ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկական հարցը սթափեցրեց ինձ. Ֆիքրադ ալ Բաղդադի
Քաղաքական

Իրաքի Սահմանադրությունը պաշտպանում է մտավորականների իրավունքները, մենք Արցախ չենք գնում՝ կռվելու. Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրույցում ասաց իրաքցի գրող, լրագրող Ֆիքրադ ալ Բաղդադին, որը Իրաքից ժամանած պատվիրակության կազմում մեկնում է Արցախ՝ մասնակցելու «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով՝ Արցախի բարեկամների համաժողովին:
- Դուք գիրք եք գրել Հայոց ցեղասպանության մասին. ինչո՞ւ որոշեցիք անդրադառնալ այդ թեմային:
- Իրականում, այդ քայլը մեծ և հավակնոտ փորձ է՝ բացահայտելու արդարությունը և հաստատելու հայ ժողովրդի իրավունքները: Գրքի գաղափարը ծնվեց 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով, երբ ուսումնասիրում էի Առաջին համաշխարհային պատերազմը, որն անկյունաքարային դարձավ կայսրությունների ճակատագրում: Հայկական հարցը սթափեցրեց ինձ՝ մեկ ու կես միլիոն հայի նահատակությունը, այն մարդկանց, որոնք Օսմանյան կայսրության 7 նահանգներում էին ապրում՝ Վան, Էրզրում և այլն: Այդ հողերը հայկական են, և գիրքս գրեցի մի կարևոր շրջանում, երբ Միջին Արևելքը վտանգավոր իրավիճակում էր:
Հայերն Իրաքում ունեն իրենց մեծ ներդրումը, իրաքահայերը հարգված, արժևորված են և կարևոր տարր են Իրաք պետության կազմավորման գործընթացում: Հարկ է հիշել, որ իրաքահայերի շրջանում կան շատ քաղաքական, դիվանագիտական գործիչներ, և այդ մարդկանց առկայությունը քաջալերեց ինձ, որպեսզի գրեմ Հայոց ցեղասպանության մասին:
Հայ ժողովուրդն այն ժողովուրդներից է, որոնք միջազգային խաղերի պատճառով մեծաթիվ նահատակներ են ունեցել: Հիշեցնեմ, որ 2003 թ.-ին, երբ ԱՄՆ-ը ներխուժեց Իրաք, մեր ամեն օրը դարձավ ցեղասպանություն: Այդ պատճառով էլ մենք մեր մաշկի վրա զգացինք հայ ժողովրդի տառապանքները: Իմ գիրքը կոչ է համայն աշխարհին ՝ ո՛չ ցեղասպանություններին, ո՛չ մարդասպանություններին և ո՛չ ժողովուրդների ճակատագրով առևտուրին:
Դուք հայ ժողովրդի ճակատագիրը վաճառեցիք, բայց հայ ժողովուրդը փյունիկի պես է և, հակառակ բոլոր տառապանքներին, կրկին հառնեց, վերադարձրեց իր փառքը և ստեղծեց պետություն: Հակառակ համայն աշխարհով սփռված լինելուն՝ հայ ժողովուրդը ստեղծագործ է և սիրում է կյանքը, և եթե նույնիսկ մի հայ մնա աշխարհում, նա կլինի հանճարեղ և կվերադարձնի հայ ժողովրդի պատմության ու մշակույթի փառքը:
- Դուք գնալու եք Արցախ՝ Դաշնակցության կազմակերպած «Պրո Արցախ» համաժողովին մասնակցելու: Գիտենք, որ Ադրբեջանը չի ողջունում օտարերկրացիների այցերը Արցախ: Մտավախություն չունե՞ք, որ մուսուլման աշխարհում կարող են դատապարտել ձեր քայլը:
- Մենք գրողներ ենք, և Իրաքի Սահմանադրությունը պաշտպանում է մտավորականների իրավունքները, մենք Արցախ չենք գնում՝ կռվելու, այլ՝ հակառակը: Մենք գրողներ ենք. Կովկասյան շրջանը և Միջին Արևելքը վտանգավոր գոտիներ են, մենք գնում ենք Արցախ՝ տեսնելու, ուսումնասիրելու Արցախը և, կարծում եմ, Արցախի մասին գիրք գրելու:
Արցախը կամ Լեռնային Ղարաբաղը հայ ժողովրդի բնակավայրն է եղել դարեր ի վեր: Հայկական եկեղեցիների և խաչքարերի առկայությունը փաստում է, որ Արցախը հայկական է՝ ամենայն հարգանքով Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ: Ես ազատ գրող եմ, և իմ իրավունքն է՝ արտացոլել իմ մտածելակերպը և քաղաքական դիրքորոշումը, ես չեմ հետևում արտաքին ծառայությունների, որ ինձ պարտադրեն գրել իրենց տեսակետը: Այս հարցն իրավունքի հարց է՝ այո՛, կա հակամարտություն Արցախում, այդ պատճառով էլ ուզում եմ գնալ Արցախ, ուսումնասիրել, տեսնել, որպեսզի իմ ստեղծագործությունների միջոցով շեշտադրումներ անեմ: Ես վստահ եմ, որ Արցախ այցելությունս պիտի արդյունավետ լինի, և մենք էլ պետք է հասկանանք իրականությունը: