close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2019
+12°
+22°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2019
USD1476.44
GBP1598.27
EUR1525.85
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամուլսարը դասադուլից պայթում է, «Իմ քայլը»՝ լռում

Հասարակություն

20 Սեպտեմբերի 2019, 16:16
 Ամուլսարը դասադուլից պայթում է, «Իմ քայլը»՝ լռում

Ուս ուսի՝ քոչարիով ու հատուկ Ամուլսարի կամավորների մասին գրված երգերով,  «Ամուլսար՝ միայն սար» գրությունը պաստառներին ու վանկարկումներում, «Լիդիան Արմենիա»-ի անունը ջնջած ու կողքին գրած՝ «Պահպանենք Հայաստանը կործանումից», Ջերմուկի և հարակից Կեչուտ և Գնդեվազ համայնքների դպրոցականներն այսօր սկսեցին նախապես հայտարարած դասադուլը՝ դեմ արտահայտվելով Ամուլսարի հանքի շահագործմանը:

«Ամուլսարն առանց հանքի, մենք ենք տերը մեր երկրի» վանկարկումներով նրանց  միացան մյուս բնակիչները՝ արձանագրելով. «Մենք ուզում ենք, որ Ջերմուկում հանք չշահագործվի և չի շահագործվելու»:

Մի քանի ժամ հոծ երթով նրանք անցան Ջերմուկի փողոցներով՝ ուշադրություն հրավիրելով իրենց պահանջին:

Բնակիչներն իրենց խաղաղ անհնազանդության մասին տեղյակ էին պահել դեռևս 10 օր առաջ. Ջերմուկում բաց քննարկման ժամանակ նրանք կառավարությանը 10 օր ժամանակ էին տվել, որպեսզի այդ ընթացքում որոշվի Ամուլսարի ճակատագիրը: Նրանց պատկերացմամբ՝  Ջերմուկում հանքարդյունաբերության էջն արդեն փակ է:

«Այսօրվա դասադուլն ապացույցն էր այն բանի, որ մենք համախմբված ենք, կարող ենք միասնական արդյունքի հասնել»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը:

Նա նշեց, որ հայտարարել են՝ երկուշաբթի այլևս դասադուլ չի լինի: «Կսպասենք կառավության քայլին: Ողջունելի կլինի, եթե լավ քայլ արվի: Եթե՝ ոչ, այսինքն՝ կփորձեն ուժի կիրառմամբ ճանապարհները բացել, ապա  դրան նույնպես պատրաստ ենք»,- ասաց բնապահպանը:

Շիրակ Բունիաթյանը չի բացառում, որ ճանապարհները բացելու համար ոստիկանությունն  ուժ կկիրառի, նրա համար կանխատեսելի չէ, թե ՀՀ կառավարությունն իրեն ինչպես կդրսևորի:

«Երբ վարչապետը պաշտոնապես հայտարարում է, որ իրենք պետբյուջեից 400 հազար դոլար են հատկացրել փորձագիտական խումբ վարձելու համար, և տրված եզրակացությունը պետք է լինի կառավարության որոշման հիմնաքարը, իսկ հետո ELARD-ը սկայպ-կոնֆերանսի ժամանակ հայտարարում է, որ տվյալ ՇՄԱԳ-ով անհնար է հանքը շահագործել, բայց կառավարությունը շարունակում է պնդումները, որ հանքը պետք է շահագործվի, կարծում եմ՝ դա լրիվ քաղաքական որոշում է»,- ասաց նա:

Ջերմուկի հարակից համայնքի՝ Գորայքի բնակիչ, նախկին համայնքապետ Առուստամ Առուստամյանը, սակայն, հակադրվում է բնակիչների տեսակետին: Yerkir.am-ի հետ զրույցում նախկին համայնքապետը նշեց, որ հանքի շահագործման մասին միշտ էլ դրական է արտահայտվել:

«Եթե ցանկանում են Ամուլսարը չշահագործել, այդ տրամաբանությամբ պետք է Հայաստանի բոլոր հանքերը փակվեն, քանի որ այն նախագծային առումով, ՇՄԱԳ-ի մակարդակով բոլորից բարձր է, շահագործող մարդիկ էլ ավելի քաղաքակիրթ են, քան մնացած հանքերի շահագործողները»,-ասաց նա:

Նրան  ևս 2 համայնքների ղեկավարների հետ տարել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ ու ցույց տվել, թե  ինչ պայմաններում են հանքերը շահագործվում: «Ամերիկայում 7 հանքավայրում եմ եղել, երբ մեր կանայք առավոտյան բակերն ավլում են, ավելի շատ փոշի է բարձրանում, քան այնտեղի հանքերում՝ պայթեցումներից»,- ասաց Առուստամ Առուստամյանը:

Նախկին համայնքապետի դիրքորոշումը, Yerkir.am-ի տեղեկություններով, պատահական չէ. հստակ տվյալներ կան, որ ում վրա հնարավոր է՝ կոմպրոմատներ են հավաքել և փորձում են ստիպել, որ ոչ միայն իրենք կողմ արտահայտվեն հանքի շահագործմանը, այլև համոզեն բողոքող բնակիչներին:

Ի վերջո, ի՞նչ լուծում կտրվի խնդրին, կանի՞ կառավարությունը Ջերմուկի և հարակից համայնքների բնակիչների մատանշած քայլը:  Հարցախույզ արեցինք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների շրջանում:

Պատգամավոր Հրաչ Հակոբյանն անտեղյակ էր խնդրին, Լենա Նազարյանն ու Լիլիթ Մակունցը հեռախոսազանգերն անջատեցին, Սոֆյա Հովսեփյանը մեկնաբանություն չտվեց՝ պատճառաբանելով, որ Ջերմուկում այսօր տեղի ունեցածին ծանոթ չէ, Նիկոլայ Բաղդասարյանի պատասխանը նախորդների նման էր՝ հավելումով, որ հանքի շահագործման հարցում կիսում է «Իմ քայլը» խմբակցության տեսակետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ամբողջացրեց պատկերը՝  խնդրին ծանոթ են, կվերլուծեն, ապա համապատասխան հայտարարությամբ հանդես կգան:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica