close
Եղանակը Երևանում
22 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Օգս 2019
USD1475.94
GBP1576.98
EUR1528.10
RUB17.20
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լուռ է Հայաստան (Լիզպոնի Մարտիկներուն)

Թուղթուգիր

27 Հուլիսի 2019, 10:28
 Լուռ է Հայաստան (Լիզպոնի Մարտիկներուն)

Սեդօ Պոյաճեան

ԼՈՒՌ Է ՀԱՅԱՍՏԱՆ

(Լիզպոնի Մարտիկներուն)

Սիմոն, Արա, Սագօ, Վաչէ եւ Սեդրակ,

Հայրենի հողէն զրկուած հինգ հայ տղաք,

Խորթ էին օտար երկիր ու քաղաք։

Բռնագրաւեալ հայրենիքի ցաւով մեծցած,

Մասնիկն էին ժողովուրդի մը իրաւազրկուած։

Շղթայուած անարդարութեան վճիռով,

Եւ անտարբերութեան խառանով։

 

Փշրե՛լ էր պէտք շղթաները։

Քանդե՛լ էր պէտք կապանքները։

 

Ունէին յեղափոխական աւանդներ,

Զանոնք կերտող աննման ֆետայիներ։

Կռիւը յարատեւ էր, Քրիստափորը վկայ։

Կամքը ամուր էր, Ռոստոմը վկայ։

Շառաւիղն էին մեծն Դումանի,

Ժառանգորդը՝ Նժդեհ սպարապետի,

Եւ ծնունդը Թէհլիրեան Սողոմոնի։

 

Կրկնե՛լ էր պէտք յեղափոխական աւանդը։

Վերակերտե՛լ էր պէտք անոր կտակը։

 

Եւ լուռ էր աշխարհ՝ ի դէմ արդարութեան,

Եւ անտարբեր՝ ընդդէմ պահանջատիրութեան։

Կը յորդորէին համակերպիլ կացութեան,

Բարձրացնելով պատ մը լռութեան։

Կ՛ըսէին չկայ Հայ Դատ, չկայ Հայաստան,

Հարցը որոշուած է ու անցած՝ պատմութեան,

Եւ ընդունիլ իմաստութիւնը համակերպութեան։

 

Վերացնե՛լ էր պէտք անարդարութիւնը։

Ճեղքե՛լ էր պէտք լռութեան պատը։

 

Անոնք դարձան յեղափոխական բանակ,

Հայութեան արդարութեան մարտիկ։

Լիզպոնի մէջ, Յուլիսի քսանեօթին,

Որոտաց պայթիւնը Հայ Դատի զարկին։

Անոնք ինկան յանուն գաղափարին։

Աշխարհը լսեց իրաւազրկումի դատը,

Ճեղքուած էր լռութեան պատը։

 

Շարունակե՛լ է պէտք դատին պայքարը։

Լուսաւորե՛լ է պէտք իրաւազրկումի խաւարը։

 

Լիզպոնով Սփիւռքահայը աւելի հայացաւ,

Ինքնութիւնը աւելի ամրացաւ,

Հայրենացումի հաւատքը աւելի արմատացաւ։

Աշխարհը գիտցաւ, հողը բաժանող փշաթելերէն անդին,

Հայաստանն է տէրը ամբողջական հայրենիքին,

Ան կը պատկանի հայրենազուրկ հային։

Ա՛յդ էր պատգամը մարտիկներու կտակին։

 

Շարունակե՚լ է պէտք անոնց նուիրումը։

Ամրագրե՛լ է պէտք անոնց զոհաբերումը։

 

Ինչո՞ւ լուռ է Հայաստանը...։

Սիմոն, Արա, Սագօ, Վաչէ եւ Սեդրակ։

Հայրենի հողէն պոկուած հինգ հայ տղաք։

Հայրենիքն է հերոսին մեհեանը,

Հայրենիքն է մարտիկին վահանը,

Հայրենիքն է նահատակին գերեզմանը...

Բայց ինչո՞ւ լուռ է Հայաստանը։

 

Յուլիս 25, 2019

Լոս Անճելըս



Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica