close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2019
+17°
+21°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխանությունն ատում է հերոսականը (տեսանյութ)

Հասարակություն

13 Սեպտեմբերի 2019, 14:58
 Իշխանությունն ատում է հերոսականը (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության ներկայիս՝ մեկուկեսամյա իշխանությունն արդեն բազմիցս ցույց է տվել, որ հակակրանք ունի ցանկացած հերոսականի, ազգայինի նկատմամբ: Իշխանության ներկայացուցիչները, կարծես, չեն կարողանում համակերպվել այն հանգամանքի հետ, որ իրենք հերոս չեն, Արցախյան գոյամարտի, Ապրիլյան պատերազմի  մասնակից-առաջամարտիկ չեն,  պետականաշինության մեջ ներդրում չունեն: Բանակից «թռած»-ի սինդրոմն է ուղեկցում նրանց, փորձում են ամեն կերպ ազատվել այդ պիտակից, սակայն միայն հակառակն է ստացվում:

2019 թ. օգոստոսի վերջին համացանցն արագորեն ողողվեց Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ  դպրոցի տնօրեն Սամվել Երանյանի՝ տնօրենի պաշտոնից հեռացման մասին լուրերով:

Սամվել Երանյանը պաշտոնից ազատվել է ԿԳՄՍ նախարարության հրամանով: Նա Արցախյան պատերազմի և Ապրիլյան քառօրյայի մասնակից է, երգահան, հայրենասիրական երգերի կատարող, Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ: Այն, որ Սամվել Երանյանի ազատումը քաղաքական ենթատեքստ ունի, կասկածից վեր է: Հարցազրույցներից մեկում նախկին տնօրենը նշել է, որ իր հեռացումը վաղուց էին պլանավորում, և արդեն հստակ էր, թե ով է իրեն փոխարինելու:

2018 թ. դեկտեմբերից մի քանի ստուգումներ էին իրականացվել դպրոցում, մի քանի խախտումներ էին հայտնաբերվել, ինչի հետ դպրոցի՝ արդեն նախկին տնօրեն Սամվել Երանյանը համաձայնել էր: Խախտումներից էր, օրինակ, 2003 թ. կանոնադրությամբ աշխատելը (դպրոցը բազմիցս դիմել էր նախարարություն՝ նոր կանոնադրության համար, սակայն դպրոցի՝ հատուկ կարգավիճակ ունենալու պատճառով նոր կանոնադրություն չի հաստատվում): Բացի այդ՝ 2019 թ. մայիսին ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը պատգամավորներ Հրաչյա Հակոբյանի (Աննա Հակոբյանի եղբայրը) և Սարգիս Խանդանյանի հետ, առանց փաստերը ճշտելու, մտել էին դպրոց և դպրոցի տնօրենին հայտնել, որ ահազանգ են ստացել: Ըստ նրանց՝ Երանյանը դպրոցը կուսակցականացրել էր և ուսուցչանոցում նոր Հոկտեմբերի 27-ի կոչ արել:

Սամվել Երանյանի փոխարեն դպրոցի պաշտոնակատար էր նշանակվել Վաղարշակ Պեպանյանը, որը դպրոցի փոխտնօրեններից չէ, ինչն արդեն օրենքի խախտում է: Կառավարության՝ 2018 թ. որոշմամբ՝ տնօրենի ազատման դեպքում պաշտոնակատար է նշանակվում փոխտնօրեններից մեկը, և միայն փոխտնօրենների նշանակման անհնարինության դեպքում է այլ անձ նշանակվում: Դպրոցի ուսուցիչները ԿԳՄՍ փոխնախարար Լուսինե Առաքելյանից պարզաբանում էին պահանջել, թե ինչո՞ւ դպրոցի 4 փոխտնօրեններից որևէ մեկը չի նշանակվել տնօրենի պաշտոնակատար: Փոխնախարարը մեջբերել էր 2003 թ. կանոնադրության 40-րդ կետը: Այսինքն՝ այն կանոնադրությունը, որի համար Սամվել Երանյանը նկատողություն էր ստացել, իշխանություններն օգտագործում են իրենց «մարդուն» նշանակելու համար:

Այսօր լրագրողների հետ զրույցում Սամվել Երանյանը հայտնեց, որ  ԿԳՄՍ խորհրդական Գոհար Մամիկոնյանին, որը դպրոցի տնօրենի նոր պաշտոնակատարի հետ դպրոց էր եկել, հարց էին ուղղել, թե ինչո՞ւ փոխտնօրեններից ոչ մեկը չի նշանակվել պաշտոնակատար, նա պատասխանել էր, որ փոխտնօրենները նույնպես մասնակից են եղել տնօրենի կատարած չարաշահումներին:

«Փոխտնօրենները բացատրություն են պահանջել, թե այդ ի՞նչ չարաշահումների մեջ են մեղադրվում, որոնք անհնարին են դարձել իրենց՝ տնօրենի պաշտոնակատար նշանակումը: Հաջորդ օրը Գոհար Մամիկոնյանն աուդիտ իրականացրած երկու հոգու հետ դպրոց է գալիս, որպեսզի բացատրեն, թե ինչու է անհնարին, բայց այդ մարդիկ ասում են, որ լեզվի սայթաքում է եղել: Այսինքն՝ եթե լեզվի սայթաքում է, ուրեմն պետք է վերանար փոխտնօրենների՝ պաշտոնակատար դառնալու անհնարինությունը: Վաղարշակ Պեպանյանին նշանակում են օգոստոսի 30-ին, իսկ սեպտեմբերի 10-ին այլ պաշտոնակատար են նշանակում, քանի որ Պեպանյանը, ի պատիվ իրեն, հասկացավ, որ դա իր տեղը չէ»,- ներկայացրեց նա:

Սամվել Երանյանն անհանգստություն հայտնեց նաև, որ դպրոցի աշխատանքն է պարալիզացվել ՝ ուսուցիչները չեն ստացել օգոստոսի աշխատավարձը, դասացուցակ չի կազմվել, իսկ առաջին պաշտոնակատարին 15 հոգու ցուցակ են տվել, որոնց պետք է ազատել աշխատանքից:

Այն, որ նախարարությունը ոչ մի հստակ պարզաբանում չի տալիս, ապացուցում է, որ այս ամենը հետևողականորեն է իրականացվում՝ դպրոցում «սեփական» տնօրեն նշանակելու համար: «Նոր Հայաստանում» «հների» ոճը որդեգրելը ցույց է տալիս ներկայիս իշխանությունների իրենց՝ թեկուզ ոլորտից անծանոթ կադրերին ամեն գնով առաջ տանելու ցանկությունը, և հաճախ, ցավոք, այնպիսի մարդկանց հաշվին, որոնք ամեն պարագայում երբեք երես չեն թեքի հայրենիքից և ցանկացած պահի դարձյալ իրենց կյանքը կդնեն հայրենիքի զոհասեղանին:

Արգամ Եղիազարյան

Երևանի երաժշտական N13 հատուկ դպրոցի ուսուցչուհի Սաթենիկ Ենոքյանը տեսանյութում մանրամասներ է ներկայացնում՝ ինչ խախտումներով են տնօրենի պաշտոնից ազատել Սամվել Երանյանին

(շտկում. տեսանյութում ասվում է ՙՙհուլիս՚՚ ամսվա մասին, այնինչ՝ տկն. Ենոքյանի շտկմամբ՝ պետք է ՙՙօգոստոս՚՚ լիներ)

«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica