close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2019
+3°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2019
USD1476.69
GBP1617.03
EUR1528.46
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լենա Նազարյանի պատվիրակության այցը վրդովեցրել է Վրաստանի հայ համայնքին

Քաղաքական

28 Սեպտեմբերի 2019, 15:23
 Լենա Նազարյանի պատվիրակության այցը վրդովեցրել է Վրաստանի հայ համայնքին

Թբիլիսիի մեր հայրենակիցները զայրացած են սեպտեմբերի 26-ին Կոմիտասի 150-ամյակին նվիրված երեկոյին տեղի ունեցած մի դրվագի պատճառով, որին, ցավոք, չեն արձագանքել ոչ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, ոչ երեկույթին ներկա գտնվող հայկական պատվիրակությունը՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանի գլխավորությամբ։

Միջոցառմանը բեմ բարձրացած ՎՈւԵ Ջավախքի առաջնորդ հայր Նիկոլոզը իր խոսքում նշել է, որ ինքը նաև Կարսի, Տայքի և Կղարջքի (վրացերեն՝ Տաո-Կլարջեթիի) առաջնորդն է, և ունի փոքրիկ անակնկալներ հայ հյուրերի համար։ Եվ նա ի ցույց ամենքի՝ ցուցադրել է փաթեթավորված երկու մեծադիր լուսանկարներ, որոնցում պատկերված են եղել Անիի պարիսպները, ինչպես նաև երեք «վրացական» եկեղեցիներ Անիից։ Վրաց միտրոպոլիտը, դրանով, փաստորեն, մատնանշել է Անիի վրացապատկան լինելու իրենց տեսակետը, որը ինչպես տվյալ պահին, այնպես էլ հետագայում, որևէ արձագանքի չի արժանացել հայկական դիվանագիտական կամ խորհրդարանական շրջանակները ներկայացնող պաշտոնյաների կողմից։

Թբիլիսիի հայկական շրջանակները լրջորեն մտահոգված են նաև այն իրողությամբ, որ ՀՀ ԳԱԱ պատմության իստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանին վրացական իշխանությունները այս օրերին կրկին արգելել են անցնել Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետը և մասնակցել Թբիլիսիում կայանալիք ՀՀ անկախության տոնակատարություններին, իսկ ահա Լենա Նազարյանի պատվիրակությունը սույն սկանդալային հարցին բացարձակ չի անդրադարձել և վրացական կողմի առաջ որևէ կերպ չի արծարծել նախադեպը չունեցող այս ստորացուցիչ երևույթը։ 

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Լենա Նազարյանի գլխավորած պատվիրակության եռօրյա այցը Վրաստան Թբիլիսիի հայ համայնքի շրջանակներում տեղիք է տվել լրջագույն դժգոհությունների և մտահոգությունների։ Որքան էլ այցը արտաքին տեսքից եղել է հագեցած և խիտ օրակարգով, այդուհանդերձ, տեղի հայ համայնքի ներկայացուցիչները մեզ հայտնում են, որ այն ոչ միայն առանձնակի չի տարբերվել Հայաստան-Վրաստան նախորդ շրջանի բարձրաստիճան և անպտուղ հանդիպումներից, այլև ավելին՝ այցով պայմանավորված շատ իրողություններից խիստ վիրավորված ու վրդովված են թբիլիսաբնակ մեր հայրենակիցները։

Թբիլիսիի և, ընդհանրապես, Վրաստանում ապրող հայությանը, մասնավորապես, նաև ջավախահայությանը, ընդհանուր առմամբ, վրդովվեցրել է բարձրաստիճան այցի օրակարգում տեղ գտած և քննարկման արժանացած հարցերի բովանդակությունը, ավելի ստույգ՝ անբովանդակ լինելը, և եռօրյա այցը, բացի երկուստեք զգայուն հարցերի՝ Արցախի, Աբխազիայի և Հարավային Օսիայի հանդեպ իբրև թե նուրբ և կառուցողական դիրքորոշումների մասին որոշ քննարկումից, մնացյալ մասով եղած հանդիպումները շրջակա միջավայրի, գյուղատնտեսության, էկոնոմիկայի, ներքին գործերի գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, եղել են ձևական, բովանդակազուրկ, հարյուրերորդական նշանակության, և այստեղ ոչ թե քննարկվել են ինչ-ինչ հարցեր, այլ հյուրերին ուղղակի ծանոթացրել են Վրաստանի այդ ոլորտների բարեփոխումների հետ։ Դրանք, փաստորեն, պետք է ածանցվեին գլխավոր հարցերին և լինեին զուտ «զբոսանքային հանդիպումներ», բայց, քանի որ օրակարգից դուրս են թողնվել գլխավոր հարցերը, ապա «զբոսանքները» ինքնաբերաբար վերածվել են «գլխավոր հարցերի»։ 

Վրաստանի հայության ներկայացուցիչները հատկապես վրդովված են այն իրողությամբ, որ բարձրաստիճան նման պատվիրակությունը կարող է այդ աստիճան անլուրջ վերաբերվել ծով խնդիրներ ունեցող վիրահայության (ջավախահայություն, Թբիլիսիի և այլ շրջանների հայկական համայնքներ) առջև ծառացած խնդիրներին։ Պատվիրակության անդամները ոչ միայն չեն տիրապետել այդ հիմնահարցերին և, բնականաբար, վրացական կողմի հետ որևէ կերպով չեն անդրադարձել դրանց, այլև այդ հարցերի մասին խուսափել են խոսել անգամ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներում։ Նրանք անընդհատ և ակնհայտորեն շրջանցել են համայնքի աշխարհիկ և հոգևոր ներկայացուցիչների բարձրացրած հարցերը, իսկ շուտով նաև կոնկրետ հարցադրումները սկսել են նյարդայնացնել նորելուկ երեսփոխաններին, և նրանք դիսկոմֆորտից սկսել են զայրանալ ներկաների վրա։

Թբիլիսիից մեզ փոխանցեցին, որ պատվիրակությանը ուղեկցել է Վրաստանում ՀՀ դեսպանը, և այդպես էլ չկայացած բաց և անմիջական քննարկումների պայմաններում դեսպանատան ներկայացուցիչները, ի դեմս դեսպանի, ամեն տեղ և ամեն առիթով նշել են, որ տիրապետում են ամեն հարցի և կլուծեն դրանք։ Հայկական համայնքից էլ փոխանցում են, որ այդ հարցերը օրավուր խորանում են, և ոչ մի լուծման մասին էլ խոսք չկա իրականում։ Ազգային-քաղաքական հողի վրա վիճակը հատկապես վատացել է հայաբնակ Ջավախքի շրջաններում, և շատ շրջանակներ այս երևույթը կապում են ՀՀ-ի և տարածաշրջանում հայկական գործոնի աննախադեպ թուլացման և առանց այդ էլ չափազանց թույլ ազդեցության լծակների իսպառ վերացման հետ։

«Զավեշտն այն է, որ մեծ ջանքերով բարձրացրած մեր որոշ հարցերին ի պատասխան՝ տիկին Նազարյանն ու իր պատվիրակության ներկայացուցիչները արձագանքեցին, որ այդ խնդիրները համայնքային են, և դուք պիտի դրանք լուծեք։ Այդ դեպքում՝ խա՞չ քաշենք ՀՀ պետության գոյության վրա, դա Մայր պետության բարձրագույն մարմնի ղեկավարի խո՞սք է, այս պատկերը խայտառակություն է, մեր ամոթը, ուրիշ ոչինչ։ Ցավում ենք, բայց այսպիսի պաշտոնյաների տեսնելով՝ մենք արդեն մտահոգ ենք ոչ միայն սփյուռքի, այլև ՀՀ-ի ապագայով։ Այսպիսի տոտալ անլրջության մենք երբևիցե ականատես չէինք եղել», - փաստում են վրաստանաբնակ մեր գործիչները։ Տեղում դեսպանի և այլոց հետ խնդիրներ չունենալու համար նրանք խնդրում են չնշել իրենց անունները և ավելացնում, որ Վրաստանում այսօր պետական մակարդակով իրաանացվող բազում ծրագրեր խստորեն մտահոգում են իրենց։ Դրանցից նրանք առանձնացնում են ՀՀ-ից բերվող գրքերի արգելքը, հայերենի դասաժամերի վտանգված լինելու իրողությունը, Ջավախքում մշակութային և հասարակական գործիչների հանդեպ իրականացվող հետապնդումներն ու անխնա վրացականացման քաղաքականությունը, ջավախահայության և ՀՀ-ի միջև հոգևոր-մշակութային կապի խզման քաղաքականությունը, ՀՀ-ից Վրաստան, մասնավորապես Ջավախք այցելող մտավորականների հանդեպ իրականացվող հետապնդումները, բազմաթիվ հայ  (այդ թվում նաև՝ ջավախահայ) մտավորականների և գործիչների՝ Վրաստան մուտքի արգելքները, հայ մշակութային ժառանգության, եկեղեցիների ու վանքերի յուրացումը, դրանք Վիրահայոց թեմին չփոխանցելը և այլն, և այլն։ Ցավոք, Նազարյանի պատվիրակությունը այս խնդիրների մասով եղել է բացարձակ անհաղորդ։

Այսպիսով՝ կարելի է եզրակացնել, որ ՀՀ նոր իշխանությունները ևս ոչ միայն ի զորու չեն օժանդակելու վիրահայոց օրհասական դարձած հիմնահարցերի լուծմանը, այլ նաև, ելնելով Լենա Նազարյանի այցի խճապատկերից, բացարձակ դիլետանտ են այդ հիմնահարցերի ընկալման և վրացական կողմի առջև հմտորեն բարձրացնելու կարևոր գործում։ Իսկ վրահայությանը, մասնավորապես՝ ջավախահայությանը, այսքանից հետո մնում է հույսը դնել սեփական ներուժի համախմբման վրա։

Հ.Գ. Yerkir.am-ը պատրաստ է հրապարակել նաև Վրաստանում ՀՀ դեսպանության և ՀՀ ԱԺ ՀՀ֊Վրաստան բարեկամական խմբի տեսակետները հրապարակման մեջ տեղ գտած փաստերի, բարձրացված խնդիրների և մտահոգությունների մասին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica