close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2019
+0°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչո՞ւ են հայհոյում Լևոն Բարսեղյանին

Հասարակություն

3 Հոկտեմբերի 2019, 13:52
 Ինչո՞ւ են հայհոյում Լևոն Բարսեղյանին

Նախկինում գործած հանցագործությունները հենց այս պահին էլ  շարունակվում են. անդրադառնալով Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի պաշտոնավարման մեկամյա շրջանին՝ Yerkir.am-ի հետ զրույցում նշեց նույն բուհի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

ՇՊՀ դասախոսական կազմը դժգոհ է, հնարավոր է նաև բողոքի ակցիաներ սկսեն հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի դեմ:

Գագիկ Համբարյանն ասաց՝ Լևոն Բարսեղյանը վերևների հրամանով է դարձել հոգաբարձուների խորհրդի նախագահ, և մեկ տարվա ընթացքում համալսարանի ոչ մի խնդիր լուծում չի ստացել, հետևաբար՝ Բարսեղյանի և խորհրդի անդամների կատարած աշխատանքը բուհի դասախոսը գնահատում է անբավարար։

ՇՊՀ-ում վերջին մեկ տարվա ընթացքում երկու անգամ կազմակերպվել են ռեկտորի ընտրություններ, երկու դեպքում էլ ձախողվել է։ Սա Համբարյանը Լևոն Բարսեղյանի և մնացյալ հովանավորյալների աշխատանքի արդյունք է համարում. «Տապալվեցին մեկ նպատակով՝  իշխանությունների կողմից հովանավորվող Երվանդ Սերոբյանը,  որը հիմա ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է և նախարար Արայիկ Հարությունյանի մտերիմը, մնա այդ պաշտոնում»,- ասաց Համբարյանը ավելացնելով, որ այս ամենն արվում է այն դեպքում, երբ բոլորը գիտեն ՝ Երվանդ Սերոբյանը  եղել է նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի մտերիմներից և այսօր ամեն ինչ անում է՝ նախկին ռեկտորին պաշտպանելու համար։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թ. հուլիսի 18-ի որոշմամբ հաստատել է Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը, որի մեջ ընդգրկված էր նաև Լևոն Բարսեղյանը, իսկ օգոստոսի 9-ին կայացած՝ ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր կազմի առաջին նիստում նա ընտրվել է բուհի  հոգաբարձուների խորհրդի նախագահ: 

Լևոն Բարսեղյանը Yerkir.am-ի հետ զրույցում հատկապես առանձնացրեց ռեկտորի ընտրման կարգի՝ իրենց կողմից արված փոփոխությունները, քանի որ նախորդ կարգը հարմարեցված է եղել նախորդ ռեկտորին։

Նա հերքեց խոսակցություններն այն մասին, թե այս փոփոխությունները միտված են ժամանակ ձգելուն՝ մինչև ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարը կհամապատասխանի նորմերին և կդառնա ռեկտոր։  Բարսեղյանը նշեց, որ հոգաբարձուների խորհրդում կա 24 անդամ, և ինքը չի կարող մյուս 23-ի փոխարեն որևէ որոշում կայացնել։ Հավելեց, որ մշտապես  առաջարկել է, որ  ներկայացնեն նոր ընտրակարգ, որ չկրկնվեն նախորդ դեպքերը, բայց չի ստացել որևէ առաջարկ: «Եթե դժգոհ են՝ թող առաջարկներ անեն ընտրության կարգի փոփոխության մասին»,- ասաց Բարսեղյանը։  

Լևոն Բարսեղյանի պաշտոնավարման ընթացքում իրականացված կրթական նոր ծրագրերի և նոր բարեփոխումների մասին Գագիկ Համբարյանի գնահատականն այս դեպքում ևս բացասական է: «Մի շարք կրթական ծրագրեր բուհում իրականացվում են կեղծ լիցենզիաներով»,- հայտնեց նա։

Որպես իր խոսքերի ապացույց՝ Համբարյանը նշեց, որ լիցենզիայի համար պարտադիր պայմաններից մեկը՝ համապատասխան մասնագետների թիվը,  չի համապատասխանում  նորմերին, բայց այս ամենի վրա աչք են փակում իրավապահներն ու նախարարությունը:  Դասախոսը իրավապահների և նախարարության կողմից բացահայտ հովանավորչություն է տեսնում։  Նրան չի բավարարում դատախազության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի այն պատասխանը, որ բուհում կոմպլեքս ստուգումներ են իրականացվում։ Համբարյանի խոսքով՝ չպետք է սպասեն կոմպլեքս ստուգումների իրականացմանը, այլ ընդամենը պետք է համեմատեն լիցենզիաներում գրված անուններն ու ամբիոններում գրանցված անունները, և շատ արագ պարզ կդառնա կեղծիքը։

Բարսեղյանը  բուհի բազմաթիվ չարաշահումներից տեղյակ է։ Իր պաշտոնավարման ընթացքում մշտապես ուշադրության կենտրոնում է պահել  այդ հարցերը: «3 ամիսը մեկ պարբերականությամբ դիմում եմ ուղարկել Քննչական կոմիտե՝ գործերի ընթացքի վերաբերյալ  տեղեկության  տրամադրման համար։ Հուլիսին էլ բողոք եմ ուղարկել դատախազություն՝ շատ հստակ գրելով, որ Քննչական կոմիտեն արհեստականորեն կամ դիտավորյալ գործի քննությունը ձգձգում է և պատշաճ ուսումնասիրություն չի իրականացնում»,- ասաց նա՝ հավելելով, որ նախարարություն ևս հայտնել է իր մտահոգությունների մասին։

Այն, որ ՇՊՀ-ում  խնդիրներ կան, և դրանք չեն կարգավորվում, Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց նաև կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը։

«Այդ համալսարանում, կրթությունից բացի, ամեն ինչ կա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ակնհայտ է՝ լուրջ դժգոհություններ կան ներսում։  

ՇՊՀ-ում վիճակի կարգավորմանն ուղղված քայլեր փորձագետը չի տեսնում, ասում է՝ վերջին երեք տարում ոչինչ չի փոխվել։ Այնինչ՝ մարզային համալսարանում անհրաժեշտ է այնպիսի փոփոխություններ անել, որոնք կրթության գործընթացը հավուր պատշաճի կդարձնեն։

Հիշեցնենք՝ Լևոն Բարսեղյանի հրապարակային գրառումները, որոնք հաճախ ակնհայտ վիրավորական տարրեր են պարունակում, պարբերաբար առաջացնում են հասարակության զայրույթը:

Այս մասին Բարսեղյանը նշեց, որ երբ փորձում են հոգաբարձուների խորհրդի նախագահին փողոցում վիրավորել, ինքն էլ պատասխան է տալիս: «Բարեվարքության մասի՞ն եք խոսում, եկե՛ք խոսենք։  Եթե որևէ մեկը կարող է ձայն չհանել և ասել, որ՝ շնորհակալ եմ, երբ իր ընտանիքի անդամներին հայհոյում են, ապա ես չեմ կարող։ Ներում են, թող ներեն, չեն ներում, թող անեն այն, ինչ ուժերը պատում է»,- ասաց նա:

Հայհոյանքների մասին Բարսեղյանի պարզաբանումը յուրօրինակ է. նա նշեց, որ այդ համալսարանում ոչ բոլորը, բայց մի շարք դասախոսներ միմյանց հետ հայհոյանքներով են խոսում, և ինքն ունի դրա ապացույցները:

Մեր հարցադրմանը, թե բացասաբար չի՞ ազդում, արդյոք, իր բառամթերքը ուսանողների վարքագծի վրա, Բարսեղյանը պատասխանեց՝ համալսարանի ուսանողներն իրենից չէ, որ պետք է սովորեն հայհոյել:

Այնուամենայնիվ, հետաքրքիր է, թե ինչո՞ւ են մարդիկ հենց Լևոն Բարսեղյանին ու նրա ընտանիքի անդամներին հայհոյում, ինչո՞ւ է պետական բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահը պարբերաբար այցելում Սորոսի հայաստանյան գրասենյակ, ինչո՞ւ է նա իր բանավոր և հրապարակային խոսքում օգտագործում փողոցային բառամթերք, և արդյո՞ք այս վարքագիծը համատեղելի է մի հիմնարկության ղեկավարի պաշտոնի հետ, որտեղ իրենց կրթությունը, քաղաքացիական և ազգային դաստիարակությունն են ստանում հազարավոր ուսանողներ:

Եվ նման նկարագիր ունեցողին վարչապետ Փաշինյանը հաստատել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica