close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2019
-1°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.02
EUR1529.79
RUB17.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անիի միջնաբերդի պալատը

Հասարակություն

27 Սեպտեմբերի 2019, 16:59
 Անիի միջնաբերդի պալատը

Պալատի հատակագիծը

Այլ անվանումով՝ Բագրատունիների պալատը

Պատմությունը

Նկ․ 1 Պալատի արևմտյան ծայրը, որը, նայում է միջանցքի մուտքին, հատակագծի վրա (a) կետն է։

Անիի միջնաբերդի պալատը եղել է Անիի Բագրատունի թագավորների, նրանց իրավահաջորդների և, հնարավոր է նաև, նախնիների՝ Կամսարականների բնակավայրը։ Պալատն ավերված է․ հիմա այնտեղ թափված քարերի խառնաշփոթ է, պատերն էլ քանդված են։ Նիկողայոս Մառի կողմից Անիում սկսված պեղումներից առաջ՝ 1908 – 1909 թթ․, պալատից գետնի վրա շատ քիչ բան էր տեսանելի։

Պեղումներն աստիճանաբար երևան հանեցին արքայական պալատի հատակագծի մեծ մասը, որը բազմիցս վերակառուցվել է մինչև վերջնական լքվելը (հավանաբար 15-րդ դարի վերջին)։ Հետագայում այն թալանվել է՝ շինարարական նյութերի պատճառով։ Պեղումների ժամանակ հայտնաբերված ածխացած գերանները և այլ մնացորդներ ցույց են տալիս, որ պալատի մեծ մասն այրվել է։

Պալատի գլխավոր միջանցքը

Հատակագծում պալատը նեղ միջանցքով [b] բաժանված է եղել 2 մասի՝ հյուսիսային և հարավային․ միջանցքն ունեցել է 59 մետր երկարություն։ Պալատի գլխավոր մուտքը [a] գտնվել է այդ միջանցքի արևմտյան հատվածի վերջնամասում։ Մառը հայտնաբերել է, որ շքամուտքը շրջապատված է եղել սյուներով, նա գտել է կենդանիների քանդակներով քարասալեր, որոնք, հավանական է, ձևավորել են շքամուտքի գագաթը։ Միջանցքի հատակի տակ եղել է գաղտնի նեղ գետնանցում, որն անցկացվել է բնական ժայռի միջով։

Նկ․2 Մուտքից տեսարան միջանցքի երկայնքով, նեղ գետնուղին գտնվում է ներքևի մասում։

Երկու բացվածքները կապել են միջանցքը պալատի հյուսիսային հատվածի հետ։ Դրանցից մեկի արևելյան հատվածի վերջնամասը տարել է դեպի գավիթ [c], որն իր հերթին տարել է դեպի խաչաձև սրահ [d]։ Սրահը հատակը պատված է հարթեցված քարե սալերով և ունեցել է ուղղանկյուն կենտրոնական տարածք, որի թևերը տարածվել են սրահի բոլոր կողմերով (տե՛ս նկ․ 5)։ Արևմտյան, արևելյան և հյուսիսային թևերի հատակները բարձր են եղել կենտրոնական հատվածից։ Միջանցքի հյուսիսային հատվածում գտնվող մեկ այլ սենյակում հայտնաբերվել են դեկորատիվ սվաղի բեկորներ, այդ թվում՝ տերևանման հիմքի վրա կանգնած սիրամարգի քանդակը (տե՛ս վերևի ձախ նկարը)։

Պալատի բաղնիքը

Խաչաձև սրահի և միջնաբերդի հյուսիսային պատի միջև մի բաղնիք է եղել [e]:

Այդ բաղնիքն ունեցել է երկու հիմնական բաժիններ, որոնք միմյանցից առանձնանում էին նեղ սենյակով, որտեղ գտնվում էր տաք և սառը ջրերի ավազանը և մի կաթսա, որի մեջ տաքացվում էր ջուրը։ Բաղնիքի արևելյան բաժինն ուներ «հիպոկաուստ» համակարգով հատակ՝ հիմնված 6 սյուների վրա։ Այդ հարկը ծածկված է եղել ջրակայուն սվաղի հաստ շերտով։ Պատերը ևս սվաղված են եղել, ներկված կարմիրով և վրան եղել է տերևանման ձևավորում։

Բաղնիքի հատակագիծը

Բաժինների արևելյան պատի մեջ եղել են ուղղահայաց խողովակներ, որոնք օդափոխել են ստորգետնյա տարածքը։

Նկ․3 Կենտրոնական միջանցքը երկայնքով։

Բաղնիքի հյուսիսային և հարավային պատերի մեջ եղել են փոքր ավազաններ, որտեղ ջուր է լցվել պատերի մեջ ներկառուցված կավե խողովակներից։ Մեկ այլ խողովակաշար հեռացրել է ջուրը բաղնիքից, որոնք արևելյան բաժնի մուտքի տակից գնում էին դեպի միջնաբերդի բլուրի լանջ։

Փոքր կամարակապ մի բացվածք սկսվել է արևելյան բաժնից և տարածվել մինչև շքամուտք, որն իր հարավային պատին ուներ մի փոքրիկ լոգախցիկ։ Շքամուտքից մեկ այլ կամարաձև բացվածք տանում էր դեպի հանդերձարան, որն ուներ մի բարձր տարածք հանգստանալու համար։ Նեղ միջանցքը միացրել է հանդերձարանը արևմտյան հատվածին։ Մառը բացահայտել է մեկ այլ կավե խողովակաշար, որն հոսել է արևմտյան հատվածի տակով (տե՛ս նկ․ 7), իսկ հարվային հատվածի վերջում եղել է փոքր մի սենյակ՝ «հիպոկաուստ» համակարգ ունեցող հարկով, որը հիմնված է եղել 4 սյուների վրա։

 

Հանդիսությունների դահլիճները

Նկ․ 4 Պալատի սենյակների հիմքերը, որոնք երևում են հյուսիսարևմտյան դահլիճից։

Անիում Մառի գլխավորած պեղումները բացահայտեցին, որ պալատի հյուսիսային հատվածում եղել են հանդիսությունների երեք դահլիճներ՝ հյուսիսարևմտյան դահլիճը [f], արևելյան դահլիճը [g], և հյուսիսարևելյան դահլիճը [h]։

Դրանց հատակներն ավելի բարձր են եղել, քան պալատի մնացած մասը, և հավանական է, որ ավելի ցածր հատվածում գտնվող սենյակների հարթ տանիքները կազմել են ներքին բակ կամ ճեմուղի։

Մառի պեղումներից առաջ խնամքով կառուցված անհայտ շինության մի հատված տեսանելի է եղել միջնաբերդի բարձունքից (տե՛ս նկ․ 9)։ Հետագայում պարզվեց, որ այն հյուսիսարևմտյան դահլիճի միակ պահպանված հատվածն էր [f]։ Հայտնի չէ, թե երբ է այն քանդվել, անհայտ է նաև, թե ինչ պայմաններում է քանդվել (քանդվել է 1960-ական թթ․ սկզբին)։ Հյուսիսարևմտյան դահլիճն ունեցել է 20 մետր երկարություն, 10 մետր լայնություն և մի պատուհան, որից տեսանելի է եղել ողջ քաղաքը։ Ներսը գեղեցիկ ձևավորված է եղել, օգտագործել են միայն կամարների և որմնասյունների ճարտարապետական տարրեր․ չեն եղել ոչ մանրանկարներ, ոչ էլ այլ ձևավորումներ։

Նկ․5 Խաչաձև դահլիճը (d) Մառի պեղումներից հետո։

Հետագայում պալատի բնակիչները օգտագործել են դահլիճի հիանալի ինտերիերը իրենց առավել հիմնական կարիքները հոգալու համար՝ բաժանելով սրահը չորս սենյակների, որոնց համար անհրաժեշտ նյութերը բերվել են մյուս կառույցներից։

Արևելյան դահլիճը [g] բազիլիկի ձևն է ընդունել։ Այն կառուցվել է մի շարք կամարակապ սենյակների վերևում։ Այդ սենյակներում Մառը հայտնաբերել է բազմաթիվ ճարտարապետական և դեկորատիվ բեկորներ։ Այդ մասերի գոյությունը երևան է հանում, թե ինչքան ճոխ եղել դահլիճի ձևավորումը։ Փայտե սյուների երկու շարքերը դրված են եղել քարե հիմքերի վրա և կամարակալ են եղել փայտե կամարների համար։ Սյուները ձևավորված են եղել նկարներով, կամարների վրա եղել են փայտե քանդակներ։ Պատի եզրազարդը, որը նկարված է եղել փայտի վրա և շրջապատված է ոսկեզօծ վարդանախշերով, եղել է կամարակալի վերևում, որ պատկերված են եղել ազնվականներ, հնարավոր է՝ թագավորներ և թագուհիներ։ Վերևի աջ մասում գտնվող պատկերն այդ եզրազարդից մի հատված է ներկայացնում։ Փայտե առաստաղը ևս ունեցել է քանդակ և նկարազարդումներ։

Նկ․6 Նայում է դեպի պալատի բաղնիք (e)։

Դահլիճի պատերին եղել են որմնանկարներ, որոնց վրա պատկերված են եղել ծաղկանոցներ և մի խումբ ձիավորներ։ Սվաղի վրա հայտնաբերվել են այրվածքի հետքեր, այրված փայտի կտորներ, որ, հնարավոր է, պատուհանի շրջանակի բեկորներ են (տե՛ս ձախ կողմի նկարը)։ Այրված կտորներ ևս գտնվել են, որոնք, հնարավոր է, վարագույրի մաս եղած լինեն։

Մառը հետագայում գրեց․ «Արվեստի գործերը, որ հավաքվել են, բավարար էին հաստատելու համար, որ շինարարները մեծ եռանդ են դրել այս դահլիճի բացառիկ ձևավորման մեջ։ Անիի արքայական պալատի ոսկով պատված սենյակնրի մասին հին հայերենով պատմությունները մեզ թվացել են լեգենդար չափազանցություններ։ Մնացորդները, որոնք գտնվել են բազիլիկի նկուղային հարկում, թույլ են տալիս հաստատելու, որ դա լեգենդ չի եղել, այլ՝ ճշմարտություն»։

Մառը հայտնաբերել է, որ հյուսիսարևմտյան դահլիճի [h] մեծ մասը քանդվել է և թափվել միջնաբերդի լանջին․ մնցել են միայն դրա հյուսիսային հատվածի ցածր մասերը։

Նկ․ 7 Բաղնիքի արևմտյան սենյակի հատակում հայտնաբերված կավե խողովակներ։

Դահլիճի նկուղի մեծ մասը պահպանվել է, որի մեջ մեծ քանակությամբ սվաղված սալիկեր են հայտնաբերվել։ Այդ սալիկներից որոշների վրա եղել են բույսերի ձևավորումներ, մյուսների վրա պատկերված են եղել կենդանիներ, այդ թվում՝ եղնիկ և արջ։ Այդ սալիկները  բեկորներ են փլված դահլիճի ներքին ձևավորումից։ Սվաղված սալիկների մի մասը, այդ թվում՝ աջի վրայի նկարը, եղել են ճաղավանդակի մասեր, որի մեջ կային փոքր բազմակյուն բացվածքներ։ Այդ ճաղավանդակի մի մաստ հետագայում վերականգնվել է և դրվել Անիի թանգարանում (տե՛ս նկ․ 15)։

Մառի պեղումներից հետո հյուսիսարևելյան հատվածի վերջում պալատի տեսարանը զգալիորեն փոխվել է։ Պեղված տարածքի մի ընդարձակ հատված, ներառյալ՝ արևելյան դահլիճի մեծ մասը [g] և բաղնիքի մեծ մասը [e] լցվել են և վերածվել ցածր, հարթագագաթ թմբի։ Կա ենթադրություն, որ թուրքական վերահսկողության տակ անցնելու առաջին տարիներին միջնաբերդը եղել է փոքր ռազմակայան։ Այդ թումբը, հնարավոր է, կառուցվել է այդ այդ ռազմակայանին հիմք դառնալու համար։

Պալատի հարավային հատվածը

Պալատի հարավային հատվածի միայն մի մասն է հետազոտվել Մառի կողմից։ Կենտրոնական միջանցքից ավելի նեղ մի միջանցք տարել է դեպի մի ընդարձակ դահլիճ [i], որի հատակը պատված է եղել խնամքով կտրված քարե սալիկներով և որի պատերին տեղ-տեղ կային փոքր լվացարաններ։ Այնտեղ սյունով բաժանված մի խորը որմնախորշ կար, որը գտնվում է դահլիճի հարավային պատին։ Կար նաև դահլիճին կից մի սենյակ, որի հատակը ավելի բարձր է եղել, քան ողջ դահլիճը։ Մառը հայտնբերել է փայտե տախտակներ, որոնց վրա եղել են երկրաչափական պատկերներ և վանդանախշերի մոտիվներ, որոնք, ենթադրվում է՝ միջնորմ են եղել դահլիճի և կից սենյակի միջև։

Նկ․8 Բաղնիքի պատերին ամրացված կավե խողովակներ։

Դահլիճի հատակի տակ Մառը գտել է քարերով կառուցված ընդարձակ ջրամբար։ Այն բաժանված է եղել երկու կամարակապ խցիկների, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է չորս մետր խորություն, յոթ մետր երկարություն և երեք մետր լայնություն, դրանք միացված են եղել երկու կամարակապ բացվածքներով։ Նա հայտնաբերել է երկու ջրային խողովակաշարեր, որոնք միացել են ջրամբարին․ մի շարքում եղել են կավե խողովակներ, մյուսում՝ նեղ երկաթե խողովակներ։ Մառը ենթադրում է, որ ջրատար խողովակաշարը միջնաբերդի մուտքի տակով գնացել է դեպի ջրամբար։

Որոշ ժամանակ անց ջրամբարը դադարել է գործել և լցվել է հողով։ Ջրամբարում Մառի պեղումները զարմանալիորեն վնասակար են եղել, քանի որ պեղումների ժամանակ պետք էր քանդել դահլիճի ողջ հատակը։ Մառը հավանաբար ցանկացել է այնտեղ արվեստի գործեր գտնել։ Ջրամբարում նա հայտնաբերել են փայտե սյունի բեկորներ, որի վրա եղել է թագավորի պատկերով որմնանկար։

Նկ․9 Նիկողայոս Մառը լուսանկարվել է հյուսիսարևմտյան դահլիճի մնացորդներ կողքին։

Դահլիճի հյուսիսարևմտյան մասում եղել է բաց բակ [j]։ Այդ բակի արևելյան հատվածի վերջում կա մի կառույց, որը հայտնի է Պալատական եկեղեցի անունով [k]։

Անգլերենից թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net

ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
11 Դեկտեմբերի 2019, 15:05 ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
11 Դեկտեմբերի 2019, 13:39 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica