close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2019
+6°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երկրաշարժը պատվարի ամրությունը ստուգելու ցուցիչ չէ. Փաշինյանի գրառումն ՌԴ-ին սիրաշահելու ժեստ է ընդամենը

Հասարակություն

12 Սեպտեմբերի 2019, 18:43
 Երկրաշարժը պատվարի ամրությունը ստուգելու ցուցիչ չէ. Փաշինյանի գրառումն ՌԴ-ին սիրաշահելու ժեստ է ընդամենը

«Հանգիստ նստեք տեղներդ». հերթական անգամ ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Առիթն այս անգամ օրեր առաջ Հայաստանում զգացված երկրաշարժն է, որ շարժել է նաև վարչապետի մտքի թռիչքն ու նրան հասցրել Թեղուտի հանքավայրի պոչամբար:

«Հուլիսի վերջին մեծ աղմուկ բարձրացավ, թե իբր Թեղուտի հանքի պոչամբարի պատվարը փլուզման եզրին է և ամեն պահի կարող է փլվել: Միանգամից ասեմ, որ եթե այդ պնդումները ճշմարիտ լինեին, Թեղուտի պոչամբարի պատվարը պիտի նախորդ օրը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլված լիներ, որովհետև հանքի շրջանում 4 բալ երկրաշարժ է գրանցվել»,- գրում է Փաշինյանն ու մատ թափ տալիս՝ ովքե՞ր են պատասխանատվություն կրելու այն հայտարարությունների համար, թե Թեղուտի հանքը փլուզվելու է: Իհարկե չեն կրելու, շարունակում է գործադիրի ղեկավարը, որովհետև նրանք ամեն ինչ կարող են պնդել:

«Երկրաշարժը ցուցիչ չէ` ստուգելու պատվարի ամրությունն ու սեյսմակայությունը»,- հակադրվելով Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքերին` Yerkir.am-ի հետ զրույցում ասում է արտակարգ իրավիճակների «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի» վարչության պետի տեղակալ Խաչիկ Բաբայանը:

Ըստ մեր զրուցակցի՝ պատվարի կառուցման ժամանակ նախագծային հաշվարկներն արվել են 7 բալի համար, և այս պահին շինարարական նորմերը դեռ չեն փոխվել:

«Այստեղ խնդիրն այն է, որ 9 բալ երկրաշարժ լինելու դեպքում է նոր  հնարավոր, որ պատվարը ճեղքվի: Այսինքն՝ այն ոչ թե վտանգավոր է այժմ կամ շահագործելու ընթացքում, այլ 9 բալ երկրաշարժի ժամանակ: Իսկ 9 բալ երկրաշարժը պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է»,- ասում է Բաբայանը:

Վերոնշյալ մտքի հետ համաձայն չեն Հայկակական բնապահպանական ճակատի ներկայացուցիչները: Նրանք թեև ուրախ են, որ ժողովրդի վարչապետը վերջապես արձագանքել է Թեղուտի խնդրին, բայց հորդորում են Փաշինյանին՝  մի պատվար էլ իրենց մեջ չկառուցել ու թշնամի չդարձնել միմյանց:

Բնապահպան, աշխարհագրագետ Լևոն Գալստյանին, օրինակ, հետաքրքրում է՝ ինչ-որ մարդի՞կ են նման տեղեկություններն ու մտքերը հրամցնում վարչապետին, թե՞ նա ինքնուրույն է գալիս այսպիսի եզրահանգումների։

Ամեն ինչից գլուխ հանող, սուպերգիտակ Փաշինյանին Գալստյանը բացատրում է՝  Թեղուտի հանքի պոչամբարի պատվարը միայն երկրաշարժից չէ, որ կարող է փլվել։

«Թող դիմի անաչառ մասնագետներին, և նրանք բացատրեն դա։ Կամ` կարող է կարդալ արդեն իսկ եղած ուսումնասիրությունները Հայաստանի բոլոր պոչամբարների պատվարների անվտանգության և սխալ կառուցված լինելու մասին, այդ թվում` նաև հենց Թեղուտի։ Նաև կարող է ուսումնասիրել, թե ինչո՞ւ են փլվել մի քանի պոչամբարներ վերջին մի քանի տարում Կանադայում և Բրազիլիայում՝ առանց որևէ երկրաշարժի»,- շեշտում է Լևոն Գալստյանը։

Սանկտ Պետերբուրգի տրամադրած հաշվետվության մեջ, օրինակ, ասվում է՝ պատվարը կարող է դիմանալ մինչև ութ բալ  երկրաշարժի` ԱԻՆ պաշտոնյան է մեջբերում: Համաձայնելով Գալստյանի հետ, թե պոչամբարների համար միջազգային նոր մոտեցումներ են գործում, այնուամենայնիվ, ընդգծում է՝ Թեղուտի հանքը կլասիկ ձևով է կառուցված՝ տիպիկ խորհրդային ժամանակներին: Եթե բոլոր չափանիշները պահպանվեն, ապա, ըստ Բաբայանի, այդ ձևն էլ է անվտանգ:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի վերջին «Վալլեքս» խումբը հայտարարեց Թեղուտի պոչամբարի հնարավոր ինքնափլուզման ռիսկի մասին: Ընկերությունը պոչամբարի խնդիրների մասին տեղյակ էլ պահել նաև կառավարությանը, ու չնայած սրան՝ հուլիսի 9-ին հանքը վերագործարկվել էր:

Ըստ Լոռու մարզպետարանի տվյալների՝ հանքավայրի շահագործման թույլտվություն ընկերությունը ստացել է տարեկան 7 միլիոն տոննա հանքաքար արտադրելու համար, ինչը  ենթադրում է՝ հանքավայրը 15-20 տարի շահագործման հնարավորություն ունի:

Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդի մասին մտահոգվելու ու 900 մարդու աշխատանքով ապահվելու գրառման անկեղծությունը կասկածի տակ չէինք դնի, եթե այսօր հանքարդյունաբերության թեման առավել քան ակտուալ չլիներ: Ամուլսարի հանքավայրի շահագործման լարված ֆոնին` բրիտանացիների առջև հստակ պարտավորություններ ունեցող վարչապետը հստակ ուղերձներ է հղում թե՛ ռուսական, թե՛ եվրոպական թևին:

Հանգիստ եղիր` ասում է Ջերմուկի մաքուր օդով հիացող` Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Ռուսական կողմը քաջ գիտակցում է՝ եթե Ամուլսարի շահագործումը չեղարկվի, մի գեղեցիկ օր «աղետն» իրենց դռանն էլ կարող է չոքել: Իսկ Հայաստանում գործող հանքերի մեծ մասը, այդ թվում` Թեղուտինը վարձակալության հանձնած ՎՏԲ բանկը ռուսական ծագում ունի: Այս ժեստով, փաստորեն, նախկինում Ռուսաստանին մերժող, ԵԱՏՄ-ն չարիք համարող Փաշինյանը հավատարմության հերթական երդումն է տալիս եղբայրական Ռուսաստանին:

Թե իրականում ինչքանո՞վ է վտանգավորր Թեղուտի հանքավայրի պոչամբարի պատվարը, սեյսմակայո՞ւն է, թե՞ ոչ, բուլղարական ընկերության կողմից այս պահին իրականացվող ուսումնասիրության արդյունքները ցույց կտան: Մինչ այդ սրտդողած  ու աղոթքով մտածում ենք՝ չլինի հանկարծ այնպես, որ ռուսներին սիրաշահելու քաղաքականությունը գերադասվի սեփական ժողովրդի առողջությունից ու կյանքի անվտանգությունից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica