close
Եղանակը Երևանում
14 Հոկտեմբերի 2019
+8°
+21°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հոկ 2019
USD1476.73
GBP1596.06
EUR1525.36
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստան 1991-1997 թթ. (մաս 10)

ՀԱՅԱՍՏԱՆ- 1991 -1998

16 Սեպտեմբերի 2019, 17:20
 Հայաստան 1991-1997 թթ. (մաս 10)

Առաջին մասը՝ այստեղ:

Երկրորդ մասը՝ այստեղ:

Երրորդ մասը՝ այստեղ:

Չորրորդ մասը՝ այստեղ:

Հինգերորդ մասը՝ այստեղ:

Վեցերորդ մասը՝ այստեղ։

Յոթերորդ մասը` այստեղ,

Ութերորդ մասը՝ այստեղ։ 

Իններորդ մասը՝ այստեղ:

 

 

Չորս տարում դրամն արժեզրկվեց 36 անգամ

Ներդրումից հաշված օրեր անց ազգային դրամն արժեզրկվեց մի քանի անգամ։ Դա պայմանավորված էր նրանով,որ իշխանությունը պատրաստ չէր գնալ սեփական դրամական միջոց ունենալուն։

Փոխանակ մտածելու ազգային արժույթի տարադրամային ապահովվածության մասին,իշխանություններն ապավինել էին Ռուսաստանին ու մտադիր էին շարունակել մնալ ռուսական ռուբլու գոտում։ Բայց կարճ ժամանակ անց Ռուսաստանը հասկացրեց,որ արդարացված չեն Հայաստանի իշխանությունների հույսերը,որոնք անպատրաստ էին ազգային արժույթի ներդրմանը։  Մինչդեռ բավականաչափ ժամանակ ունեին դրա համար։ Այն նորանկախ երկրները,որոնք ժամանակին մտածեցին սեփական արժույթ ունենալու մասին եւ այս կամ այն չափով կարողացան իրենց ապահովել տարադրամի անհրաժեշտ պաշարով, հնարավորինս խուսափեցին արժեզրկման այնպիսի կտրուկ դրեւորումներից,ինչպիսին արձանագրվեց Հայաստանում։

Ազգային դրամը ներդրվեց 1993 թ. նոյեմբերին։ Ներդրումից ընդամենը երկու ամիս առաջ Հայաստանի տնտեսության ու ֆինանսական ոլորտի իրավիճակի մասին ահա թե ինչ է գրում այն ժամանակ Կենտրոնական բանկի նախագահ Ի. Իսահակյանը. «Հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքում տիրող բարդ իրավիճակը,արտադրության ֆիզիկական ծավալների անկումը սպառողական շուկայի ապրանքային անբավարվածությունը,շրջափակումը եւ այլ գործոնները կազմալուծել են դրամաշրջանառությունը,խաթարել դրամավարկային քաղաքականությունը։

Չնայած մի շարք խոշորածավալ եւ համազարկային դրամական  ներարկումների շրջանառության մեջ կանխիկ դրամի արդեն քրոնիկ դարձած պակասության պատճառով 1993 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ չվճարումների գումարը հասել է շուրջ 10.7 մլրդ ռուբլու (խոսքը՝ արդեն շրջանառության մեջ դրված ռուսական նոր ռուբլու մասին է), այդ թվում՝ աշխատավարձի գծով 6.0 մլրդ, թոշակառուներինը՝ 2.9 մլրդ եւ գյուղմթերքներինը՝ 1.8 մլրդ ռուբլի։  Ըստ որում՝ դրամարկղային շրջանառության ծախսերի շուրջ երկու երրորդը ծածկվել է էմիսիայի հաշվին՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 37.2 տոկոսի դիմաց,որն ամենավատագույն ցուցանիշն է նախկին ԽՍՀՄ երկրներում։

Հանրապետության վարկային ներդրումների ընդհանուր ծավալը ս.թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 290.0 մլրդ ռուբլի, այդ թվում՝ վարկային էմիսիայի հաշվին պետական բյուջեին 257.0 մլրդ ռուբլի,որը կազմում է ողջ ներդրումների 89 տոկոսը եւ 6.7 անգամ գերազանցում բյուջեի եկամուտները»։

Ներդրման պահին  դրամի տարադրամային ապահովվածությունը ընդամենը 500 հազար դոլար էր։ Դա էլ պատճառ դարձավ,որ կարճ ժամանակ անց դրամը կտրուկ արժեզրկվի՝ հանգեցնելով մարդկանց  խնայողությունների փոշիացման։ Առանց այն էլ բնակչությունը մեծ կորուստներ ունեցավ փոխանակման համար ընտրված խիստ ցածր՝ 200։1 հարաբերակցությունից։

Երկրի ֆինանսական համակարգը դրամի ներդրմանը պատրաստ չլինելու հետեւանքով կանգնեց տխուր կացության առջեւ։ Դա լրջորեն հարվածեց նաեւ տնտեսությանը, որն ապահովված չէր անհրաժեշտ դրամական միջոցներով։

Ազգային արժույթը ներդրման պահին դոլարի նկատմամբ ուներ 14.5 հարաբերակցություն։ Այսինքն՝ 1 դոլարի փոխարժեքը ճիշտ այդքան էր։ Իշխանությունը դա էր ընտրել փոխանակման կուրս,որը ոչնչով արդարացված չէր։  Պատահական չէր,որ այդ փոխարժեքը հնարավոր եղավ պահել ընդամենը մի քանի օր։ Դրամն արագորեն սկսեց արժեզրկվել, եւ ընդամենը երկու ամիս հետո կամ արդեն 1994 թ. հունվարի մեկին դոլարի փոխարժեքը 14.5-ից հասավ 142-ի։ Այսինքն՝ ազգային արժույթն արժեզրկվեց 10 անգամ։

Հետագա տարիներին եւս իշխանությունները չկարողացան ապահովել դրամի կայունությունը։ Արժեզրկման միտումները խորացան նաեւ հաջորդ 3-4 ամիսներին։ Մասնավորապես՝ 1994 թ. հունվարի կեսից փետրվարի կեսն ընկած ժամանակահատվածում ազգային արժույթն արժեզրկվեց եւս ավելի քան 100 նիշով։ Մեկ ամսվա ընթացքում արժեզրկման նման  տեմպն աննախադեպ էր ազգային դրամի ներդրման ողջ ընթացքում։

Շրջանառության մեջ դրվելուց  5 ամիս անց դրամն արդեն արժեզրկվել էր 20 անգամ։ Ներդրմանը հաջորդող տարվա ընթացքում ընդհանրապես որեւէ կերպ չհաջողվեց ներազդել այդ միտումների վրա։

1994 թ. ընթացքում ազգային արժույթն արժեզրկվեց 300 նիշով եւ արդեն դեկտեմբերի վերջին կազմեց 412 դրամ դոլարի հարաբերությամբ։ Նման երեւույթ չի արձանագրվել անկախության ճանապարհը բռնած որեւէ այլ երկրում։

Արժեզրկման նման տեմպը վկայում է,թե այդ տարիներին ինչպիսի տխուր վիճակում էր գտնվում Հայաստանի տնտեսությունը։ Արտահանումից ստացվող դոլարային մուտքերն այնքան փոքրածավալ էին,որ մեկ տարվա ընթացքում ազգային արժույթը արժեզրկվեց ավելի քան 20 անգամ։

Դրամի արժեզրկման տեմպի որոշակի դանդաղում տեղի ունեցավ միայն այն բանից հետո, երբ հատուկ այդ նպատակով սկսեցին ներգրավել արտաքին վարկային միջոցներ։ Դրանք ներարկելով շուկա՝ հաջողվեց 1995 թ. որոշ չափով կայունացնել դրամը։

Հաջորդ երկու տարիներին եւս շարունակվեց դրամի ծուլացումը։ Այդ ընթացքում ազգային արժույթը հասցրեց արժեզրկվել եւս 100 նիշով։ 1997 թ. վերջին փոխարժեքը ընդհուպ մոտեցավ 1 դոլարի դիմաց 500 դրամ սահմանագծին։

Ի տարբերություն արժեզրկման սկզբնական փուլի, երբ դա միակողմանի գործընթաց էր, 1996-1997 թթ. ազգային արժույթի թուլացումն ուղեկցվեց  արժութային շուկայում տեղի ունեցով կտրուկ տեղաշարժերով։ Առանց այն էլ խիստ անկայուն դրամը երբեմն-երբեմն հայտնվում էր խորը ցնցումների մեջ,որի հետեւանքով փոխարժեքներն արագորեն փոխվում էին։ Այս երեւույթը շուկայում մշտապես զգացնել էր տալիս։

Սա իր բացասական ազդեցությունն էր ունենում ոչ միայն բնակչության միջոցների,այլեւ տնտեսության վրա։ Անտարակույս, նման անկայունության պայմաններում տնտեսությունը չի կարող արդյունավետ աշխատել,որովհետեւ շուկան դառնում է խիստ անկանխատեսելի։

Տնտեսությունը չէր վստահում ազգային դրամին։ Ուստի շատ արագ բարձրացավ ոչ միայն դոլարացման, այլեւ կանխիկացման մակարդակը։ Տնտեսությունն աշխատում էր, մեծ մասամբ, կանխիկ դրամաշրջանառության դաշտում, որը ստեղծում էր ստվերային տնտեսության առաջացման եւ գոյացող հարկային պարտավորությունները  թաքցնելու բարենպաստ միջավայր։

Այդ տարիներին ստվերային տնտեսությունը Հայաստանում հասել էր աննախադեպ չափերի։ Ավելին՝ գնալով խորանում էր։ Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը տատանվում էր 10-11 տոկոսի սահմաններում։ Հետագա ոչ մի ժամանակհատվածում Հայաստանում ցուցանիշ  չի արձանագրվել։

Ազգային դրամի արժեզրկումը հանգեցնում էր բնակչության սոցիալական վիճակի վատթարացման։ Դրամի արժեզրկման հետեւանքով կտրուկ թանկանում էին ապրանքներն ու ծառայությունները։ Նվազում էր դրամի գնողականությունը։ Այդ տարիներին արձանագրվեց բնակչության կենսամակարդակի կտրուկ անկում ։ Ծախսերը գերազանցում էին եկամուտները։

Դրամի հապճեպ ներդրման ծանր հետեւանքները երկար ժամանակ իրենր զգացնել տվեցին։ Ինչպես տնտեսությունը,այնպես էլ հասարակությունը խուսափում էր ազգային արժույթից,որովհետեւ այն արագորեն կորցնում էր իր գնողականությունը։ Դրամն ուներ խիստ սահմանափակ գործածություն։ Չնայած ազգային արժույթի առկայությանը,հիմնական գործարքները կատարվում էին ամերիկյան դոլարով։ Չկար վստահություն դրամի նկատմամբ։

Շարունակելի

 

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica