close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.98
EUR1529.50
RUB17.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչո՞ւ պետք է ազատ արձակվի Վանո Սիրադեղյանի բանդայի անդամը. մի՞թե պատմության հիշողությունն այդքան կարճ է

Իրավունք

10 Հոկտեմբերի 2019, 18:34
 Ինչո՞ւ պետք է ազատ արձակվի Վանո Սիրադեղյանի բանդայի անդամը. մի՞թե պատմության հիշողությունն այդքան կարճ է

ՀՀՇ-ական վերնախավի՝ ՀՀ իշխանական շրջանակներ ներթափանցելուն զուգահեռ, կարծես, նկատելի են դառնում նաև 1990-ական թթ. քաղաքական հողի վրա կատարված և ժամանակի իշխանությունների կողմից ուղղորդված ծանր հանցագործությունների մեղավորներին արդարացնելու տենդենցները:  

Օրերս Երևանի ընդհանուր իրավասության դատարանից ծանուցագրեր են ստացել Վանո Սիրադեղյանի ստեղծած բանդայի գործով տուժողներ Հարություն Սուքիասյանը և Մերուժան Աբրահամյանը, որոնք տեղեկացվել են, որ դատարանի վարույթում է գտնվում «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալ Ալիկ Գրիգորյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը քննարկելու վերաբերյալ միջնորդությունը, որի քննությունը նշանակվել է 2019 թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում:

Հիշեցնենք, որ այն ժամանակ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի կողմից ստեղծված և ուղղորդվող բանդայի ղեկավարը ներկայումս ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանն է, իսկ Ալիկ Գրիգորյանը՝ վերոնշյալ բանդայի անդամ-դահիճը, որն անձամբ իրականացրել է բոլոր քաղաքական սպանությունները և սպանության փորձերը:

Նրանց կողմից քաղաքական հողի վրա իրականացված ծանրագույն հանցագործությունների թվում է նաև 1992 թ. սեպտեմբերի 18-ին Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ, ՀՅԴ անդամ Հովհաննես Սուքիասյանի ու նրա քրոջ որդու՝ վարորդ Վարուժան Աբրահամյանի սպանությունը:

Հանցագործներին վաղաժամկետ ազատ արձակելու լուրը ցնցել է զոհերի հարազատներին, նրանք պատրաստվում են իրականացնել բողոքի զանգվածային գործողություններ և անել հնարավոր ամեն ինչ՝ կանխելու համար մարդասպանների ազատ արձակումը: Yerkir.am-ին ուշագրավ մանրամասներ  է հաղորդել սպանված գործչի որդին՝ Թադևոս Սուքիասյանը, որը հոր սպանության ժամանակ եղել է 11 տարեկան:

«Հանցախումբը ստեղծվել, նրա գործունեությունը ուղղորդվել է նորանկախ Հայաստանի ղեկավարների կողմից, որոնք էլ տվել են հանձնարարականներ, զենք ու զինամթերք, ՆԳ նախարարության վկայականներ ու արտոնյալ պայմաններ: ՀՀՇ քաղաքական ղեկավարությունը երկրի ու ժողովրդի հարստությունը թալանելու, իրենց հանցավոր որուշումներին համաձայն չլինելու և հակադրվելու համար մահավճիռ էր կայացրել հորս՝ Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի, Երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանի, ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանի նկատմամբ, որոնք հետո սպանվեցին, տուժեցին նաև այլ անձինք: Այդ քաղաքական սպանություններն իրագործում էին Արմեն Տեր-Սահակյանն ու նրա գլխավորած հանցախումբը, որի շարքերում էր նաև տխրահռչակ Ալիկ Գրիգորյանը, որի հարցը շուտով քննվելու է դատարանում»,- նշեց Թադևոս Սուքիասյանը:

Նա հոր նկատմամբ իրականացված գործողությանը նայում է լայն սպեկտրով: «Բոլորին է հայտնի, որ ծանրագույն պատիժ է սահմանված բանդիտիզմի նկատմամբ, որն ունի բացառիկ դիսպոզիցիա, այն է՝ խումբը ստեղծվում է քայքայելու պետության տնտեսությունը՝ լրջագույնս հարվածելով նաև երկրին արտաքին դաշտում: Ընդ որում՝ խումբը ձևավորելու և հանցախմբի անդամներին հանձնարարականեր տալու պահից, անկախ նրանից որևէ հանցանք տեղի ունեցել է, թե՝ ոչ, արդեն իսկ դիտվում է հանցագործությունը կատարված և ավարտված: Մինչդեռ դատավարության ընթացքում անհերքելիորեն ապացուցվել է, որ Արմեն Տեր-Սահակյանի ղեկավարած բանդան, բազմաթիվ քաղաքական սպանություններից բացի, կատարել է ՀՀ քրեական օրենսգրքով պատժելի այլ հանցանքներ ևս՝ ավազակային հարձակումներ, գողություն, մարդկանց առևանգումներ՝ խոշտանգումներով և նվաստացումներով զուգորդված, մեքենաների և այլ ունեցվածքի հափշտակություններ, իհարկե, այս բոլորը՝ Վանո Սիրադեղյանի անմիջական ղեկավարությամբ և հովանավորչությամբ: Մի հանցագործ պաշտոնյա, որը բանդայի կողմից ձեռք բերված և ժողովրդից հանցավոր ճանապարհով թալանված ավարի մի փոքր մասը բաշխում էր խմբի անդամներին, իսկ առյուծի բաժինը օգտագործում իր անձնական հաճույքների համար, և 1990-ականների սկզբներին ՀՀ-ում մոլեգնող պատերազմի, համատարած աղքատության, կենցաղային տարրական պայմանների բացակայության պայմաններում սա ոչ այլ ինչ էր, եթե ոչ՝ ազգային դավաճանություն», - փաստում է մեր զրուցակիցը:

Սիրադեղյանի կողմից ղեկավարվող բանդան չի հանդուրժել որևէ մեկի ֆիզիկական գոյությունը երկրում, ով կհամարձակվեր այս կամ այն կերպ ընդդիմանալ կամ չկատարել հանցագործ ռեժիմի քմահաճույքները: Այսպես՝ ՀՀՇ-ի վերնախավի կողմից Երկաթգծի վարչության պետ Հ. Ղանդիլյանի՝ քաղաքական հողի վրա իրականացված սպանությունը կազմակերպվել և Տեր-Սահակյանի բանդայի միջոցով իրականացվել է 1993 թ. մայիս ամսին՝ այն պատճառով, որ Ղանդիլյանը մի քանի անգամ հրաժարվել է ստորագրել մի փաստաթղթի տակ,  քանի որ հացահատիկով, մազութով և կենսական նշանակության այլ իրերով բեռնված գնացքի շարժակազմերը թալանված են մտել Հայաստան: Իրականում, այդ կենսական նշանակության բեռները, Վանո Սիրադեղյանի անմիջական նախաձեռնությամբ,  վաճառվում էին Վրաստանում, և հանցավոր ճանապարհով գոյացած գումարները Վանոն ծախսում էր իր անձնական հաճույքների համար: Թերևս ամենահայտնին և հասարակության մեջ լայնորեն քննադատվածը մեքսիկուհի, «Պարզապես Մարիա»  ֆիլմի դերասանուհի Վիկտորյա Ռուֆոյի հետ հաճելի ժամանակ անցկացնելու նպատակով  նրան ՀՀ բերելու և դերասանուհու վրա հարյուրհազարվոր դոլարներ ծախսելու փաստն է, որը ևս կարելի է դասել պետական դավաճանությունների շարքը:

Անդրադառնալով հոր՝ Հովհաննես Սուքիասյանի ճակատագրին՝ մեր զրուցակիցը նշում է. «Նրա նկատմամբ մահավճիռ են կայացրել այն բանից հետո, երբ մի քանի անգամ կանչել են կառավարություն և պահանջել նրա հրաժարականը, քանի որ նա, լինելով դաշնակցական, Աշտարակի շրջանում իր պաշտոնավարման տարիներին ձախողել է ՀՀՇ-ական վերնախավի «ծրագրերը», մասնավորապես՝ տնտեսության թալանը, հանրային սեփականության յուրացումը, տեղական և հանրապետական «ընտրություններն» է տապալել և այլն: Այս ամենի հետ մեկտեղ Վանո Սիրադեղյանը, հանրապետությունում առկա բազմահազար գաղթականության, նրանց կացարանով ապահովելու և բազմաթիվ այլ խնդիրների պայմաններում, հորիցս պահանջում էր, որ Աշտարակ քաղաքում բնակարան տրամադրի իր սիրուհուն: Ստացել է հորս կտրուկ և բացասական պատասխանը՝ չի պատրաստվում հրաժարական տալ ժողովրդի համար այս օրհասական պահին, քանի որ իր անձնական միջոցների հաշվին Բյուրական գյուղի հանգստյան տներում պահում էր Արցախյան պատերազմում որբացած մոտ 400 երեխաների: Հայրս այդ գործում ներգրավել էր նաև հարակից շրջանների գործադիր կոմիտեներին՝ օգնելով բազմաթիվ փախստականների: Նա, միևնույն ժամանակ, վառելիք ու պարեն էր հասցնում առաջնագծում կռվող ազատամարտիկներին: Քաղաքական հարթությունում մերժվելուց հետո Վանո Սիրադեղյանը գործի է դնում իր կողմից կազմավորված և Տեր-Սահակյանի կողմից ղեկավարվող բանդան, որոնց միջոցով 1992 թ. սեպտեմբերի 18-ին, օգտագործելով Բյուրականում գտնող որբերի՝ հորս  տեսնելու ցանկությունը, նրան կանչում են Բյուրական և ճանապարհին ծառայողական «ԳԱԶ 2410» ավտոմեքենային հետապնդող 2106 մակնիշի մեքենայի սրահից «Կալաշնիկով» տիպի ինքնաձիգներով (դրանք Վ. Սիրադեղյանը Տեր-Սահակյանի միջոցով փոխանցել էր բանդայի կատարող անդամներին), կրակում և սպանում են հորս և նրա ծառայողական ավտոմեքենայի վարորդ Վ. Աբրահամյանին, որը հորաքրոջս որդին էր»:

Տուժողի որդին տարիների ընթացքում հավաքել նշյալ բանդայի գրեթե ամբողջ ոդիսականը, և այժմ նորովի հանրայնացնում է դրանք: «Բացի վերը նշված Արմեն Տեր-Սահակյան կոչեցյալի ղեկավարած բանդային պատվերներ տալուց, հովանավորելուց և աջակցելուց, Վանոն մեղադրվում է հայկական միջազգային ասամբլեայի պրեզիդենտ Սերժ Ջիլավյանի դեմ կազմակերպված մահափորձի մեջ, որի ձախողումը նա վերագրել է կատարող անձանց, որոնք կարճ ժամանակ անց դարձան Վանոյի վրեժխնդրության զոհերը. նա իր տեղակալ Վահան Հարությունյանի միջոցով արագորեն կազմակերպեց և իրականացրեց նրանց սպանությունը: Վերոնշյալ փաստերը ապացուցվել են ինչպես նախաքննության փուլում, այնպես էլ դատավարությունների ընթացքում՝ գործով ձեռք բերված ապացույցներով՝ ինչպես բանդայի անդամների, այնպես էլ վկաների ցուցմունքների միջոցով: Այս ամենից ելնելով՝ ցմահ բանտարկությունը բանդայի և նրա ղեկավար Արմեն Տեր-Սահակյանի, բանդայի անդամ Ալիկ Գրիգորյանի հանցագործությունների համար իրավաչափ դատավճիռ է, սակայն նրանց հարազատներն անամոթաբար բարբաջում են ամենուր, թե նրանք անմեղ են, նրանց դատապարտել են իբր Վանոյի դեմ ցուցմունք չտալու համար, թե իբր նրանք պատիժը կրելու ընթացքում «ուղղվել են», «բարեգործություններ» են արել, և կալանավայրի ղեկավարությունն էլ խրախուսանքի է արժանացրել՝ դրական բնութագիր տալով այդ անուղղելի հանցագործներին», - նշում է մեր զրուցակիցը:

Թադևոս Սուքիասյանը վստահեցնում է՝ բոլորիս է հայտնի, թե այդ կարգի բնութագրերն ինչպես են տրվում. «Ինչպե՞ս կարող են «ուղղվել» բանդայի անդամները, որոնք քրեական դատավարության ոչ մի փուլում իրենց հանցանքները չեն ընդունել, չեն զղջացել, անմեղ ձևանալով՝ կրում են իրենց պատիժը՝ դեռ ճաղերի հետևից էլ հոխորտալով սպառնում, թե դուրս գալուց հետո շարունակելու են իրենց կիսատ մնացած գործերը և պատուհասելու են տուժողներին»:

Դաշնակցական հայտնի գործչի որդին, կրկին անդրադառնալով ՀՀՇ-ական վարչակարգի մղձավանջային տարիներին, պատմում է. «ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանի քաղաքական սպանության հանձնարարականը բանդան տապալում է: Դատավարության ընթացքում ճիվաղը, հասկանալով, որ իր և բանդայի որոշ անդամների մահապատիժն անխուսափելի է (1999 թ. ՀՀ ՔՕ-ով առանձնապես ծանր հանցագործությունների համար նախատեսված էր մահապատիժ), փորձելով հոգեկան հիվանդ ձևանալ, հայտարարում էր՝ բերեք Բերիային»:

Հիշեցնենք՝ 2019 թ. սկզբներին Արմեն Տեր-Սահակյանը դիմել էր դատարան՝ իր պատիժը վաղաժամկետ դադարեցնելու հայցով, ինչի առթիվ տուժողների իրավահաջորդները նամակով դիմել էին (դիմումի լուսապատճենը՝ կից նյութերում) ՀՀ մի շարք պաշտոնատար անձանց և պահանջել, որպեսզի մարդասպաններին ազատ չարձակեն:

Թադևոս Սուքիասյանը փաստում է. «Արմեն Տեր-Սահակյան հանցագործը փորձում է գործից անտեղյակ մարդկանց հրամցնել, թե ինքն իբր քաղբանտարկյալ է, երևի, քաղաքականություն ասելով, ստահակը նկատի ունի իր ղեկավարած բանդայի կազմակերպած և իրականացրած մի շարք քաղաքական սպանությունները, ավազակային հարձակումները և թալանը: Ընդ որում՝ նա իր ելույթներում ոչ մի անգամ չի նշում վերնոնշյալ քաղաքական սպանությունների մասին և խոսում է միայն բանդան ղեկավարելու և դրա կողմից իրականացված մանր-մունր հանցագործությունների մասին: Նա, փորձելով ապացուցել իր տգիտությունը, հայտնում է, թե բանդայի գործով իրեն հասանելի պատիժը 10 տարի է, իբր թե իր, այսպես ասած, իրավական փայլուն գիտելիքներով արդարացրել է իրեն և իր կատարածը, հիմա էլ գովաբանում ու արդարացնում է հասարակության համար հանրային վտանգ ներկայացնող իր անմիջական ղեկավար Վ. Սիրադեղյանին՝ ասելով, որ նա կարգին մարդ է, պետության համար լավ գործեր  է արել: Վանոյի կատարած «լավ գործերի մասին» արդեն խոսեցինք: Բայց, փառք Աստծո, դատարանը մերժեց նրա վաղաժամկետ ազատումը:

Հիմա էլ դատարանը լսելու է մեկ այլ հանցագործ՝ բանդայի կարկառուն անդամ Ալիկ Գրիգորյանի վաղաժամկետ ազատման գործը»:

Թադևոս Սուքիասյանը վստահ է՝ ազատության մեջ հայտնվելով, նրանք անդառնալի վնաս կհասցնեն մեր հասարակությանը, և պետք է անել հնարավորը՝ կանխելու դա:

Թե ինչպիսի ռեժիմի մասին է խոսքը, և նույն վարչախմբի համար որքան կարևոր է եղել իրենց քաղաքական ու գաղափարական հակառակորդ Հովհաննես Սուքիասյանի ֆիզիկական ոչնչացումը,  մեր զրուցակիցը հիշեցնում է Վանո Սիրադեղյանի տեղակալ, ներքին զորքերի հրամանատար Վահան Հարությունյանի՝ դատարանում ասված խոսքը, ըստ որի՝ եթե լիարժեքորեն բացահայտվի Հովհաննես Սուքիասյանի սպանության գործի հետ կապված բոլոր շահագրգիռ անձանց ցուցակը, ապա Վանոն այդ ցուցակում պարզապես կդիտվի որպես հրեշտակ:

Թեև իշխող ռեժիմի մամուլը ժամանակին համառորեն լռել է և չի արտացոլել իրերի իրական պատկերը, այդուհանդերձ, Թադևոս Սուքիասյանի մոտ խնամքով պահվում են Սփյուռքում և Աշտարակի շրջանում լույս տեսած թերթերի որոշ հրապարակումներ, որոնցում ներկայացվում են հոր սպանության իրական-քաղաքական դրդապատճառներն ու իշխող ռեժիմի դավադրության զոհ դարձած Հովհաննես Սուքիասյանի մարդկային վեհ նկարագիրը:

Վահե Սարգսյան

Լավրովը ժամանել է Վաշինգտոն
10 Դեկտեմբերի 2019, 12:23 Լավրովը ժամանել է Վաշինգտոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica