close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոնֆլիկտ՝ ԱԱԾ-ում. ի՞նչ կոմպրոմատ ունի Գուրգեն Եղիազարյանը

Քաղաքական

18 Սեպտեմբերի 2019, 15:53
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոնֆլիկտ՝ ԱԱԾ-ում. ի՞նչ կոմպրոմատ ունի Գուրգեն Եղիազարյանը

Ռուսաստանի զինվորական փակ հաստատություններից մեկի՝ մի գործարանի տնօրենի՝ Սիմոնյանց ազգանունով, նշանակումը ԱԱԾ պետի պաշտոնում, ԱԱԾ արխիվի փոխադրումը Սմոլենսկ, այնուհետև տեղափոխումը Հայաստան, ՀՀՇ-ի օրոք տեղի ունեցած բախումը անվտանգության համակարգում, որը փոխել է երկրի ընթացքը և հանգեցրել այնպիսի աղետի, ինչպիսին Հոկտեմբերի 27-ն է. այս և ԱԱԾ ներկա իրողությունների զուգահեռների մասին Yerkir.am-ը բացառիկ հարցազրույց է վարել ազգային անվտանգության նախարարի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի հետ, որն այդ համակարգում է եղել 1976 թվականից:

Եվս մեկ բախում ԱԱԾ-ում եղել է ՀՀՇ-ի իշխանության օրոք՝ 1995-ին. Գուրգեն Եղիազարյանը պատմեց, որ հենց այդ բախման պատճառով էլ ինքը աշխատանքից ազատման դիմում է գրել ու հեռացել համակարգից։

«Ես հարց էի դրել, որ որոշ մարդիկ պետք է պատժվեն: Ասացին, որ քաղաքական որոշում պետք է կայացնեն, ես նստեցի, գրեցի և դուրս եկա»,-ասաց նա:

Թե ինչ բախում էր, չցանկացավ մանրամասնել, միայն ասաց՝ մասնակիցներից 3-ն արդեն հանգուցյալ են, այդ պատճառով էլ նրանց մասին չի խոսի, որովհետև հանգուցյալները չեն կարող պատասխան տալ: Նրանցից մեկը, Եղիազարյանի խոսքով, բավական հայտնի մարդ էր, և այդ բախումը շատ վատ հետևանքներ ունեցավ երկրի համար:

«Եթե այդ բախումը չլիներ, ես համոզված եմ, որ շատ ուրիշ բաներ չէին լինի, որ հետո եղան: Օրինակ՝ շատ վատ դեպքեր չէին լինի»,- ասաց նա: Ճշտող հարցին՝ նաև Հոկտեմբերի 27-ը չէ՞ր լինի, պատասխանեց. «Դա՝ մեկ»:

Հոկտեմբերի 27-ի արմատները հասնում են 1995 թվակա՞ն՝ հարցին, Եղիազարյանն արձագանքեց. «Հա, էնտեղից սկսվեց, իմ չափանիշներով՝ էնտեղից մենք այլ ուղղությամբ շարժվեցինք, դեպի ուրիշ տեղ գնացինք»: 

Նա Մարտի 1-ն այդ բախման հետ չի կապում, ասում է՝ դա ածանցյալ էր ուրիշ բանից: Միայն թե համոզված է՝ այն, ինչ այսօր ցանկանում են ներկայացնել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ոչ մի կապ չունի Մարտի 1-ի հետ:

«Կապ ունի Սորոսի և Նիկոլի անձնական թշնամության հետ: Նա 1 տարի 3 ամիս առաջ հայտարարեց, որ Մարտի 1-ն ամբողջությամբ բացահայտված է, հիմա բա չասե՞մ՝ Նիկո՛լ, ո՞ւր ա այդ բացահայտումը, կա՞ գեթ 1 մարդասպան»,- ընդգծեց Գուրգեն Եղիազարյանը:

ԱԱԾ-ում կադրային խնդիրը, նրա դիտարկմամբ, միշտ ակտուալ է: Դեռ ՀՀՇ-ի փաստացի իշխանության տարիներին՝ 1990-ին, Ռուսաստանի զինվորական փակ հաստատություններից մեկի՝ մի գործարանի տնօրենի՝ Էդուարդ Սիմոնյանց անունով, բերեցին Հայաստան ու նշանակեցին ԱԱԾ պետ. միայն մի քանի տարի պաշտոնավարեց:

«Հայ էր, ինժեներ էր, որ աշխատում էր դրսում: Էդ էլ մինչև վերջ չեմ կարող ասել, թե ինչո՞ւ են դրսից բերել, ՀՀՇ-ի մեր կադրերն էին հրավիրել Սիմոնյանցին աշխատանքի: Հավանաբար, 55 տարեկան էր: Մարդ էր պետք, որը գաղափար ունի՝ ինչ բան է աշխատանքի կազմակերպում: Սիմոնյանցը աշխատանք էր կազմակերպել, փակ հաստատությունում աշխատող տնօրենի փորձ ուներ, գիտեր՝ ինչ բան է գաղտնի գործակալությունը,  կառավարման փորձ ուներ: Ոստիկանության, ԱԱԾ-ի մենեջերը պետք է իմանա՝ ինչ բան է կառավարումը»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:

Հենց 1990 թ.-ի մասին էլ լուրեր կան, որ Հայաստանի ԱԱԾ արխիվը տարել ու ոչնչացրել են: Ոչնչացնելը Գուրգեն Եղիազարյանը հերքում է, բայց ասում է՝ այդ տարի ՀՀ ԱԱԾ արխիվը տեղափոխել են Սմոլենսկ:  

«Քանի որ երկիրը գտնվում էր լուրջ փոփոխությունների շեմին, բնական է, որ հատուկ արխիվը, որում պահվում են նաև գործակալների գործերը, մինչև Սովետական Միությունը կհանձներ իր դիրքերը, ԱԱԾ արխիվը ոչ միայն Հայաստանից, այլև այլ հանրապետություններից տեղափոխվեց Սմոլենսկ: Այն հիմնական գործերը, որոնք կապված էին մարդկանց ճակատագրի, կենսագրության հետ»,- ասաց նա:  

Արդյո՞ք Սմոլենսկում չեն զտվել և կարևորագույն փաստաթղթեր ոչնչացվել, որոնք այսօր նոր լույս կսփռեին Խորհրդային Հայաստանի և, ընդհանրապես, Հայաստանի պատմության շրջադարձային իրադաձությունների վրա, Եղիազարյանը վստահեցնում է՝ 1995-ին իրեն հաջողվել է զգալի մասը հետ բերել Հայաստան. «Այսօրվա ԱԱԾ-ում կան բավարար գործեր»:

Ի՞նչ հանգամանքներում է բերել, թաքցնում է՝ գաղտնիության պատճառաբանմամբ:

Քանի որ ԱԱԾ-ում այսօր էլ կադրային խնդիր կա, ինչո՞ւ Գուրգեն Եղիազարյանին չեն հրավիրում այնտեղ աշխատելու՝,պատասխանում է. «Ո՞ւմ... Ինձ չեն կարող հրավիրել, որովհետև ես չեմ գնա:  Ինչպե՞ս կարող է Նիկոլը իմ շեֆը լինել, լա՞վ եք պատկերացնում: Ես կարող եմ Նիկոլի շեֆը լինել»:

Ճշտող հարցին՝ գուցե կոմպրոմատներ ունեն իր վրա, Գուրգեն Եղիազարյանը հակադարձեց. «Եթե կոմպրոմատներ ունենային, հիմա դուք կիմանայիք, և շուտվանից աշխատեցրած կլինեին: Էն որ ելույթ է ունենում՝ կփռենք ասֆալտներին, պատերին-մատերին… Միգուցե ե՞ս կոմպրոմատ ունեմ»:

«Արդյո՞ք իսկապես  կոմպրոմատ ունի Փաշինյանի վրա» հարցին պատասխանեց. «Դրա մասին կիմանաք, երբ առաջին անգամ կհնչի իմ վերաբերյալ կոմպրոմատը»:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջադրած և առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծը, որով մտադիր են ԱԱԾ տնօրենի պաշտոնը քաղաքական դարձնել և տարիքային շեմն իջեցնել մինչև 25 տարեկան, Գուրգեն Եղիազարյանին մտահոգել է: «Դուք լա՞վ եք պատկերացնում՝ 25 տարեկան երիտասարդը նստած է սեղանի գլխին, այնտեղ հավաքվել են օպերատիվ վարչության պետեր, նրանց տեղակալներ՝ մինիմում մայորից գնդապետ, կյանքի փորձով, և նստած է մի անփորձ դեղնակտուց, որն իրենց շեֆն է. արդեն աշխատանքային կոլեկտիվը պատրաստ է կոնֆլիկտի: Իսկ նրանց կոնֆլիկտը կարող է երկրի կողքից դուրս գալ»,- ասաց նա:

Եղիազարյանին չի զարմացնում, որ Փաշինյանի համար շահավետ օրինագիծը ներկայացրել է ընդդիմադիր համարվող խմբակցությունը: «Ինձ համար նույնն են՝  այս երկուսով էլ մինչև իշխանության գալը, օրինակ, պաշտպանում էին ընտանեկան բռնությունը: Ընտանեկան բռնությունը Ստամբուլյան կոնվենցիայի նախերգանքն է: Ատամներով պաշտպանում էին, որովհետև արդեն կոնտակտը կար. այս թեթև բաժանումն ինձ համար առ ոչինչ է»,- նշեց նա: 

Գուրգեն Եղիազարյանը համարում է, որ Արթուր Վանեցյանը սպայի պատվին համապատասխան քայլ կատարեց՝ ասելով՝ «Կանգ առ», և նրա հրաժարականի պատճառներից մեկն էլ կարող է լինել հենց նշված օրինագիծը:

«Իհարկե, ունեմ ենթադրություն. կապված էր Ամուլսարի հետ, կապված էր նրա հետ, որ ցանկանում էր առանց ԱԱԾ-ի տնօրենի անցկացնել այդ օրենքի նախագիծը, որ գրվել է հաստատ առանց Արթուր Վանեցյանի: Ի՞նչ է նշանակում՝ բանակում չծառայած՝ իր պես, ինքը ցանկանում է, որ բոլորը բանակում ծառայած չլինեն, մորթապաշտների թիմ ա հավաքում»,- ասաց նա: 

Եղիազարյանին վրդովեցրել է կառավարության նիստում վարչապետի հրահանգը Արթուր Վանեցյանին՝ գնալ՝ ՀԴՄ-ներով զբաղվել. «Ա՛յ խելոք, ի՞նչ ՀԴՄ, այս վիճակում կարելի ա՞ ԱԱԾ աշխատակցին ուղարկել ՀԴՄ-ով զբաղվելու, հա՞»:

Նա նշեց, որ կոմունիստների իշխանության տարիներին էլ, երբ տեսնում էին՝ որևէ կադրի ոչ մի տեղ չեն կարող օգտագործել, ասում էին՝ գնա դրամարկղային մեքենայի չեկերը ստուգիր: «Հիմա սա ուղղորդում ա, որ իր ասածը լինի: Ասենք, թե մի ախմախ բան ասել ես, պիտի լինի, հա՞, դա»,- ասաց Եղիազարյանը:

Նրա դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանին ոչ մի հրաժարական ձեռնտու չէ, բայց նա պահի անձնավորություն է. «Պահի տակ ինքը ստեղծում է «պլան Բ»-ի իր կազմը: «Պլան Բ»-ն վարչապետի աթոռն իր մարմնին զոդելն է»:

Ավելի մանրամասն՝ տեսանյութում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica