close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2019
+8°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2019
USD1476.98
GBP1617.88
EUR1527.92
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստան 1991-1997 թթ. (մաս 4)

ՀԱՅԱՍՏԱՆ- 1991 -1998

6 Սեպտեմբերի 2019, 17:04
 Հայաստան 1991-1997 թթ. (մաս 4)

Առաջին մասը այստեղ:

Երկրորդ մասը այստեղ:

Երրորդ մասը այստեղ:

ՊԱՐՏՔԵՐԸ ԽԵՂԴՈՒՄ ԷԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Իրականացված անհեռատես տնտեսական քաղաքականության հետեւանքով շատ արդյունաբերական ձեռնարկություններ ոչ միայն դադարեցրին գործել, այլեւ, կուտակելով հսկայական պարտքեր, սնանկացան,իսկ եղած արտադրական եւ տնտեսական հնարավորությունները  մաս-մաս բռնագանձվեցին ու վաճառվեցին՝ պարտքերը փակելու համար։ Այդ տարիներին դատարանները լցված էին բռնագանձման հայտերով։ Գրեթե բոլոր ձեռնարկությունները,որոնք չէին աշխատում,ունեին պարտքերի խնդիր։ Ընդ որում,նույն իրավիճակն էր տիրում ինչպես Երեւանում,այնպես էլ բոլոր մարզերում։ Որպեսզի պատկերն ավելի պարզ լինի բերենք մի քանի օրինակներ։

1997թ. Վանաձորի հաստոցաշինական գործարանի պարտքը հասնում էր ավելի քան 1.7 մլրդ դրամի։ Սա այն ժամանակվա համար հսկայական գումար էր։ Ընդ որում, այդ գումարից ընդամենը 52 մլն դրամն էր մայր պարտքը, մնացածը հաշվարկված տույժն ու տուգանքներն էին, որոնք խեղդել էին ձեռնարկությունը եւ վերացրել արտադրական գործունեություն իրականացնելու գրեթե բոլոր հնարավորությունները։ Նույնիսկ  ամբողջ գործարանը վաճառելու դեպքում անհնարին էր փակել հաշվարկված այս հսկայական պարտքերը, որոնք գոյացել էին կարճ  ժամանակահատվածում ։

Մեկ այլ՝ «Ավտոգենմաշ» ՓԲԸ-ում որոշ պարտավորություններ փակելու համար բռնագանձվել եւ իրացվել էին ձեռնարկության այն  ենթակառուցվածքները,առանց որոնց հնարավոր չէր արտադրություն կազմակերպել։ Խաթարվել էր հսկա գործարանի ամբողջական աշխատանքի հնարավորությունը,այն վերածվել էր ընդամենը սպասարկման մի արտադրամասի։ Բայց այլեւս դա էլ հնարավոր չէր շահագործել։ Ձեռնարկությունը մաս-մաս անելուց հետո կառավարությունն այն ներկայացրել էր սեփականաշնորհման։  «Ավտոգենմաշը»  ձեռք բերելու համար, կոլեկտիվից բացի, այլ գնորդ հայտ չէր ներկայացրել։ Նույնիսկ այդ դեպքում կոլեկտիվի  առաջարկը համարվել էր անբավարար, եւ գործարանը հայտնվել էր լուծարման շեմին։

Երբեմնի՝ մոտ 4 հազար աշխատող եւ 27 մասնաճյուղ ունեցով Գուգարքի կարի ֆաբրիկան կարճ ժամանակահատվածում վերածվեց ավերակների։ Պարտքերի պատճառով 1996թ. դատարանի որոշումով այն սնանկ ճանաչվեց։ Պարտատիրոջ պահանջները բավարարելու համար վաճառվեցին կարի բոլոր արտասահմանյան մեքենաները։ Վերացվեց  մի քանի տասնյակ միավոր մեքենա ունեցող ավտոպարկը, բայց պարտքերը դրանով չհաջողվեց լիովին մարել։ Արտասահմանյան գործընկերը պատրաստակամություն էր հայտնել վերագործարկել գործարանը,սկզբի համար  ավելի քան 100 մարդու ապահովել մշտական աշխատանքով,բայց դրա համար դրվել էր արտասահմանյան կարի մեքենաներ ունենալու պահանջ։  Այնինչ ձեռնարկությունն այլեւս չուներ նման հնարավորություն։ Պարտքերի դիմաց եղած-չեղածն արդեն ամբողջությամբ բռնագանձվել էր։

Նշենք,որ այս բոլոր ձեռնարկությունների հիմնական պարտատերը պետությունն է՝ ի դեմս  պետական բյուջեի եւ կենսաթոշակային հիմնադրամի։ Ընդ որում,պարտքերի գերակշիռ մասը հաշվարկված տույժերն ու տուգանքներն էին։ Բյուջեների եկամուտներն ապահովելու համար կառավարությունը դիմում էր ծայրահեղ քայլի՝ բռնագանձելով եւ իրացնելով ձեռնարկությունների արտադրական հզորությունները՝ նրանց զրկելով երբեւէ տնտեսական գործունեություն իրականացնելու հնարավորությունից։ Սինչդեռ  ոչ մեծ ֆինանսական օժանդակության դեպքում  այդ ձեռնարկությունների մեծ մասը կարելի էր վերագործարկել եւ ապահովել ինչպես տնտեսական լրացուցիչ արդյունք,այնպես էլ հարկային եկամուտներ պետական ու կենսաթոշակային բյուջեների համար։

Սակայն կառավարությունն ընտրել էր իր համար դյուրին,բայց եւ անհեռանկար տարբերակ։  Ժամանակավոր լուծում տալով պետական բյուջեում մշտապես գոյություն ունեցող  թերհավաքման խնդրին՝ փակվում էին այն աղբյուրները,որոնք հետագայում պետք է համալրեին դրանք։ Դժվար է պատկերացնել, որ որեւէ այլ երկրում կարող էր նման բան տեղի ունենալ։

Պետական ապաշնորհ քաղաքականության հետևանքով արտադրական գործունեության հնարավորությունից ընդհանրապես զրկված  ձեռնարկությունների օրինակներ շատ կարելի է բերել։ Բայց դրանից երեւույթի էությունը չի փոխվում։ Սի բան պարզ է,որ այդ քաղաքականությունը կործանարար եղավ արդյունաբերության համար։ Դրա հետեւանքով բազմաթիվ ընկերություններ,որոնք հնարավորություններ ունեին վերականգնելու իրենց տնտեսական գործունեությունը, սնանկացան ու մաս-մաս վաճառվեցին։

Անգամ այդ պայմաններում կառավարությանը չէր հաջողվում լուծել առաջնահերթ խնդիրները։ Բյուջեի ինչպես եկամուտները, այնպես էլ ծախսերը մշտապես թերակատարվում էին՝  պետության հաշվին կուտակելով նոր պարտքեր տնտեսության ու հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։ Չի եղել տարի,որ հաջողվի կատարել պետական բյուջեով նախատեսված բոլոր ծախսերը։ Անգամ զանգվածային բռնագանձումների պամաններում բյուջեի փաստացի եկամուտները,բացառությամբ 1997 թ., մշտապես պակաս են եղել նախատեսվածից։ 

Մինչ կուտակված պարտքերի բռնագանձման հետեւանքով բազմաթիվ գործարաններ կորցրին տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորությունը, 1996 թ. վերջին կառավարությունը իրականացրեց մասնակի համաներում. հիմնարկ –ձեռնարկությունները պետական բյուջեի նկատմամբ ունեցած տույժերից ու տուգանքներից կարող էին ազատվել հիմնական պարտքի գումարը վճարելու դեպքում։ Նման միջոցառման շնորհիվ առանձին տնտեսվարողների հաջողվեց վճարել տարիների ընթացքում հաշվարկված տուգանքներից  ազատված գումարները եւ որոշակիորեն բարելավել իրենց  ֆինանսական վիճակը։

Սակայն դա երկար չտեւեց  եւ չէր էլ կարող տեւել,որովհետեւ ճգնաժամը  այնքան էր խորացել,որ նման քայլով անհնարին էր վերացնել տնտեսության բոլոր պարտքային պարտավորությունները։ Դրանց հիմնական մասը շարունակում էր ոչ միայն մնալ,այլեւ անընդհատ ավելանում էր՝ շղթայի մեջ ներքաշելով նոր ձեռնարկություններ։

Պատահական չէր,որ առաջին,այսպես ասած,մասնակի համաներումից գրեթե մեկ տարի անց տնտեսությունը դարձյալ հայտնվեց նույն իրավիճակում։ Արդյունքում՝   կուտակված ապառքները 1996 թ. կազմում էին գրեթե այնքան,որքան պետական բյուջեի հարկային եկամուտներն էին։

Ընդ որում, դրանց 65-70 տոկոսը բաժին էր ընկնում պետական ձեռնարկություններին։ Իսկ դրանց առաջացման պատճառները պայմանավորված էին քլինինգային առաքումներով, անկատար օրենսդրությամբ եւ օրենսդրական հակասություններով, կանխիկ դրամաշրջանառության անբավարարությամբ, պետական բյուջեի ֆինանսավորման ուշացումներով,հարկային տեսչության եւ մյուս մարմինների սխալներով ու խախտումներով,ինչը չէր կարող փրկել ոչ մի համաներում։ Թեեւ տնտեսության ֆինանսական առողջացման միակ լուծումը կարող էր լինել փոխադարձ պարտավորությունների պատշաճ կատարումը,մի բան,որ անհնարին էր պետական բյուջեի սուղ միջոցների,եկամուտների մշտական թերակատարման,նոր պարտքերի կուտակման պայմաններում։

Շարունակելի

 

Նոր նշանակումներ ՊՆ-ում
19 Նոյեմբերի 2019, 20:45 Նոր նշանակումներ ՊՆ-ում
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica