close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2019
+10°
+17°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2019
USD1475.96
GBP1615.51
EUR1530.36
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը Թեհրան-Թել Ավիվ դիմակայության թիրախում

Տարածաշրջան

13 Սեպտեմբերի 2019, 13:13
 Ադրբեջանը Թեհրան-Թել Ավիվ դիմակայության թիրախում

Որպես կանոն՝ իրանա-ամերիկյան, իրանա-իսրայելական հարաբերությունների սրման տարբեր փուլերում կողմերն անմիջապես փորձում են իրենց ազդեցության դաշտում պահել և մոբիլիզացնել տարածաշրջանային հարևան պետություններին։ Շատ հաճախ այդ հակասությունները, հատկապես՝ երբ դրանք թևակոխում են լարվածության ճգնաժամային փուլ, մեծացնում են քաղաքական ճնշումները տարածաշրջանի այլ երկրների վրա, փորձ է արվում օգտագործել դրանց աշխարհագրական, ռազմաքաղաքական ու անվտանգային ռեսուրսները, հնարավորությունները։  

Հարավկովկասյան հանրապետություններից նման կարգավիճակում, որպես կանոն, դիտարկվում է գերազանցապես Ադրբեջանը։ Եթե իսրայելական և ամերիկյան կողմերը ձգտում են օգտագործել Ադրբեջանի տարածքն Իրանի դեմ հետախուզական, օպերատիվ և այլ նախահարձակ գործողությունների իրականացման համար, ապա Թեհրանը փորձում է հակազդել նետված մարտահրավերներին, ինչպես նաև զերծ պահել Բաքվին հակառակ ճամբարի կողմից որպես գործիք օգտագործվելու հնարավոր սցենարներից։

Իսրայել-Իրան դիմայակությունում Ադրբեջանը դառնում է թատերաբեմ, նախ, իր աշխարհագրական դիրքի, Իրանի հետ ցամաքային սահմանի առկայության պատճառով։ Երկրորդ՝ շատ պարզ պատճառ է այն, որ նման հնարավորություն ստեղծում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Իրանի հետ ցամաքային սահման ունի նաև Հայաստանը, սակայն նման ռիսկային զարգացումներ, բարեբախտաբար, տեղի չեն ունենում այս ուղղությամբ. պատճառը շատ պարզ է՝ այդ զարգացումների ու միտումների համար քաղաքական, անվտանգային պայմաններ ուղղակի ստեղծված չեն։ Ասենք ավելին՝ Իրանի հետ ցամաքային սահման ունի նաև Արցախի Հանրապետությունը, որի սահմանային անվտանգությունը, հայ-իրանական սահմանի համեմատությամբ, պակաս բարձր մակարդակում չէ, միգուցե ավելին է։

Անդրադարձներ շատ են եղել Ադրբեջան-Իրան սահմանային խախտումների ու միջադեպերի հարցերին, որոնք թեև չեն առանձնանում իրենց հաճախակիությամբ, սակայն առանձնանում են միջադեպերի սրությամբ։ 2019 թվականի մարտի կեսերին արձանագրվեց հերթական սահմանախախտման միջադեպը, որի արդյունքում զոհեր եղան։ Ընթացիկ տարվա հուլիսի վերջերին տեղի ունեցավ սահմանախախտման հերթական դեպքը, երբ մի խումբ անձինք փորձեցին անցնել Ադրբեջանի տարածք, արդյունքում՝ տեղի ունեցավ փոխհրաձգություն, որի ժամանակ վիրավորվեց ադրբեջանցի սահմանապահ:

Սահմանախախտման միջադեպեր արձանագրվել են նաև նախորդ տարիներին, որոնք որոշ դեպքերում տեղափոխվում են նաև դիվանագիտական դաշտ։ 2011 թվականի հոկտեմբերին Իրանի ԱԳՆ-ն ադրբեջանա-իրանական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով սպանված իրանցի սահմանապահի դեպքի հետ կապված բողոքի նոտա էր հանձնել Թեհրանում Ադրբեջանի դեսպանին:

Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ սահմանային խախտումները շատ հաճախ պայմանավորված են թմրամիջոցների տարանցման փորձերով։ Միջազգային տարբեր գնահատականներով (ՄԱԿ)՝ Աֆղանստանից դեպի Եվրոպա թմրանյութերի տարանցման ուղին անցնում է Իրան-Ադրբեջան-Թուրքիա տարածքով։

Այդուհանդերձ, սահմանային միջադեպերը կարող են ենթադրել նաև քաղաքական որոշակի համատեքստ՝ երկու կողմից էլ նպատակ ունենալով ստեղծել լարվածության ու անկայունության մթնոլորտ։ Չի բացառվում, որ որոշ դեպքերում այդ սահմանային խախտումների նախաձեռնման նպատակահարմարության հարցի ձևակերպման հետևում անուղղակիորեն կանգնած լինի իսրայելական կողմը։

Վաղուց է խոսվում, որ Ադրբեջանի տարածքում գործում են իսրայելական օպերատիվ-հետախուզական խմբեր, որոնք ուղղակիրեն մասնակցում են հակաիրանական գործողությունների մշակման ու վարման գործընթացին։ Քանիցս նշվել է նաև Ադբեջանի տարածքում տեղակայված իսրայելական երկու ռադիոլոկացիոն կայանի գործունեության մասին, որոնց թիրախը կրկին Թեհրանն է։

2018թ. ապրիլին Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հրապարակեց Իրանի գաղտնի` «Ամադ» անվանումը կրող միջուկային նախագծի մանրամասները։ Նրա խոսքով՝ տեղեկատվությունը ձեռք էր բերվել Իրանի տարածքում Իսրայելի արտաքին հետախուզական ծառայության իրականացրած համապատասխան գործողության արդյունքում։ Փորձագիտական տարբեր շրջանակներում գերակայում էր այն մոտեցումը, ըստ որի՝ գաղտնի փաստաթղթերն Իսրայել էին տեղափոխվել մի քանի հիմնական ճանապարհով, այդ թվում` Ադրբեջանի տարածքով։  

Վերջերս հեղինակավոր The New York Times պարբերականը լրագրողական հետաքննություն էր իրականացրել Իրանի շուրջ ԱՄՆ-Իսրայել համատեղ գործողությունների մշակման ու վարման թեմայի վերաբերյալ։ Հետաքննությունը հիմնվում է ամերիկացի, իսրայելցի և եվրոպացի նախկին ու գործող մի շարք պաշտոնատար անձանց հետ հարցազրույցների վրա։ Նշվում է, որ 2012 թվականին Իսրայելը գտնվել է Իրանի վրա հարձակման շեմին։  Պենտագոնը կառուցել է Իրանի ուրանի հարստացման հայտնի «Ֆորդոու» միջուկային օբյեկտի (Fordow Fuel Enrichment Plant-FFEP) ճշգրիտ կրկօրինակը և մշակել դրա վրա հարձակման թատերականացված փորձ։

Հետաքննության տվյալների համաձայն՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը թույլատրել է Թել Ավիվին իր տարածքից անօդաչու թռչող սարքերի թռիչքներ իրականացնել Իրանի ուղղությամբ։ Մասնավորապես նշվում է, որ ամերիկյան հետախուզական արբանյակները արձանագրել են իսրայելական ԱԹՍ-ների տեղաշարժերը, որոնք թռիչքներ են իրականացրել Ադրբեջանի տարածքում գտնվող ավիաբազաներից և Իրանի օդային տարածքում կատարել հետախուզական խնդիրներ՝ Իրանի միջուկային օբյեկտների ու հակաօդային պաշտպանության համակարգերի վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու նպատակներով։ Ըստ աղբյուրի՝ հետախուզական գործողությունների արդյունքում հաջողվել է ստանալ այդ օբյեկտների լուսանկարները և տեսանկարել դրանք, ինչպես նաև նպատակ է հետապնդել պարզելու՝ արդյո՞ք իրանական ՀՕՊ համակարգերը արձանագրել են իսրայելական ԱԹՍ-ների տեղաշարժն Իրանի օդային տարածքում։

Ուշագրավ է, որ շուրջ մեկ ամիս առաջ իրաքյան որոշ ԶԼՄ-ներում տեղեկություններ տարածվեցին, որ իսրայելական կողմը Իրաքում իրանցի զինվորականների ուղղությամբ հարվածներ հասցնելու նպատակով կիրառել է ԱԹՍ-ներ, որոնք արձակվել են հենց Ադրբեջանի տարածքից։

Կրկին իրաքյան տեղեկատվական աղբյուրների համաձայն՝, սեպտեմբերի սկզբին անհայտ ԱԹՍ-ներ Իրաքի Անբար նահանգում հարվածներ են հասցրել իրանամետ շիական «Ալ Հաշդ աշ Շաաբի» խմբավորման տեղակայման դիրքերի ու ռազմամթերքի պահեստներից մեկի ուղղությամբ։ Հիշեցնենք, որ վերջին երկու ամիսների ընթացքում Իրաքի տարբեր շրջաններում նշյալ խմբավորմանը պատկանող ռազմամթերքի պահեստներում արձանագրվել են պայթյուններ՝ հուլիսի կեսերին, օգոստոսի վերջերին։ Լուրեր են պտտվում, որ գործողությունները կրկին կազմակերպվել են Ադրբեջանի տարածքից արձակված իսրայելական ԱԹՍ-ների կողմից։ Դա հաստատել է նաև խմբավորման ղեկավարներից Աբու Մահդի ալ Մուհանդեսը, որը լիբանանյան հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում նշել է, որ ԱՄՆ-ի թույլտվությամբ Ադրբեջանի տարածքում տեղակայվել են իսրայելական ԱԹՍ-ներ՝ Իրանի ու Իրաքի տարածքում հետախուզական ու հարվածային գործողություններ իրականացնելու նպատակով։

Նշենք, որ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը օգտագործում է «Ալ Հաշդ աշ Շաաբի» խմբավորման սպառազինությունների պահեստները իրանական արտադրության հրթիռների ժամանակավոր պահպանման համար՝ հետագայում դրանք Իրաքի ու Սիրիայի տարածքներով Լիբանան՝ «Հըզբոլլահ»-ին մատակարարելու համար։

Հայտնի է նաև, որ Վաշինգտոնը տրամադրել է Իրաքում տեղակայված իր ռազմաբազաները իսրայելական ԱԹՍ-ների տեղակայման համար։ Վերջին շրջանում Ադրբեջանի ԱԳՆ-ն ստիպված էր երկու անգամ հերքել այդ տեղեկությունները։

Հիշեցնենք նաև, որ 2014 թվականին Իրանի Նաթանզի միջուկային կենտրոնի մոտակայքում խոցված իսրայելական հետախուզական ԱԹՍ-ն արձակվել էր Նախիջևանից։

Կարեն Վերանյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ

 

 

 

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica