close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2019
+7°
+12°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2019
USD1477.46
GBP1613.63
EUR1526.02
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Նոր» Հայաստան, «հին» խոսնակ

Քաղաքական

2 Հոկտեմբերի 2019, 21:03
 «Նոր» Հայաստան, «հին» խոսնակ

«Հայաստան ժամանած հյուրերի մակարդակն ու քանակը ցույց է տալիս, թե իրականում ինչպիսի հեղինակություն է վայելում Հայաստանի նոր իշխանությունը և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ԵԱՏՄ շրջանակներում, այլև դրանից դուրս»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է  ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Սույն պաշտոնյային կուզենայի հիշեցնել, որ ՀՀ վարչապետի անձնական PR-ով զբաղվող մասնագետներ շատ կան, իսկ ինքը պարտավոր է իրականացնել վարչապետի խոսնակի գործառույթները, այն է՝ կանգնել լրատվամիջոցների առջև և մեկնաբանել, թե ինչ են նշանակում այս կամ այն կարևոր իրադարձության ժամանակ իր ղեկավարի արած հայտարարությունները: Ես նկատի ունեմ այդ հայտարարությունները հենց մեկնաբանելը և ոչ թե լղոզել-անցկացնելը, ինչի մեծ վարպետ է Վլադիմիր Կարապետյանը:

Բայց որ նա այսպես ոգևորվել է ԵԱՏՄ գործերով մեր երկիր ժամանած հյուրերի, շատ ներողություն, գլխաքանակով ու որակով, կուզենայի մի քանի խոսք ասել Կարապետյանին և նրան խնդրել առհասարակ չմտնել այն տիրույթները, որոնք բացարձակապես կապ չունեն իր և իր վարչապետի հետ: Պարո՛ն Կարապետյան, բավարարվեք միայն թավշյա հեղափոխությամբ և երկիրը ցնցումների տանող այս գործընթացով, որ ծրագրել ու առաջ է մղում, Ձեր ասած, Հայաստանի նոր իշխանությունը: Այն, որ «նոր» բառը Հայաստանից հետո եք դնում և չեք ասում «Նոր Հայաստանի իշխանությունը», դա արդեն մեծ ձեռքբերում է: Շարունակեք նույն ոգով:

Սկսեմ հարցով՝ քանի՞ երկրի լիդերի հետ եք Ծիծեռնակաբերդում եղևնի տնկել կամ ջրել: Հասկանալի է, չէ՞, որ հարցը այգեգործության ոլորտից չէ, և վարչապետի խոսնակը պարտավոր է պատասխանել այս հարցին, որովհետև այն անմիջապես ուղղված է նաև վարչապետին՝ որպես թիվ մեկ ծառ տնկողի:

Իսկ հիմա մտքով գնանք 2015 թվականը, երբ Հայաստանում և ամբողջ աշխարհում նշվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Վլադիմիր Կարապետյանն այդ օրը կա՛մ խիստ զբաղված էր, կա՛մ խիստ անուշադիր, այլապես հաշված կլիներ Հայաստան ժամանած լիդերներին և այսօր չէր հայտարարի, որ ԵԱՏՄ շրջանակներում աննախադեպ քանակով ու մակարդակով, ընդգծեմ՝ քանակով ու մակարդակով լիդերներ էին հավաքվել, այն էլ՝ ՀՀ իշխանությունների ու Նիկոլ Փաշինյանի վայելած համաշխարհային հեղինակության պատճառով: Բայց սա ես չասացի, որպեսզի հիմա թվերը դնենք ու գումարում-հանում անենք: Իմ ցավը ՀՀ վարչապետի խոսնակի հիշողության, իսկ ավելի ստույգ՝ հասունության մակարդակն է, որ զգալիորեն ազդում է նաև վարչապետի հասունության ռեյտինգի վրա:

Կարելի է, իհարկե, ԵԱՏՄ երկրների հերթական հանդիպումը, որին ժամանել էին նաև ոչ անդամ երկրների ղեկավարներ, այնպես ճոռոմացնել, որ աշխարհը պայթի նախանձից: Բայց այդ հանդիպման ձևաչափը որպես ՀՀ նոր իշխանության մտքի արգասիք ներկայացնելը, կներեք, իսկապես ծիծաղելի է: Լսենք Կարապետյանի «հումորը». «Իր նախագահությունը կառույցում մեր երկիրը անցկացնում է ամենաբարձր մակարդակով, ցույց տալով իր հզոր պոտենցիալն ու քաղաքական մեծ կամքը՝ նպաստելու կառույցի հեղինակության բարձրացմանն ու միջազգային ճանաչելիության ընդարձակմանը»: Կարելի է մտածել՝ Սինգապուրի վարչապետը, Մոլդովայի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահները չէին հետաքրքրվելու ԵԱՏՄ-ով, եթե ՀՀ նոր իշխանությունը չլիներ: Այ քեզ խոսնա՜կ… Դրել ու ջնջել է վարչապետին, որ դեռ երկու տարի առաջ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց էր սկսել: Բա հիմա խոսնակն ու վարչապետը ո՞նց են իրար աչքերի մեջ նայելու:

Եվս մեկ հարց խոսնակին, իսկ նրա խողովակով՝ նաև մեր վարչապետին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ բանակցությունների շտապող լիդերները քայլում էին միմյանց հետ զրուցելով, իսկ Փաշինյանը՝ միայնակ, այսպես ասած՝ ինքն իր խոհերի հետ: Իրանին և Սինգապուրին ԵԱՏՄ «բերման ենթարկած» լիդերի հետ խոսելիք չունե՞ր ոչ ոք, թե՞ կարգն է այդպես, որ ընդունող կողմին անտեսեն:

Բոլոր հարցերը, որ շատ էին և ավելի շատացան ԵԱՏՄ երևանյան հավաքից հետո, ես չեմ պատրաստվում ուղղել վարչապետին կամ նրա խոսնակին: Դա անիմաստ ժամավաճառություն կլինի, քանզի էս գլխից է հայտնի, որ նրանք չեն էլ տիրապետում այդ հարցերին: Կարծում եմ՝ շատ ավելի ճիշտ կլինի Հ1-ով հարցազրույցի հրավիրել Վլադիմիր Կարապետյանին և հենց նրան ուղղել կուտակված հարցերը, որոնցից մեկն էլ վերաբերում է ԵԱՏՄ-ում Հայաստանի ունեցած կամ չունեցած դերակատարությանը: Ի վերջո, նաև պետք է, որ հայ ժողովուրդը հասկանա, թե այդ ինչպե՞ս է Հայաստանը նպաստում ԵԱՏՄ-ի հեղինակության բարձրացմանը, երբ, չգիտես՝ ում թույլտվությամբ ու խրախուսմամբ, Երևանում ԵԱՏՄ հավաքին մասնակցող «մեծաքանակ և բարձրորակ» լիդերների դեմ ցույց են անում կասկածելի աղբյուրներից սնվող կազմակերպությունները: Ի՞նչ եք կարծում, խոսնակը կանկեղծանա՞ այս հարցում: Բնավ, երբեք:

Էդիկ Անդրեասյան  

Ի՞նչ եղանակ է սպասվում
13 Նոյեմբերի 2019, 17:54 Ի՞նչ եղանակ է սպասվում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica