close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2019
+6°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Երկիր»-ն արժեք է ստեղծել երեկ, նա իր ասելիքն ունի այսօր և վաղը…

Թեմա

2 Սեպտեմբերի 2019, 12:21
 «Երկիր»-ն արժեք է ստեղծել երեկ, նա իր ասելիքն ունի այսօր և վաղը…

Սիրելի՛ ընթերցող բարեկամ

Ամառային կարճատև դադարից հետո իր աշխատանքներն է վերսկսում «Երկիր» լրատվական գործակալությունը: Այսուհետ ևս մեր համալրված թիմն իր պրոֆեսիոնալիզմով և վճռականությամբ կշարունակի նպաստել հայ մամուլի զարգացմանը և զարդարել նրա ավելի քան երեքդարյա պատմության էջերը:

«Երկիր»-ը ծնունդ է առել շրջադարձային 1991 թվականին՝ Հայաստանի Հանրապետության վերանկախացմանը զուգահեռ, անցել այն նույն դժվարին ուղին, որով ընթացել է մեր նորանկախ պետությունը: Հայ հասարակության ստվար հատվածը՝ հայրենիքում և սփյուռքում, մեծ ոգևորություն ապրեց «Երկիր»-ի հրապարակ գալով, և դա սոսկ ևս մեկ մամուլի ծնունդով պայմանավորված արձագանք չէր, այն ազդարարում էր շուրջ 70-ամյա ընդմիջումից հետո Հայաստան վերադարձող գաղափարակիր կազմակերպության՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության վերածնունդը, Խորհրդային Հայաստանի տարածքում՝ անկախ պետություն, իսկ ԼՂԻՄ-ում և հարակից տարածքներում՝ հաղթանակ կերտող հայ ժողովրդի միասնականությունը, «Դեպի Երկիր» կարգախոսով հայրենիքում մեկտեղվող հայության ուղերձը:

«Երկիր»-ի անցած 30-ամյա ընթացքը հանդիսացել է նորածին պետության մեջ և Արցախում տեղի ունեցող իրադարձությունների հայելին։ 1990-ական թթ., համազգային շարժման վերելքին և համազգային զարթոնքին զուգահեռ, «Երկիր»-ն առաջիններից մեկն է նկատել տիրող ռեժիմի մերկությունը, առաջիններից մեկը համարձակվել ամենասուր կերպով քննադատել ժամանակի իշխանություններին: Դա էր նաև պատճառը, որ ծնունդից շաբաթներ անց՝ 1990-ական թթ. սկզբներին, «Երկիր»-ը ձեռք բերեց ամենասկզբունքային, ամենամասսայական լրատվամիջոցի բարի համբավը, և եկավ մի պահ, երբ Ազատության հրապարակում համախմբված հասարակության համար հատկապես Արցախի մասին անաչառ տեղեկատվության եզակի աղբյուրներից մեկը դարձել էր հենց «Երկիր»-ը: Ավելորդ չէ նշել, որ թերթի տպաքանակն այդ տարիներին հասել էր ռեկորդային 40 000 թվին: Հիրավի, թերթն այդ փոթորկուն օրերին ավելին էր, քան լրատվամիջոցը, և 30-ամյա հեռավորությունից կարող ենք առանց այլևայլության փաստել, որ «Երկիրը» արժեքներ, ավադույթներ ու մտածողություն էր ստեղծում. «Երկիր»-ը արժեհամակարգային շեղումների և իշխող վարչակարգի հետ անհամաձայնությունների պայմաններում հայ ժողովրդի պատմության բաց ծով էր դուրս բերել սեփական նավը։ «Երկիր»-ը պատմություն էր կերտում։  

Ցավոք, լրատվամիջոցի այդպիսի վերելքը կյանք արժեցավ նրա համար, և 1994 թ. ընդդիմադիր քաղաքական ուժին՝ ՀՅԴ-ին, բռնի ուժով ասպարեզից հեռացնելու օպերացիայի  շրջանակներում ընդհատվեց նաև թերթի հրատարակությունը. խմբագրությունն ավերվեց, գույքը բռնագրավվեց: «Երկիր»ը ֆիզիկապես չկար այլևս, բայց հանրության մի լայն հատված շարունակեց ապրել նրա տարածած գաղափարներով, ապրեց, հալածվեց, պայքարեց, սպասեց, մինչև չորս տարիների ընդմիջումից ու ծանր մղձավանջից հետո՝ 1998 թ., «Երկիր»-ը վերաբացեց իր խմբագրության դռները՝ կարճ ժամանակ անց կրկին իր շուրջը համախմբելով հայ հասարակության սերուցքը։ «Երկիր»-ի էջերում վերստին երևացին անվանի քաղաքագետների, պետական և հասարակական գործիչների, մտավորականության լայն շրջանակների մտքերը:

Ունենալով նյութատեխնիկական դժվարություններ՝ լրատվամիջոցը ընթերցողների թվաքանակով տարբեր ժամանակաշրջաններում զիջեց իր տեղը մի շարք նոր և լայն հնարավորությունների տեր լրատվամիջոցների։ Այդուհանդերձ, անցնող 30 տարիներին «Երկիրը», շնորհիվ իր դավանած արժեհամակարգի և այդ արժեքների շուրջ համախմբված մարդկանց, երբեք չի դավաճանել իր որդեգրած ուղեգծին. սկզբնապես լինելով տպագիր օրգան, իսկ այսօր, քայլելով ժամանակի հևքին համահունչ և հանդես գալով որպես էլեկտրոնային պարբերական,  ոչ միայն զերծ մնաց դեղին մամուլի վերածվելու վտանգից, այլև ամենադժվարին ժամանակաշրջաններում անգամ հանդիսացավ տեղեկատվության անաչառ աղբյուրներից և հանրային քննարկումների լավագույն հարթակներից մեկը։

Իր ընթացքին հավատարիմ՝ «Երկիր»-ն այսօր էլ չի խորշելու կեցվածք դրսևորել հոռի երևույթների նկատմամբ, և հայ ժողովրդի առաջընթացին, հայոց պետականության անվտանգությանն ու զարգացմանը խոչընդոտող ցանկացած անձ ու երևույթ անխնա մերկացվելու են հանրության առջև, խստորեն դատապարտվելու և պատժվելու են՝ ճիշտ այնպես, ինչպես ոչ հեռավոր 1990-ական թթ.։ «Երկիր»-ն իր նոր բաժիններով և նախագծերով հանրային քննարկման է ներկայացնելու նաև մեր նորանկախ հանրապետության անցած 30-ամյակի էջերը՝ անաչառ լույսի ներքո մատնանշելով իրական հաջողություններն ու ցավալի վայրէջքները, որոնք մեր օրերում որոշ ուժերի կողմից հատուկ կերպով ներկայացվում են գլխիվայր տեսքով։       

Ամփոփենք՝ «Երկիր»-ն այսօր ևս քայլելու է Հայաստանի և հայության ընթացքին զուգահեռ՝ շարունակելով հավատարիմ մնալ անցյալում որդեգրած ուղենիշներին։ «Երկիր»-ն արժեք է ստեղծել երեկ և, առաջնորդվելով դրանցով, իր ասելիքն ունի այսօր և վաղը…    

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica