close
Եղանակը Երևանում
1 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կգա, կտեսնի, կհեռանա. օրակարգային ճգնաժամ հայ-ռուսական հարաբերություններում

Քաղաքական

25 Սեպտեմբերի 2019, 16:30
 Կգա, կտեսնի, կհեռանա. օրակարգային ճգնաժամ հայ-ռուսական հարաբերություններում

Հոկտեմբերի 1-ին Երևանում նախատեսվում է ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական նիստը, որին մասնակցելու են անդամ երկների նախագահները, այդ թվում` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նիստից հետո անցկացվելու է կոնֆերանս, որին հրավիրված են Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Սինգապուրի վարչապետ Լի Սյան Սուն և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: Հայաստանի համար, որը սեփական առաջարկով է անցկացնում ԵԱՏՄ նիստը երկրում, նոր հորիզոններ կարող են բացվել՝ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումներով: Բացի այդ՝ Ռուսաստանի և Իրանի համար հարմար առիթ է՝ քննարկելու համագործակցության նոր ոլորտներն ու զարգացումները:

Ինչքան էլ, որ մեզ բարեկամ համարվող Իրանի նախագահի այցը շատ կարևոր է թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումներով, այնուհանդերձ, գլխավոր ուշադրությունը սևեռված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին: Հայկական լրատվամիջոցները վերջին օրերին շրջանառում են լուրեր, ըստ որոնց՝ Պուտինի այցը լինելու է մի քանի ժամով, նույն օրն էլ հեռանալու է Հայաստանից: Նմանատիպ քայլերը համարվում են դիվանագիտական ժեստ՝ ցույց տալու համար այլ երկրի իշխանությունների քաղաքականության հետ անհամաձայնությունը:

2018 թ. մայիսին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններում որոշակի խութեր սկսեցին նկատվել: Հայաստանի իշխանությունների արևմտամետ դիրքորոշումը, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի նկատմամբ ռուսական կողմի ակնհայտ բացասական վերաբերմունքը,  ՀՀ ՊՆ նախկին ղեկավար գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանին և նախկին պատգամավոր, ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին Ռուսաստանի չհանձնելը, ԵԽԽՎ-ում Ռուսաստանի՝ ԵԽԽՎ վերադարձի քվեարկության ժամանակ գրանցված անհեթեթությունը (Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը «սխալմամբ» դեմ քվեարկեց, իսկ իշխող կուսակցության այլ պատգամավորներ չմասնակցեցին քվեարկությանը, կողմ էին քվեարկել միայն Նաիրա Զոհրաբյանն ու Էդմոն Մարուքյանը), ռուս ընդդիմադիր գործիչ Վիտալիյ Շիշկինի՝ Հայաստանում ապաստան գտնելու լուրերը ցույց են տալիս, որ այս 1.5 տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերություններն այլևս բարձունքում չեն, թեև նոր իշխանություններն ամեն կերպ փորձում են հակառակում համոզել:

Yerkir.am-ի հետ զրույցում տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանը նշեց, որ դրանք քաղաքական խաղեր են, և Հայաստանի ու Ռուսաստանի շահերը կարող են այս պահին համընկնել կամ ոչ, բայց դա ընդհանուր ստրատեգիական տրամաբանությունը չի կարող փոխել և խորքային առումով ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա. «Կան հստակ շահեր: Ռուսաստանն իր շահերն է տանում, իսկ Հայաստանը փորձում է վերադասավորել իր շահերը՝ ըստ դրա, ու  վերաճշգրտել իր դիրքորոշումները: Ռուսաստանի համար շատ ավելի ցավոտ կլինի Հայաստանի հետ խնդիրներ ունենալը, առավել ևս՝ եթե դրանք կրեն խորքային, համակարգային բնույթ, քան Հայաստանի համար, որովհետև, եթե մի օր Ռուսաստանը կորցնի իր ազդեցությունը Հայաստանի վրա, վստահաբար կարող ենք ասել, որ Հարավային Կովկասը ամբողջությամբ դուրս կգա Ռուսաստանի քաղաքական, ռազմական ազդեցության տակից: Իսկ ԱՄՆ-ը, Եվրոպան շատ ակտիվ աշխատում են այդ ուղղությամբ: Ռուսաստանի իշխանությունները հաշվարկել են դեպքերի նման զարգացումը և կանեն ամեն ինչ, որպեսզի հարաբերությունները կարգավորվեն»:

Դեռևս չի խոսվում, որ Պուտինի՝ Երևան այցելության շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպում: Մեզ հետ զրույցում քաղաքագետ Գևորգ Ղուկասյանը նշեց, որ նախ և առաջ Պուտինի հայաստանյան այցի նպատակը ԵԱՏՄ նիստին մասնակցելն է և պետք չէ կապել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ, բայց նման այցերը շատ հարմար են միջպետական հարաբերություններ քննարկելու համար:«Եթե Պուտինը գալիս է Հայաստան և մասնակցելու է միայն ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին, կարող ենք խոսել հայ-ռուսական հարաբերություններում օրակարգային ճգնաժամի մասին: Եթե երկու երկրների ղեկավարները միմյանց հետ քննարկելու բան չունեն, կարող ենք փաստել, որ Հայաստանի-Ռուսաստան հարաբերություններում բարձր մակարդակի երկխոսությունը, փաստորեն, գրեթե բացակայում է, քանի որ, հակառակ դեպքում, ստեղծված է պատեհ առիթ: Դաշնակից պետությունների պարագայում  հանդիպելու նման առիթը բաց չեն թողում»,- նշեց քաղաքագետը:

Գևորգ Ղուկասյանը նշեց, որ նման հարաբերություններ միայն Ռուսաստանի հետ չեն և փաստեց որ, աշխարհի բոլոր ուժային կենտրոնների համար Հայաստանի արտաքին քաղաքականությունը անկանխատեսելի է: «Ոչ ոք չի ցանկանում շփվել անկանխատեսելի արտաքին քաղաքականություն ունեցող երկրի հետ: Օրինակ՝ ԱՄՆ-ի հետ որևէ բարձր մակարդակի երկխոսության փորձ հիշո՞ւմ եք: Մեկ-երկու երկխոսության փորձ կատարվել է ԵՄ ղեկավարության հետ, ընդ որում՝ ևս անփառունակ վախճանով: Այսինքն՝ խնդիրը միայն ռուսական ուղղությամբ չէ, կա ընդհանուր օրակարգային ճգնաժամ: Արտաքին քաղաքակության մեջ այս իշխանությունները չեն կարողացել տեսլական առաջարկել, օրակարգ ձևավորել»,- հավելեց նա:

Հիշեցնենք նաև, որ Հայաստան այցելությունից 2 օր հետո՝ հոկտեմբերի 3-ին, Սոչիում տեղի կունենա Վալդայան ակումբի նիստը, որին մասնակցելու են Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը, Ղազախստանի նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաևը, Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որոնց հետ, ըստ Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի, տեղի կունենան երկկողմ հանդիպումներ: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Պուտին-Ալիև հանդիպման առաջնային թեմաներից է լինելու Արցախյան հակամարտությունը: Այն, որ Ռուսաստանի համար Ադրբեջանը կարևոր օղակ է՝ հետզհետե ահագնացող պատժամիջոցների ֆոնին, ակնհայտ է, և Ռուսաստանը փորձում է առավելապես տնտեսական օգուտներ քաղել Ադրբեջանից:

Ներկայիս պայմաններում կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունն էլ ավելի խորացնի Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները, այլապես, սեփական պոչի հետևից ընկնելով և Ռուսաստանի հետ հարաբերություններին վնաս հասցնելով, կարող ենք հետագայում կանգնել էլ ավելի լուրջ մարտահրավերների առջև:

Արգամ Եղիազարյան

Հրդեհ Մասիս քաղաքում
31 Հուլիսի 2021, 16:43 Հրդեհ Մասիս քաղաքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica