close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2019
+2°
+12°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2019
USD1477.51
GBP1613.60
EUR1525.36
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գործադիրը հավանության է արժանացրել ծխախոտի սպառման նվազեցմանը միտված օրենսդրական նախաձեռնությունը

Հասարակություն

12 Սեպտեմբերի 2019, 20:24
 Գործադիրը հավանության է արժանացրել ծխախոտի սպառման նվազեցմանը միտված օրենսդրական նախաձեռնությունը

Գործադիրը որոշում է ընդունել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և մի շարք հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու և այն սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու վերաբերյալ: Նախագծի ընդունումը նպատակ ունի, նկատի ունենալով միջազգային փորձը, իրականացնել օրենսդրական փոփոխություններ` ՀՀ կողմից 2004 թ. վավերացված Առողջապահության Համաշխարհային կազմակերպության «Ծխելու դեմ պայքարի» Շրջանակային կոնվենցիայի պահանջներին համահունչ: Մասնավորապես, ամրագրվում է ծխախոտի օգտագործման ամբողջական արգելք հանրային վայրերում, սահմանվում է «փակ» տարածքներ հասկացությունը, թվարկվում են ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտային փոխարինիչների օգտագործմանը ներկայացվող արգելքները և սահմանափակումները, դրանց գովազդի, հովանավորության և առաջխաղացման արգելքները, առաջին անգամ սահմանվում են ծխախոտային արտադրատեսակների բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման ոլորտում ՀՀ կառավարության և այլ շահագրգիռ գերատեսչությունների լիազորությունները և այլն: 

Որոշման նախագծի առնչությամբ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակում, քննարկվել են թեմայի առողջապահական, ֆինանսական, կրթական ասպեկտներին վերաբերող հարցեր: Անդրադառնալով նախագծի ընդունման կարևորությանը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Բովանդակության հետ կապված, կարծում եմ, բոլորս համաձայն ենք: Խնդիրն այն է, որ մենք որոշ իրողություններ պետք է հաշվի առնենք և որոշակի ժամանակ տանք և՛ բիզնեսին, և՛ հանրությանը, որպեսզի ադապտացվեն այդ փոփոխություններին: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 


Այստեղ շատ կարևոր մի հարց կա. մենք ասում ենք՝ 2021 թվականին, 2022 թվականին, նախկինում էլ շատ դեպքեր են եղել, որ այսպիսի հետաձգված օրենքներն անաղմուկ ընդունվել են, հետո երբ եկել է կիրառման ժամկետը, սկսվել են որոշակի գործընթացներ, հետաձգում և այդպես շարունակ: Շատ կարևոր է, որ այսօրվանից բոլոր պետական մարմինները պատրաստեն հանրությանն այդ իրադարձությանը, ոչ թե հիմա ընդունենք ու մոռանանք, այլ ամենօրյա աշխատանքով պատրաստենք»:


Կառավարության ղեկավարը հանձնարարել է ՊԵԿ-ին Առողջապահության նախարարության հետ համատեղ կազմել այն ռեստորանների ցանկը, որոնք 100 տոկոսով չծխող տարածքներ են ապահովում և նրանց հարկային վճարումներից հասկանալ, թե ինչպիսին է իրավիճակը նրանց մոտ: 

«Դա կարող է հետաքրքիր տեղեկություն լինել նաև բիզնեսի առումով: Շատերը մտածում են, որ եթե ծխելն արգելեցինք, ռեստորանները փակվելու են, բայց եթե այսօր կան ռեստորաններ, որոնք 100 տոկոս չծխելու ռեժիմում են աշխատում և շահույթ ունեն, նշանակում է՝ այդ դրույթն այդքան էլ ճիշտ չէ: Մտածենք՝ եթե այդպիսի հնարավորություն կա, այդ վերլուծությունն անենք:

Եվս մի այսպիսի պատեհ դիտարկում. մենք կարող ենք արձանագրել, որ մեր կառավարությունը երևի, իհարկե, նախկին կառավարությունների շատ կոնկրետ վիճակագրությունը չունենք, բայց հաստատ մեր կառավարությունը ամենաչծխող կառավարություններից մեկն է: Մեր կառավարությունում ծխողների վիճակագրությունը 20 տոկոս է, կառավարության անդամների 80 տոկոսը չի ծխում, և շատ հաճելի էր արձանագրել, որ մարզպետների 100 տոկոսը չի ծխում: Կարծում եմ՝ սա էլ կարևոր ցուցանիշ է, և ով, եթե ոչ մեր կառավարությունը պետք է այս որոշումն ընդունի: Իմիջիայլոց, արձանագրենք, որ կառավարության մեծամասնությունը ծխող է եղել, ես ինքս ծխել եմ շատ երկար տարիներ: Ի վերջո, թողել եմ ծխելը, շատ ուրախ և հպարտ եմ այդ որոշման համար, 2004 թվականից ի վեր ես չեմ ծխում»
, - նշել է վարչապետը:

Դեղերի ներմուծման համակարգի արդիականացման գործընթացի շրջանակում կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2019թ. փետրվարի 28-ի 202-Ն որոշմամբ հաստատված կարգում և ընդունել համապատասխան որոշում, որով ներմուծման պահին դեղագործական արտադրանքի պիտանելիության մնացորդային ժամկետը սահմանվել է նվազագույնը 6 ամիս՝ նախկին 1 տարվա փոխարեն: Ակնկալվում է, որ նախագծի ընդունման դեպքում որոշակիորեն կբարելավվի դեղերի հասանելիությունը բնակչության համար, ինչպես նաև կարևոր պարզեցում կլինի տնտեսվարողների համար՝ հայտարարագրվող անվանացանկի ապրանքները ոչ դեղագործական նպատակներով ներմուծելու դեպքում կվերացվի հավաստագրման պահանջը: Առողջապահության նախարարը նշել է, որ որոշման նախագիծը նախապատրաստվել է վարչապետի մոտ տեղի ունեցած քննարկումների արդյունքներով, և նախագծի ընդունմամբ կդյուրացվի թե՛ դեղագործական արտադրանքի ներմուծումը, թե՛ այլ տնտեսվարողների համար ոչ դեղագործական ապրանքների ներմուծումը:

Վարչապետը որոշման համատեքստում անդրադարձել է նաև զուգահեռ ներմուծումների կարգավորման հարցին՝ նշելով. «Զուգահեռ ներմուծումների մեխանիզմը կարգավորելը շատ կարևոր է, որովհետև, օրինակ, այդ քննարկումների արդյունքում ես հանդիպեցի հիմնավոր պնդումների, իհարկե, ոչ 100 տոկոսանոց, որ երբեմն ընկերություններն իրենք են որոշակի տարբերակումներ մտցնում, որպեսզի, այսպես ասած, մի երկրից այլ երկիր ներմուծելու հնարավորությունը սահմանափակեն, խոշոր շուկաներից, էժան շուկաներից դեղը չներհոսի դեպի փոքր շուկաներ, և այնտեղ գնանկում տեղի չունենա: Այսպիսի կարգավորումները, որոնք, ըստ էության, կորպորատիվ շահերի կարգավորումներ են, մենք պետք է շատ հստակ և գրագետ կանոնակարգենք, որպեսզի այդ խնդիրը լուծենք»:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica