, ռազմական բախումներ են ընթանում նաև Իրաքյան Քուրդիստանում: Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերը» հաղորդում են, որ Հեֆթանըն և Խաքուրքե բնակավայրերի մոտակայքում թուրքերը 23 զոհ են տվել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սիրիական ռմբակոծության հետևանքով 2 թուրք զինվոր է մահացել: Չի բացառվում, որ Էրդողանը նմանատիպ դեպքերը (որոնք գուցե իրականությանը չեն համապատասխանում) կօգտագործի կառավարական ուժեր-քրդեր նորաստեղծ դաշինքի դեմ:
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ զինադադարի մասին խոսք անգամ գնալ չի կարող, մինչև որ «Սիրիայի հյուսիսը չմաքրվի ահաբեկիչներից»: Չնայած Էրդողանի կոշտ դիրքորոշմանը՝ ռուսական գործոնի պայմաններում նա չի համարձակվի անցնել Վաշինգտոնի և Մոսկվայի նախանշած «կարմիր գիծը»: Իսկ Բաշար ալ Ասադի քաղաքական հարցերով խորհրդական Բուսեյնա Շաաբան հայտարարել է, որ չի բացառվում՝ մոտակա ժամանակներում Սոչիում տեղի ունենա Սիրիա-Թուրքիա հանդիպում, որը հույսեր կարթնացնի սիրիական ճգնաժամի կարգավորման համար: