close
Եղանակը Երևանում
24 Հոկտեմբերի 2019
+7°
+18°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հոկ 2019
USD1475.99
GBP1611.79
EUR1528.92
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ ցեղանենգ շէյթանների «բարոյականը», «մտածումը» եւ «գործը» (մաս 8)

Քաղաքական

10 Հոկտեմբերի 2019, 16:53
 Հայ ցեղանենգ շէյթանների «բարոյականը», «մտածումը» եւ «գործը» (մաս 8)

Չարախնդում է հակադաշնակցական տիպը, բայց երբեք՝ տառապում, որ ցնցւեց ցեղապաշտ հայի երազը, որ թուրքին մնաց ամբողջ Տաճկա-Հայաստանը, Կարսը, Արարատեան դաշտի կարևոր մէկ մասը (Սուրմալուի գաւառ), հայոց նուիրական լեռը, Բագրատունիների փառահեղ մայրաքաղաքի (Անի) պաշտելի աւերակները, որ երկրի սրտում բոյն դրեց Ադրբէյջանը՝ ստանալով Նախիջևան-Շարուրը, որ նոյն Ադրբէյջանը տէր դարձաւ հիւսիսային Հայաստանի բնական ամրոցը կազմող Ղարաբաղին և լեռնային Գանձակին, որ Վրաստանին մնացին Ջաւախքն ու հայկական Բորչալուն, որ Միացեալ և Անկախ Հայաստանի փոխարէն՝ Անդրկովկասի մի անկիւնում կծկւեց Խորհրդային Հայաստան անունով ռուսական խղճալի մի նահանգ՝ 28 000 ք. քիլոմեթր տարածութեամբ և  800 000 բնակչութեամբ (հիմա՝ 1 միլիոն, որից հազիւ 900 000-ը հայ): Չարախնդում է հակադաշնակցական սինլքորը, որ Երևանում «չտեսնուած շինարարութիւն» կայ, բայց մէկ-երկու հազար ներգաղթողների համար բնակարան չկայ, որ Հայաստանը կողոպտող ռուսը «կը լրացնէ» երկրի բիւջեն, որ Անդրկովկասեան խորհրդային «եղբայրական» դաշնակցութեան անդամներից Վրաստանն ու Ադրբէյջանը սեփականել են Թիֆլիսի և Բաքուի հայկական անբաւ միլիոնների սեփականութիւնը, որ նրանք խորհրդային բիւջեից օգտւում են 4-5 անգամ աւելի՛, ասել է՝ իւրաքանչիւր տարի առաջ են գնում 4-5 քայլով, իսկ Խ. Հայաստանն անում է կիսակապ մի քայլ միայն:

Չարախնդում է հակադաշնակցական հրէշը, որ բոլշևիկները լայնածաւալ ներգաղթ կազմակերպելու փոխարէն շանտաժում են մէկ քանի հազար «ընտրեալների» թշւառութիւնը, որ Խ. Հայաստանն «առաջ է գնում», «ժողովուրդն աճում է և բազմանում», բայց ազգի 2/3-ը նրանից դուրս է մնում, որ «աճողների» և ներգաղթողների համեմատութեամբ՝ 2 անգամ աւելի մարդիկ հեռանում են երկրից՝ արտագաղթելով կամ փախչելով, որ «խաղաղութիւն» կայ և «ստեղծագործ աշխատանք», բայց տասնեակ հազարներով՝ բանտարկեալներ և աքսորականներ:

Ցեղանենգ շէյթա՛ն. մեր ցեղայնութեան սիւների ճարճատումը նրան թւում է յաղթանակի աւետիս, մեր երկրի յօշոտումը՝ վերածնութիւն, չեկայի հազարաւոր զոհերի հռնդիւնը՝ խաղաղութիւն, մի քանի հազար մարդոց տեղափոխութիւնը՝ ներգաղթ, միլիոնների թափառանքը և տասնեակ հազարների արտագաղթը երկրից՝ ոչինչ կամ աննշան մի երևոյթ:

Բուրգազում մի մունետիկ՝ ոմն Ամիրա, մի օր փչում էր. «Նաւը պիտի գար երէկ, բայց վաղը ընտրութիւն ըլլալուն՝ պիտի գայ 3 օր վերջ. ընտրութեան մասնակցելէ յետոյ 4000 հոգիով ճամբայ պիտի ելլենք»: Այս մունետիկը սքանչելի կերպով բանաձևել էր արտասահմանի հակադաշնակցականների՝ ներգաղթի քաղաքականութեան իմաստը.  «Ներգաղթի նշանախօսքով՝ զանգուածների տրամադրութիւններն օգտագործել ՝գրաւելու համար հոգաբարձու-թաղականական աթոռները»:

Նոյն Բուրգազում՝ մէկ ուրիշ ներգաղթականի՝ ոմն Երուանդի, մականուանեալը «քիւրտ», հետ խօսելիս մեր մի ընկեր ասել է.

-Երկիր հասնելով՝ դաշնակցական պիտի դառնաք:

Ներգաղթականը պատասխանել է.

- Ընդհակառակը՝ մենք կերթանք Դաշնակցութեան քէօքը կտրելու:

Այս հայրենակիցն էլ խտացնում է բոլշևիկների ներգաղթի քաղաքականութեան իմաստը. «Ներգաղթի նշանաբանով՝ արտասահմանում վարկաբեկել և տկարացնել Դաշնակցութիւնը, իսկ երկրի ժողովրդի դաշնակ հոգեբանութեան դէմ արևմտահայ հակադաշնակցական ներգաղթողները դարձնել արգելիչ թումբ»:

Ամիսներ յետոյ նաւն եկել և տարել է թէ՛ մունետիկին, թէ՛ «քէօքը» կտրողին:

Հայաստան հասնելուց յետոյ մունետիկը աղետւոմ է. մատնւում զրկանքների և կէս-հիւանդ, կէս-խելագար վիճակում, մահուան անկողնում, անվերջ զառանցում է՝ «օգնութի՜ւն, օգնութի՜ւն»: Մեռե՞լ է, թէ՞ տակաւին տառապում է՝ չգիտեմ: «Քէօք» կտրողը մեղադրւել է մէկ քիլոգրամ ալիւր գողանալու յանցանքով և … գնդակահարւել է:

Զարհուրելի, բայց մութ պատմութիւն:

Պատահական արկա՞ծ, սովորական հիւանդութի՞ւն, խելագարութի՞ւն, «մէկ քիլոգրամ ալիւրի» գռեհկատենչ գողութի՞ւն, թէ՞ խորին հիասթափութիւն, խղճմտանքի փոթորկում, զղջում-սթափումի հոգևոր տագնապ, ընդվզումի ներքին փորձ, վերափրկւելու անզօր ճիգ, խեղդուած բողոք:

Յամենայն դէպս, զարհուրելի պատմութիւն. խաղաղութի՜ւն ձեզ, խեղճ մարդիկ, թողութի՜ւն ձեզ խաբուած, յիմարօրէն մոլորուած, բայց ճակատագրով անբախտ հայրենակիցներ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica