close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2019
+10°
+17°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2019
USD1476.32
GBP1618.26
EUR1531.95
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իսրայելի այլընտրանքային դաշնակիցը

Թեմա

3 Օգոստոսի 2019, 11:11
 Իսրայելի այլընտրանքային դաշնակիցը

Գրեթե երկու տասնամյակ է, ինչ Իսրայելի արտաքին քաղաքականությունում սկսել են առավել մեծ կարևորություն տալ Միջին Ասիային ու Հեռավոր Արևելքին։ Այդ միտումը նկատելի է նաև հրեական սփյուռքի քաղաքական, ռազմավարական մոտեցումներում։ Պատահական չէ, որ վերջին շրջանում հենց Միջին Ասիայում ու Հեռավոր Արևելքում են հիմնվում հրեական սփյուռքի կոորդինացման տարածաշրջանային տարբեր կենտրոններ։  

Եթե մինչ վերջին մի քանի տասնամյակները Իսրայելում և հրեությունում առանձնակի նշանակություն ունեին Միացյալ Նահանգների ու Եվրոպայի հրեական համայնքները՝ որպես ԱՄՆ-Իսրայել, ԵՄ-Իսրայել համագործակցության զարգացման կարևորագույն օղակներից մեկը, ապա այսօր, զուգահեռաբար, մեծանում է դեպի արևելք ընկած տարածաշրջանների և տեղի հրեության դերը։

Այդ գործընթացներն, անշուշտ, չեն շրջանցում Հարավային Կովկասը։ Տարածաշրջանի հետ մերձավորարևելյան այդ երկրի կապերի խորացման հարցում հատկապես ակտիվ գործունեություն են իրականացնում Ադրբեջանի, ինչպես նաև Վրաստանի հրեական համայնքները։ Համեմատաբար փոքր է Հայաստանի հրեական  համայնքի դերակատարությունը, ինչը գուցե պայմանավորված է նաև հայ-իսրայելական քաղաքական հարաբերությունների թույլ զարգացածության իրողությամբ։

Այսօր Իսրայելի քաղաքական, փորձագիտական տարբեր շրջանակներում շարունակվում են քննարկումները Իսրայելի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման հարցերի շուրջ։ Մեծապես կարևորելով Իսրայելի ռազմավարական դաշնակցի՝ Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը, մերձավորարևելյան այդ երկրի, ինչպես նաև ոչ հայրենաբնակ հրեության քաղաքական, գաղափարական հանրությունում չի փարատվում մտահոգությունը, որ կայսրությունները վաղ թե ուշ փլուզվում են։ Մերձավորարևելյան այդ պետության արտաքին քաղաքականությունում սկսել են մեծապես կարևորել հատկապես չինական վեկտորը։

Իսրայելում ռազմավարական հետազոտություններ են իրականացվում՝ նվիրված Իսրայել-Չինաստան համագործակցությանը՝ որպես ԱՄՆ-Իսրայել առանցքին այլընտրանքային ձևաչափի ռազմավարացման հնարավորություն։  Գիտական վերլուծություններ են պատրաստվում՝ նվիրված հրեաների ու չինացիների քաղաքակրթական, մշակութային, անգամ՝ ծագումնաբանական ընդհանրություններին ու դրանց հիմնավորումներին։

Մերձավոր Արևեքն իր հերթին է սկսել ավելի քան հետաքրքրել Պեկինին։ Եթե մինչ վերջերս Չինաստանում ուշադրություն էին դարձնում արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացմանը, ապա այսօր արդեն լրջորեն շահագրգռված են խորացնել գործակցությունը այդ թվում Իսրայելի հետ։ Որոշ փորձագետները համարում են, որ Մերձավոր Արևելքում Պեկինի գործընկերը Թել Ավիվն է։

Խոսվում է, որ կողմերի միջև համագործակցության զարգացման համար խթան է ռազմական բաղադրիչը։ Որոշ տեղեկություններով` դեռ նախորդ դարի 80-ականներին Իսրայելը Չինաստանին է փոխանցել սպառազինության որոշ տեսակներ, ինչպես նաև ռազմական տեխնոլոգիաներ ու նախագծեր։ Դա մասնավորապես կապվում է 1979 թվականին կողմերի միջև տեղի ունեցած գաղտնի հանդիպման հետ, որը կարողացել էր կազմակերպել հայտնի հրեա գործարար Սոուլ Էյզենբերգը (Saul Eisenberg)։ Հանդիպմանը հաջորդած երկու տասնամյակների ընթացքում Իսրայելի ու Չինաստանի միջև կայացել է ռազմական տեխնոլոգիաների փոխանցման ավելի քան 60 գործարք, որոնց ընդհանուր արժեքը տատանվում է 1-2 մլրդ ԱՄՆ դոլարի սահմաններում։

Իսրայելն այսօր Չինաստանին սպառազինություն ու ռազմական տեխնիկա մատակարարող երկրորդ խոշոր պետությունն է՝ այդ ցուցանիշով զիջելով դիրքերը միայն Ռուսաստանին։ Չնայած Իսրայել-Չինաստան ռազմատեխնիկական և տնտեսական այլ ոլորտներում համագործակցության հարցում Վաշինգտոնի ցուցաբերած, մեղմ ասած, ոչ բարեկամական տրամադրվածությանը` երկուստեք նկատվում է համագործակցության պարարտ պոտենցիալն օգտագործելու քաղաքական կամք։

Թեև Մերձավոր Արևելքը շարունակում է մնալ աշխարհի ամենաանկայուն տարածաշրջաններից մեկը, այդուհանդերձ, դա չի խանգարում, որ այն կարևորագույն տեղ ունենա «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական ռազմավարական նախաձեռնության համատեքստում՝ կարևորելով Իսրայելը` որպես լոգիստիկ կենտրոն։

Այդ դիտանկյունից` մերձավորարևելյան տարածաշրջանում չինական կողմն առանձնահատուկ շահագրգռվածություն է ցուցաբերում Իսրայելի հետ բարձր տեխնոլոգիաների և ՏՏ ոլորտում համագործակցության խորացման հարցերում։ Իսրայելը ներառվում է չինական հայտնի «Մարգարտի շարան» կոչվող` Հնդկական օվկիանոսի էներգետիկ, տրանսպորտային հանգույցի խոշոր նախագծում։

Չինական ընկերությունները հետաքրքրություն են ցուցաբերում Արևելյան Միջերկրականի իսրայելական հատվածում բնական գազի պաշարների շահագործման գործում։ Պեկինը շահագրգռված է իսրայելական նավահանգիստների շահագործման իրավական գործընթացում ներգրավման հարցում։ 2015 թվականին չինական ընկերություններից  Shanghai International Port Group-ը Իսրայելի կառավարությունից ձեռք բերեց Հայֆա քաղաքի նավահանգստի 25 տարվա շահագործման իրավունք։ Չինական մեկ այլ ընկերություն՝ China Harbour Engineering-ը, շահել է իսրայելական Աշդոդ քաղաքի նոր նավահանգիստի կառուցման տենդերը։ Դա Իսրայելի ամենախոշոր ներդրումային նախագծերից մեկն է՝ կազմում է 3 մլրդ ԱՄՆ դոլար։

Վերջին մի քանի տարիներին շոշափելի են դառնում Իսրայելի բարձր տեխնոլոգիական ոլորտում չինական ներդրումների ծավալները։ Որոշ տվյալներով` 2016 թվականին ոլորտում չինական ներդրումները գերազանցել են 16.5 մլրդ ԱՄՆ դոլարը։

Իսրայելում Չինաստանի ներդրումներն՝ ըստ ոլորտների, 2007-2018թթ.

Հիշատակենք իսրայելա-չինական հայտնի Water-city համատեղ նախագիծը, որը հնարավորություն էր տալիս Չինաստանում ներդնելու ջրային ռեսուրսների կառավարման, ջրային տեխնոլոգիաների կիրառման իսրայելական փորձը։ Միայն 2012 թվականին չինական կողմը Իսրայելին հատկացրեց շուրջ 200 մլն ԱՄՆ դոլար՝ այդ երկրից ջրի մաքրման տեխնոլոգիաների ձեռք բերման դիմաց։

 

Իսրայել Չինաստանի արտահանման ծավալները, 1992-2016թթ.

Եթե 1992 թվականին Իսրայելի ու Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմում էր շուրջ 50 մլն ԱՄՆ դոլար, ապա 2017-ին այդ ցուցանիշը հաշվվում էր 10 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ 2018 թվականին այն ավելացավ 30%-ով՝ կազմելով ավելի քան 13 մլրդ ԱՄՆ դոլար։ Միայն 2017 թվականի վիճակագրությամբ` Իսրայելից Չինաստան արտահանումների ծավալը շեշտակի աճ է ունեցել՝ շուրջ 80%: Չինաստանի պաշտոնական տվյալներով` 2016 թվականին Պեկինն Իսրայել է արտահանել, ընդհանուր առմամբ, 8 մլրդ ԱՄՆ դոլարի ապրանք։

Իսրայելից Չինաստանի ներմուծման ծավալները, 1992-2016թթ.

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել 2019 թվականին ստորագրել համատեղ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին պայմանագիր։ Երկու երկրների միջև վերին տարիներին ստորագրվել են գիտության, նորարարությունների, տեխնիկայի, առողջապահության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում համագործակցության հուշագրեր։

Վաշինգտոնում փորձում են հետ պահել Իսրայելին Չինաստանի հետ երկխոսության խորացման, այդ երկրի ուղղությամբ Չինաստանի ազդեցության տարածման հնարավոր զարգացումներից։ Այդ հարցում Միացյալ Նահանգների անհանգsտությունը վերահաստատում է այն, որ ամերիկյան հեղինակավոր «Ռենդ» կորպորացիան 2019 թվականին պատրաստեց Իսրայել-Չինաստան համագործակցությանը նվիրված մի զեկույց՝ The evolving Israel-China relashionship խորագրով (հղումը՝  https://www.rand.org/content/dam/rand/pubs/research_reports/RR2600/RR2641/RAND_RR2641.pdf )

Զեկույցում մասնավորապես խոսվում է, որ 2000-ականների սկզբներից Չինաստանն ու Իսրայելը զարգացրել են գործակցությունը մի շարք ոլորտներում, այդ թվում՝ դիվանագիտություն, առևտուր, ներդրումներ, գիտություն ու կրթություն, զբոսաշրջություն և այլն։ Ըստ զեկույցի փորձագիտական գնահատականների` Իսրայելը Չինաստանին հետաքրքրում էր երկու կարևորագույն առումներով՝ բարձր տեխնոլոգիաների և Իսրայելի դիրքը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական ռազմավարական նախաձեռնությունում։ Նշվում է, որ Իսրայելն իր հերթին ձգտում է զարգացնել իր դիվանագիական, տնտեսական և ռազմավարական հարաբերությունները աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություն ունեցող երկրի հետ և դիվերսիֆիկացնել իր արտահանման շուկաներն ու ներդրումները Միացյալ Նահանգներից ու Եվրոպայից։

 Վերջին տարիներին երկու երկրները զգալիորեն զարգացրել են համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում։ Իսրայելի Կենտրոնական վիճակագրական բյուրոյի տվյալներով` 2014 թվականի ընթացքում Չինաստանից Իսրայել է այցելել, ընդհանուր առմամբ, 32.400 զբոսաշրջիկ, 2017-ի տարեվերջին այդ ցուցանիշն արդեն 123.900 էր։

Չինաստանից Իսրայել այցելած զբոսաշրջիների թիվը, 2014-2017թթ.

Վերջաբանի փոխարեն

Շատ հարցերում փորձում ենք ընդհանրություններ գտնել Հայաստանի ու Իսրայելի միջև։ Ընդհանուր գծերից մեկն այն է, որ երկու երկրներն էլ հարկադրված են զարգանալ հարևան հակառակորդ երկրներից եկող սպառնալիքների պայմաններում։ Այդ դիտանկյունից` առավել քան էական նշանակություն է ձեռք բերում նման կարգավիճակում հայտնված երկրների արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման հիմնահարցը։ Հայաստանը, շարունակելով զարգացնել ռազմակավարական դաշնակցությունը Ռուսաստանի հետ, հարկադրված է զուգահեռաբար գտնել արտաքին վստահելի դաշնակիցներ։ Դա առաջին հերթին վերաբերում է չինական գործոնին։ Այսօր Պեկինը սկսել է զգալի ուշադրություն դարձնել Հարավային Կովկասին իր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում։ Բացի այդ` զարգանում է Չինաստան-ԵԱՏՄ երկխոսությունը։ Կարծում ենք, որ հայկական կողմը պետք է և կարող է շատ ավելի առարկայական ու ռազմավարական կարևորության համատեքստում դիտարկել Չինաստանի հետ համագործակցության առկա հնարավորությունները։

Կարեն Վերանյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ

Ձերբակալվել է Արսեն Բաբայանը
21 Հոկտեմբերի 2019, 21:06 Ձերբակալվել է Արսեն Բաբայանը
Գույժ
21 Հոկտեմբերի 2019, 17:03 Գույժ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica