close
Եղանակը Երևանում
14 Հոկտեմբերի 2019
+17°
+21°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հոկ 2019
USD1476.73
GBP1596.06
EUR1525.36
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարչապետի վարկանիշը շարունակում է անկում ապրել, և նա ուժայինների ղեկավարներին դիտում է որպես հիմնական մրցակիցներ. «Փաստ»

Քաղաքական

19 Սեպտեմբերի 2019, 10:38
 Վարչապետի վարկանիշը շարունակում է անկում ապրել, և նա ուժայինների ղեկավարներին դիտում է որպես հիմնական մրցակիցներ. «Փաստ»

«Դեռևս անցած շաբաթվանից մամուլում լուրեր էին տարածվում կառավարությունում սպասվող պաշտոնանկությունների մասին։ Նշվում էր, թե նախարարներին չի հաջողվում լեզու գտնել վարչապետի հետ՝ վերջինիս հախուռն բնավորության պատճառով:

Եվ անսպասելիորեն առաջինը հրաժարական տվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Սակայն Վանեցյանի հրաժարականից հետո էլ պաշտոնանկությունների վերաբերյալ խոսակցությունները չդադարեցին։

Այս անգամ խոսք էր գնում արդեն ուժային մյուս կառույցների՝ ՊՆ-ի և ոստիկանության ղեկավարների սպասվող պաշտոնանկությունների մասին։ 

Անվտանգության խորհրդի վերջին նիստից հետո հայտնի դարձավ, որ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, քանի որ վարչապետը դժգոհ է ոստիկանապետի աշխատանքից։

Իսկ հաջորդ օրը ոստիկանապետի հրաժարականի լուրը հաստատվեց, սակայն պաշտպանության նախարարի հրաժարականի լուրը չհաստատվեց, քանի որ նախարար Դավիթ Տոնոյանը հերքեց այն։

Այնուամենայնիվ, հանրության համար այս անսպասելի պաշտոնանկությունները բազմաթիվ հարցերի տեղիք են տալիս, որոնցից գլխավորն այն է, թե ինչո՞վ է պայմանավորված ԱԱԾ-ի և ոստիկանության ղեկավարների պաշտոնանկությունը։ Քաղաքացիների մեծամասնության համար և՛ Արթուր Վանեցյանը, և՛ Վալերիյ Օսիպյանը ընդունելի գործիչներ էին, ու առաջին հայացքից հասկանալի չեն այն պատճառները, թե ինչու են նրանք հեռանում իրենց զբաղեցրած պաշտոններից։

Թերևս այս երկու ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները ավելի խորքային պատճառներով են պայմանավորված։

Որոշ փորձագետների գնահատմամբ, ներկայումս, երբ վարչապետի վարկանիշը, ըստ տարբեր գնահատականների, շարունակում է անկում ապրել, վերջինս ուժային կառույցների ղեկավարներին դիտում է որպես իր հիմնական մրցակիցները։

Ուստի ազատվելով նրանցից՝ վարչապետը հնարավորություն է ստանում իշխանական համակարգում մնալ որպես ամենաբարձր վարկանիշն ունեցող անձը և իշխանական բուրգն առավել վերահսկելի, հնազանդ ու կամակատար դարձնել։

Ի վերջո, որպես ԱԱԾ-ի և ոստիկանության պետերի հրաժարականի մյուս պատճառ՝ մամուլում քննարկվում է նաև այն տարբերակը, թե վարչապետը դժգոհ է նրանց աշխատանքից, քանի որ այդ պաշտոնյաներին հաջողվում էր քիչ թե շատ պահպանել իրենց ինքնուրույնությունը, իսկ վարչապետին պետք են այնպիսի ղեկավարներ, որոնք հլու-հնազանդ կատարելու են իր կամքը՝ առանց հակադրության նշույլի, որքան էլ այդ կամքը սխալ կամ ընդգծված հակաօրինական լինի։ 

Իսկ կամակատար ղեկավարները չեն կարող արժանանալ հասարակության հարգանքին, քանի որ իրենց հիմնական գործը լինելու է «աթոռի համար դողալը»:

Այսպիսի անսպասելի հրաժարականները առաջին նշաններն են իշխանական համակարգում նկատվող ճաքերի, քանի որ, ելնելով իշխանության ներսում առկա տրամադրություններից, վտանգ կա, որ ուժային երկու կառույցների ղեկավարների պաշտոնները կարող են վստահվել կարծիք չունեցող, ծայրահեղական անձանց, որոնք համակարգի ներսում հավասարակշռությունը պահպանելու փոխարեն կարող են տարերային և անկանխատեսելի քայլերի գնալ, որպեսզի արժանանան վարչապետի վստահությանը, ինչպես նաև հասարակության շրջանում իշխանության վարկանիշը պահելու համար նորանոր շոուներ բեմադրեն՝ բոլոր ծանրագույն հետևանքներով։

Պատահական չէ, որ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է այն օրենսդրական նախագիծը, որով ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները դառնում են քաղաքական։ Առաջարկված փոփոխության համաձայն՝ ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ կարող է նշանակվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: 

Երբ կընդունվի օրենքն ամբողջությամբ, դեռևս պարզ չէ: Այնպես որ, չի բացառվում, որ առայժմ բավարարվեն պաշտոնակատարներով (թե՛ բառիս բուն, թե՛ փոխաբերական իմաստով), մինչև օրենքի ընդունումը:

Իսկ դա արդեն նշանակում է ԱԱԾ-ի և ոստիկանության թուլացում, քանի որ այդ կառույցները կարող են հետագայում ղեկավարել անվտանգությունից, հասարակական կարգի պահպանումից և այս կառույցների առանձնահատկություններից գաղափար չունեցող զուտ քաղաքական անձինք, ինչը բազմաթիվ վտանգներ է պարունակում և կարող է թանկ նստել մեր պետության վրա։

Այդուհանդերձ, հուսանք, որ վարչապետը կկարողանա ռացիոնալ որոշումներ ընդունել: Ընդ որում, ոչ միայն այս պահին:

Հ.Գ.-Ուշագրավ է, որ այս պաշտոնանկությունները տեղի ունեցան վարչապետի՝ «Սասնա ծռերի» հետ հանդիպումից հետո»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica