close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2019
+13°
+24°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2019
USD1476.43
GBP1615.98
EUR1529.69
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նոր իշխանափոխությանն այլընտրանք չի մնում

Հարթակ

1 Հոկտեմբերի 2019, 09:59
 Նոր իշխանափոխությանն այլընտրանք չի մնում

Հայաստանում ապրելն աստիճանաբար վերածվում է Նիկոլ Փաշինյանի ու նրա նեղ շրջապատի մենաշնորհի: Վարչապետի և նրա ընտանիքի անդամների՝ երջանկությունից փայլող դեմքերը, կառավարության կեցվածքները, թե՝ «հեսա տեսեք ինչեր ենք անելու», հրապարակվող անիմաստ ու ոչինչ չասող թվային տվյալները, ապառնի ժամանակով տրվող պոպուլիստական խոստումներն այլևս ոչ մեկին հավատ չեն ներշնչում: Մյուս կողմից էլ բարձր պաշտոնյաների՝ մեկը մյուսի հետևից տապալվող արտասահմանյան այցերն ավելի են խորացնում ճգնաժամը, որ ծագել է իրավապահ համակարգի նկատմամբ բազմաթիվ ոտնձգությունների, ընտրովի արդարադատության կիրառման, դրսից եղած անցանկալի ազդեցությունների մասին անընդհատ գեներացվող խոսակցությունների ու քաղաքական կյանքի բացակայության ֆոնին:

Ո՞րն է ելքը, ոչ ոք չի ասում, թեև բոլորն են հասկանում՝ այս իրավիճակից հնարավոր ամենաանցնցում ելքը ԱԺ արտահերթ ընտրություններն են: Այլ ճանապարհ պարզապես չկա: Մնացած բոլոր ճանապարհները կա՛մ տանում են ցնցումների, կա՛մ դեպի «հին ու բարի» այն ժամանակները, երբ քայքայված տնտեսությամբ, անլույս, անջերմություն, անհեռանկար ու գրեթե բարոյալքված երկիրը հանձնվել էր բախտի քմահաճույքին: 1998-ին մենք վերջնականապես խայտառակվելուց փրկվեցինք ժողովրդավարական երկրների համար իսկական բարեբախտություն համարվող ընտրությունների շնորհիվ և, փառք Աստծու, կարողացանք գոյատևել, տնտեսություն վերակենդանացնել, լույս ու ջերմություն տալ մարդկանց, ներգաղթ ապահովել, խուսափել կործանումից:

Եթե այսօր իրավիճակը շատ տարբեր է 1991-1998 թվականների վիճակից, կարելի է վիճել, ապացուցել հակառակը, բայց տեսնում ենք, որ նույնիսկ վիճող չկա այլևս: Փոխարենը կա տագնապ, որ առաջիկա ձմռանը հեշտ չի լինելու, որ հարյուրներով ու հազարներով աշխատատեղեր են փակվում, արտադրություններ ու գործարաններ են դադարում աշխատել, բիզնեսներ են անհետանում, դժվարանում է ապրանքների արտահանումն ու ներմուծումը, իսկ սրան զուգահեռ՝ ավելանում են իշխանությունների թանկարժեք վոյաժները արտերկրում, որոնցից, լավագույն դեպքում, գեղեցիկ լուսանկարներ են մնում երկրի ղեկավարների ֆեյսբուքյան էջերում:

Ամբողջովին խաթարված է կառավարություն-Ազգային ժողով համագործակցությունը, կառավարության նիստերը վերածվել են մեկ մարդու մենահամերգի, այդ նույն մարդու մատի ցուցումով են շարժվում ԱԺ գրեթե բոլոր պատգամավորները՝ իշխանական և ոչ այնքան: Խորհրդարանական ընդդիմություն, որպես այդպիսին, ուղղակի գոյություն չունի: Թող ոչ ոք չնեղանա, այդպես է ստացվել, որովհետև այլ կերպ չէր էլ կարող լինել, երբ, ինչպես «հին ու բարի» ժամանակներում մեկ կուսակցություն է զավթել ամեն ինչ և երկիրն «առաջ» է տանում՝ «Ով մեզ հետ է՝ լավն է, ով չէ՝ սև է և հակահեղափոխական» սկզբունքով: 1998-ից հետո մեր հաջողություններից մեկն էլ հենց ՀՀՇ-ական մենիշխանության տապալումն ու քաղաքական կոալիցիաների ձևավորումն է եղել: Որքան էլ անհամոզիչ լինեին այդ կոալիցիաները, միևնույն է, դրանք նպաստում էին, որպեսզի երկրում միապետություն չձևավորվի, որպեսզի աշխատեն քաղաքական ինստիտուտները: Ի վերջո, նաև քաղաքական կոալիցիայի և ընդհանուր համաձայնության արդյունք էր նաև մեր այսօրվա Սահմանադրությունը, որի շնորհիվ և որի գործադրմամբ էլ հնարավոր եղավ իշխանափոխությունը Հայաստանում:

Իսկ ի՞նչ տվեց մեզ ժողովրդական զարթոնքի թևերին իշխանության եկած ուժը: Ոչինչ: Միայն հուսախաբություն, այն նույն հուսախաբությունը որ ամենատարբեր զրկանքների տեսքով հասավ մարդկանց բնակարաններ 1991 թվականից հետո: Թե՛ այն ժամանակ և թե՛ հիմա բավական եղավ, որ համընդհանուր էյֆորիան մի փոքր մարի, մարդիկ ընկալեն իրականությունը, և իրենց ընտրյալի վարկանիշը հօդս ցնդի կամ պայթի փուչիկի պես: Թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը և թե՛ Նիկոլ Փաշինյանը փորձել են երկիր ղեկավարել զուտ պոպուլիստական հայտարարություններով, նախկինների քննադատությամբ և քաղաքական հակառակորդների դեմ հալածանքներով: Բայց չէ՞ որ նախկինների սուր քննադատության և գեղեցիկ ու փուչ խոստումների արանքում կա մի բան, որը ոչ ոք արհամարհել չի կարող: Դա ժողովուրդն է, որ եթե անմիջապես իր մաշկի վրա չզգաց օրվա իշխանության վարած քաղաքականության բարերար ազդեցությունը, սկսելու է իր համար նոր իշխանություն որոնել:

Կարծում եմ՝ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այսօր արդեն կա նոր իշխանության փնտրտուք, սպասում, բայց ոչ երբեք՝ հնի վերադարձի հույս, ինչպես սխալմամբ պնդում են «ռևանշից սարսափելի վախեցող» առանձին տարրեր: Իսկ նոր իշխանության փնտրտուքը կա, որովհետև ժողովուրդը նաև հասկանում է, որ խորտակվում են իր անվտանգային համակարգերը, թուլանում է իր պետությունը, այն խոցելի է դառնում բոլոր ուղղություններով ու բոլորի կողմից: Մարդիկ տեսնում են, ի վերջո, որ փորձ է արվում «ուժեղ ձեռքի» ինչ-որ միֆ ստեղծել հանրության մեջ, վախ սերմանել, ղեկավարությունից «բոբո» կերտել, իսկ վարչապետին ներկայացնել որպես «միակ ասող»՝ բոլոր ոլորտներում ու համակարգերում: Ո՞րն է նպատակը: Ստեղծված ներքին ստատուս քվոն անիմաստ պահպանե՞լը:

Այս նույն կարգավիճակում հայտնված Տեր-Պետրոսյանը, որն իր վերջին փամփուշտը կրակեց՝ Արցախյան խնդրի կարգավորման ոչ հայանպաստ լուծումների կողմնակից լինելով, հրաժարական տվեց: Ո՞ւմ և ինչի՞ վրա է հույս դրել Փաշինյանը, որ հապաղում է հետևել իր գաղափարական հոր օրինակին: Մի՞թե ժողովրդի, որ արդեն հազարներով է դուրս գալիս փողոց՝ պահանջելով նրանից կատարել հեղափոխական խոստումները, արդարադատություն իրականացնել, երկրում այստեղ-այնտեղ այնպիսի հայտարարություններ չանել, որոնց պատճառով ստիպված լինենք ամաչել ազգովի:

Էդիկ Անդրեասյան  

Լուսանկարը՝ Yerevan.today-ի

 

Հրադադար Սիրիայում
17 Հոկտեմբերի 2019, 22:09 Հրադադար Սիրիայում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica