close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2019
+4°
+7°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2019
USD1476.95
GBP1614.03
EUR1527.60
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նոր Ջուղայում հանդիսավորությամբ նշվեց Հայաստանի Հանրապետության վերանկախացման 28-րդ տարեդարձը

Քաղաքական

5 Հոկտեմբերի 2019, 13:56
 Նոր Ջուղայում հանդիսավորությամբ նշվեց Հայաստանի Հանրապետության վերանկախացման 28-րդ տարեդարձը

Սպահանի հայոց թեմի թեմական խորհրդի նախաձեռնությամբ եւ պատկան հանձնախմբի կազմակերպությամբ` ուրբաթ՝ հոկտեմբերի 4-ի երեկոյան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միության սրահում բանախոսական-գեղարվեստական միջոցառմամբ նշվեց Հայաստանի Հանրապետության վերանկախացման 28-րդ տարեդարձը:

Ներկա էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քեչեջյանը, օրվա բանախոս` Հայաստանից ժամանած քաղաքական գործիչ, տնտեսագետ եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը, ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի հանձնախմբի եւ միությունների, համայնքի ներկայացուցիչներ. տեղեկացնում է ազգային առաջնորդարանի «Նոր Ջուղա» կայքը:

Տոնակատարությունը սկսվեց Իրանի Իսլ. ու Հայաստանի Հանրապետությունների օրհներգերի հոտնկայս ունկնդրությամբ եւ հանդիսավարուհի Մեղրի Ղուկասյանի ողջույնի խոսքով:

Այնուհետեւ ելույթով հանդես եկավ Արծվիկ Մինասյանը: Նա սկզբում դրվատանքով արտահայտվեց Նոր Ջուղայի մասին՝ որպես ամենացայտուն հայրենասիրական մղումներով արտահայտված եւ համահայկական նշանակության աշխատանքներում իր ներդրումն ունեցած համայնք:

Անցնելով բանախոսության բուն թեմային և նշելով, որ 1918 թվականին ձեռք բերված ՀՀ անկախությունը հիմք հանդիսացավ 1991-ին ՀՀ անկախության վերականգնման համար, Մինասյանն ասաց. «1991 թվականի անկախությանը հաջորդեցին հսկայածավալ ռազմական գործողություններ Արցախյան ճակատում՝ Հայ Դատի հերթական մի հանգրվանում, որտեղ դարձյալ մենք` որպես ժողովուրդ, ազգ եւ միասնականություն, հաստատեցինք, թե հայ ժողովուրդը, Հայաստանը եւ ամբողջ աշխարհը պետք է իմանա՝ Արցախը հայկական է եւ Արցախում ապրող ժողովուրդը հայ ժողովուրդն է»:

Անդրադառնալով 90-ական թվականների Հայաստանի ապազգային իշխանությանն ու պատկան գործողություններին, որոնք ավարտվեցին 1998 թվականի ընդվզումներով եւ ազգային ձգտում ունեցող ուժերի` իշխանության գլուխն անցնելով,  բանախոսը կարեւորեց այն փաստը, թե ինչպես դրանից հետո մեծաքանակ երկրներ սկսեցին ճանաչել հայության  Արդար Դատը:

Արծվիկ Մինասյանը, նշելով, որ այսօր ներքին պառակտումը, թշնամանքը, ատելությունը եւ մեր ներսում դավադիր ուժեր տեսնելու մոլուցքը եւ օտարի օրակարգով գործող իշխանականների առկայությունը սպառնում է մեզ, կարեւորությամբ ընդգծեց. «Օտարածին օրակարգը սպառնում է մեր ազգային եւ ավանդական արժեքներին, եկեղեցուն, ընտանիքին, մշակույթին ու լեզվին: Եթե մենք այսօր միասնաբար «ոչ» չասենք այս դրսեւորումներին, վաղը կանգնելու ենք փաստերի առջեւ: Եթե մենք այսօր չպահանջենք վերջ տալ Հայաստանի ներքին թշնամանքին ու ատելությանը եւ մեր արժեքների նկատմամբ ոտնձգություններին, կարող ենք կորցնել նաեւ այս պետականությունը»:

Բանախոսն իր խոսքի եզրափակիչ բաժնում նշեց, որ հարկավոր է` մեր ժողովուրդը եւս մի անգամ արթնանա ու Հայաստանի Հանրապետության քաղաքական պատասխանատուներից պահանջի ճիշտ մշակել ու ներգրավել մեր համազգային նպատակները, նաև շեշտեց, որ ՀՅԴ կուսակցությունը` որպես քաղաքական ուժ, լինելու է հայ ժողովրդի իղձերն արտահայտող, քանի որ նրա սնուցման աղբյուրն ազգն է եւ չի սնուցվում օտարից: Նա շեշտեց նաեւ, որ անկախ եւ միացյալ Հայաստանի կերտումը նշանակում է, որ այսօրվանից սկսած Հայաստանի եւ Սփյուռքի հայերը միասնականորեն պետք է հետամուտ լինեն հայ ժողովրդի նպատակներին ու ձգտումներին եւ տեր կանգնեն անկախությանը՝ իրենց երազանքների պետությունն ու հայրենիքը կերտելու համար:   

Այնուհետեւ ներկաներին իր հայրական պատգամն ուղղեց գերշ. Տ. Սիփան եպս. Քեչեջյանը: Թեմակալ առաջնորդը, շնորհավորելով առիթի կապակցությամբ եւ օրվա բանախոսական ելույթը ճշմարտության ակնոցով դիտված հաշվետվություն համարելով, Հայաստանի իշխանությունը նմանեցրեց ընտանիքի ծնողների, իսկ ժողովրդին՝ զավակների եւ ասաց, որ երբ ծնողներն ինքնագիտակցությամբ հաշվետվության առաջ կանգնեն ու վերահաստատեն սերը, հարգանքը, համերաշխությունն ու միասնականությունը, այդ տունը, այսինքն` հայրենիքը, զորեղ կլինի, սակայն երբ ծնողները արտաքին միջամտությամբ ու թելադրանքով կամ մենատիրությամբ որեւէ սխալ ընթացքի մեջ մտնեն եւ չկարողանան ընդունել երկրորդ կարծիք, այն ժամանակ այդ տունը դատապարտված է կորստի եւ քայքայման: Նա շեշտեց հատկապես, որ Սպահանի հայոց թեմը պարտականություն ունի զորավիգ կանգնելու  ազգին ու հայրենիքին՝ իր արդար ուղին վերագտնելու համար:  

Տոնախմբության գեղարվեստական մասը հագեցած էր ասմունքով, պարային համարներով եւ հայրենասիրական-ժողովրդական երգերի կատարումներով, որոնք իրականացվեցին Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միության մշակութային միավորի` «Կռունկ» համույթի կրտսեր պարախմբի, նույն համույթի ասմունքի խմբի անդամուհիներ՝ Լեռնիկ Ծատուրյանի ու Ալինա Տեր-Սուքիասյանի եւ Թեհրանից ժամանած մեներգիչ Արմեն Փիլոսյանի միջոցով: Երգերի նվագակցությունը կատարեցին մեներգիչը, Րաֆֆի Շահնազարյանն ու Էդմոնդ Ստեփանյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica