close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2019
+4°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վաուչերային սեփականաշնորհման դասերը

Նախագծեր

19 Սեպտեմբերի 2019, 17:08
 Վաուչերային սեփականաշնորհման  դասերը

Առաջին մասը՝ այստեղ:

Երկրորդ մասը՝ այստեղ:

Երրորդ մասը՝ այստեղ:

Չորրորդ մասը՝ այստեղ:

Հինգերորդ մասը՝ այստեղ:

Վեցերորդ մասը՝ այստեղ։

Յոթերորդ մասը` այստեղ,

Ութերորդ մասը՝ այստեղ։

Իններորդ մասը՝ այստեղ:

Տասներորդ մասը՝ այստեղ,

Տասնմեկերորդ մասը՝ այստեղ,

Տասներկուերորդ մասը՝ այստեղ

Պետական ունեցվածքն արագ տարրալուծելու նպատակով Հայաստանում ընտրվեց,այսպես կոչված,վաուչերային սեփականաշնորհման մեխանիզմը։ Իշխանությունն այնքան ոգեւորվեց սեփականաշնորհման այդ ձեւից,որ անգամ, դրանց մի մասը չմարած,նաեւ նոր վաուչերներ տպագրեց։ Իհարկե,դրանք այդպես էլ չմտան շրջանառության մեջ,իսկ պետությունը մի քանի հարյուր հազար դոլարի վնաս կրեց։

Հետագայում տարբեր պետական կառույցների ուսումնասիրությունները փաստեցին,որ ձեռնարկությունների ձեռք բերման համար վճարման միջոց է ընդունվել ավելի շատ վաուչեր, քան բաշխվել է։ Խոսքը լրացուցիչ շուրջ 40 հազար հավաստագրի մասին է, որի գումարն այն ժամանակ կազմում էր շուրջ 1.5 մլրդ դրամ։

Թե որտեղից էր հայտնվել այդքան վաուչեր,այդպես էլ պարզ չդարձավ։ Բայց փաստ է,որ դրանով կարելի էր ձեռք բերել բավական պատկառելի գույք։ Դրանում համոզվելու համար ուղղակի նշենք,որ սեփականաշնորհման առաջին փուլում 20 վաուչերով կարող էր վաճառվել մի ամբողջ պանրի գործարան։  Դժվար չէ հաշվել,թե ինչ կարելի էր ձեռք բերել շուրջ 40 հազար վաուչերով։

Մինչեւ 1997թ. կամ երեք տարվա ընթացքում Հայաստանում սեփականաշնորհվել է 1252 խոշոր եւ միջին ձեռնարկություն, ինչպես նաեւ 6356 փոքր օբյեկտ։ Այլ կերպ ասած՝ պետական ունեցվածքի կեսից ավելին իրացվեց հիմնականում վաուչերով, ընդ որում՝  դրանք մեծ մասամբ հայտնվեցին պատահական մարդկանց ձեռքին,որոնք չունեին ո՛չ ծրագիր, ո՛չ պարտականություն, ո՛չ էլ ստացած արտադրական հզորությունները գործարկելու ցանկություն։

Առաջադրելով բացառապես սեփականատերերի խավի ձեւավորման խնդիր,իշխանությունները երբեմն ընդունեցին պետության ու հասարակության համար խիստ վնասակար օրենքներ եւ կառավարական որոշումներ։ Անգամ այդ պայմաններում սեփականաշնորհումն իրականացվեց օրենքի կոպիտ խախտումներով։

1994-1996 թթ. սեփականաշնորհվեց ավելի քան 500 ձեռնարկություն,դրանց կանոնադրական հիմնադրամը նվազեցվեց 40-50 տոկոսով։ Այնինչ գործող օրենքը միանշանակ ամրագրում էր,որ բաց բաժանորդագրության ժամանակ «չվաճառված բաժնետոմսերը մնում են պետության սեփականություն եւ գտնվում են պետական ունեցվածքի հաշվառման եւ ապապետականացման վարչության տնօրինության տակ»։ Այլ կերպ ասած՝ դրանք պետք է շարունակեին մնալ պետական սեփականություն եւ պիտի ստեղծվեին պետական մասնակցությամբ ընկերությունները։ Բայց անտեսելով օրենքի այս պահանջը՝ ձեռնարկությունների բաժնետոմսերը, առանց հիմնավորման,ամբողջությամբ  հանձնեցին նոր տերերին,որոնք մեծ մասամբ իշխանությանը մոտ կանգնած մարդիկ էին։

Փաստորեն, վաուչերով վճարելով ձեռնարկությունների գնահատված արժեքի միայն մի մասը, նրանք անհատույց տեր դարձան նաեւ մյուս մասին։ Պետության ունեցվածքն ուղղակի նվիրվեց իշխանությանը մոտ կանգնած այս կամ այն խմբավորմանը կամ անհատներին։

Այս ամենից հասարակությունն ու պետությունը ոչինչ չստացան։ Փոխարենը որոշ մարդիկ ավելացրին  իրենց կարողությունները,որի հետեւանքով էլ երկրում շատ արագ ձեւավորվեց սոցիալական խորը բեւեռացում։ Մի կողմում հայտնվեցին նորօրյա հարուստները,որոնք կազմում էին բնակչության 1-2 տոկոսը,իսկ մյուս կողմից մարդիկ,որոնք հնարավորություն չունեին լուծելու անգամ հանապազօրյա հացի խնդիրը։

Այսպիսի գործունեության համար որեւէ մեկն այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց,որովհետեւ դրանում շահագրգռված չէր իշխանության «էլիտան»։ Վերջինս լուծում էր ընդամենը մի խնդիր՝ ապահովել երկրում սկսված իշխանափոխության անշրջելիությունը։ Դրան հասնելու ճանապարհին նա պատրաստ էր ամեն ինչի,որն էլ հանգեցրեց երկրի տնտեսության արագ քայքայմանը եւ գոյություն ունեցող հզորությունների ոչնչացմանը։ Բայց,որ դրանք կային, ընդ որում՝ շատ ավելին էին,քան նախկին Խորհրդային միության այլ հանրապետություններում, փաստ է:

Սեփականաշնորհումը պաշտոնյաների աչքերով

Սեփականաշնորհման տխուր հետեւանքների մասին կարելի է երկար խոսել։ Բայց որպեսզի պատկերն ավելի ամբողջական լինի,բերենք մինչեւ 1998թ. տարբեր պետական պաշտոններ զբաղեցրած մի քանի տնտեսագետների գնահատականները սեփականաշնորհման առաջին փուլի վերաբերյալ։ Դրանք տրվել են 1998 թվականին։

 Վահագն Խաչատրյան

ԱԺ պատգամավոր, տնտեսական հարցերով Լ. Տեր-Պետրւսյանի խորհրդական՝ մինչեւ հրաժարականը

-Սեփականաշնորհման նպատակներից մեկն էր ապահովել սեփականաշնորհման դաշտը,ստեղծել մասնավոր տնտեսավարողների խավ։ Բայց դրանից հետո տարվող աշխատանքը զրո դարձավ։ Այսինքն՝ եթե մտածում էինք,որ, այդ մարդկանց թթվածին տալով, կարող էինք թողնել ազատ շնչել,պարզվեց միայն դա բավարար չէ. կա լրացուցիչ թթվածնի կարիք։ Զանգվածային սեփականաշնորհումից հետո պետք էր նաեւ պետական հովանավորչություն առանձին ճյուղերի նկատմամբ,որը չեղավ։ 1996թ.կարող էինք դա անել,բայց չարեցինք,մտանք ուրիշ խաղերի մեջ։

Վահրամ Ավանեսյան

Տնտեսական եւ կառուցվածքային բարեփոխումների նախարար,մինչ այդ՝ էկոնոմիկայի նախարար

-1990-1991թթ. հողի սեփականաշնորհումից հետո 2-3 տարի դադարեցվեց սեփականաշնորհման գործընթացը, եւ այդ ընթացքում կողոպտվեց պետական ունեցվածքը,պետությունը հսկայական վնասներ կրեց։ Սեփականաշնորհման ամենակոպիտ սխալը գործընթացի դանդաղեցումն էր։ Իսկ պատճառն այն էր,որ տիրապետող քաղաքական ուժը չկարողացավ մինչեւ վերջ տանել իր սկսած այդ գործընթացը՝ վախենալով քաղաքական քննարկումներից եւ շահարկումներից։ Սա համարում եմ նաեւ իմ սխալներից մեկը։

Էդվարդ Սանդոյան

Ֆինանսների եկ էկոնոմիկայի նախարար

-Սեփականաշնորհումը գործընթաց էր՝ համապատասխան փուլերով հանդերձ: Եթե նայում ենք հետադարձ հայացքով, ապա կարող ենք ասել,թե ամբողջությամբ սխալ է եղել։ Բայց այդպես չի կարելի գնահատել,որովհետեւ այն փուլային է եղել։ Առաջին փուլում,ըստ էության, սոցիալական հավասարության սկզբունքով վերաբաշխման,բարեփոխումների անդարձելիության խնդիր էր դրված,որին եւ հասել ենք։ Այլ խնդիր է,թե ինչ մեթոդներով կամ ձեւերով։ Այսօր տեսնում ենք,որ վաուչերային սեփականաշնորհումը սխալ էր։ Այն ժամանակվա հայացքով գուցե դա էր ճիշտ ճանապարհը, բայց որ բազմաթիվ դեպքերում աբսուրդի հասանք,միանշանակ է։

Իսկ ամենակոպիտ սխալը սեփականաշնորհման գործընթացում ծրագրային մոտեցման բացակայությունն էր։ Ավելի ճիշտ կլիներ իրականացնել անվճար վերաբաշխում,բայց լիներ ծրագրային մրցույթ։ Չէր կարելի հաշվի չառնել,որ տվյալ անձը, դառնալով սեփականատեր, չի կարող գործարկել իր սեփականությունը,չունի ծրագիր։ Սա էր ամենակոպիտ սխալը։

Պավել Ղալթախչյան

Սեփականաշնորհման նախարար

-Շատ կոպիտ սխալներ չեմ տեսնում։ Բայց սխալներ շատ են եղել այն հաշվով,որ զանգվածային սեփականաշնորհումը մեկ տարվա փոխարեն երեք տարի ձգվեց։ Այն պետք էր շատ արագ անել։ Մյուս հանգամանքն այն է,որ երեւի թե ձեռնարկություններն ավելի լավ պետք է ուսումնասիրվեին, նախապատրաստվեին սեփականաշնորհմանը։ 

Շարունակելի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica