close
Եղանակը Երևանում
14 Հոկտեմբերի 2019
+8°
+21°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հոկ 2019
USD1476.73
GBP1596.06
EUR1525.36
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հակադաշնակցական շէյթանականութեան ընդհանուր բնոյթագիրը, արժէքն ու դերը

Քաղաքական

27 Սեպտեմբերի 2019, 15:17
 Հակադաշնակցական շէյթանականութեան ընդհանուր բնոյթագիրը, արժէքն ու դերը

Վերջերս Yerkir.am-ը հրապարակեց «Հայրենիք» ակումբի կողմից վերահրատարակված և 1992 թվականից կորած համարվող՝ Հայկ Ասատրյանի «Ցեղանենգ շէյթանը» գրքույկի՝ աշխարհում պահպանված միակ օրինակից մեկ հատված:

Ընդառաջելով ընթերցողների խնդրանքներին և առաջարկներին՝ Yerkir.am-ը որոշեց այդ գաղափարախոսական և բարոյագիտական արժեքով այժմ­ե­ական նշանակություն ունեցող գրքույկը հատվածաբար ներկայացնել ամբողջությամբ:

Հ.Գ. Նախորդ հատվածը ներկայացրել էինք որոշ կրճատումներով, այն այժմ հարկ համարեցինք ներկայացնել ամբողջացված տեսքով: Այդ պատճառով գրքույկի առաջին հատվածի այս հրապարակումը կարող է որոշ իմաստով կրկնել նախորդը:

Մեր կեանքում հին, շա՛տ հին երևոյթ է նա՝ ցեղանենգ շէյթանը: Ժամանակակից ըմբռնումով նա կոչւում է հակադաշնակցական: Անիծապարտ դարերը յղկեցին նրան, բևեռացրին իբր հոգեբանական իւրորոշ տիպ և մղեցին, որ անվերջ սողայ մեր կեանքի հետ՝ խայթելով մեզ և խեղկատակելով օտարին: Ժամանակների առաջընթաց հոլովոյթին զուգահեռ՝  նա ըստ ձևի կերպափոխութեանց ենթարկւեց, տարբեր անուններ ստացաւ, ըստ էութեան, սակայն, մնաց միշտ նոյնը՝ «անցեղ հայութեան» ստորնութեան յավիտենական գիծը, հակացեղային չարիքը:

Նա մեր մէջ է յարատևօրէն: Կրաւորական է, երբ ցեղը հոգևոր երկունքի կամ ռազմավառ խոյանքների մէջ է. դառնում է ներգործական,  երբ նա պարտւում է: Առաջին դեպքում՝ նա թաքնւում է մեր ազգային օրգանիզմում և իբր ներքին մակաբոյծ՝ ծծում մեր երակների կենսատու հիւթը: Երկրորդում՝ ջրօձի-հիդրա- նման բարձրացնում է իր հրէշային գլուխը, լեզու է առնում և խօսքի թունաւոր սլաքներով ձգտում է ծակոտել մեր սիրտը:

Նա դէմ է մեր ազգային իդէալին, երբ զոռ պայքարում ցեղի ճակատագիրն է վճռւում:

Նա դասալիք է, երբ Հայաստանում պատերազմ կայ:

Նա լիզում է թշնամու գարշապարը, երբ սա գալիս է մեր հպարտանքը, մեր ազատութիւնը ոտնակոխելու:

Նա դաւաճան է, երբ թշնամին ներքին լրտեսի պէտք ունի:

Նա քաղաքական կաւատ է, եթէ ցեղավաճառութեամբ ապրելու կամ դիրքի հասնելու կարելիութիւն է տեսնում:

Նա գետնաքարշ ստրուկ է, երբ հայրենիքում օտարն է իշխում:

Նա զազրաբան քննադատ է, երբ ցեղի մարտիկները պարտուած են:

«Խեթիչ եղջիւր» չունի այս թշւառականը (հայոց Աստուածը վաղուց փշրել է նրա կայէնական կոտոշները), այլ միայն թունաւոր լորձունք: Խոսքի ցեխ է թափում նա բերանից, աղտոտում մեր իրականութիւնը և օտար աշխարհի առաջ մեզ դարձնում ամօթահար:

Այն օրից, երբ թուրքն ու բոլշևիկը միանալով իրենց ոգու ցեխը փոխեցին մեր կեանքի ճանապարհին՝ այդ տիպը դարձաւ ո՛չ միայն կենտրոնախոյս, այլև ներազգային տեսակէտից՝ վճռաշունչ չարագործ:

Նա ա՛յն կատուն է, որ թոնիր է մտնում, երբ կրակ չկայ. խառնում է մեր կեանքի մոխիրը և թշնամուն մլաւում՝ «տեսէ՛ք, հայոց ցեղասպանութիւնն այլևս անթեղ չունի»:

Եւ տակաւին մեր միտքը չարչրկում է դարերի առեղծուածը՝ պիտի հոգեփոխւի՞ այս չէակը, դառնա՞յ դրական, ստեղծագործ ոյժ, ձուլւի՞ մեր ցեղայնութեան բովում, նւիրւի՞ համահայկականութեան գաղափարականին և գործին, միանա՞յ մեզ՝ մեր գոյութեան պայքարի ճակատն ամրացնելու:

Դաշնակցական ե՛նք՝ համահայկական և համահայաստանյան հոգեբանութիւն ունենք, չենք հաշտւում մեր հայրենիքի քաղաքական մասնատումի և մեր ժողովրդի աշխարհագրական ցրուածութեան փաստին, ձգտում ենք ամբողջական հայութեան և ամբողջական Հայաստանին և հասկանալի է, որ սոսկում ենք հայութեան հոգևոր պառակտումից և երազում ոչ միայն «ազգային միացեալ ճակատ», այլև համազգային անխզելի ուխտ: Ամաչում ենք մեր ժողովրդի ներքին տկարութիւններից. ձգտում ենք համացեղային ինքնահզօրացման: Չթաքցնենք. ամբողջական հայրենիքը վերանւաճելու, ցեղի որդիները իմի հաւաքելու, այսինքն՝ ազգային պետութիւն ստեղծելու ծրագիր էլ ունենք: Գիտե՛նք նաև, որ այդ ծրագրի իրականացումը պահանջում է ռազմա-յեղափոխական նոր շարժում, թերևս աւելի՛ քան համառ, դաժան և երկարատև պայքար, հոգևոր, բարոյական, մարմնական և նիւթական ուժերի կենտրոնացում և լարում: Ուզում ենք, որ մեր պայքարի ճակատը լայն լինի, շարքերը՝ խիտ, զինւորները՝ առատ.  գիտե՛նք, որ քանակն է աւելացնում որակի արժէքը:

Մեր իրաւունքն է հայ ժողովրդի խաւերից ռազմիկներ և ստեղծագործ ուժեր պահանջելը.  պահանջե՛նք, բայց չմոռանանք մի բան, ա՛յն, որ հոգեբանօրէն հակադաշնակցական տիպը ո՛չ մի դէպքում և ո՛չ մի ձևով դրական մասնակցութիւն ցոյց չի տալու մեր ոգորումներին կամ մարտնչումներին:

Արդէն պատմական անցեալում նա միայն խնայւել և պաշտպանւել է ցեղատիպ հայից, բայց երբե՛ք նրան դարձել վշտի և ռազմի եղբայր: Յիշե՛նք ամենաթարմ օրինակներից մէկը: 1919 թւականին, երբ ցեղատիպ հայն օրհասական ճիգեր էր թափում քաոսից ձև տալու պետական կեանքի կառոյցին՝ Վրաստանն ու Ադրբէյջանը, ի շարս այլոց, սկսեցին հետապնդել և պատժել հայ համայնավարներին: Վերջիններս դիմեցին Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան  գթութեան: Մեր կառավարութիւնը նրանց ո՛չ միայն հիւրընկալեց երկրի սահմաններում, այլև աշխատանքի և ապրելու կարելիութիւն ընձեռեց: Յետոյ (1920 թ. գարնան) պարզւեց, որ մեր հացով կշտացած և մեր գթութեամբ փրկուած այս թշւառականները Մոսկւայի լրտեսներն էին Հայաստանում՝ լրտես-դաւաճաններ, որոնք աշխատում էին յօգուտ բոլշևիկ-թուրք զինակցութեան և ի վնաս հայ ժողովրդի: Ահա՛, թէ ինչպէ՛ս է հատուցանում ցեղանենգ շէյթանը:

Բացի ապերախտութիւնից՝ այդ տիպն ունի նաև հոգեբանական այլ գծեր, որոնց շնորհիւ մեր ցեղամարտի համար դառնում է իսպառ անարժէք: Իբր օրինակ վերցնենք գաղութահայ հակադաշնակցական տիպը, «հոգեբանօրէն հնչակ-ռամկավարը» և ո՛չ թե մոլորուածը, որ մի օր անխուսափելիօրէն պիտի զղջայ, պիտի հասկանայ, որ չարաչար կերպով խաբւել ու շահագործւել է հակացեղային ջրօձից: Զուտ հնչակ-ռամկավար տիպը, այսինքն՝ հոգեբանօրէն հակադաշնակցականը չի սիրում առեղծուածներ, իսկ մեր պայքարի ելքը նրան թւում է առեղծուածային: Նա ապրում է ներկայի կոշտ փաստերով, իսկ ներկայի փաստերը դասաւորուած են ի վնաս մեզ: Նա նորատենչ էակ չէ և զուրկ է մեր արմենական ուժական և ուժապաշտ խառնուածքից, որով՝ իդէալի մասին հասկացողութիւն չունի:

Նա կայապաշտ է և չի ըմբռնում Ջիւանիի «փորձանք, հալածանք և նեղութիւն ազգերի գլխին՝ կուգան ու կերթան» իմաստասիրութեան էութիւնը, որով հաւատում է, որ բոլշևիկի և թուրքի տիրապետութիւնն, իբր ռէալ ներկայ, յավիտենական է: Նա պատմութիւնից գիտէ, որ մենք պարտուած ենք. անծանօթ է  մեր ոգու խռովքին և կարծում է, որ ընդմիշտ պարտուած կը մնանք: Նա անծանօթ է նաև մեր ոգու ներողական գծին. մենք նրա վրայ թողնում ենք շղթայակապ վագրի տպավորութիւն. նա վախենում է մտնել մեր վանդակը, որովհետև ինքը չար է, յիշաչար և հաւատացել է, որ զզւելի է դարձել մեզ:

Վերջապէս՝ նա անյաղորդ է հայ ցեղայնութեան. նա մեր ժողովրդի «անցեղ» մասն է, իսկ անցեղ ժողովուրդը խուժան է, բարոյական խեղկատակ:

Բարոյական խեղկատակը խաղաղութեան ժամին գռեհիկ տեսակի չարագործ է, վտանգի ժամին՝ սնասարսափ (պանիկական) դասալիք:

Զինակցե՞լ նրան, երբ մեզ պողպատէ սրտով և երկաթէ կամքով զինընկերներ են պէտք, որոնե՞լ նրան, երբ մենք վտանգի դուռն ենք բախում:

Նա սոսկում է մեր մտածումից, փախչում մեր ուրւականից. զբաղւե՞նք նրանով:

Նրանով զբաղւել՝ նշանակում է ո՛չ թէ մեր «մոլորուած եղբայրները» դարձի բերելու փորձ անել, այլ արտասահմանում, տակաւին, երկա՜ր ժամանակ կապիկ խաղացնել:

Այդ գիտեն մեր դատի թշնամիները, որոնք մթի մէջ ծափ են տալիս հայկական կապկախաղին. գիտէ նաև ինքը՝ պարող կենդանին, որ տհաճութիւն պատճառող խեղկատակութեամբ՝ ձգտում է ցրել մեր ուշադրութիւնը:

Հասկանա՛նք. արտասահմանում հայերի միջև թիւրիմացութիւն չկայ. չփորձենք զիրար համոզել և ժամանակ կորցնել. եղած կապկախաղը կազմակերպուած մի դաւ է մեր դատի դէմ և աւա՜ղ՝  յաջողուած դաւ:

Առաջին խրամատը, որից մենք արհամարհանքով պիտի անցնենք, հենց այդ կապկախաղն է: Թողնե՛նք, որ կապիկն ինքն իրեն պարի, մինչև որ թուրքն ու բոլշևիկն էլ ձանձրանալով լքեն նրան:

Ներկայ պայմաններում, երբ ցեղի երկաթեայ խարազանը չի գործում, խօսքով հազիւ թէ կարելի լինի այդ անամօթ կենդանուն մի բան հասկացնել:

Սխալւում են, չարաչար կերպով սխալւում բոլոր նրանք, որոնք ենթադրում են, թէ բանավէճը դաստիարակութեան այնպիսի մի մեթոդ է, որ կարող է կապիկից՝ առյուծ, վախկոտից՝ ռազմիկ, ազգադաւից՝ հայրենասէր, քաոսից՝ բարոյական հսկայ ստեղծել:

Սխալւում են նաև նրանք, որոնք գաղութային պայմաններում հաւաստում են ազգային ուժերի կենտրոնացման: Ներազգային միութիւնն ո՛չ թէ սոսկ բանական պահանջ է, այլ ամենից առաջ՝ կենսաբանական: Կենսաբանական պահանջները բաւարարւում են կենսաբանօրէն խառնուածքոտ «ես»-ի ներքին ուժի լարումով-ինքնապարտադրումով: Գաղութում մենք չենք կարող մեր ուժը պարտադրել հոգեբանօրէն տիրադաւ տարրերին, որոնք միայն երկաթեայ խարազանից են ազդւում և երբե՛ք համոզիչ խօսքից, որոնք զուրկ են ներցեղային բարոյականից և վաղուց ի վեր իրենց անունը գրել են դժոխքի պատին:

Ներազգային միութիւնը նախատեսում է միացուցիչ բռունցք: Այս բռնուցքը կարող է լինել բարոյական, եթէ տւեալ ժողովրդի կենտոնախոյս տարրերը բարոյական կշիռ ունեն. մտաւորական՝ եթէ նրանք իրենց սրտում ցեղային մշակոյթի գծեր են կրում. հոգևոր՝ եթէ նրանք հոգևոր ոգորումից իսպառ զուրկ չեն. նիւթական՝ եթէ նրանք սոսկական փերեզակներ չեն. քաղաքական՝ եթէ նրանք ազգային պետութիւն կառուցանելու տենչ ունեն: Իսկ ո՞վ չգիտէ, որ մենք գործ ունենք հոգով փերեզակ, մտածումով՝ ստրուկ, բարոյականով՝ անկշռելիօրէն ընկած, աշխարհահայեցողութեամբ՝ իսպառ բոպիկ, քաղաքական դաստիարակութեամբ՝ հիմնովին սնանկ մի խուժանի հետ:

Նա կարող է միայն ֆիզիկական բռունցքով յաղթահարւել. իսկ ո՞վ ասաց, որ պատմական առաքելութիւն, քաղաքական համացեղային իդէալ և այնքա՜ն արտաքին թշնամիներ ունեցող մի ժողովրդի կազմակերպուած ուժը կարող է իրաւունք համարել ՝ իր եռանդի ահագին մասը վատնել անուղղայ և ամե՛ն դէպքում ցեղօրէն անշահ ներքին հակառակորդի յիմարության կոտոշները փշրելու կամ յղկելու ճակատին:

Ամբողջ 10 տարի մենք փորձեցինք հայ բոլշևիկներին վտանգը մատնանշել և ազգայնօրէն ողջախոհ քաղաքական մի ըմբռնում ներշնչել՝ Հայաստանը մեկ թզաչափով իսկ չընդլայնւեց, իսկ համահայկական զանգուածային ներգաղթը դարձաւ ցնորք:

Աւելի քան 10 տարի միութիւն քարոզեցինք՝ արտասահմանում ազգային միութեան գործը մէկ քայլով առաջ չգնաց:

Արդի՞ւնքը. կորովի աւելորդ սպառում, մտքի ահագին վատնում, սրտի մաշում, յուզում, վէճ ու պառակտումի խորացում, իսկ ամենասոսկալին՝ յեղափոխական գործունէութեան տկարացում՝ արտաքին ճակատում, քաղաքական կամքի ու ուշադրութեան ցրում՝ ներքին ճակատում:

Իսկ շէյթա՞նը. նա մնաց շէյթան:

Ախտաճանաչե՛նք. այդ թշւառագոյն չէակը ունի-չունի մի բորոտ հոգի ունի, որ քանի՛ քերես՝ այնքա՛ն կեռայ:

Խոստովանւենք, որ մեր դեղերը չեն ազդում, իսկ մեր ձեռքերը չաղտոտենք.  նա այդքան կարեկցանքի արժանի չէ՛: Թողնե՛նք, որ ինքը քերի սեփական ոգու բորը: Ցեղօրէն ոչի՛նչ կը կորցնենք, եթէ նրա եղունգներն իսպառ բթանան:

Չմոռանա՛նք, սակայն, զգոյշ լինել: Նա Ս. Կարապետի աւանդական կաղ դևը չէ, որ պարտականութիւն է ստանձնել վանքի փոշին ու մոխիրը «թափել», այլ մեր կեանքի անագորոյն շէյթանը, որ նպատակ է դարձրել մեր վառելանիւթը գողանալ և իր հոգու հետ՝ հայութեան գոյութեան թշնամիներին ծախել:

Շարունակելի....

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica