close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2019
+12°
+22°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2019
USD1476.44
GBP1598.27
EUR1525.85
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամուլսարի շահագործումը ոչնչացնելու է նաեւ վտանգված տեսակների ապրելավայրը. WWF Հայաստան

Հասարակություն

17 Սեպտեմբերի 2019, 16:10
 Ամուլսարի շահագործումը ոչնչացնելու է նաեւ վտանգված տեսակների ապրելավայրը. WWF Հայաստան

WWF Հայաստանը (Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ) պաշտոնական հայտարարություն է տարածել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման վերաբերյալ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրը գտնվում է կենսաբազմազանության առումով կարեւոր վայրերից մեկում, ներառյալ «Կարեւորագույն թռչնաբանական տարածքը» (IBA), «Էմերալդ տարածքը» (Emerald Site) եւ «Կարեւորագույն կենսաբազմազանության տարածքը» (KBA):

Այն ապրելավայր է ավելի քան 25 տեսակ կենդանիների եւ առնվազն երկու տեսակ բույսերի համար, որոնք գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում:

Հանքի շահագործումը, այլ սպառնալիքների հետ միասին, ոչնչացնելու է վտանգված տեսակների ապրելավայրը, ինչպես նաեւ ֆիզիկապես վնասելու է դրանց մեծ մասին: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման» (ՇՄԱԳ) փաստաթղթով առաջարկված՝ տեսակների պահպանմանն ուղղված միջոցառումները բավարար չեն, իսկ կենսաբազմազանության վերաբնակեցման ծրագրում առաջարկված միջոցառումները թերի են եւ վերանայման կարիք ունեն: Այս փաստերը ներկայացված են նաեւ «ԷԼԱՐԴ»-ի վերջին հետազոտություններում։

Ամուլսարի հանքավայրի կենսաբազմազանության վերաբերյալ ուսումնասիրությունն ամբողջությամբ չի իրականացվել։ Չեն իրականացվել նաեւ տարածքում առկա սնկերի վերաբերյալ ուսումնասիրություններ, անհրաժեշտ են լրացուցիչ ուսումնասիրություններ Հայաստանի Կարմիր գրքում գրանցված որոշ տեսակների վերաբերյալ՝ ոզնաթուփ մեխակի (Խոցելի), սիրիական սխտորագորտի (Խոցելի), անդրկովկասյան սահնօձի (Խոցելի), բեզոարյան այծի (Խոցելի) եւ Ապոլոն թիթեռի (Խոցելի): Այս տեսակների պահպանման կամ վերաբնակեցման ծրագիր ներկայացված չէ:

Ամուլսարի հանքավայրի կենսաբազմազանության պահպանման ծրագիրը վերաբերում է հիմնականում մեկ բուսատեսակի` մատնունի ծիրանավորին եւ մեկ կենդանատեսակի` գորշ արջին: Կարմիրգրքյան այլ տեսակների պահպանման վերաբերյալ ծրագիր չի մշակվել կամ ներկայացվել:

Ամուլսարի հանքավայրի կենսաբազմազանության փոխհատուցման ծրագիրը հիմնականում սահմանափակվում է «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծմամբ, որը կապ չունի Ամուլսարի հետ եւ այլ լանդշաֆտ ու էկոհամակարգ է: Այսինքն, պլանավորված ազգային պարկը չի կարողանա ապահովել համապատասխան կենսամիջավայր Ամուլսարում հայտնաբերված վտանգված տեսակների մեծ մասի համար եւ չի կարող համարվել որպես վերաբնակեցման ծրագիր:

ՇՄԱԳ-ի դրական եզրակացությունը հակասում է ՀՀ օրենսդրությանը, մասնավորապես «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածին, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ եւ 18-րդ հոդվածներին, «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 16-րդ եւ 17-րդ հոդվածներին, քանի որ Ամուլսարի տարածքում հայտնաբերվել են վերոնշյալ թվարկված բազմաթիվ կենդանատեսակներն ու բուսատեսակները՝ գրանցված Հայաստանի բույսերի եւ կենդանիների կարմիր գրքում:

2016 թվականին Ամուլսարի նախագիծը ՇՄԱԳ-ի դրական եզրակացությունն ստացել է առանց հաշվի առնելու Ջերմուկ քաղաքի բնակիչների կարծիքը, ինչը մենք համարում ենք մարդու իրավունքների ոտնահարում:

WWF-ի փորձագետների կողմից 2018 թվականին Ամուլսարում հայտնաբերված Ապոլլոն թիթեռը եւ ոզնաթուփ մեխակը կարող են համարվել որպես նոր էկոլոգիական գործոն, ինչն էլ պահանջում է հավելյալ ուսումնասիրություն եւ ներկա ՇՄԱԳ-ի չեղարկում, քանի որ վերջինս չի անդրադառնում այդ տեսակներին:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ WWF Հայաստանը դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը խնդրանքով՝ չեղյալ ճանաչել 2016 թվականին Lydian International-ին տրված ՇՄԱԳ-ը:

WWF-ը կանգնած է հայ ժողովրդի կողքին` Հայաստանի մաքուր եւ բարեկեցիկ ապագայի համար: Մենք լիահույս ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կանի առավելագույնը, որպեսզի իր ժողովրդի համար ապահովի հենց այդպիսի ապագա»:

Հիշեցնենք, որ 2018թ․-ի սեպտեմբեր ամսին ԲԸՏՄ կողմից Ամուլսարի հանքավայրի տարածքում իրականացվախ ստուգումներին մասնակցել են նաեւ WWF հայաստանյան գրասենյակի փորձագետները, ինչի արդյունքում տարածքում հայտնաբերվել է նոր կարմիրգրքյան բույս եւ կենդանի։

Բացի այդ, գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանն ընդդրկված է եղել վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբում եւ ներկայացրել է եզրակացություն։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica