close
Եղանակը Երևանում
12 Նոյեմբերի 2019
+5°
+13°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Նմբ 2019
USD1477.22
GBP1610.79
EUR1526.33
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստան 1991-1997 թթ. (մաս 6)

ՀԱՅԱՍՏԱՆ- 1991 -1998

10 Սեպտեմբերի 2019, 16:58
 Հայաստան 1991-1997 թթ. (մաս 6)

Առաջին մասը՝ այստեղ:

Երկրորդ մասը՝ այստեղ:

Երրորդ մասը՝ այստեղ:

Չորրորդ մասը՝ այստեղ:

Հինգերորդ մասը՝ այստեղ:

 

ԲԱՆԿԵՐԸ ՊԱՅԹՈՒՄ ԷԻՆ ՓՈՒՉԻԿԻ ՊԵՍ

Պլանայինից շուկայական տնտեսության անցնելու սկզբնական շրջանում Հայաստանում սկսեցին սնկի նման աճել առեւտրային բանկերը։ Երկու տարվա ընթացքում առանց հիմնավորման տրամադրվեց 7 տասնյակից ավելի բանկային գործունեության լիցենզիա։ Այդքան մեծ քանակության սուբյեկտների հնարավորություն տալով գործել նման կարեւորագույն ոլորտում՝ իշխանությունն այդպես էլ կանոնակարգման համարժեք քայլեր չձեռնարկեց։

Այսպիսով՝ առեւտրային բանկերը շատ արագ հայտնվեցին պետական վերահսկողությունից դուրս։ Լիցենզիա տրամադրելով՝ իշխանությունն իր խնդիրը համարեց ավարտված։ Սա հանգեցրեց այնպիսի իրավիճակի առաջացման,որի հետեւանքները կարճ ժամանակ անց սկսեցին զգացնել տալ։ Անվերահսկելիության եւ չկանոնակարգվածության պատճառով բանկային համակարգում հայտնվեցին բազմաթիվ պատահական մարդիկ,որոնք, օգտվելով ստեղծված իրավիճակից, փորձեցին «պղտոր ջրում ձուկ որսալ»։

Կարգավորման դաշտի բացակայության,բանկերի լիցենզավորման ընթացակարգի մատչելիության հետեւանքով համակարգում հայտնվեցին մեծ քանակությամբ,այսպես կոչված,«գրպանային» բանկեր։ Առաջարկելով բարձր տոկոսներ եւ ներգրավելով բավական քանակությամբ ավանդներ՝ այդ բանկերը զբաղվում էին հիմնականում ընտանեկան վարկերի ֆինանսավորմամբ։ Այսինքն՝ ներգրավված գումարները վարկերի տեսքով տրամադրվում էին ծանոթ-բարեկամներին  եւ բաժնետերերի հետ փոխկապակցված անձանց՝ առանց հաշվի առնելու վերադարձելիության հնարավորությունը։ Այսպիսի գործունեությունը հանգեցրեց  համակարգում մեծ քանակության անհուսալի վարկերի ձեւավորման։

Պատահական չէ,որ այդ տարիներին վարկային ներդրումների մեջ մեծ տեսակարար կշիռ  էին կազմում վատորակ վարկերը, ինչը պայմանավորված էր ընդհանուր տնտեսական անկայուն վիճակով, թերի նորմատիվային դաշտով, վարկատուների վարկային պատմությունները հաշվի չառնելու հանգամանքով։ Այս ամենը նպաստում էր բարձր վարկային ռիսկի առաջացմանը։

Շատ դեպքերում վարկերը տրամադրվում էին՝ հիմնականում հաշվի առնելով միայն գրավի առկայությունը։ Մի բան,որ չէր նվազեցնում վարկերի անհուսանելիությունը։ Ավելին՝ անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող երեւույթները եւ շուկայական գների մշտական անկումը հնարավորություն չէր տալիս ապահովելու վատորակ վարկերի վերադարձելիությունը։ Բազմաթիվ դեպքերում ի սկզբանե հայտնի էր,որ տրամադրվող վարկերը չեն վերադարձվելու։ Այնուհանդերձ, դա չէր  խանգարում,որ իրականացվեր վարկավորումը։  

Այդ ժամանակաշրջանի բանկային համակարգին բնորոշ երեւույթներից էր տոկոսադրույքների չափազանց բարձր մակարդակը, ինչը նախադրյալներ էր ստեղծում ֆինանսական շուկայում կարճաժամկետ սպեկուլյատիվ գործարքների հաշվին հսկայական շահույթներ ստացող բանկերի առաջացման եւ տարածման համար։ Միայն 1993թ. Հայաստանում գործում էր 72 առեւտային բանկ, ներգրավվող եւ տրամադրվող գումարների տոկոսադրույքների մարժայի տարբերությունը խիստ մեծ էր,ինչը նպաստում էր ոլորտում գործունեություն ծավալելու գայթակղությանը։

Մի կողմից՝ բարձր շահույթներ ապահովելու հնարավորությունը,մյուս կողմից՝ չկանոնակարգվածությունը, բնականաբար, չէր կարող իր ազդեցությունը չունենալ համակարգի վրա, մանավանդ,որ այն գործում էր բացարձակ անվերահսկողության պայմաններում։ Այս ամենի նկատմամբ իշխանության անտարբերությունը հանգեցրեց տխուր հետեւանքների։ Կարճ ժամանակ անց բանկային համակարգում կատարվեցին լուրջ ցնցումներ։

Ֆինանսական շուկայում բանկերը սկսեցին «վառվել» 1994 թվականից։ Որպես այդպիսին՝ առաջնեկները դարձան «Արի»,«Արագած»,«Արմենիա» եւ այլ առեւտրային բանկեր։ Արդեն 1997թ. լուծարային գործընթացում գտնվող բանկերի թիվը հասավ 29-ի, ինչն ուղեկցվում  էր խաբված ավանդատուների հսկայական բանակի առաջացմամբ։ Նրանց մի մասն այդպես էլ չկարողացավ հետ ստանալ  անգամ իր ներդրած գումարը։

1997թ. լուծարային գործընթացում գտնվող բանկերը

 

 

 

                            Բանկի անվանումը

Լուծարային գործընթացի սկիզբը

 

1

«Հայառ» առեւտրային բանկ

1994թ.

2

«Արմենիա» բանկ

1994թ.

3

«Գամա» առեւտրային բանկ

1994թ.

4

«Արեւելա-հայկական» բանկ

1994թ.

5

«Արի» առեւտրային բանկ

1994թ.

6

«Արագած բանկ» ՓԲԸ

1994թ.

7

«Արմեն» առեւտրային բանկ

1995թ.

8

«Նաիրի-92» առեւտրային բանկ

1995թ.

9

«Սփյուռ» բաժնետիրական բանկ

1995թ.

10

«Տրանսբանկ» ՓԲԸ

1995թ.

11

«Կապիտալ» փայատիրական բանկ

1995թ.

12

«Էլիտա» առեւտրային բանկ

1995թ.

13

«Դելտաբանկ» ՓԲԸ

1995թ.

14

«Ակտոն» բաժնետիրական բանկ

1995թ.

15

«Թուռս բանկ»

1995թ.

16

«Դրամ» կոոպերատիվ բանկ

1995թ.

17

«Վան» փայատիրական բանկ

1995թ.

18

«Հայկ» կոոպերատիվ բանկ

1995թ.

19

«Նոյ» բաժնետիրական բանկ

1995թ.

20

«Պրոգրես» բանկ

1995թ.

21

«Սպիտակ» առեւտրային բանկ

1996թ.

22

«Սփեյս բանկ»

1996թ.

23

«Գեւորգ բանկ»

1996թ.

24

«Արեգ բանկ»

1996թ.

25

«Ֆելիքս բանկ»

1996թ.

26

«Լիցք» փայատիրական բանկ

1997թ.

27

«Էխոբանկ»

1997թ.

28

«Առաջին համահայկական բանկ»

հայտնի չէ

29

«Գոռ» առեւտրային բանկ

հայտնի չէ

Երեք տարվա ընթացքում նման մեծ քանակության բանկերի հայտնվելը լուծարային գործընթացում պարզորոշ վկայում է,որ այստեղ ազատական հարաբերություններ ձեւավորելու պատրվակով ստեղծվել էր բացարձակ քաոսային իրավիճակ։ Ընձեռելով գործելու իրավասություն,ինչպես տնտեսության բազմաթիվ այլ ոլորտներում,իշխանությունը ոչինչ չարեց այն կանոնակարգելու եւ գործունեության համար բնականոն պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Ինքնահոսի մատնված համակարգը շուտով հայտնվեց ճգնաժամի եզրին։

Միայն այն բանից հետո, երբ դանակը հասավ ոսկորին, եւ խաբված ավանդատուների հսկայական բանակը դուրս եկավ փողոց՝ պահանջելու իրենց խնայողությունները, իշխանությունները փորձեցին համակարգը կանոնակարգել։ Բայց,ինչպես ասում են,նացքն արդեն գնացել էր։ Մարդիկ չգիտեին՝ ումից պահանջել իրենց գումարները։ Ոլորտի պատասխանատուները լվացին ձեռքերը եւ մի կողմ քաշվեցին՝ հայտարարելով, թե իրենց խնդիրը միայն լիցենզիա տրամադրելն է։

Այսպիսի ամենաթողության պատճառով տուժեցին հազարավոր մարդիկ,որոնք իրենց ավանդները ստանալու ակնկալիքով ստիպված էին պետական մի մարմնից մյուսը գնալ։

Ի դեպ, 1991-1997թթ. սնկի նման աճող առեւտրային բանկերը պայթում էին ոչ միայն վատ կառավարման եւ կանոնակարգված չլինելու հետեւանքով, այլեւ այն պատճառով,որ դրան նպաստում էին պետական առանձին բարձրաստիճան պաշտոնյաներ,որոնք առանց հիմնավորման բանկերին պարտադրում էին վարկեր տրամադրել իրենց մարդկանց կամ սնանկության մեջ գտնվող ձեռնարկություններին՝ լավ իմանալով,որ գումարները չեն վերադարձվելու։

Այս ամենի բուն մեղավորներն այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին,որքան էլ նման գործունեության հետեւանքները հետագայում շատ ծանր նստեցին բանկային համակարգի վրա։ Մարդիկ կորցրեցին վստահությունը բանկերի նկատմամբ,ինչը հանգեցրեց դրանց ֆինանսական հնարավորությունների խիստ սահմանափակման։

  • 1992թ. հունվարի դրությամբ Հայաստանում գրանցված էր եւ գործում էր 39 առեւտային բանկ։
  • 1993թ. հունվարի դրությամբ Հայաստանում գրանցված էր 72 առեւտրային բանկ։  
  • 1994թ. հունվարի դրությամբ Հայաստանում գրանցված էր 58 առեւտրային բանկ,62 գրավատուն եւ 7 ապահովագրական ընկերություն։ Առեւտրային բանկերի ընդհանուր կապիտալը կազմում էր 283 միլիոն դրամ։
  • 1995թ. հունվարի դրությամբ Հայաստանում գրանցված էր 51 առեւտրային բանկ եւ 18 գրավատուն։ Առեւտրային բանկերի ընդհանուր կապիտալը կազմում էր 3 մլրդ 545 դրամ։
  • 1996թ. հունվարի դրությամբ Հայաստանում գործում էր 35 առեւտրային բանկ։ Այսինքն՝  դրանց թիվը մեկ տարվա ընթացքում կրճատվեց 16-ով։ Բանկերի ընդհանուր կապիտալը կազմում էր 7 մլրդ 363,9 դրամ։
  • 1997թ. հունվարի դրությամբ Հայաստանում գործում էր 31 առեւտրային բանկ։ Դրանց ընդհանուր կապիտալը կազմում էր 8 մլրդ 765,2 մլն դրամ։

Այս ցուցանիշները վկայում են,որ 1990-ական թվականների սկզբում սնկի նման աճող բանկերը սկսեցին նվազել 1995 թվականից։ Դրանց գերակշիռ մասը փակվեց սնանկացման հետեւանքով՝ թողնելով ավանդատուների հսկայական բանակ։  

Շարունակելի

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica