Ղարաբաղը չմասնակցեց Ադրբեջանի նախագահական ընտրություններին
Այսպես է խոսել «Երկիր»-ը

Ինչպես տեղեկանում ենք Ադրբեջանի լրատվական միջոցների հաղորդումներից, սեպտեմբերի 8-ին Ադրբեջանում կայացել են նախագահական ընտրություններ։ Ադրբեջանի նախագահ է ընտրվել Հանրապետության այսօրվա ղեկավար Այազ Մութալիբովը։ Կետրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել են 3 240 000 ընտրողներ, այսինքն՝ ընտրողների ընդհանուր թվի մոտ 74 տոկոսը։ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության տարածքում Մեջլիսի (Նախիջեւանի Գերագույն Խորհուրդ) որոշումով ընտրական տեղամասեր չեն ստեղծվել ու ընտրություններ չեն կայացել։
Ադրբեջանի հեռուստատեսության տվյալներով` հազարավոր նախիջեւացիներ հեռագրեր են ուղարկել կենտրոնական հանձնաժողովի հասցեով, որոնցում պաշտպանում են Այազ Մութալիբովի թեկնածությունը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում Ադրբեջանի նախագահի ընտրություններ չեն անցկացվել։
Տարբեր աղբյուրներից տեղեկանում ենք, որ ընտրությունները ԼՂՀ-ում անց են կացվել միայն մի քանի ադրբեջանական բնակավայրերում։ Ընտրություններին չի մասնակցել նաեւ Լեռնային Ղարաբաղին սահմանակից ադրբեջանական շրջանների ընտրողների զգալի մասը։
10 Սեպտեմբերի 1991, ԹԻՎ 11