ԱՄՆ կոնգրեսականները ժամանել են Արցախ
Արցախ

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Արցախ են ժամանել կոնգրեսականներ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի նախագահ Ջեքի Սփիերը և հանձնախմբի անդամ Ջուդի Չուն:
Ստեփանակերտի օդանավակայանում հյուրերին դիմավորել են ԱՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, ԱՀ ԱԳՆ փոխնախարար Արմինե Ալեքսանյանը և ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Մելքումյանը, ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի անդամներ Թերեզա Երեմյանը և Րաֆֆի Սարգիսյանը:
Aparaj.am-ի հաղորդմամբ՝ Արցախ ժամանած պատվիրակության կազմում էին նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Լիլիթ Մակունցը, Սոս Ավետիսյանը, ՀՀ ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանը և ՀՀ ԱԺ մասնագետ Վահան Ազարյանը:
Կոնգրեսականների այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ԱՀ նախագահի, ԱԺ նախագահի խմբակցությունների և հանձնաժողովների նախագահների ու ԱԳՆ նախարարի հետ: Ծրագրված է նաև այցելություն Halo Trust ականազերծող կազմակերպություն: