close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2019
+13°
+24°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2019
USD1476.43
GBP1615.98
EUR1529.69
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աղբահանությունը կարվի նույնքան գումարով, բայց կծախսվի 1 մլրդ դրամով ավելի

Հասարակություն

4 Հոկտեմբերի 2019, 14:36
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աղբահանությունը կարվի նույնքան գումարով, բայց կծախսվի 1 մլրդ դրամով ավելի

Այսուհետ Երևանի քաղաքապետարանի սանմաքրման հիմնարկը կիրականացնի քաղաքի աղբահանությունն ու սանիտարական մաքրումը՝ այդ աշխատանքների համար բյուջեից տրամադրելով նույն գումարը, ինչ նախկինում «Սանիթեք» ընկերությանն էր տալիս. այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ասուլիսում հայտնեց Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նա հավաստեց, որ նշված աշխատանքները ոչ միայն կարվեն ժամանակին, այլև՝ անհամեմատ առավել որակյալ:

Կարապետյանին հակադարձեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունից Թեհմինե Վարդանյանը՝ հիշեցնելով, որ նախկինում տրամադրվող գումարի մոտ 1 մլրդ-ը վերադառնում էր բյուջե՝ հարկերի տեսքով, քանի որ ծառայություններ մատուցող ընկերությունը մասնավոր էր. հիմա, փաստացի, բյուջեից սանիտարական մաքրմանը տրամադրվելու է այդ հարկերի չափով ավելի գումար: «Փորձեմ ուղղել պարոն Կարապետյանին. «Սանիթեք»-ին տրամադրում էինք 5 մլրդ 200 մլն դրամ, մի՛ ասեք, որ նույն գումարով քաղաքապետարանի հիմնարկն է աշխատելու, քանի որ մասնավոր ընկերությունը դրանից 1 մլրդ կամ 1.2 մլրդ-ը հարկ էր վճարում: Դուրս է գալիս, որ համայնքը մոտ 1 մլրդ-ով ավելի գումարով է աղբահանությունն իրականացնելու»,- ասաց նա:

«Քաղաքապետարանը նույն գումարն է ծախսելու. 1կգ բամբակն ու 1կգ երկաթը նույն կշիռն ունեն»,- արձագանքեց Կարապետյանը:

Վարդանյանն այս պատասխանը որակեց «անտեղի կատակ»:

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը մտավախություն հայտնեց «Սանիթեք»-ի՝ արբիտրաժային դատարան դիմելու առումով: «Շատ լավ գիտենք, որ միջազգային արբիտրաժային դատարանները մի փոքր առավելություն են տալիս միջազգային ներդրողներին: Եվ այստեղ մենք ունենք բազմաթիվ բաց կողմեր: Խոսքը նախկին իշխանության մասին է, որը կնքել է պայմանագիրը «Սանիթեք»-ի հետ, և մենք ժառանգել ենք նախկիններից թողած այս պայմանագիրը: Իսկ նախկինները բազում պայմանավորվածություններ են ունեցել, որ չեն կատարել: Իսկ դա կարող է բերել մեր դիրքերի թուլացմանը»,- նշեց նա՝ հավելելով, որ այստեղ մեծ գործ ունեն անելու իրավաբանները:

«Աղբահանության խնդրի համակարգային լուծումը քաղաքապետարանը ևս տեսնում է աղբի տեսակավորման և վերամշակման խնդրի լուծմամբ, և այդ դեպքում ինչո՞ւ ձեռք բերվեցին չտեսակավորված աղբի համար նախատեսված նոր աղբամաններ» Yerkir.am-ի այս հարցին ի պատասխան՝ Կարապետյանն ասաց, որ այդպիսի որոշում է կայացվել, քանի որ այս աղբամանները թերևս շարքից դուրս կգան նախքան համակարգային լուծման հասնելը: «Մեկ աղբամանի միջին կյանքը 3-4 տարի է, չէ՞: Երբ մենք հասնենք տեսակավորման այն մակարդակին, որ եվրոպական երկրներում է՝ թուղթն՝ առանձին, պլաստիկն՝ առանձին, ապակին՝ առանձին, մնացած կենցաղայինն՝ առանձին, կանցնի բավական ժամանակ, որ մենք այս աղբամանները փոխարինենք նորերով»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ երեկ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը միակողմանի լուծել է «Սանիթեք» ընկերությունների հետ կնքած պայմանագրերը՝ դրա համար ներկայացնելով հետևյալ հիմնավորումները՝  աղբի պարբեբար չհավաքման փաստերը, աղբամանների փաստացի խիստ անբավարար քանակը, դրանց տեխնիկական վիճակը և շահագործվող աղբատար մեքենաների անբավարար քանակը, որոնք, միասին վերցրած, անհնար են դարձնում պայմանագրով սահմանված պահանջներին և ժամկետներին համապատասխան ծառայությունների մատուցումը, 2019թ. օգոստոսի 29-ից ծառայությունների իսպառ դադարեցման փաստը, պայմանագրերով նախատեսված ապահովագրության պայմանագրերի բացակայությունը, գնումների մասին օրենսդրությամբ «մասնագիտական փորձառություն» և «ֆինանսական միջոցներ» որակավորման չափանիշների սխալ գնահատումը պայմանագրերի կնքման ժամանակ:

Առավել Մանրամասն՝ տեսանյութում.

Հրադադար Սիրիայում
17 Հոկտեմբերի 2019, 22:09 Հրադադար Սիրիայում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica