close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.98
EUR1529.50
RUB17.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մերձավոր Արևելքում լարվածությունն ավելի է խորանում. ի՞նչ է կատարվում Իրաքում

Տարածաշրջան

9 Հոկտեմբերի 2019, 17:12
 Մերձավոր Արևելքում լարվածությունն ավելի է խորանում. ի՞նչ է կատարվում Իրաքում

Վերջին 10 օրերին ամբողջ աշխարհի ուշադրությունը դարձյալ սևեռվել է Մերձավոր Արևելքին, որը չի դադարում կրել աշխարհի ամենաթեժ կետի համբավը: Օրեր առաջ ԱՄՆ-ի՝ Սիրիայի հյուսիսից զորքերը դուրս բերելու մասին հայտարարությունը, որով կանաչ լույս վառվեց սիրիացի քրդերի դեմ Թուրքիայի պայքարի համար, գուժեց, որ 8 տարուց ավելի տևող սիրիական ճգնաժամը հեռու է կարգավորումից: Թուրքիան արդեն նախապատրաստվում է ռազմական Barış pınarı («Խաղաղության ակունք») գործողությանը, որի նպատակն առաջին հերթին սիրիացի քրդերի դեմ պայքարն ու Սիրիայի հյուսիսում 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծելն է, որտեղ պետք է վերաբնակեցվեն Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականները: Սակայն Սիրիան այս օրերին չդարձավ տարածաշրջանի միակ թեժ կետը:

Հոկտեմբերի 1-ից Իրաքում, հիմնականում երիտասարդների մասնակցությամբ, սկսվել են լայնածավալ հակակառավարական ցույցեր: Ցուցարարները պահանջում են երկրի վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդիի հրաժարականը, որն ընդամենը մեկ տարի է պաշտոնավարում: Պատճառները բազմազան են. պատերազմի ժամանակ ծնված երիտասարդությունը դժգոհում է գործազրկության (հատկապես՝ երիտասարդության շրջանում), ապագայի տեսլականի բացակայության, ջրի և էլեկտրաէներգիայի սակավության և ահռելի չափերի հասնող կոռուպցիայի դեմ: Ցույցերի հետևանքով արդեն մահացել է 100-ից ավելի մարդ, վիրավորվել՝ 6000-ից ավելի: Կառավարությունը խոստացել է սոցիալական բարեփոխումներ, իսկ զոհերի պատասխանատվությունը գցում է «անհայտ դիպուկահարների վրա»:

Ցույցերը սկսվել էին Բաղդադից, այնուհետև տարածվել երկրով մեկ: Առաջին իսկ օրերից բախումներ տեղի ունեցան ցուցարարների և անվտանգության ուժերի ու բանակի միջև: Ըստ երկրի ՆԳՆ-ի՝  ցուցարարներն այրել են մոտ 50 շենք: Սոցցանցերով ցույցերի կոչեր էին արվում: Հոկտեմբերի 3-ին երկրում մտցվեց պարետային ժամ: Անջատվեց ինտերնետը: Խիստ սահմանափակվեց բնակչության տեղաշարժը: Հաջորդ օրը France-Presse և Al Jazeera լրատվամիջոցների թղթակիցները ահազանգեցին, որ կառավարական ուժերը կրակ են բացել ցուցարարների վրա. սկսեց արագորեն աճել զոհերի թիվը: Վարչապետն ուղիղ եթերով հայտարարեց, որ համաձայն է ցուցարարների պահանջներին և պատրաստ է հանդիպման: Ելույթի ժամանակ ինտերնետը վերականգնվեց, սակայն հաջորդ օրը բախումները շարունակվեցին: Նշվում է, որ ցույցերի հետևում ոչ մի քաղաքական ուժ կանգնած չէ:

Չնայած հանգամանքին, որ Իրաքը նավթի պաշարներով աշխարհում 4-րդն է, այնուհանդերձ, 40 միլիոն բնակչություն ունեցող երկրում 22.5 տոկոսն ապրում է օրական միջինը 2 դոլարով: Սադամ Հուսեյնի իշխանության տապալումից ի վեր Իրաքն այդպես էլ ոտքի չկարողացավ կանգնել: Դրան գումարած՝ 2014 թ. ԻՊ-ը նվաճել էր երկրի արևմտյան շրջանների մեծ մասն ու հյուսիսը: Համաշխարհային բանկի տվյալներով՝ երկրի վերականգնման համար անհրաժեշտ է 88 մլրդ դոլար:

Եթե կառավարությանը չհաջողվի հանդարտեցնել իրավիճակը, ապա այն կարող է ավելի խորանալ, քանի որ հոկտեմբերի 19-ին շիա մուսուլմանները ուխտագնացություն են կազմակերպում դեպի Քարբալա՝ Մուհամմադ մարգարեի թոռ Հուսեյնի մահվան կապակցությամբ (Արբային): Իրանից, որը շիադավան առաջատար երկիր է, նախատեսվում է միլիոնավոր ուխտավորների հոսք դեպի Իրաք: Իրանի ղեկավարությունը օրեր առաջ փակել էր «Չազաբե» և «Խոսրավի» սահմանային անցակետերը, որպեսզի կանխարգելի իրանցի ուխտավորների այցը հարևան Իրաք՝ մինչև երկրում իրավիճակը կարգավորվի: Հոկտեմբերի 7-ին «Խոսրավի» անցակետն արդեն բացվել է:

Անշուշտ, Իրաքի համար նաև բարդ իրավիճակ է ստեղծվում, քանի որ երկիրը հայտնվել է Իրան-ԱՄՆ լարվածության կիզակետում: Իրաքը երկու երկրների դաշնակիցն է. այնտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, ինչպես նաև զինված խմբավորումներ, որոնք կապված են Իրանի հետ:

Արգամ Եղիազարյան

Լավրովը ժամանել է Վաշինգտոն
10 Դեկտեմբերի 2019, 12:23 Լավրովը ժամանել է Վաշինգտոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica