close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2019
+11°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2019
USD1476.44
GBP1598.27
EUR1525.85
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիբանանը դանդաղ գործող հրաբուխ է՝ պիտի ներգաղթ կազմակերպենք. Արման Նավասարդյան

Քաղաքական

4 Հոկտեմբերի 2019, 11:34
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիբանանը դանդաղ գործող հրաբուխ է՝ պիտի ներգաղթ կազմակերպենք. Արման Նավասարդյան

ԱՄՆ այցը չեմ կարող ասել, որ հինգ պլյուսով էր. Yerkir.am-ի հետ հարցազրույցում նշեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ գնահատելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ:

Նրա խոսքով՝ այցի առանցքում հայկական համայնքի հետ հանդիպումներն էին, և հիմնական ուղերձը ներգաղթն էր, սակայն մեր հայրենակիցներին հրավիրելով վերադառնալ և հաստատվել հայրենիքում՝ Հայաստանը պիտի պատշաճ պայմաններ առաջարկի: «Գիտե՞ք, եթե այնտեղ մարդիկ լավ պայմաններում են, երբեք վեր չեն կենա, գան այստեղ, ինչքան էլ դու հայրենասիրություն քարոզես: Բայց մի քանի բաներ կան, որ պետք է ապահովել: Նախ՝ դա բնակարանային հարցն է. պետք է արտոնություններով ձեռք բերելու հնարավորություն ստեղծեն: Երկրորդն աշխատանքն է»,- ասաց Նավասարդյանը:

Դիվանագետի խոսքով՝ մեծ բացթողում է ունեցել Հայաստանը պատերազմից փախչելով հայրենիք եկած սիրիահայերի հետ աշխատանքում: «10-15 հազար մարդ էր եկել, մնաց մի 8 հազարը, մյուսները ցրվեցին աշխարհով մեկ: Մինչդեռ՝ մենք պիտի արտակարգ իրավիճակ հայտարարեինք, բերեինք բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով, թեկուզ մարդիկ ապրեին վրանների տակ, քանի որ դա կյանքի հարց էր»,- ասաց նա:

Նավասարդյանը վստահ է, որ ներգաղթ պետք է իրականացնել ընտրողական մոտեցմամբ: «Ես կարծում եմ, որ դա պետք է անել այն համայնքների նկատմամբ, որոնք ուծացման վտանգի տակ են (չնայած բոլոր համայնքներն են ուծացման վտանգի տակ): Առաջնահերթ՝ դրանք Մերձավոր Արևելքի երկրներն են, նախ՝ Լիբանանը, որտեղ մարդկանց հոծ զանգված կա, որ պատրաստ է գալ»,- ասաց նա:

Նավասարդյանի տեղեկություններով՝ Լիբանանում կան նաև քրիստոնյա արաբներ, որոնք պատրաստ են գալ Հայաստան, եթե ֆորսմաժորային իրավիճակ ստեղծվի: «Դե գիտեք, որքան էլ լիբանանցիներն ասեն՝ մենք լավ ենք, Լիբանանը դանդաղ գործող հրաբուխ է: Նույն բանը, ինչ եղավ Սիրիայում, այնտեղ կարող է կրկնվել ամեն վայրկյան»,- ասաց նա:

Նավասարդյանը վստահ է, որ պետք է ուշադրություն դարձնել նաև իրաքահայերի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի ոչ կենտրոնական շրջանների հայերի ներգաղթը կազմակերպելուն:

Դիվանագետի դիտարկմամբ՝ պետք է ոչ թե ներգաղթյալների տնտեսական հարցերը լուծել, այլ տալ գործ հիմնելու, աշխատելու և զարգացնելու հնարավորություն: «Բարեբախտաբար, հիմա առաջվա պես չէ: Քանի որ այն, ինչ եղել է, նկարագրելու բան չէ: Որոշ դեպքեր գիտեմ, որ մարդու մազերը բիզ-բիզ են կանգնում… Հայաստանը ծվեն-ծվեն արեցին»,- նշեց նա՝ ընդգծելով, որ ինքն էլ ներգաղթյալ է և, անկախ բոլոր դժվարություններից, որ կրել է իր ընտանիքը, հպարտ է, որ ապրում է հայրենիքում:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica