close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2019
+13°
+24°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2019
USD1476.43
GBP1615.98
EUR1529.69
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ.Մի կողմում Թուրքիան է, մյուսում՝«1000 տարվա գյուղամեջը»

Մշակույթ

30 Սեպտեմբերի 2019, 19:13
 ՏԵՍԱՆՅՈՒԹ.Մի կողմում Թուրքիան է, մյուսում՝«1000 տարվա գյուղամեջը»

Խոտի դեզից այն կողմ Թուրքիան է, այս կողմում՝ Արմավիր մարզի Փշատավան գյուղը, որտեղ տների բակերը մեկ օրով փառատոնի տաղավարների են վերածվել. ազգագրական երգ ու պարով, ձեռագործ գորգերի ու թաղիքե հագուստի, համայնքի բերք ու բարիքից ստացված խմիչքի և ուտելիքների տեսականու ցուցադրությամբ տեղի ունեցավ «1000 տարվա գյուղամեջ» փառատոնը:

Փառատոնի մասնակիցներին ուղղորդում է գյուղամիջում փակցված քարտեզը. մի կողմում դարբնոցն է, լուսանկարչատունը, որտեղ կարող են տարազի ատրիբուտներով և քամանչայով լուսանկարվել, մյուսում՝ թոնրատունը, մեղր քամելու բակն ու «Անուշ խմիր»-ը:

Փառատոնի հեղինակ Կարինե Փանոսյանի խոսքով՝ այն կազմակերպելու միտքը 4 տարի առաջ է հղացել: «Ընկերներիցս մեկը ցանկանում էր իր համայնքում միջոցառում կազմակերպել, որը կգրավեր զբոսաշրջիկներին, սակայն համայնքը որևէ մշակութային կոթող կամ բնության հուշարձան չուներ: Երկար մտածելու կարիք չեղավ, որոշեցինք պարզապես վերցնել ազգային մշակույթի տարբեր տարրեր ու դրանք տների բակերում ներկայացնել»,- ասում է նա:

Նախագիծը նպատակ ունի հյուրերին ոչ միայն ներկայացնել ազգային մշակույթի տարբեր տարրերը, այլև նրանց անմիջական մասնակից դարձնել:

«Շատերն են դարբնոցում երկաթի կռման գործընթացը տեսել, կամ՝ ինչպես են թոնրատանը լավաշ թխում, կավից կուժ պատրաստում, սակայն քչերն են դա անձամբ փորձել»,- ասում է Փանոսյանը:

Արմավիրի արվեստի պետական քոլեջի սաները ներկայացնում են իրենց ձեռքի աշխատանքները՝ հայկական թռչնատառերով, տոհմածառով բատիկաներ, հայկական և հունական թեմայով հագուստներ:

Հուշանվերների տաղավարում ներկայացված նինիկները (փոքրիկ տիկնիկներ) արդեն Ռուսաստան ու Չինաստան են հասել: Դրանք պատրաստելու արվեստն աղջիկները Արմավիրի 4-րդ դպրոցում են սովորել: Վաճառք, իհարկե, ունեցել են, ստացված գումարը անտեղի չեն ծախսելու՝ դպրոցի համար գույք պիտի գնեն:

Փշատավանի դպրոցում ևս հետաքրքիր մշակույթ է ձևավորվել: Աշակերտները ձմռանը դպրոցում պատրաստված մուրաբաներն ու կոմպոտներն են վայելում, համընթաց՝ ձեռնարկատիրական կրթություն ստանում: «Երեխաները հավաքում են բերքը, աշխատակիցները՝ պատրաստում: Հույս ունենք սա այնքան կընդլայնենք, որ եկամուտ էլ կունենանք: Այս տարի ծիրան ենք վաճառել, ստացված գումարով տարաներ և շաքարավազ գնել»,- նշում է դպրոցի տնօրենը:

Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանն էլ արձագանքում է. «Երբ ձեր գյուղով շրջում էի, այն հասցրի սիրել, բայց երբ ձեր դպրոց եկա, հասցրի այն ավելի շատ սիրել»:

Ըստ Կարինե Փանոսյանի՝ փառատոնի կազմակերպման հարցում մեկ-երկու աջակից են ունեցել, սակայն աշխատանքների 80 տոկոսը գյուղապետարանի հոգածությամբ է արվել:  «Սա եզակի դեպք է, քանի որ Հայաստանում ոչ մի համայնքապետարան իր միջոցներով փառատոն չի անում»,- ասում է նա:

Արմավիրի փոխմարզպետը համոզված ՝ սա կարող է լավ նախադեպ լինել: « Ջանֆիդայի գյուղապետն ո՞ւր է, ասում էր՝ հաջորդ տարի իրենց մոտ են կազմակերպելու»,- կատակում է նա:

Իմքայլական պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանն ու Վիկտոր Ենգիբարյանը նույնպես Փշատավանում էին: Yerkir.am-ի հետ զրույցում Ենգիբարյանն ասաց, որ այս կերպ անվանդույթները վերաիմաստավորվում են, մյուս կողմից էլ՝ ստեղծագործականությունն է խթանվում:

«Փառատոնը երկրորդ տարին է անցկացվում, սա շատ լավ ավանդույթ է: Տոնական տրամադրությունը մարդկանց անհրաժեշտ է հատկապես այս շրջանում, երբ իրենց բերքն ու բարիքը քաղել են, հիմա սկսում են վայելել: Տարեցտարի մասնակցների թիվը կավելանա, եթե այս տարի ենթադրենք՝ 20-30 տուն է մասնակցում, ապա 5 տարի հետո կարծում ՝ բոլորը կմասնակցեն»,- ասաց պատգամավորը:

Տարբեր վայրերից եկած հյուրերը տպավորված են՝ Փշատավանի բնակիչներն իրենց բարիքներից պարզապես նվիրել են: Հպարտանում են՝ տուն կտանենք, կասենք սահմանամերձ գյուղից ենք բերել: Միայն թե՝ տուն տանելու համար փշատ չգտան:
Բնակիչներն ասում են՝ ընդամենը 3-4 փշատենի ունեն: Համայնք անվանակոչելու հարցում սխալվել են, պետք է Խաղողավան լիներ …


Աննա Հովհաննիսյան

Հրադադար Սիրիայում
17 Հոկտեմբերի 2019, 22:09 Հրադադար Սիրիայում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica