close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2019
+0°
+8°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2019
USD1476.69
GBP1617.03
EUR1528.46
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՓՄՁ-ն չի կարող մրցակցել, երբ մեծածախ գներով մանրածախ առևտուր է արվում. տնտեսագետ

Տնտեսական

14 Հոկտեմբերի 2019, 15:18
 ՓՄՁ-ն չի կարող մրցակցել, երբ մեծածախ գներով մանրածախ առևտուր է արվում. տնտեսագետ

2020թ. բյուջեն ծախսերի մասով ունի 13.4 տոկոս աճ, եկամուտների դեպքում՝ ավելի քիչ. դրված է ընդամենը 4.9 տոկոս աճ. արդյո՞ք մենք դրանով կարող ենք ապահովել ներառական աճ, թռիչքաձև աճ. այսօր՝ հոկտեմբերի 14-ին հրավիրված ասուլիսում նշեց տնտեսագետ, ՀՅԴ փորձագետ Սուրեն Պարսյանը:

«Նախատեսված է հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը բարելավել 0.3 տոկոսով, այսինքն՝ ստվերը կրճատել 0.3 տոկոսով: Այս մոտեցումը, այս գործիքակազմը բավարար չէ մեր երկրում փոփոխություններ անելու համար»,- ասաց նա:

Պարսյանի դիտարկմամբ՝ ողջունելի է, որ 2020թ. բյուջեում նախատեսված է տնտեսական զարգացմանն ուղղվող ծախսերի՝ 84 տոկոսով աճ: «Նման աճ երբեք չի եղել: Բայց եթե համեմատում ենք այս աճը և նախատեսված 4.9 տոկոս տնտեսական աճը, իրար հետ համադրելի չեն: Մենք նման աճ ապահովում էինք նաև 2019թ բյուջեով: Այսինքն՝ մենք սա ապահովում էինք քիչ ծախսերով, իսկ հիմա դնում ենք այսպիսի մեծ ծախս՝ նախատեսելով նույն աճը. անտրամաբանական է: Իրականում մենք պիտի նոր՝ ավելի բարձր նշաձողեր դնենք այս ուղղությամբ և փորձենք հասնել դրան»,- ասաց նա:

Անդրադառնալով  զբոսաշրջիկների թվի աճին՝ Պարսյանն ասաց. «Պիտի ֆիքսենք, որ մենք ունեինք զբոսաշրջության ծրագիր,  համաձայն որի՝ 2017-2022թթ. մենք պիտի ապահովեինք տարեկան 18 տոկոս զբոսաշրջիկների թվի աճ: Հիմա, այս տարվա տվյալներով, ունենք զբոսաշրջիկների թվի շատ կարևոր աճ՝ երկնիշ աճ, 12 տոկոս, բայց մենք չենք կարողանում ապահովել մեր պլանավորած աճը: Պիտի դնենք բարձր նշաձող և փորձենք հասնել դրան: Բայց այս կառավարությունը դնում է կա՛մ շատ ցածր նշաձող, ինչպես հարկերի պարագայում էր, որ հետո գերակատարում են՝ ցույց տալով, որ սա մեծ ձեռքբերում էր, կա՛մ ընդհանրապես նշաձողը դրվում է շատ բարձր, և դրան չհասնելու դեպքում որևէ բացատրություն չի տրվում»,- ասաց նա:

Գյուղատնտեսական ոլորտի մի շարք կարևոր ծրագրեր՝ հացահատիկի մշակման աջակցության, ոռոգման ծրագրերի աջակցության, թերակատարվել են 30, 40, 50 տոկոսով: «Լավ ծրագրեր դրել են, բայց այսօր արդյունք չունենք: Գյուղատնտեսությունը մոտ 7 տոկոս անկում ունի, և գյուղացին աղքատ կմնա ոչ միայն այս տարվա ընթացքում, այլև՝ եկող տարի, քանի որ ապրանք չունի իրացնելու: Այստեղ ևս ամեն ինչ փորձ է արվում ներկայացնել վարդագույն ակնոցներով»,- նշեց տնտեսագետը:

Պարսյանի խոսքով՝ առևտուրն ու ծառայությունների ոլորտն են աճել, բայց դա հիմնականում բացատրվում է ստվերի կրճատմամբ, այնպես չէ, որ մարդկանց գնողունակությունն է ավելացել: «Նախկինում եղել է, հիմա օրինական դաշտում է, բայց դա չի նշանակում, որ ազգաբնակչության գնողունակությունն աճել է. ցանկացած կրպակ, խանութ, սուպերմարկետ մտեք, հարցրեք, կասեն, որ առևտուրը նվազել է գրեթե 1/3-ով, և սա մեծապես բացասական ազդեցություն է թողնելու մեր բիզնեսի վրա: Պետք է գումարներ հատկացնել ՓՄՁ-ների զարգացման համար, պետք է հստակ տարանջատել խոշոր և փոքր բիզնեսը: Խոշոր բիզնեսին, որ զբաղվում են մեծածախ վաճառքով, չպիտի թողնեն, որ զբաղվի մանրածախ առևտրով: Նրանք այս շղթան ամբողջությամբ խեղաթյուրում են, մեծ վնաս են հասցնում ՓՄՁ-ներին: Ներմուծողը չպիտի մանրածախ վաճառի: Սրա հետևանքով մեր շղթան կտրվում է, և ՓՄՁ-ները շուկայից ուղղակի դուրս են մղվում: Նա չի կարող մրցակցել, երբ մեծածախ գներով մանրածախ վաճառք է իրականացվում շուկայում: Այն մոտեցումը, որ մենք բոլորին թույլ ենք տալիս ապրանք ներմուծել Հայաստան, չի երաշխավորում, որ մենաշնորհները կթուլացնեն իրենց ազդեցությունը մեր շուկայի վրա. դրանք ավելի են ուժեղացրել: Ամենալավ օրինակը բենզինի ու դիզելային վառելիքի շուկան է, երբ ամբողջ աշխարհում գներն իջնում են, մեզ մոտ՝ բարձրանում, հիմա՝ վերջին շաբաթների ընթացքում, մի փոքր նվազում են, երբ դրամն արժևորվում է, սակայն մեզ մոտ հակառակ պրոցեսն է տեղի ունենում՝ գները բարձրանում են»,- ասաց նա:

Տնտեսագիտորեն բնութագրելով՝ Պարսյանը հայաստանյան տնտեսությունը «հիվանդ» ախտորոշեց: «Այստեղ շատ կտրուկ հեղափոխական քայլեր են պետք: Պետությունը չի կարող գիշերային պահակի դեր ստանձնել, այն պիտի միջամտի տնտեսական գործընթացներին, շուկաներում տարանջատումներ իրականացնի»,- ասաց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica