close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2019
+21°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2019
USD1476.57
GBP1602.53
EUR1524.89
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈւԹ. Համեղ և մահացու վտանգավոր. փակ պահածոների փոխարեն մասնագետները խնդրում են սառեցնել կամ բաց թթու դնել

Հասարակություն

10 Հոկտեմբերի 2019, 10:53
 ՏԵՍԱՆՅՈւԹ. Համեղ և մահացու վտանգավոր. փակ պահածոների փոխարեն մասնագետները խնդրում են սառեցնել կամ բաց թթու դնել

«Միանշանակ անհրաժեշտ է հիշեցնել տնային տնտեսուհիներին՝ որևէ կերպ անհնար է երաշխավորել, որ Ձեր՝ տնային պայմաններում պատրաստած պահածոն մահացու վտանգավոր չի լինի», - Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցն՝ ավելացնելով նաև, որ բոտուլիզմի դեպքերը վերջին տարիներին շարունակաբար նվազում են՝ 2018թ. գրանցվել է 18 դեպք՝ 29 տուժածով, այս տարի ցուցանիշը՝ գրեթե կրկնակի նվազել է:

Հայկական ավանդական խորդանոցներում աշնան այս շրջանում լրանում և խտանում են պահածոյացված միրգ ու բանջարեղենի փակոցների դարակները: Պահածոների օգտագործումը սկսվում է թարմ բանջարեղենի սեզոնի ավարտից անմիջապես հետո, առավել ինտենսիվ դառնում՝ փետրվարից հետո: Հենց այդ շրջանում էլ՝ փետրվար-ապրիլ ամիսներին առավել հաճախակի են դառնում ինքնազգացողության վատացման մասին ահազանգերն ԱԻՆ ու շտապօգնության ծառայություն, որ մասնագետների կողմից որակվում են՝ սննդային թունավորում-բոտուլիզմ, երբեմն էլ ունենում մահվան ելք:

Մթերքների պահպանման այլ տեխնոլոգիաներն ընդունելի են. խնդրահարույց է հենց փակ տարան: «Բուտուլիզմի հարուցչի սպորներն աճում են անօդ՝ անաէրոբ տարածության մեջ՝ փակ պահածոներում: Արտաքուստ դրանք չեն փոխում մթերքի համն ու հոտը, գույնը, տեսքը: Այն, որ ասում են կափարիչն ուռել էր, այդ ավելորդ բոմբաժը ոչ մի կապ չունի բոտուլիզմի հետ: Բոտուլիզմն աննկատ է, և պիտի նշենք, որ թունավորման բոլոր դեպքերը եղել են տան պայմաններում պատրաստված պահածոներից, քանի որ բոտուլիզմի սպորը պատիճավորված կարող մնալ երկար տարիներ, այն նույնիսկ 100 աստիճանում մնում է կենսունակ, և վերանում է միայն 120 աստիճանում, որը տան պայմաններում ստանալն անհնար է»,- ասաց Նունե Բակունցը:

Yerkir.am-ի այն հարցին, թե արդյոք ԱԻՆ-ը, որ տարիներ շարունակ պարբերաբար գրանցում է նման դեպքեր՝ առաջողության կտրուկ վատացումներ թե անհատների, թե ամբողջ ընտանիքների, արդյո՞ք կանխարգելիչ միջոցառումների կարիք չի տեսնում, ԱԻՆ խոսնակ Էդմոն Զարգարյանն ասաց. «Կանխարգելիչ միջոցառումներ ունենք հրդեհների, երկրաշարժների հետ կապված, պահածոների մասով՝ չէ»:

Արտակարգ իրավիճակների նախարարությունն, ըստ նրա, արձագանքում է արդեն այն ժամանակ, երբ դեպք է գրանցված լինում. արդեն թունավորման փաստից հետո: «Մենք ապահովում ենք համապատասխան մարմինների ներկայությունը. այսինքն՝ եթե առողջական խնդիր է, կանչում ենք շտապօգնության մասնագետներին, իրենք տեղափոխում են բուժկենտրոն կամ ցույց են տալիս առաջին օգնություն: Մենք, սակայն, դեպքին որակում չենք տալիս: Որակում տվողը քննչական մարմիններն են: Բայց մյուս կողմից էլ չեմ պատկերացնում՝ մարդուն ի՞նչ մեղադրանք առաջադրել. եթե, ասենք, Դուք կերել եք Ձեր պատրաստած պահածոյից ու թունավորվել, ի՞նչ ասենք Ձեզ»,- նշեց ԱԻՆ խոսնակ Էդմոն Զարգարյանը:

Նունե Բակունցն իր հերթին նշում է՝ վիճակագրորեն առավել շատ դեպքեր են գրանցվում թթու վարունգի, կանաչիների թթուների, մարինադների և կարմիր պղպեղի պահածոներից: «Կոչ ենք անում չփակել, փոխարենը կիրառել սառեցման կամ չորացման տեխնիկաները, քանի որ դրանք են անվտանգ, բացի դրանից պահպանում են մթերքի օգտակար հատկությունները: Բաց թթու դրեք կամ չիր պատրաստեք », - ասաց նա:

Բոտուլիզմի ախտանիշները կարող են նկատվել թունավորումից 2-3 ժամ կամ նույնիսկ օրեր անց. «Գլխապտույտ, սրտխառնոց, տեսողության վատացում, երկտեսություն, կլման ակտի խախտում. սրանք բոտուլիզմի ախտանիշներն են, բայց նաև շատ նման են ինսուլտի: Երկու դեպքում էլ շտապ պետք է դիմել բժշկի: Դա է միակ երաշխիքը, որ վիճակն ավելի չի վատանա, բուժումն ավելի արդյունավետ կլինի»,- նշեց նա:

Տնային պայմաններում բանջարեղեն պահածոյացնելու վտանգավոր ավանդույթը, Բակունցի դիտարկմամբ, որևէ օրենքով չի կարող կարգավորվել: Պատասխանատու ոլորտի ներկայացուցիչը նշում է. «Սա վարքագծային գործոն է. մենք չենք կարող մարդուն արգելել իր տարածքում բան պատրաստել, ուտել և հյուրասիրել: Միակ ելքն այլընտրանքների հնարավորությունն է՝ պահեստավորել սառցարանում»:

Պահածոներ փակելով՝ վտանգում եք ձեր ընտանիքի անդամների, ձեր մտերիմների կյանքը: Այս մասին Yerkir.amի հետ զրույցում ասաց Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: Նա մասնագիտորեն բացատրեց, թե հիգիենիկ կանոնների պահպանումը, ժամերով եռացնելը, ստերիլիզացնելը տնային պայմաններում չեն կարող երաշխավորել, որ բոտուլիզմի հարուցիչը մահվան սպառնալիքով չի բազմանա փակոցներում: «Գնեք միայն գործարանային արտադրանք, քանի որ միայն գործարանային պայմանների բարձր ճնշմամբ է այդ հարուցիչը սատկում: Նույնիսկ այն կանայք, որ այդ մեծ գործարաններում են աշխատում, տեխնոլոգիական գաղտնիքները գիտեն, այնքան համեղ են պատրաստում, որ արտահանվում է աշխարհով մեկ, նրանք իրենց տանը պահածո չեն փակում, գնում են»,- ասաց նա:

Հետաքրքիր ու կարևոր մանրամասները, որոնցով կարելի է համոզել նույնիսկ փակոցների բազմամյա փորձով, և անկրկնելի «համով ձեռքով» հայտնի տատիկներին, դիտեք տեսանյութում.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica