close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+5°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անբավարար է Հայաստանի արձագանքը սիրիահայերի անվտանգության տեսակետից. Արմեն Այվազյան

Քաղաքական

12 Հոկտեմբերի 2019, 19:22
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անբավարար է Հայաստանի արձագանքը սիրիահայերի անվտանգության տեսակետից. Արմեն Այվազյան

 

 

Թուրքիան նվազագույնը երկու տարի է՝ նախապատրաստվում է այս հարձակմանը, մեր պաշտոնյաներն ինչպես անպատրաստ եղել են քաղաքական, միջազգային հարցերի կանխատեսման գործում, այնպես էլ անպատրաստ և դիլետանտ մնում են. վերլուծելով Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանների վրա թուրքական ռազմական գործողությունների հետևանքները՝ Yerkir.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը:

«Գոնե վերջին ամիսներին Էրդողանն անընդհատ հայտարարում է՝ մտնելու եմ, մտնելու եմ, մտնելու եմ»,- նշեց նա՝ կարևորելով, որ այս ամիսների ընթացքում ՀՀ պաշտոնյաները խոսեին սիրիահայերի հետ, կազմակերպվեր նրանց վերադարձը: «ՀՀ կառավարությունը չպիտի հենց երեկ հայտարարեր Հայաստանի՝ սիրիահայերին ընդունելու պատրաստակամության մասին. այդ մասին պիտի խոսվեր անընդհատ, պիտի խոսվեր, հայտարարվեր գոնե վեց ամիս առաջվանից, երբ այս վտանգներն արդեն ակնհայտ էին»,- ասաց նա:

Արմեն Այվազյանն ասաց, որ հիմնավորումները, թե հայերը չեն ուզում գալ Հայաստան՝ չցանկանալով թողնել իրենց՝ տարիների, տասնյակ տարիների վաստակով ստեղծած տները, հավաքած ունեցվածքը, ճիշտ չեն: «Ես Ղամիշլիում եղել եմ, հայերն այնտեղ մեծ-մեծ շինություններ ունեն՝ դպրոցի շենք, այլ շենքեր. այդ ամբողջ հարստությունը վերջում հայերին չի մնալու: Հայերն այնտեղ մնալու են կա՛մ քրդերի վերահսկողության ներքո, ինչպես հիմա է, կա՛մ սիրիական կառավարությունն է վերադառնալու, կա՛մ Թուրքիան է այն գրավելու, կա՛մ Իսլամական կվազիպետության ուժերն են նորից ոտքի կանգնելու»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ Հայաստան մեկնելու մասին հայերը պիտի լսեն մանկուց, որ դրան պատրաստ լինեն. «Դեռ տարիներ առաջ պիտի խոսեինք հայության հետ՝ երբեմն բացահայտ, երբեմն՝ ոչ բացահայտ, որպեսզի Սիրիայի կառավարության հետ խնդիրներ չառաջանային, պիտի խրախուսեին վերադարձը, համոզեին, որ այնտեղ վտանգավոր է»,- ասաց Այվազյանը:

Խոսելով Թուրքիայի՝ այս հարձակումն իրականացնելու նպատակների մասին՝ Այվազյանն ասաց, որ դրանք դեռ  բախվելու են այլ պետությունների շահերին և ձևափոխվելու են: «Թուրքիայի նպատակն է հիմնել Սիրիայի սահմանի երկայնքով անվտանգության գոտի մոտ իր սահմանից 30 կմ դեպի հարավ, այնուհետև այդ 30 կմ-անոց հատվածը բնակեցնել մոտ 2 մլն սիրիացիներով, որ այսօր բնակվում են Թուրքիայում»,- ասաց նա:

Ռազմական առումով, քաղաքագետի դիտարկմամբ, այս գործողությունն ունենալու է մի քանի փուլ: «Առաջինն արդեն սկսվել է. այս 3 օրվա ընթացքում նրանք արդեն առաջ են գնացել, շրջապատել այն երկու քաղաքները, որ գտնվում են Եփրատից դեպի արևելք և փորձում են ավելի առաջանալ, բայց առաջիկա շաբաթների ընթացքում հազիվ թե սկսվի ամբողջությամբ թուրքական հարձակումը, քանի որ Էրդողանը նայելու է, թե ինչպես է արձագանքում աշխարհը՝ ԱՄՆ-ն, Եվոպան, ինչպիսի դիմադրություն են ցույց տալու քրդական ուժերը: Այդ զոնդաժն անցկացնելու է մի քանի շաբաթվա ընթացքում՝ մինչև նոյեմբերի 13-ը, երբ Վաշինգտոնում պիտի հանդիպեն Թրամփն ու Էրդողանը: Այդ հանդիպումից հետո պարզ դառնա, թե էլ ինչ կանի Էրդողանը»,- նշեց Այվազյանը:

Նա հիշեցրեց, որ այս երեք օրվա ընթացքում արդեն իսկ այս շրջաններից արտագաղթել է մոտ 100 հազար մարդ. հենց նրանց տեղում էլ Թուրքիան նախատեսում է «լցնել» թուրքախոս, թուրքական բնակչությամբ: «Թե հետագայում ինչ կլինի, դժվար է ասել. կարող է ավելի առաջանա, կարող է այլ պահանջներ դնել: Էրդողանը տեսեք ինչպես լկտի է խոսում՝ հեյ, Եվրոպա, ասում է, ուզու՞մ եք սահմանը կբացեմ, այս 3.6 միլիոնին ուղարկեմ Եվրոպա: Իսկ Եվրոպան ինչ-որ բան ուզում է անել, բայց սարսափելի թույլ է: ԱՄՆ-ի գիծն էլ, տեսանք, թե ինչպես նահանջեցին ու կանաչ լույս վառեցին թուրքերի առաջ»,- ասաց նա:

Թուրքիայի հարձակումը ՀՀ-ն դատապարտել է թե ԱԳՆ-ի հայտարարությամբ և թե վարչապետի ելույթով. «Դա բացարձակապես անբավարար է. եթե նկատի ենք առնում Սիրիայի հայության անվտանգությունը. որովհետև այդտեղ հայերն ապագա չունեն: 10-15 տարի հետո Սիրիայում հայ չի մնալու»,- նշեց Այվազյանը: Այն, որ թուրքական այս հարձակումը կարելի էր կանխատեսել դեռ տարիներ առաջ, ըստ քաղաքագետի, ևս մեկ ապացույց է մեր դիվանագիտական մտքի տկարության. «Դիլետանտ են և չեն ուզում օգտվել մասնագիտական մտքից: Դրա համար էլ անընդհատ հայտնվում ենք այսպիսի ցայտնոտային վիճակներում»,- ասաց նա:

Այս պահին վտանգված են թե սիրիահայերը, թե Թուրքիայի հայերը, և Այվազյանը վստահ է, որ Հայաստանը պարտավոր է միջոցներ գտնել նրանց անվտանգության մասին հոգալու, նրանց վերադարձնելու կամ վերադարձը խթանելու համար: «Թուրքիան Հայաստանի թշնամին է՝ ցեղասպան թշնամին: Թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ մշակվում են ռազմական գործողություններ Հայաստանի դեմ, Թուրքիայի բանակը հաստատուն ներկայություն ունի և լավ կապեր ունի Նախիջևանում տեղակայված ադրբեջանական ուժերի հետ: Նրանք քանիցս ասել են, որ հայերին կարող են արտաքսել Թուրքիայից, իսկ Հայաստանը Թուրքիայի նկատմամբ ընդհանրապես քաղաքականություն չի վարում՝ ավելի ճիշտ, ջայլամի քաղաքականություն է վարում: Հայաստանի պետությունը պարտավոր է զգուշացնել իր քաղաքացիներին՝ որ ձեր գտնվելը Թուրքիայի տարածքում վտանգավոր է և խիստ սպառնալից. մենք՝ որպես պետություն, ձեզ խորհուրդ ենք տալիս դուրս գալ այդտեղից: Կա՛մ վերադարձեք, կա՛մ գնացեք ուրիշ երկիր: Մի՛ մնացեք այդ երկրում: Այդպես են վարվում բոլոր երկրները. իրենց արտգործնախարարությունները պարբերաբար հայտարարություններ են տարածում իրենց քաղաքացներին, որ մի մնացեք այն երկրներում, որտեղ վտանգ է լինում»,- ասաց քաղաքագետը:

Հայկական փորձագիտական շրջանակներում հնչող այն դիտարկումը, ըստ որի, Ղամիշլին վտանգավոր չէ, Այվազյանն անհիմն համարեց՝ նշելով, որ այդ հատվածն առավելագույնս վտանգավոր է: Թե ինչ և ինչպես կարող է սպառնալ Ղամիշլիի հայերին, ինչպես նաև քաղաքագետի այլ կարևոր դիտարկումներ՝ տեսանյութում.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica