close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2019
+4°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2019
USD1477.94
GBP1627.63
EUR1530.13
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հայոց տունը ամուր հիմքերի վրա պիտի ստեղծենք»,- ասում է Գրիգոր Խանջյանը

Այսպես է խոսել «Երկիր»-ը

27 Սեպտեմբերի 2019, 12:10
 «Հայոց տունը ամուր հիմքերի վրա պիտի ստեղծենք»,- ասում է Գրիգոր Խանջյանը

Yerkir.am- ը ներկայացնում է ԽՍՀՄ վաստակավոր նկարիչ, ակադեմիկոս Գրիգոր Խանջյանի ծավալուն հարցազրույցը, որը, որպես վերանկախացող Հայաստանի մասին հայ մտավորականի մտորում, տպագրվել է «Երկիրի» էջերում ճիշտ անկախության հանրաքվեի օրը՝ 1991 թ. սեպտեմբերի 21-ին:

-Պրն Խանջյան, մեր ժողովրդի համար ճակատագրական ու բախտորոշ ժամանակներում ենք ապրում և յուրաքանչյուրս մեր անելիքներն ունենք այս պայմաններում: Բայց, անկասկած, այս պարագայում վճռական խոսքը պատկանում է մտավորականությանը: Ո՞րն է հայ մտավորականի դերն այսօր:

-Որպեսզի բնութագրենք մտավորականի դերն այսօր, ըստ երևույթին, անհրաժեշտ կլինի մի քիչ հետ գնալ և առհասարակ մտավորականի մասին խոսել:  Ցավոք, մեր ժամանակներում բավականին հարձակումներ եղան նրանց վրա՝ մեղադրելով այն բանում, որ նրանք պասիվ, հայեցողական դիրք ունեն:  Անհնար է համաձայնել այդ կարծիքի հետ, դա ճշմարտությանը չի համապատասխանում: Արվեստագետները միշտ էլ եղել են այն դիրքերում, ուր տեղի են ունեցել հայ ժողովրդի, նրա առաջադեմ, մտածող, գործող ու դատող թևի զանազան խմորումները: Այո, իհարկե, կարելի է նաև մոտենալ ուրիշ կերպ, որ իբր թե ժամանակին ընդվզումներ քիչ են եղել, պայքարը տիրող ռեժիմի դեմ ցցուն չի եղել:  Այս էլ ճիշտ չէ:  Եթե միայն հիշեք այն արվեստագետների և մտավորականների թիվը, որոնք զոհվեցին Հայաստան երկրում այս 74 դժնդակ տարիների ընթացքում, այո, արդեն շատ խոսուն փաստ է, անուններ թվարկելն իմաստ չունի: Կային, իհարկե, արվեստագետներ, որոնք ուղղակի ծառայում էին ժամանակի գաղափարախոսությանը: Բայց քիչ չէր այն արվեստագետների թիվը, որոնք այլաբանորեն ընդվզում էին կարգերի դեմ և միջոց էին գտնում իրենց խոհերը, երազանքները, ցանկությունները արտահայտելու:  Այդ ամենը հաճախ կռահում էին և անմիջապես խոչընդոտում՝ չցուցադրել, չտպագրել, չներկայացնել, չերգել և այլն: Բայց բոլոր դեպքերոմ 74 տարիների ընթացքում մեզ՝ հայերիս, մի փոքր հնարավորւթյուն տրվեց առաջ մղելու երկիրը, նրա մշակույթը, գիրն ու գրականությունը, ստեղծելու գործեր, որոնք ժամանակների համար արժեք կունենան: Ո՞վ չգիտեր, որ բռնապետական է այս երկիրը: Բոլորս էլ գիտեինք: Ո՞վ չէր ծածուկ խոսում այդ մասին, բոլորս էլ խոսում էինք: Նրանք, ովքեր հստակ ու վստահ փորձում էին պայքարել, նետվում էին բանտեր կամ ոչնչացվում:  Բայց կար նաև մի ուրիշ ճանապարհ. արվեստագետներն ունեն զենքեր, որոնք երբեմն ծածուկ շատ ավելին էին ասում  քան բացահայտ:  Կարող էի ընդզել ու բանտարկվել, բայց այդ դեպքում երևի ափսոս կլիներ, եթե չստեղծվեր իմ «Վերք Հայաստանին», «Անլռելի զանգակատունը», «Հայոց այբուբենը», «Վարդանանքը», «Սասունցիների պարը»: Դրանք իմ ժամանակակիցների հոգին մշակում և հղկում էին հայրենասիրական զգացումներով:  Թող ոչ ոք չհպարտանա այն բանով, որ ինքը շուռ տվեց այս կարգեր, որ ինքը դարձավ այս կառուցվածքի քանդվելու պատճառը:  Կառուցվածքն ինքը հասավ մի կետի, որ պիտի քանդվեր: Եվ հենց քանդելու պահին ի հայտ եկան նաև գործիչներ, որոնք պատրաստ էին դուրս գալ քաղաքական ասպարեզ: Մենք պետք է գոնե այն բանի համար շնորհակալ լինենք Գորբաչովից, որ լավ պատկերացնելով, թե ուր կտանի վերակառուցումը, հրապարակայնությունը, ժողովրդավարությունը, մեզ հասցրեց այս ծանր, շատ դժվարին բայց բաղձալի ժամանակներին: Եվ ահա այս պարագայում պիտի ասեմ, որ արվեստագետները քիչ դեր չունեցան: Սակայն միմյանց չխաբենք, լինենք ճշմարիտ. մտավորականը՝ մտավորական, մշակույթի գործիչը՝ մշակույթի գործիչ, քաղաքական գործիչը՝ քաղաքական գործիչ: Կա մի պահ, որից հետո, ըստ երևույթին, արվեստագետը, եթե վստահ է, որ երկրի, ժողովրդի բախտն իրենց ձեռքն են վերցրել ազնիվ քաղաքագետները, կարող է հետ քաշվել՝ արդեն իր մասնագիտությամբ օգտակար լինելու ժողովրդին: Որովհետև որքան էլ ես նվիրյալ հայրենասեր լինեմ, մեծ ցանկություն ունենամ օգտակար լինելու ուղղակիորեն, այնուամենայնիվ, իմ հիմնական գործը նկարչությունն է, որի մեջ, բոլոր դեպքերում, շատ ավելի ուժեղ եմ, քան իբրև քաղաքական նվիրյալ: Բայց սա չի նշանակում, որ մեզ համար, իբրև ազգի և նրա նպատակների ջատագովների, քաղաքական ասպարեզում այլևս անելիքներ չկան: Պարզապես ճիշտը հասարակական ասպարեզ իջնելն է: Եթե հիշում եք, երբ դեռ գոյություն ուներ Խորհրդային Միություն հասկացությունը, մեր հանրաքվեն մեծ հարցականի տակ էր, որովհետև պայքար էր գնում «այո»-ի և «ոչ»-ի միջև: «Այո»-ն ինչ կբերի մեզ, և «ոչ»-ը ինչ կտա մեզ: Եվ այս պարագայում, անշուշտ, մտավորականներն ու մշակույթի գործիչները անելիքներ ունեին:  Սակայն կա մի ճշմարտություն ևս. մշակույթն ավելի խոսուն և ներգործող է լինում, երբ մարդկանց սոցիալական պայմանները քիչ թե շատ ապահով են:  Որովհետև սոված մարդուն հայրենասիրական երգերով չես կերակրի, լավագույն դեպքում նրա դեմքին մի ժպիտ կհայտնվի, բայց ոչ ավելին: Ուստի այսօր չափազանց դժվար է մեր խնդիրը՝ գտնել մարդկանց ոգևորելու և հուզելու այն ճանապարհները, որոնք այսօր էլ կարող են գործուն լինել:  Ցավոք, մեր օրերում կայծակային արագությամբ են տեղի ունենում անկռահելի երևույթների փոփոխությունները: Եվ հնարավոր է, որ այսօր ես համոզված հաստատեի մի բան, որ վաղը այլևս կարող է ուժ չունենալ: Իսկ արվեստում ենթադրությունները գործուն չեն:  Արվեստում հաստատ շեշտավորված երևույթներ են, որ ավեստագետի կողմից ընկալվում են, մշակվում նրա հոգու, սրտի, տրամաբանության մեջ և նորից վերադարձվում ժողովրդին: Եթե այն իսկապես հաջողված է, ուրեմն կարող է մնայուն լինել բոլոր  ժամանակների համար:

-Վերջին շրջանում մեզանում նկատվում են երևույթներ, որոնք լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս: Մեր ժողովուրդը ասես մոռացել է բարոյական բարձր չափանիշները, մարդիկ տարվել են նյութապաշտությամբ, համատարած առևտրով: Կարծում եմ՝ պատճառը միայն առօրյա դժվարությունները չեն: Ի՞նչ եք մտածում այդ մասին:

-Այս հարցն իսկապես մտահոգում է բոլորին: Պիտի ասեմ իմ սուբյեկտիվ կարծիքը, որն ընդհանուր առմամբ իմ ընկալումների արդյունք է: Ես համոզված եմ, որ բոլոր ժողովուրդները բոլոր  երկրներում նման իրավիճակում ավելի լավը լինել չեն կարող: Դա արդեն ժամանակի թելադրանքն է, նրա ֆակտուրան: Մենք ապրում ենք մի ամբողջատիրական համակարգում, ուր ամեն ինչ վերածված է ստանդարտի՝ խոսքը, նկարները, երգերը ունեին մի ձև ու բովանդակություն: Խոսքն ընդհանուր գաղափարախոսության մասին է: Եվ նրանք, ովքեր փորձում էին մի քիչ աջ ու ձախ գնալ, արդեն համարվում էին «օրենքից դուրս» և չէին ընդունվում: Փաստորեն, մենք ինչ-որ տեղ կարծես ինկուբատորային բնույթի մարդիկ լինեինք: Սա հրեշավոր մի բան է, որը հակառակ է բնությանը: Մարդն այդպես չի ծնվում, յուրաքանչյուր մարդ գալիս է իր աշխարհով, իր լեզվով,իր հոգեբանությամբ։ Եվ նա պիտի հնարավորություն ունենա այդ ամենը դրսեւորելու,այլապես նա մտնում է պատյանի մեջ, դառնում բոլորի նման եւ երբ հանկարծ խոսելու,գործելու ազատություն է ստանում,այդ ազատությունը կարող է հազար ու մի ձեւերի մեջ մտնել։ Այդպես եղել է աշխարհի բոլոր երկրներում. ե՛ւ փողոցում են վաճառում,ե՛ւ անկյունում,ե՛ւ տանը՝ բացահայտ եւ ծածուկ։ Ամեն բան անում են,որովհետեւ նպատակը մեկն է՝ դուրս գալ ծանր իրավիճակից։ Մեկը,որ գիտակից է,զուսպ է անում այդ ամենը,մյուսը՝ որ պակաս գիտակից է,ավելի անհագորեն է վարվում,եւ սկսվում են այն տձեւությունները,որոնց մենք այսօր ականատեսն ենք։ Սակայն այս ամենը կհղկվի,կշտկվի,երբ սկսվի իսկական մրցույթ,որը գուցեեւ դաժան,բայց անհրաժեշտ պայքար է։ Աշխարհը այդ պայքարի վրա է հիմնված. մարդը փորձում է իր մտքի,ունակությունների աշխատանքի շնորհիվ անել ավելին,քան կողքինը։ Ամենակատարյալ երկրներում նույնիսկ կան կյանքի կնճռոտ կողմեր, կան եւ կլինեն,որովհետեւ մարդը այդպես է ծնվում. մեկն աշխատում է իր քրտինքով ձեռք բերել հանապազօր հացը, մյուսը՝ թալանում է։ Հենց դրա համար էլ աշխարհում կա օրենք, եւ որքան խիստ է օրենքը պահպանվում տվյալ ազգի եւ պետության կողմից, այնքան ավելի կատարյալ է երկիրը։ Մարդն իր բանականությամբ արգելքներ է դրել անմարդկային,անընդունելի երեւույթների վրա եւ պիտի տեր կանգնի այդ արգելքներին։ Դա նաեւ նրա խղճի թելադրանքն է,իսկ այն,ինչ խղճով է արվում,չի կարող անմարդկային լինել։ Եվ ես հավատում եմ՝ կգա մի օր,որ մեր ազգն էլ կհասնի այն մակարդակին,որ ունեն աշխարհի շատ առաջադեմ ժողովուրդներ,այո, կլինի այդ, այլ կերպ անհնար է։  

- Մոտենում է այն պատմական օրըերբ հայ ժողովուրդն իր «այո»-ն կասի անկախությանը։ Բայց սա կլինի միայն փաստի արձանագրումըիսկ ինչպե՞ս եք պատկերացնում անկախության իրական գործընթացը։

- Ինչպես ասացինք,ժամանակն այնպիսի կայծակնային արագությամբ է առաջ ընթանում,որ մենք չենք կարողանում կռահել,թե ինչ կբերի մեզ վաղվա օրը։ Օրեր առաջ իմ բարեկամներին, մտերիմներին, այն մարդկանց, որոնք ընդունում ու հարգում են իմ խոսքը,ես ուզում էի համոզել,որ պետք է Այո՛ ասել։ Այսօր արդեն դրա անհրաժեշտությունը չկա, եւ սա ինքը ժամանակն է թելադրում։ Չկա Միությունը,որի կազմում մնալու «այո»-ն կամ «ոչ»-ն ենք ասելու։ Դարեր շարունակ ազատություն ենք տենչացել,այսօր այն պետք է հաստատենք ազգովին՝ որպես իրավական փաստաթուղթ։ Դա անհրաժեշտություն է ոչ այնքան մեզ համար, որքան այն պետությունների, որոնք դժվարությամբ, բայց միեւնույն է, պետք է ընդունեն եւ ճանաչեն մեր անկախ հանրապետությունը։ Այո՛, հանրաքվեն միայն բարոյական կողմն է, ազգի արժանապատվության չափը շոշափելի դարձնող փաստը։ Շատ ավելի դժվար է այն իրագործելը։ Նրանք,ովքեր կարծում են,որ մենք կասենք «Այո», եւ վաղը բոլորն անմիջապես կճանաչեն մեր անկախությունը, սխալվում են, այդպես չի լինելու։ Յուրաքանչյուր ազգ, որքան էլ խոսի բարոյականությունից, ազնվությունից, մարդասիրությունից, ունի իր շահերը, որոնց հաճախ չի համապատասխանում մեր ազատ ու անկախ լինելը։ Եվ նա պատճառներ ունի այդ ինքնիշխանությունը չճանաչելու։ Բարեբախտաբար, 20-րդ դարը ազատության հասած շատ երկրների պատմությամբ է հարուստ։ Եվ ես հույս ունեմ,որ մենք՝ հայերս, պիտի կարողանանք այս անգամ արդեն վերջնականապես տեր դառնալ մեր ճակատագրին,մեր ազատությանն ու անկախությանը։ Ինչո՞ւ,որովհետեւ դարերի պատմության ընթացքում մեր ժողովուրդը կարողացել է ստեղծել այնպիսի արժեքներ,որոնք կարող են ընդունվել աշխարհի ժողովուրդների կողմից իբրեւ մարդկային հոգու՛ խղճի թելադրանքի խոշոր գործեր։

-Պատմական ամենադժվարին ժամանակներում մեր ժողովրդին փրկել են բարոյական հաղթանակները։ Այդպիսի հաղթանակի անհրաժեշտությունը կա նաեւ այսօր։ Մեր ազգային խառնվածքի ո՞ր գծերը պետք է արթնանան ժողովրդի մեջ հաղթելու համար։

- Բարոյական հաղթանակը բոլոր ժողովուրդների համար անհրաժեշտություն է,քանզի դա է,որ ուժ է տալիս, նաեւ՝ ֆիզիկական նվաճումների համար։ Դժբախտաբար, պատմության մեջ մեր բարոյական հաղթանակներն ավելի շատ են եղել, քան ֆիզիկականները։ Մեր օրերում մեզ խոհեմություն, միասնություն եւ համբերություն է պետք, տաքարյունությունը կործանարար կլինի։ Թերեւս այսօր բուռն քննարկումներ ու բանավեճեր են գնում եւ միանգամից բազմաթիվ կուսակցություններ ծնվեցին։ Շատ լավ,թող լինեն։ Բայց թող նրանք իրենց գործունեության հիմնական խնդիրները մի քիչ պահեն,մինչեւ մեր տան հիմքերը ամուր կլինեն։ Ես ուրիշ առիթով ասել եմ եւ ուզում եմ կրկնել, տունը չի կարելի տանիքից սկսել,տունը կառուցվում է հիմքերից։ Մենք այսօր լրջորեն պետք է զբաղվենք հիմքերն ամրացնելով, այլապես մի երկրաշարժ կարող է նորից մեզ ցնցել։ Որպեսզի այդ չլինի, մենք մեր տունը՝ հայոց տունը, միասնական ուժերով պիտի ստեղծենք։ Ուրեմն իմ հարգելի բարեկամները թող հապաղեն մի քիչ։ Կուսակցական պայքարի համար հետո շատ ու շատ ժամանակ կունենանք, եւ ով կապացուցի, որ իր կուսակցության ծրագրերը շատ ավելի առաջադեմ են ու ազգօգուտ, ժողովուրդը նրան էլ կընտրի ՝ այս կամ այն հատվածում ղեկավարելու իրեն։

Զրույցը վարեց Ն. Ալեքսանյանը     

«Երկիր», 1991 թ., սեպտեմբերի 21, թիվ 20


yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica