close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամուլսարի շահագործման դեմ պայքարը մասամբ ուղղորդված է. «Իմ քայլը»-ի պատգամավոր

Քաղաքական

10 Սեպտեմբերի 2019, 16:09
 Ամուլսարի շահագործման դեմ պայքարը մասամբ ուղղորդված է. «Իմ քայլը»-ի պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը չի ցանկանում գնահատական տալ Ամուլսարի խնդրին: «Ես, իհարկե, մասնագետ չեմ ու այս ընթացքում լռել եմ այդ թեմայի վերաբերյալ: Գտնում եմ, որ այն, ինչ տիրում է «Ֆեյսբուք»-ում՝ բոլորը հանքերից հասկացողներ են, բոլորը տիրապետում են այս իրավիճակին, թե ինչ պետք է անել, ինչ պետք չէ անել, այդքան էլ տեղին չէ, իսկ ես չեմ կարող գնահատական տալ»,- այսօր Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման մասին, ասաց նա:

Քանի որ կառավարությանը չվստահելու որևէ հիմք չունի, պատգամավորը հանքի շահագործմանը դեմ չէ:

«Եթե կառավարությունը երաշխավորում է՝ ռիսկեր լինելու դեպքում, կամ եթե աղտոտվեն օդն ու Ջերմուկի ջրերը, հանքի շահագործումն իրավական հիմնավորմամբ կարգելվի,  ինձ այլ բան չի մնում, քան վստահել կառավարությանը: Չեմ կարծում, թե Ամուլսարի հարցով հանրային ըմբոստություն կլինի: Կան սրտացավ մարդիկ, բնապահպաններ, որ, այո, սրտացավ են, որ ունեն կասկածներ, չի բավարարում իրավիճակը, բայց բոլորս էլ գիտենք, թե այլ ուժերի կողմից ուղղորդվող ինչքան մարդ կա»,- ասաց Հրաչյա Հակոբյանը:

«Ո՞ւմ նկատի ունեք»,- հարցրեցինք:

Պատգամավորը չհստակեցրեց՝ ընդգծելով, որ այդ տեղեկությունը օդի մեջ կանգնած է: Ապա նաև հռետորական հարց հնչեցրեց. «Ինչո՞ւ երբ թույլ էին տալիս Ամուլսարի հանքի շահագործման համար 400 միլիոն ներդնել, շենք-շինություն կառուցել, այդքան հաճախ «Ֆեյսբուք»-ում չէին հանդիպում SaveAmulsar հեշթեգին, ինչին անդադար հանդիպում ենք վերջին մի քանի ամիսներին: Ի՞նչ էին անում այդ մարդիկ, երբ «Լիդիան» ընկերությունը թույլտվություն էր ստանում, երբ այդ սարի վրա սկսեց գործարան կառուցվել»:

Yerkir.am-ի դիտարկմանը, թե իրավիճակ է փոխվել, ու մարդիկ առավել պահանջատեր են դարձել, արձագանքեց՝ պահանջատերերը պահանջում են, ուղղորդվողներն էլ՝ ուղղորդվում: «Ես միանշանակ չեմ ասում, թե բոլորն են ուղղորդվում, բայց կան մարդիկ, որոնց առիթ է պետք սա հավելյալ սրելու համար»,- շեշտեց պատգամավորը:

Yerkir.am-ի հարցին, թե ովքե՞ր են ուղղորդում, նախկին իշխանություննե՞րը, նա դրական պատասխան տվեց:

Դիտարկմանը՝ նախկին իշխանություններն այն ժամանակ էլ էին կողմ հանքի շահագործմանը, ինչո՞ւ պետք է ուղղորդեն, Հրաչյա Հակոբյանն արձագանքեց. «Նախկինում կողմ էին, այժմ՝ դեմ: Նախկին իշխանություններից այսօր մարդիկ այնպես են խոսում իշխանության մասին… Վերջերս Միքայել Մինասյանը լուրջ դեմքով ասում էր, որ նախկինների վերադարձ չի լինելու, դուք նախկիններից չեք տարբերվում: Այնպես էր խոսում նախկին իշխանությունների մասին, կարծես ինքը նախկին իշխանության հետ որևէ կապ չի ունեցել, չի եղել նախկին իշխանության դեսպանը: Ու նման մարդիկ նախկին իշխանություններից շատ են, որ այսօր նախկին իշխանության մասին խոսում են այնպես, որ կարծես կապ չեն ունեցել նախկին իշխանության հետ»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica